ԻՄ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 7, 2011

Ծնվել եմ 1975 թ. հունիսի 1-ին` Իջեւան քաղաքում։

Մանուկ Նիկոլ ՓաշինյանըՀայրս` 1940 թ. մարտի 2-ին ծնված Վովա Նիկոլի Փաշինյանը, մասնագիտությամբ ֆուտբոլի եւ վոլեյբոլի մարզիչ է, երկար տարիներ աշխատում է նաեւ որպես հանրակրթական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Հենց այս կարգավիճակում առաջին նշանակումը ստանալով Դիլիջանի շրջանի Հաղարծին գյուղում` նա ծանոթացել է մորս` 1946 թվականի հունվարի 1-ին ծնված Սվետլանա Նիկոլի Փաշինյանի (Հովհաննիսյան) հետ, ում ուսուցիչն է եղել մի քանի տարի։

1987 թվականի մայիսի 4-ին մայրս մահացավ` գլխուղեղի քաղցկեղից։ Նա աշխատում էր Իջեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցում` որպես դպրոցի տնօրենի գործավար։

Հայրս ամուսնացել է երկրորդ անգամ, եւ Երջանիկ Սուրենի Չիբուխչյանը այսօր մեր ընտանիքի լիարժեք անդամ է, հարազատ մարդ մեզ համար։

Ունեմ երկու եղբայր, երկուսն էլ ինձնից ավագ են։ Արտակը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 1-ին, Արմենը` 1968 թվականի դեկտեմբերի 27-ին։ Երկուսն էլ ամուսնացած են։ Արտակը ունի երկու զավակ` Սվետան եւ Սիփանը։ Արմենը մեկ որդի ունի` Դավիթը։ Արտակը ապրում է Իջեւանում, Արմենը` Ռուսաստանի Դաշնությունում։

Հարկ եմ համարում հիշատակել նաեւ տատիկիս, ով մեր տան սյունն էր։

Վովա Փաշինյան

Վովա Փաշինյան

Մարիամ Ղազարի Փաշինյան (Օրդինյան)։ Իր հիշելով` ծնվել էր 1918 թվականին։ Մահացավ 2001 թվականի նոյեմբերի 8-ին։ Պապս` Նիկոլ Առաքելի Փաշինյանը, զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Որքան ինձ պատմել են, նրանց գունդը գերի է ընկել Ղրիմի թերակղզում` դեռեւս հասցրած չլինելով անգամ զենք ստանալ։ Հետո պապս մի քանի ընկերների հետ փախուստ է ձեռնարկել համակենտրոնացման ճամբարից ու զոհվել փախուստի ընթացքում։ Պատմում են, որ նա եղել է Իջեւանի միլիցիայի անձնագրային բաժնի պետը եւ ճակատ է մեկնել որպես կամավոր` տանը թողնելով երկու հորաքույրներիս եւ նորածին հորս։

Չնայած մորական կողմի պապիս անունն էլ է եղել Նիկոլ, ինձ անվանակոչել են հայրական պապիս պատվին։ Նախատեսված է եղել, որ այդ անունը պետք է կրեր ավագ եղբայրս։ Բայց 1965-ին, երբ նա ծնվել է, մեր բաբոն` հորս տատիկը, դեռ կենդանի է եղել եւ արգելել է նորածնին իր որդու` Նիկոլի անունով կոչել` պատճառաբանելով, թե երեխան չարություն կանի, ու նրա հասցեին անեծք կհնչի, ու իր սիրտը չի տանի դա։ Բաբոն մահացել է Արմենի ծննդից շատ չանցած. այսպիսով, ապրել է այնքան, որ Նիկոլ անունը բաժին հասնի ինձ։

Դպրոցը ավարտել եմ Իջեւանում. սկզբում այցելել եմ թիվ 3 դպրոցը, որտեղ աշխատում էր մայրս, իսկ նրա մահից հետո տեղափոխվեցի թիվ 1 դպրոցը, որտեղ այդ ժամանակ հայրս էր աշխատում։ Թիվ 1 դպրոցն ավարտել եմ 1991 թվականին եւ նույն տարի անձնագիր եմ ստացել։ Մենք այդ ժամանակ դեռ խորհրդային անձնագիր էինք ստանում, բայց առաջին սերունդն ենք, ում անձնագրերի «Քաղաքացիությունը» բաժնում գրվում էր ոչ թե «Խորհրդային Միություն», այլ «Հայաստանի Հանրապետություն»։ Պարզ հիշում եմ, որ անձնագիրս ստանալով եւ անձնագրային բաժնից դուրս գալով` երկար, շատ երկար նայում էի այն էջին, որտեղ գրված էր «Հայաստանի Հանրապետություն»…

