ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄՔԻՆ ԵՐԿՐՊԱԳԵԼԻՍ
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ եզրափակիչը գերազանցեց բոլոր սպասելիքները եւ դուրս եկավ զուտ մարզական իրադարձության շրջանակներից: Դա ոչ թե թենիսի հանդիպում էր, այլ մի յուրօրինակ պատում` մարդկային կամքի մասին: Ջոկովիչն ու Նադալը կորտում անցկացրին շուրջ վեց ժամ, եւ այդ վեց ժամվա ընթացքում, մինչեւ վերջին րոպեները, չկար հստակություն, թե ում է բաժին հասնելու հաղթանակը: Շուրջ վեց ժամ տեւած հանդիպումն էլ անկայուն էր` մարտ ամսվա նման. երրորդ սեթից հետո թվում էր, թե ահա Ջոկովիչը ջարդել է հակառակորդին եւ հաջորդ պահին կհաղթի առանց դժվարության: Բայց տպավորությունը սխալ էր, Նադալը չհանձնվեց, վերականգնեց դիրքերը եւ ստացավ հոգեբանական առավելություն: Սրանից հետո թվում էր արդեն, թե Ջոկովիչը չի կարողանա հաղթահարել հաղթանակը բաց թողածի հոգեբանական ճնշվածությունը: Դեմքից, կեցվածքից, շարժուձեւից, խաղից երեւում էր, թե հուսահատված է եւ հանձնված, բայց այս տպավորությունն էլ սխալ դուրս եկավ: Հետո հաղթանակի վստահելի շանսը ձեռքից բաց թողեց Նադալը, ու թվում էր` կկոտրվի վերջնականորեն: Բայց այսպես չստացվեց, ու մինչեւ խաղի վերջին վայրկյանը ոչ ոք չէր կարող ասել, թե ինչով է ավարտվելու այդ եզրափակիչը: Ի վերջո, հաղթեց Ջոկովիչը, բայց Նադալը չպարտվեց: Կարդալ շարունակությունը …
Մեղքս ինչ թաքցնեմ, ազատության մեջ հայտնվելուց հետո չէի եղել Կոմիտասի անվան Պանթեոնում, ու երեկ, երբ Օհան Դուրյանի ծննդյան օրվա առիթով այցելեցի, շոկը ինձ պատեց: Ես գիտեի` Պանթեոնը Հայոց մեծերի աճյուններն ամփոփող սրբատեղի է, երեկ, սակայն, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այն վեր է ածվել Անդրանիկ Մարգարյանի անձնական դամբարանի: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնում: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնի ամենակենտրոնում: Խնդիրն այն է, որ այդ գերեզմանին տրամադրված է այնպիսի տարածք, այն կառուցապատված է այնպիսի ճոխությամբ եւ մտահղացմամբ, որ դարձել է Պանթեոնի առանցքը, կենտրոնը, կորիզը: Եգիպտական դամբարան լինի ասես. կենտրոնում փարավոնն է, իսկ նրան շրջապատում են «ոչ այնքան կարեւոր անձանց» շիրիմներ, որոնք ֆոն են ծառայում հիմնական, առանցքային, ամենակարեւոր գերեզմանի համար: Նման բան, իհարկե, չկա գրված, նման բան չի ասվում ոչ մի տեղ, բայց այդպես գրված է ճարտարապետության լեզվով, շինարարության լեզվով, զգացողության եւ ռելիեֆի լեզվով:
Ստորեւ բերվող տեքստը գրել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Հետո, չգիտեմ ինչու, դրա տպագրությունը աննպատակահարմար համարեցի: Երեկ, սակայն, լսեցի մի իմպրովիզացիա` հեղափոխական մի հայտնի երգի մոտիվներով, որն, ըստ ամենայնի, պատրաստել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները` տարիքով երիտասարդ: Հայտնի այդ երաժշտության համար նոր հայերեն տեքստ էր գրված, եւ երգում էին ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալներ. հեղափոխական շատ լավ կատարում էր ստացվել: Այդ երգն ունկնդրելիս հիշեցի բանտում գրած այս տեքստը եւ որոշեցի տպագրել: Հանձնում եմ ընթերցողի դատին:
