FINITA LA COMEDIA
Երեւան: Հայաստանի Հանրապետություն: Ազատության հրապարակ: Ինքը: Նստած է նստարանին: Լռություն է: Լսվում է միայն ռադիոընդունիչի ձայնը, որն ազդարարում է, որ հենց նոր սկսվեց «Ազատություն» ռադիոկայանի թողարկումը: Լսվում է հաղորդավարի ձայնը. «Բարեւ ձեզ սիրելի ունկնդիրներ: Եթերում «Ազատություն» ռադիոկայանի առավոտյան թողարկումն է: Այսօր Րաֆֆիի 15-ն է, օրը ուրբաթ: Հիշեցնեմ, որ վերջին շրջանի դրամատիկ իրադարձություններից հետո Հայաստանում շատ բան է փոխվել, այդ թվում եւ օրացույցը: Ինչպես արդեն լսեցիք, այսօր Րաֆֆիի 15-ն է եւ ոչ թե ապրիլի 29-ը, ըստ այդմ` ոչ թե 2011 թվականն է, այլ 1 թվականը Րաֆֆիի ծոմից հետո. կրճատ` ՐԾՀ:
Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնեմ, Ծոմը սկսել էր Ռիչարդի 1-ին, որը նախկինում մարտի 15 էր կոչվում: Նախկին 2011թ. այդ օրը Հովհաննիսյանը նախ գնաց հայ ժողովրդավարության պատմության մեջ աննախադեպ քայլի` թրաշեց բեղերը: Ու քանի որ այդ վիճակում ոստիկանները նրան չէին ճանաչել, Հովհաննիսյանը առանց նույնիսկ մեկ կրակոցի ազատագրեց Ազատության հրապարակը եւ տեղավորվելով նստարաններից մեկի վրա, տուտ ժե երկրորդ աննախադեպ քայլն արեց հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության մեջ` հրապարակային եւ անժամկետ ծոմ հայտարարեց` ի հեճուկս Հովհան Մանդակունու սպառնալիքների: Կարդալ շարունակությունը …
Բուշի` ժարիտ արած տոտիկը, բուդը այսինքն, հենց նոր կերած Ռաֆիկը ոսկորը կրծելիս` քրճիկները ատամի տակ կռթկռթացնելով, խորը հիասթափություն ապրեց Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքի որոշ դրվագների կապակցությամբ, գխտաց ու փոխեց ալիքը. ռադիոյի:Հիասթափություն արտահայտեցին նաեւ նրանք, ովքեր հանրահավաքից առաջ էլ էին սոված, հետո էլ: Մարտի 17-ի:
«Վա՜յ քո, նորից բեղը թրաշել է: Երկար, սառը վերին շրթունք: Որպեսզի ջահել երեւա: Ապուշի տեսք ունի: Ինձնից էլ ջահել է: (…) Այ քեզ ապուշ շուրթեր: Բոլորը գրավադրույք են անում: Համաճարակ է վերջերս: Մունետիկ լակոտները գողանում են ու վեց փենս դնում: Մի խոշոր, եզակի հնդկահավ կա վիճակախաղում: Ձեր Սուրբ Ծնունդի ճաշը` կես փենսով: Ջեք Ֆլեմինգն ուրիշի փողերով մի լավ խաղաց, հետո թռավ Ամերիկա: Հիմի հյուրանոց ունի էնտեղ: Դրանք երբեք չեն վերադառնում: Մսով լի կաթսաները Եգիպտոսի»:
Ինչպիսի հանճարեղ գաղափարներ ասես, որ չեն ծնվում Հայաստանում: Հարգելի գործընկերը, օրինակ, որ հանդուրժողականության եւ կոմպրոմիսի ամենահայտնի ջատագովներից է, Ազատության հրապարակի շուրջ ստեղծված իրավիճակի յուրօրինակ լուծում է առաջարկում: Ըստ այդմ, իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պայմանավորվածության գան, որ իշխանությունը թույլատրում է Ազատության հրապարակում հանրահավաք անել, իսկ ընդդիմությունը պարտավորվում է վրան չխփել այդտեղ եւ զերծ մնալ հրապարակում գիշերելուց: Հանդուրժողականության մասին այս պատկերացումը եւ զարմանալի է, եւ զարմանալի չէ: Զարմանալի է, որովհետեւ ժամանակի առաջադեմ մտավորականներից մեկը կարող էր ընդդիմությանը կամ որեւէ մեկին առաջարկել ինքնակամ հրաժարվել իր իրավունքից` մեկ ուրիշ իրավունքից օգտվելու համար: Զարմանալի չէ, որովհետեւ այսօր Հայաստանում շատերն են այդպես վարվում: Եթե ուզում ես ազատ արտահայտվելու հնարավորություն ունենալ, ուրեմն ինքնակամ պարտավորվիր, որ Դոդի Գագոյի, սերվիզի Անդոյի, Մխչյանի Մկան մասին վատ բաներ չես խոսելու, մնացածի մեջ ազատ ես կատարելապես: 