Արմեն եւ Նիկոլ Փաշինյաններ

Արմեն եւ Նիկոլ Փաշինյաններ

1988 թվականին, երբ սկսվեց Հայոց համազգային շարժումը, 13 տարեկան էի` 8-րդ դասարանի աշակերտ (5 տարեկանից եմ դպրոց գնացել)։ Շատ շուտով հայտնվեցի նաեւ աշակերտների շրջանում տարածված հանրահավաքային, դասադուլային շարժման հարթակում եւ աշակերտական շարժումը ղեկավարող խմբի անդամ դարձա։ Այդ ժամանակաշրջանի մեր ամենալուրջ քայլն այն էր, որ կարողացանք կազմակերպել իջեւանցի աշակերտների համատարած հրաժարումը կոմերիտմիության անդամությունից. հանրահավաքում կոմերիտականները բառիս բուն իմաստով վայր դրեցին իրենց կոմերիտական տոմսերը։ Ինքս այդպես էլ երբեք չդարձա կոմերիտմիության անդամ։

1991 թվականին` դպրոցն ավարտելուց հետո, դիմեցի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Քննությունների արդյունքում հավաքած միավորները, սակայն, չբավարարեցին։ Ու երբ պատրաստվում էի գլխիկոր վերադառնալ Իջեւան, լսեցի, որ կառավարության շենքի առաջ ինչ-որ դիմորդներ նստացույց են սկսել ու կառավարությունից պահանջում են ավելացնել ընդունելության տեղերը։ Միացա այդ նստացույցին ու մի քանի գիշեր մի քանի տասնյակ բախտակիցների հետ անցկացրի կառավարության դռների տակ։ Հրաշքը տեղի ունեցավ. իշխանությունը ավելացրեց բուհերի ընդունելության վճարովի տեղերը, եւ այսպես դարձա ուսանող։ Չնայած` մինչ այդ դեռ պետք էր ուսման վարձը վճարել, որը այդ տարիների սոցիալական ծանր դրության պայմաններում շատ բարդ խնդիր էր։ Բայց ի վերջո պարզվեց, որ հայրս արդեն զբաղվել էր այդ հարցով, եւ նրա ընկերներից մեկը` Սամվել Խաչինյան անունով մի գործարար, վճարել էր իմ ուսման վարձը։ Այդ վարձի բեռից ազատվելը ինձ համար շատ կարեւոր հարց էր, եւ ուսանելու ողջ ընթացքում գերազանց առաջադիմություն ապահովելով` ոչ միայն ազատվեցի վարձից, այլեւ սկսեցի թոշակ ստանալ։

Արտակ Փաշինյան

Արտակ Փաշինյան

1995 թվականին, երբ արդեն ավարտում էի հինգերորդ կուրսը, իմացա, որ ԵՊՀ ռեկտորատը ինձ համալսարանից հեռացնելու որոշում է կայացրել։ Որոշումը կայացվել էր քննաշրջանը սկսելու նախորդ օրը` ինձ քննություններ հանձնելու հնարավորությունից զրկելու համար։ Նման մարտավարության պատճառն այն էր, որ ռեկտորատը դեռ նախորդ քննաշրջանում փորձել էր ինձ համալսարանից հեռացնել` քննություններից կտրելու եղանակով։ Քննություն ընդունող բոլոր դասախոսները հանձնարարություն էին ստացել ինձ կտրել քննությունից. բայց ի հեճուկս այս հրամանի` այդ քննաշրջանում նույնպես բոլոր քննություններից «գերազանց» ստացա։ Ռեկտորատը ստիպված գնաց վարչական որոշման։ Ինձ հեռացնելը հետեւյալ մոտիվն ուներ. ես թերթում լայնորեն լուսաբանել էի ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի, ինչպես նաեւ ԵՊՀ ղեկավարության գործունեությունը։