Մտածում եմ, թե ինչ արձագանք է գտնելու մեր թերթի այսօրվա համարի 3-րդ էջում տպագրված հարցազրույցը: Գիտեմ, որ արձագանքը լինելու է բուռն, գիտեմ, որ անարգանքի տարափ է հորդելու Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից սեռական շահագործման ենթարկված անչափահաս տղայի մոր հասցեին, որը ոչ միայն չի մեղադրում մանկապիղծին, դեռ մի բան էլ փառաբանում է նրան եւ սեփական անչափահաս որդուն մեղադրում` ինքն էլ չգիտի` ինչի մեջ (տես էջ 3 ): Չեմ ուզում, որ ընթերցողի արձագանքը լինի էմոցիոնալ, որովհետեւ այստեղ սթափ մտածելու բան կա: Սա առանձին վերցրած մարդու արձագանք չէ առանձին վերցրած իրադարձությանը, այլ ախտորոշում այն հիվանդությանը, որով տառապում է մեր հանրությունը:
Աշխարհակալության երազանքը անթեղված է յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ: «Ամեն հայ երրորդ բաժակից հետո դաշնակ է» արտահայտությունը դիպուկ է բնորոշում մեր ազգային հոգեվիճակը: Աշխարհակալության, ծովից ծով Հայաստանի երազանքը ժամանակ առ ժամանակ ալեկոծում է մեր ազգի ցանկացած ներկայացուցչի հոգին, նույնիսկ նրանց, ում ընդունված է անվանել կոսմոպոլիտ, նույնիսկ` ապազգային:
Ո՞րն է հայ ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունը: Այս հարցի իմ պատասխանը միանշանակ է` գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի կողմից, 405 թվականին: Իմ ընկալմամբ, որեւէ այլ իրադարձություն չի կարող մրցակցել գրերի գյուտի հետ` մեր ժողովրդի կյանքում ունեցած նշանակությամբ: Թերեւս` միայն քրիստոնեության ընդունումը, որովհետեւ գրերի գյուտը ի վերջո քրիստոնեության ընդունման արդյունք է, որ բխել է հայերեն Աստվածաշունչ ունենալու անհրաժեշտությունից:
Ստեփանոս Մալխասյանցը, որ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» դասական աշխարհաբար թարգմանության հեղինակն է, 1940թ. հրատարակության ծանոթագրությունների մեջ ընթերցողին հորդորում է «Ողբի» եզրափակիչ մասը բառացի չընդունել եւ չմտածել, թե «հայ ժողովրդի բոլոր դասակարգը ապականված են եղել ամեն տեսակ մոլորություններով, եւ Հայոց աշխարհը լցված է եղել ամենակերպ տարերային աղետներով եւ հասարակական չարիքներով»: Ըստ Մալխասյանցի, «Ողբի» հատկապես վերջաբանը արտահայտությունն է Խորենացու վշտահար հոգու եւ հոռետես տրամադրության: «Նկարագրված բացասական երեւույթները ոչ այնքան իրականության պատկերն են, որքան անկեղծ հայրենասեր հեղինակի վշտահար հոգու»,- գրում է Մալխասյանցը` «Ողբի» շեշտադրումները կապելով այն իրողության հետ, որ Խորենացին «այդպես սուր կերպով զգացել է հայ ժողովրդի անիշխանությունը եւ անկախությունից զրկվելը, մեծ, անփոխարինելի ուսուցիչների կորուստը եւ իր կրած անձնական զրկանքները»: Մալխասյանցի հեղինակությունը, ինչ խոսք, անառարկելի է, բայց նրա բացատրությունը լի է տրամաբանական հակասություններով:
ՀՄ նախագահ Լեւոն Անանյանի` «ՀԺ»-ի երեկվա համարում տպագրված խոսքը ընտրություն չթողեց իմ այսօրվա գրելիքի հարցում: Այս պահին վայր եմ դնում գրիչս եւ առաջարկում էլի մեկ անգամ միասին ընթերցել Մովսես Խորենացու «Ողբը», որով եզրափակվում է Քերթողահոր «Հայոց պատմությունը»:
«Հայկական Ժամանակ» օրաթերթը երեկ դարձավ 12 տարեկան: Այս 12 տարիների ընթացքում մեր թերթի մոտավորապես 12 միլիոն օրինակ է վաճառվել, այսինքն` Հայաստանի բնակչությունը չորս անգամ գերազանցող մի թիվ: Ոչ պաշտոնական հաշվարկներով սա աննախադեպ թիվ է մեր երկրի նորանկախ պատմության մեջ: Հիմա, սակայն, երբ հետադարձ հայացք եմ ձգում մեր թերթի պատմությանը, հասկանում եմ, որ գոյության 12 տարիների ընթացքում այն մշտապես գործել է արտակարգ պայմաններում: Նաեւ հիմնադրվել է արտակարգ պայմաններում: Հիմնադրման պահին ունեցել ենք երկու օգտագործած համակարգիչ, մեկ օգտագործած տպիչ` բոլորը տեխնիկապես ոչ բարվոք վիճակում, եւ մի քանի օրվա տպագրության փող: Թե ինչ էր լինելու այդ մի քանի օրվանից հետո, հնարավոր չէր հաշվարկել: Հնարավոր էր միայն հավատալ ու պայքարել: Մենք հավատացինք ու պայքարեցինք: Ու նվիրվեցինք: Ինչի՞ն: Մեր ասելիքը ունենալու եւ այդ ասելիքը բարձրաձայնելու մե՛ր իրավունքին: Ընդամենը. ոչ ավելի, եւ ոչ պակաս: Ընդամենը մեր սիրած աշխատանքը մեր պատկերացումներին համապատասխան անելու իրավունքին:
1991 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան Հանրապետության հրապարակում էի: Հանրաքվեին չէի մասնակցել. անչափահաս էի դեռ` 16 տարեկան: Քվեարկության արդյունքները կանխորոշված էին, եւ հրապարակում բազմություն կար: Համերգ էր. բեմի վրա պարային համույթ էր ելույթ ունենում, երեւի` Պարի պետական անսամբլը: Ինչ-որ մի պահի նկատեցի, որ բազմությունը բեմին չի նայում, այլ լրիվ հակառակ ուղղությամբ: Երաժշտություն էր հնչում, հայկական խրոխտ պարեղանակ, բեմի վրա ելույթ էր ունենում վաստակավոր կոլեկտիվ: Բազմությունը, սակայն, մեջքով դեպի բեմը ծափ էր զարկում ինքնամոռաց: Չէի հասկանում` ինչ է կատարվում, եւ ում են ծափ տալիս մարդիկ: Շարժվեցի նրանց հայացքների ուղղությամբ. հրապարակի կենտրոնում հարթակ էր բացված, եւ մի մարդ պարում էր մեջլիս դուրս եկած: Պարում էր` բեմից հնչող երաժշտության ներքո, մարդիկ ծափ էին տալիս նրան զուգահեռ: 50-ն անց տղամարդ էր` ճաղատ, բարակ սպիտակ բեղերով, հաստաբազուկ ու հայկական փորով: Ու պարում էր:
Ավագ դուստրս` Մարիամը, տեսակցություններից մեկի ժամանակ ինձ հարց ուղղեց. թե բա` ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ այդքան սիրում սեւ զգեստներ հագնել: Խոսքը սգավորների մասին չէ, այլ ընդհանրապես` առօրյա կյանքում: Որտեղից է բխում սեւամետ այս ավանդույթը, այս մոդան: Այդ տեսակցության ժամանակ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում էի եւ ի պատասխան դստերս հարցի` կարկամեցի: Նույնիսկ չկարողացա առաջ քաշել շատ թե քիչ տրամաբանական որեւէ վարկած: «Կոշ» ՔԿՀ-ում, ահա, ինձ թվաց, թե գտել եմ դստերս հարցի պատասխանը:
Քննչական մեկուսարանից ուղղիչ հիմնարկ տեղափոխված, այսինքն` կալանավորից դատապարտյալ դարձած ցանկացած մարդու մի պահ թվում է, թե ազատության մեջ է հայտնվել: Այսպիսի զգացողություն ես էլ ունեցա` Նուբարաշենի մեկուսարանից Կոշի գաղութում հայտնվելով: Շուրջ յոթ ամիս անց եմ կացրել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` 7.5 քառակուսի մետրանոց խցում, «Նուբարաշենի» խուցը, որտեղ բնակվում էինք 3 հոգով, 24 քառակուսի մետր էր:



