> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՃԳՆԱԺԱՄՆ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԷ

ՃԳՆԱԺԱՄՆ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԷ

Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը, այնուամենայնիվ, դեռեւս խորությամբ ընկալված չէ մեր կողմից։ Երբ արձանագրում ենք, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ է` դրանով շոշափում ենք ճգնաժամի կեղեւը, մակերեսը միայն։ Ճգնաժամի լրջությունը հասկանալու համար, սակայն, հարկավոր է այն ընկալել միջուկային, այսինքն` ատոմի մակարդակով։ Այսօրինակ դիտարկումը, ահա, հանգեցնում է եզրակացության, որ ճգնաժամը բխում է այն իրողությունից, որ քաղաքացին, անհատը` անպաշտպան է բռնության առաջ, եւ ամեն ինչ սկսվում է հենց այստեղից։ Իհարկե, բռնության դեպքեր ցանկացած երկրում տեղի են ունենում, ցանկացած երկրում որոշակի թվով մարդիկ դառնում են բռնության զոհ։ Բայց երբ որեւէ տեղ այդ երեւույթը հասնում է քաղաքական մակարդակ` բռնության վախը դառնում է համատարած, որովհետեւ հասկանալի է դառնում, որ բռնությունը ոչ թե պարզունակ քրեական բնույթ է կրում, այլ շատ ավելի բազմաշերտ է եւ ունի բարդ կառուցվածք։ Երբ բռնությունը հասնում է քաղաքական մակարդակ, դրա հեղինակը ոչ թե մեկ անհատին կողոպտելու, ահաբեկելու խնդիր ունի, այլ որոշակի ուղերձ է հղում հանրության յուրաքանչյուր անդամի։ Այսօր Հայաստանում գտնվող ցանկացած քաղաքացի կարող է դառնալ քաղաքական բռնության, կամայականության զոհ, եւ հարցը, թե ինչ պետք է անի անհատը` բռնությունից ապահովագրվելու համար, չունի պատասխան։ Այս իրավիճակը «քաղաքական ճգնաժամ» անվանելը, իրականում, ընդամենը թյուրիմացության հետեւանք է եւ տեղի է ունեցել այն բանի արդյունքում, որ շատերը միամտաբար կարծել են, թե ընդդիմադիր կամ հակաիշխանական չլինելը արդեն իսկ որոշակի երաշխիք է ստեղծում, որոշակիորեն ապահովագրում է բռնությունից։ Ժամանակը, սակայն, հերքելու եկավ այս միամիտ պնդումը, եւ այդ հերքումների երկար շարքը, թերեւս, սկսվեց լրագրող Մարկ Գրիգորյանի դեմ տեղի ունեցած` մինչեւ օրս էլ անհասկանալի մահափորձով, եւ կուլմինացիայի հասավ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Նվեր Մնացականյանի դեմ տեղի ունեցած` շատ ավելի անհասկանալի հարձակմամբ։ Այս երկու իրադարձությունների արանքում տեղի ունեցան ոչ պակաս նշանակալի իրադարձություններ. «Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած հայտնի միջադեպի արդյունքում հանրապետականները սպանեցին հանրապետականին, եւ իշխանական լրատվամիջոցի մեկ այլ ղեկավար հայտնվեց վտարանդիի կարգավիճակում։ Հանրապետականները իրար սպանեցին Երեւանի քաղաքապետի ընտրությունների շեմին նույնպես։ Իսկ եթե այս ամենին գումարում ենք նաեւ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությունը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետի ծեծվելը, հստակ քաղաքական կողմնորոշում չարտահայտող լրագրողներ Էդիկ Բաղդասարյանի եւ Արգիշտի Կիվիրյանի դեմ տեղի ունեցած ոտնձգությունները` հասկանալի է դառնում, որ բռնությունը այլեւս չի ճանաչում քաղաքական կողմնորոշում եւ հանրային դիրք, բռնությունը այլեւս չի մատնում ինքն իրեն, չի հուշում, թե ինչ չափանիշով է ընտրում իր զոհերին։ Ավելին` ընդդիմադիր եւ իշխանամետ քաղաքացիների նկատմամբ կատարված բռնությունները ձեռք են բերում մեկ ընդհանրություն եւս` այդ բռնությունների կատարողները շատ դեպքերում հայտնի են, բայց նրանցից ոչ ոք որեւէ պատասխանատվության չի ենթարկվում։ Երբ բռնության թիրախը ընդդիմությունն էր, ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացին, հենց այդ իրավիճակը կարելի էր «քաղաքական ճգնաժամ» անվանել, բայց հիմա, երբ ակնհայտորեն բռնությունը ջնջել է այս սահմանը, ճգնաժամը այլեւս քաղաքական չի կարելի համարել, մենք այլեւս գործ ունենք պետական ճգնաժամի հետ, որովհետեւ քաղաքական ճգնաժամն այն է, երբ օրենքը չի պաշտպանում ընդդիմադիրներին, իսկ հիմա ունենք իրավիճակ, երբ օրենքը չի պաշտպանում ոչ ոքի։ Եթե այս ընդհանրացումը չափազանցված թվա, փորձեք վերհիշել վերջին տասը տարիների վիճակագրությունը։ Հայաստանում սպանության թիրախ դարձել են գրեթե բոլոր կատեգորիայի մարդիկ` ԱԺ նախագահ, վարչապետ, գլխավոր դատախազ, ԱԺ փոխնախագահ, նախարար, փոխնախարար… այս շարքը կարելի է շարունակել, ընդհուպ մինչեւ էլիտար սրճարանի հաճախորդները։ Իսկ եթե դիտարկենք բռնության դեպքերն ընդհանրապես, հասկանալի կլինի, որ իսկապես` հանրային գրեթե ոչ մի շերտ ի վիճակի չի եղել զերծ մնալ բռնությունից, կամայականությունից։ Իսկ սա նշանակում է, որ հարցը, թե ինչ է պետք անել` բռնության զոհ չդառնալու համար, չունի պատասխան։ Բռնությունը նույն աչքով է նայում Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանին եւ նրան սպանած ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչ Գեւորգ Մհերյանին։ Բայց սրանով ճգնաժամը չի ավարտվում եւ ծավալվելու նոր հեռանկար է բացում իր առաջ։ Այսօր Հայաստանում ոչ միայն հնարավոր չէ տալ այն հարցի պատասխանը, թե ինչ է պետք անել` բռնության զոհ չդառնալու համար, այլեւ չկա նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչ պետք է անել եւ ում պետք է դիմել բռնության ենթարկվելու պարագայում։ Ինչպե՞ս իրենց իրավունքները պաշտպանեն Մարտի 1-ին զոհված` ոստիկանության ծառայող Տիգրան Աբգարյանի եւ Մարտի 1-ին զոհված քաղաքացի Տիգրան Խաչատրյանի ծնողները, նրանց հարազատները։ Ո՞ւմ պետք է դիմի բռնության զոհ դարձած ընդդիմադիր ակտիվիստը, եւ ում պետք է դիմեն բռնության զոհ դարձած ՀՀԿ-ական ակտիվիստը կամ ԲՀԿ-ական ակտիվիստը։ Նորմալ երկրներում այս հարցի պատասխանը ունիվերսալ է բոլոր մարդկանց պարագայում. հարկավոր է դիմել օրենքին։ Հայաստանում այս պատասխանը բացառվել է արդեն, եւ սրանում է ճգնաժամի էությունը։ Հայաստանում օրենքը կորցրել է լեգիտիմությունն ու իրավազորությունը։ Իսկ սա նշանակում է, որ բռնությունն է իրավիճակի տերը, եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, սկսած Սերժ Սարգսյանից, վերջացրած Այսինչ Այնինչյանով, ապահովագրված չէ բռնությունից։ Եւ քանի դեռ այս ճգնաժամը, որը թյուրիմացաբար մենք քաղաքական ենք անվանում, չի հաղթահարվել` յուրաքանչյուրը պետք է սպասի բռնության զոհ դառնալու իր հերթին։ Իսկ առկա ճգնաժամի հաղթահարումը հենց այս համատեքստում է կենսական անհրաժեշտություն։ Ճգնաժամի հաղթահարումը անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ իմանա, թե ինչ է պետք անել` բռնության զոհ չդառնալու համար, եւ առավելեւս` հստակ իմանա, թե ինչ պետք է անել բռնության հանդիպելու պարագայում։ Քանի դեռ այս հարցի պատասխանը հստակ չի տրված, եւ այդ պատասխանը ի վիճակի չէ արդյունավետ լինել, ճգնաժամը չի հաղթահարվելու` շարունակելով իր մեջ կլանել ոչ միայն քաղաքացիներին, այլեւ պետությունն ու նրա ինստիտուտները։

Ի դեպ
Վերջերս մի հետաքրքիր միտում է զգացվում։ Լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների քննարկումների թեման արագ վերաճում է «խոսքի ազատության չարաշահման» մասին խոսակցության։ Այսինքն` նախագահականի ջահելների կողմից ղեկավարվող խոսակցությունը հանգում է այն բանին, որ լրագրողները չարաշահում են խոսքի ազատությունը եւ որպես հետեւանք` ենթարկվում բռնությունների։ Ասել է թե` բռնությունը, տվյալ պարագայում, չարաշահման հետեւանք է եւ չարաշահման տրամաբանական պատասխան։ Թող չչարաշահեն` բռնության չեն ենթարկվի։ Չեմ ուզում քննարկել անգամ այս անհեթեթ ձեւակերպումը, չեմ ուզում բանավեճ սկսել այն թեմայով, թե ինչ ասել է «խոսքի ազատության չարաշահում»։ Պարզապես, լրագրողների դեմ բռնությունները հիմնավորող եւ արդարացնող պնդումների անհեթեթությունը կփորձեմ ցուցադրել հենց նույն տրամաբանության շրջանակներում։ Եւ ուրեմն` հարց. արդյո՞ք նախարարները, դատախազները, օլիգարխները, նախագահ - վարչապետ - ԱԺ նախագահ եռյակը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ սերժանտներ, կադաստրի ու հարկայինի աշխատակիցներ չեն չարաշահում իրենց պաշտոնական լիազորությունները։ Իհարկե` չարաշահում են, եւ այս մասին բազմաթիվ ապացույցներ կան հենց թեկուզ մամուլում, եւ ի դեպ` մամուլը այն տեղն է, որտեղ պետք է լինեն այդ առաջնային ապացույցներն ու ահազանգերը։ Եւ ուրեմն` արդյո՞ք սա նշանակում է, որ բարձրաստիճան իշխանավորների չարաշահումներով մտահոգ քաղաքացիները պետք է հասկանան, որ միայն բռնությամբ կարող են կասեցնել այդ բեսպրեդելը։ Եթե լրագրողների կողմից խոսքի ազատության չարաշահման պատասխանը բռնությունն է, ինչու, ուրեմն, դատախազի, դատավորի, նախարարի, վարչապետի, ԱԺ նախագահի, նախագահի պաշտոնեական չարաշահման հետեւանքը չպիտի լինի բռնությունը։ Այո, հենց այսպես էլ ստացվում է` ստացվում է, որ իշխանությունը եւ նրանց խոսնակները հանրությանը ներշնչում են, որ կամ պետք է վերածվել հոտի, կամ էլ քաղաքացիական պատերազմը անհրաժեշտ է ու անխուսափելի։

Քավ լիցի, իշխանությունն այսպիսով ոչ թե քաղաքացիական պատերազմ է հրահրում, այլ հույս ունի, որ մարդկանց ներշնչելով, թե միայն քաղաքացիական պատերազմով է հնարավոր լուծել բռնության դեմ պայքարի հարցը, կկասեցնի բռնության դեմ պայքարը։ Ասել է թե` այս տրամաբանությունը խոհեմներին կդարձնի վախկոտ, եւ չի գտնվի դուխով մեկը, որ ընդունի այս մարտահրավերը, որովհետեւ մարտահրավերը ընդունողը պետք է նաեւ ինքն իրեն հաշիվ տա, որ վտանգում է պետությունը եւ լինել-չլինելու երկընտրանքի տակ է դնում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Իշխանական այս հաշվարկը որոշ ժամանակ կարող է արդյունավետ լինել, գուցե այդ ժամանակը սպասվածից երկար տեւի։ Բայց կա մի գիծ, որից հետո այս տրամաբանությունը անխուսափելիորեն հանգեցնելու է սովորական, հայկական, կովկասյան տրամաբանության` մեռնելը որ կա, էլ խռխռալը ո՞րս է։ Այնպես որ, նախագահականի ջահելները, կոկաինի դոզայի տակ, հանրությանը ուղերձներ հղելիս թող հասկանան, որ նախագահականի պարիսպները միշտ չէ, որ հուսալի պաշտպանություն կարող են լինել։ Մարդկության պատմության ամենահայտնի պարիսպներից մեկը` Երիքովի պարիսպը, կործանվեց ընդամենը մարդկային աղաղակից։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 21, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Levon
    Մայիս 21st, 2009 at 06:37 | #1

    Shat texin er sireli Nikol. Ayd habrgac lakotnerin ujov petq e durs vrndenq mer yerkric. yev verjapes hamberutyan bajak@ lcvel e, arden zhamanakn e.

  2. Armen M.
    Մայիս 21st, 2009 at 18:49 | #2

    Kecces Nikol,shat aktual er u dipuk,iroq sranc hashvark@ ayn e ,vor joghovurd@ bnajnjman vtangic vaxenalov chi trvi qaghaqaciakani qaosin.

  3. Artur Grigoryan
    Մայիս 21st, 2009 at 20:39 | #3

    Mi angam arden Levon Ter-Petrosyany hanun petakan shahi gnacel e zijman. Ete inch-vor meky karcum e, vor da kareli e veracel orinachaputjan, na khamozvi, te inchqan er inqy sxalvum. Mardik ajlevs da chen ynduni vorpes hanun petutjan arvac qajl, qani vor hanun ajd petutjan katarvox amenachisht qajly xuntajic dzerbazatvelna, angam Maqiavellu amenahajtni aforizmi tramabanutjamb.

  1. No trackbacks yet.