Համալսարանից ինձ հեռացրին, որ հետո խնդրագիր գրեմ` վերականգնվեմ։ Բայց հրաժեշտ տվեցի ԵՊՀ-ին, քանի որ այն այլեւս ինձ որեւէ բան տալ չէր կարող։

1992 թվականից սկսել եմ ակտիվ լրագրությամբ զբաղվել. առաջին հոդվածս տպագրվել է «Ավանգարդ» թերթի առաջին էջում։ Նյութի վերնագիրն էր. «Այո, պարոնայք` սա Ռիո դե Ժանեյրոն չէ. կամ կեցցե ապերոների դինաստիան»։ Սա գավառից Երեւան եկած եւ այստեղ մեկ տարի ապրած պատանու տպավորությունն էր մայրաքաղաքի բարքերի, հանրակացարանային կյանքի եւ այլնի մասին։ Եվ ինձ համար զարմանալի էր, որ նյութը տպագրվել է թերթի առաջին էջում։

Դրանից հետո թղթակցել եմ «Հայաստան», «Դպրություն» թերթերին, վերջինիս խմբագրությունում նաեւ հաստիքային աշխատող եմ եղել։ 1994 թվականից համագործակցել եմ «Լրագիր» թերթի հետ եւ մինչեւ 1998 թվականը եղել եմ այս թերթի լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվեց նաեւ մի քանի այլ անուններով` «Լրագիր օր», «Մոլորակ»։ Այստեղ առաջին անգամ փորձել եմ խմբագրի դերակատարումը եւ թողարկել եմ «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։

1998-99 թթ. եղել եմ «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

1999-ին իշխանությունները փակեցին «Օրագիրը»։ Նույն թվականի ամռանը դարձել եմ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։

Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ իմ դեմ քրեական գործեր են հարուցվել, անգամ դատապարտվել եմ, հետագայում պատժաչափը պայմանականորեն չի կիրառվել։

Քաղաքականությունը, ինչպես նշեցի, դեռ դպրոցից եղել է իմ հետաքրքրությունների կենտրոնում։ Այդ ոլորտում իմ երեւանյան կենսագրությունը հետեւյալն է.

Աննա Հակոբյան

Աննա Հակոբյան

1998 թ. - ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ։

2006 թ. - Մասնակցել եմ «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը եւ նրա ակտիվ անդամ եմ։ Այսպիսով հանդիսանում եմ նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամ։

2007 թ. - «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների եւ «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ։

2008 թ. - ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։

2008 թ. մարտի 2-ից մինչեւ 2009 թ. հուլիսի 1-ը գտնվել եմ ընդհատակում, քանի որ հետախուզվելիս եմ եղել 2008թ. Մարտի 1-ի գործով:

2009 թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել եմ ՀՀ իրավապահ մարմիններին:  Ձերբակալվել եմ, կալանավորվել, ապա 2010 թվականի հունվարի 19-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2009թ. հուլիսի 1-ից 2011թ. մայիսի 27-ը գտնվել եմ «Երեւան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Կոշ», «Արթիկ» ՔԿՀ-ներում` անազատության մեջ: «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ եմ արձակվել 2011թ. մայիսի 27-ին, համաձայն համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման:

Ընտանիքիս մասին.

Կնոջս` Աննա Հակոբյանի հետ ծանոթացել ենք 1995 թվականին։ Նա ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող էր եւ թղթակցում էր «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրին։ Մեր հենց առաջին հանդիպման արդյունքում հստակ որոշեցի, որ պետք է ամուսնանամ նրա հետ։ Բայց, չնայած արդեն երեք երեխա ունենք, մինչեւ օրս ամուսնացած չենք: smile

Աննան ներկայումս «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրենն է։

Մասնագիտությամբ լրագրող է. ընթերցողին հայտնի է որպես Աննա Վ. Հակոբյան։

Մարիամը, Աշոտը, Շուշանը եւ Էբբին

Մարիամը, Աշոտը, Շուշանը եւ Էբբին

Զավակներս`

Մարիամը ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 14-ին:

Աշոտը ծնվել է 2000 թվականի մարտի 11-ին:

Շուշանը ծնվել է 2007 թվականի հուլիսի 17-ին:

Ահա այսքանը` իմ մասին:

Մնացածը կարող եք իմանալ այս կայքի այլ բաժիններում առկա նյութերից:

Շնորհակալություն, որ այցելել եք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr