ՄԻ ԱՆԳԱՄ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
Մեղքս ինչ թաքցնեմ, ազատության մեջ հայտնվելուց հետո չէի եղել Կոմիտասի անվան Պանթեոնում, ու երեկ, երբ Օհան Դուրյանի ծննդյան օրվա առիթով այցելեցի, շոկը ինձ պատեց: Ես գիտեի` Պանթեոնը Հայոց մեծերի աճյուններն ամփոփող սրբատեղի է, երեկ, սակայն, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այն վեր է ածվել Անդրանիկ Մարգարյանի անձնական դամբարանի: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնում: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնի ամենակենտրոնում: Խնդիրն այն է, որ այդ գերեզմանին տրամադրված է այնպիսի տարածք, այն կառուցապատված է այնպիսի ճոխությամբ եւ մտահղացմամբ, որ դարձել է Պանթեոնի առանցքը, կենտրոնը, կորիզը: Եգիպտական դամբարան լինի ասես. կենտրոնում փարավոնն է, իսկ նրան շրջապատում են «ոչ այնքան կարեւոր անձանց» շիրիմներ, որոնք ֆոն են ծառայում հիմնական, առանցքային, ամենակարեւոր գերեզմանի համար: Նման բան, իհարկե, չկա գրված, նման բան չի ասվում ոչ մի տեղ, բայց այդպես գրված է ճարտարապետության լեզվով, շինարարության լեզվով, զգացողության եւ ռելիեֆի լեզվով:
Ես գիտեմ, այսօրինակ թեմաներ հրապարակային քննարկելը Հայաստանում ընդունված չէ: Այսօրինակ թեմաները ազգիս բոհեմը սիրում է քննարկել սրճարանում թրեւ գալիս, փսփսալով, հեգնելով, ձեռ առնելով: Դա իմ ոճը չի, եւ եթե ասելիք ունեմ, ասում եմ հրապարակային: Եւ ասում եմ, սա խայտառակություն է: Այ ընկերներ, այ բարեկամներ, այ հանրապետական կուսակցականներ. բա դուք չե՞ք մտածել, թե էս ինչ եք անում, բա դուք, օրինակ` Կոմիտասից, Արամ Խաչատրյանից, Ալեքսանդր Թամանյանից, Մարտիրոս Սարյանից, Կարեն Դեմիրճյանից, Հրանտ Մաթեւոսյանից, Ֆրունզիկ Մկրտչյանից, Սիլվա Կապուտիկյանից չե՞ք ամաչել: Դուք Հայաստանից, հայ ժողովրդից, ՀՀ շարքային քաղաքացուց չե՞ք ամաչել: Դուք ձեզ հաշիվ չե՞ք տվել, թե որ երկրում եք ապրում, դուք ձեզ հաշիվ չե՞ք տվել, որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորի մասին գիտեն ամեն ինչ, բոլորը գիտեն, թե ով ինչ արժե այս երկրում, ունի՞ վաստակ, թե՞ չունի, եթե ունի` որքա՞ն է էդ վաստակը: Դուք այս գերեզմանով, այս անհեթեթ արարքով ամենեւին չեք մեծացրել Անդրանիկ Մարգարյանի արժեքը. դուք նսեմացրել եք Հայոց մեծերին, այն մեծերին, որոնք մեծ են իսկականից եւ ոչ թե գերեզմանի չափի ու տեղի բերումով:
Նիկոլ Փաշինյան
Ի. Ստալինը նորակազմ Խորհրդային երկրում բռնակալություն հաստատելիս, հակառակորդներին ոչնչացնելիս` դա բացատրում էր լենինյան գաղափարներով, լենինյան իդեալները պաշտպանելու անհրաժեշտությամբ: Բայց արդյո՞ք Լենինը նկատի է ունեցել հենց այն, ինչ իրագործում է Ստալինը. այս տհաճ հարցին պատասխանելուց խուսափելու համար, ահա, Ստալինը ինքն իրեն վերապահեց Լենինի ծրագրերն ու իդեալները մեկնաբանելու մենաշնորհը…
Երբ գրողը հայտարարում է, որ ինքը ոչինչ փոխել չի կարող, իմ աչքում նա դադարում է գրող լինել:
Որքան հասկացա մամուլի հրապարակումներից, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպումը ինձ հետ` շատերի համար խորհրդավորության քողով է պատված: Ազատության մեջ հայտնվելու այս մի քանի օրում արդեն հասցրել եմ բազմաթիվ հարցեր ստանալ, թե ինչ ենք խոսել առաջին նախագահի հետ: Հիմա կպատմեմ:
Ո՞րն է հայ ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունը: Այս հարցի իմ պատասխանը միանշանակ է` գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի կողմից, 405 թվականին: Իմ ընկալմամբ, որեւէ այլ իրադարձություն չի կարող մրցակցել գրերի գյուտի հետ` մեր ժողովրդի կյանքում ունեցած նշանակությամբ: Թերեւս` միայն քրիստոնեության ընդունումը, որովհետեւ գրերի գյուտը ի վերջո քրիստոնեության ընդունման արդյունք է, որ բխել է հայերեն Աստվածաշունչ ունենալու անհրաժեշտությունից:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի երեւանյան համերգի հիշարժան դրվագներից մեկը դարձավ: Դոմինգոյի կատարումներին հաջորդող օվացիաների ժամանակ Քոչարյանը «Դե սպասիր» մուլտի գայլին էր հիշեցնում ինձ: Տպավորություն էր, թե ծափ զարկելուց առաջ 360 աստիճանով բացում է ձեռքերը` անհրաժեշտ ռազգոն հավաքելու համար: Անգամ սկսնակ հոգեբանը կասի, որ նման օվացիոն ակտիվության պատճառը ոչ թե հիացմունքն է, այլ սեփական հիացմունքը ուրիշներին ի ցույց դնելը, որ դահլիճում ներկա բազմաթիվ իշխանական ուռու գլուխները հետագայում իրենց համար անհասկանալի համերգի մասին տպավորություններ կիսելիս ասեն. «Բայց Քոչարյան Շավարշը օպերայից ուժեղ հասկընըմ ա»: Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, Քոչարյանի պլանը չստացվեց, որովհետեւ պարզվեց, որ օպերայից Հայաստանում ամենաուժեղը Չոռնի Գագոն ա հասկընըմ:
Ստեփանոս Մալխասյանցը, որ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» դասական աշխարհաբար թարգմանության հեղինակն է, 1940թ. հրատարակության ծանոթագրությունների մեջ ընթերցողին հորդորում է «Ողբի» եզրափակիչ մասը բառացի չընդունել եւ չմտածել, թե «հայ ժողովրդի բոլոր դասակարգը ապականված են եղել ամեն տեսակ մոլորություններով, եւ Հայոց աշխարհը լցված է եղել ամենակերպ տարերային աղետներով եւ հասարակական չարիքներով»: Ըստ Մալխասյանցի, «Ողբի» հատկապես վերջաբանը արտահայտությունն է Խորենացու վշտահար հոգու եւ հոռետես տրամադրության: «Նկարագրված բացասական երեւույթները ոչ այնքան իրականության պատկերն են, որքան անկեղծ հայրենասեր հեղինակի վշտահար հոգու»,- գրում է Մալխասյանցը` «Ողբի» շեշտադրումները կապելով այն իրողության հետ, որ Խորենացին «այդպես սուր կերպով զգացել է հայ ժողովրդի անիշխանությունը եւ անկախությունից զրկվելը, մեծ, անփոխարինելի ուսուցիչների կորուստը եւ իր կրած անձնական զրկանքները»: Մալխասյանցի հեղինակությունը, ինչ խոսք, անառարկելի է, բայց նրա բացատրությունը լի է տրամաբանական հակասություններով: 

