> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԻԼԻԹԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԻԼԻԹԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Լիլիթից

nikol-bruncq-matenadaran_300pxԴուք Ձեզ լրագրո՞ղ եք համարում, թե՞ քաղաքական գործիչ:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Լիլիթ. «քաղաքական գործիչ» մասնագիտություն գոյություն չունի, իսկ լրագրողն այն փոքրաթիվ մասնագիտություններից է, որը բնույթով, ծագումով` համարվում է քաղաքական: Ինձ համար լրագրությունն ու քաղաքականությունը միշտ փոխկապակցված են եղել, եւ լրագրությունը մեծ հաշվով, անկախ նրանից, թե ինչ ես գրում, ինչի մասին, կամ ինչպես, ի վերջո` դիրքորոշում արտահայտելու միջոց է: Եւ լրագրության «օբյեկտիվության» մասին երբեմն այնպիսի բաներ են քարոզվում, որ ուղղակի ծիծաղ է առաջացնում: Ես ձեզ վստահ ասում եմ, աշխարհում չկա, գոյություն չունի «օբյեկտիվ» լրատվամիջոց: Նրանք, ովքեր ուզում են ներկայանալ որպես այդպիսին կամ դիրքորոշում չունեն, կամ էլ վախենում են արտահայտել այդ դիրքորոշումը, կամ էլ պայմանավորվել են այդ դիրքորոշումը թաքցնելու մասին, կամ էլ դիրքորոշումը արտահայտում են քողարկված` մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար: Ինչ խոսք, երբեմն էլ տվյալ դիրքորոշումը արտահայտում են որովհետեւ չեն կարող ուրիշ դիրքորոշում արտահայտել` վարձկան լինելու պատճառով: Ինձ համար օբյեկտիվությունը անկեղծությունն է, օբյեկտիվությունը այն է, երբ բացարձակապես անկեղծ ես քո ընթերցողի հետ: Դու կարող ես սխալ բան ասել, սխալվել, երբեմն տգեղ վարվել: Այս ամենը ուղղելի է, շտկելի, եթե քո թույլ տված սխալը նենգափոխման, կեղծման հետեւանք չէ: Այս ամենի մեջ էականն այն է, թե դու որքան ես անկեղծ, ազնիվ ընթերցողի հետ: Սրանից կարեւոր ոչինչ չկա: Մի այսպիսի սովորություն ունեմ` երբ որեւէ նյութ եմ գրում, համակարգչի մոնիտորին փորձում եմ տեսնել ընթերցողի աչքերը, փորձում եմ ուղիղ նայել նրա աչքերի մեջ: Չեմ ասի, թե երբեւէ հայացքս ընթերցողի աչքերից փախցնելու առիթ չեմ ունեցել: Դա սուտ կլինի: Չեմ էլ ասի, թե երբեք ընթերցողի առաջ ամաչելու առիթ չեմ ունեցել, չեմ էլ ասի, թե երբեք չեմ սխալվել, սխալ արարքներ ու քայլեր թույլ չեմ տվել, բայց անգամ սխալի պահին եւ ապաշխարանքի մեջ եղել եմ ու կլինեմ անկեղծ, եւ այս անկեղծությունը ինձ համար բարձրագույն օբյեկտիվություն է, որովհետեւ օբյեկտիվությունն այն է, երբ դու քո ընթերցողին ես ներկայացնում իրականության մասին քո օբյեկտիվ պատկերացումները, ընկալումները, եւ այդ ընկալումը իրոք օբյեկտիվ է, հիմնված փաստերի, տեսածի, ուսումնասիրածի, զգացածի, խղճմտանքի, քո դավանած արժեքների վրա, եւ դու իրոք այդպես ես մտածում, դու հավատում ես քո ասածին, դու այդպես ես ընկալում եւ ոչ թե այդպես արտահայտվում ես, որովհետեւ հարմար է, կամ անվտանգ, կամ շահավետ, կամ ծառայական պարտականություն:

Այսպես էլ քաղաքականությունը, որ ինչպես ասացի ինձ համար լրագրության շարունակությունն է: Թանկագին Լիլիթ, ես երբեք բարձրաձայն չեմ ասել, չեմ բացահայտել, թե ինչը կամ ով է ինձ բերել քաղաքականություն: Չզարմանաք` դա արել է նույն ինքը` ընթերցողը: Երբ «Հայկական ժամանակը» արդեն Հայաստանի ամենաընթերցվող թերթն էր, երբ արդեն մեծ հարգանք ու համարում էր վայելում, բազմաթիվ ընթերցողներ մի հարց էին մեխում, հատկապես` մեխում, որից փախչել չէր լինի: Նրանք հարցնում էին` հա, որ էդքան գրում-գրում եք, ի՞նչ, ի՞նչ է փոխվում: Այս հարցը հետագայում այլ զարգացումներ էլ էր ունենում, եւ ես անկեղծ չէի լինի, եթե դրանից արված հետեւությունը չլիներ այն, որ ոչ միայն պետք է գրել, այլ ավելի ակտիվ պայքարել լուսաբանվող ամենաթողության դեմ եւ ավելի ակտիվ պաշտպանել քարոզվող իդեալները: Այդ կարեւորագույն իդեալներից մեկը խոսքի ազատությունն է, որը հավասարապես վերաբերում է եւ լրագրությանը, եւ քաղաքականությանը: Եւ մենք պետք է ձգտենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր ոք ազատորեն հնարավորություն ունի փնտրել, տարածել, ստանալ տեղեկություններ, գաղափարներ: Ահա եւ հարցի պատասխանը: Շնորհակալություն, եւ լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մայիս 17th, 2009 at 03:08 | #1

    Լիլիթ ջան շնորհակալություն հարցի համար Ահագին հետքրքիր պատասխան արթնացրիր

  2. Լիլիթ
    Մայիս 27th, 2009 at 19:34 | #2

    Հարգելի´ Նիկոլ Փաշինյան, ինքս ապագա լրագրող եմ և թեկույզ չեմ կիսում Ձեր քաղաքական հայացքներ,սակայն լիովին համաձայն եմ Ձեր վերոնշյալ կարծիքի հետ:Եվ եթե Ձեզ համար օբյեկտիվությունը անկեղծոթյունն է,ապա Դուք օբյեկտիվ (ավելի նախընտրում եմ հավասարակշռված բառը)լրագրող եք:
    Հ.Գ Շնորհակալություն հարցին անկեղծ պատասխանելու համար:

  3. Լիլիթ
    Մայիս 28th, 2009 at 19:08 | #3

    Լիլիթ :
    Հարգելի´ Նիկոլ Փաշինյան, ինքս ապագա լրագրող եմ և թեկույզ չեմ կիսում Ձեր քաղաքական հայացքներ,սակայն լիովին համաձայն եմ Ձեր վերոնշյալ կարծիքի հետ:Եվ եթե Ձեզ համար օբյեկտիվությունը անկեղծոթյունն է,ապա Դուք օբյեկտիվ (ավելի նախընտրում եմ հավասարակշռված բառը)լրագրող եք:
    Հ.Գ Շնորհակալություն հարցին անկեղծ պատասխանելու համար:
    Իսկ Վահեին կասեմ`ՉԱՐԺԵ. . .

  1. No trackbacks yet.