> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մեր նորահայտ կոլեգան` ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, օրերս մի շատ ուշագրավ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ իրենք, այսինքն` Դաշնակցությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կոշտ ընդդիմություն են եղել, եւ մանրամասնեց. այն ժամանակ չլուծված հարցերը շատ էին, պատերազմ էր… Stop տանք այստեղ, ժապավենը ետ պտտենք ու կրկին կարդանք։ Կոշտ ընդդիմություն էին, որովհետեւ (…) պատերազմ էր։ Եթե այս նախադասությունը մատուցենք պատմությանը անտեղյակ մի մարդու եւ նրան բացատրենք, որ Վահան Հովհաննիսյանը բանական, գրագետ մարդ է, տվյալ անձնավորությունը կեզրակացնի, որ Հայաստանի իշխանությունները, որոնց նկատմամբ կոշտ ընդդիմություն է եղել Դաշնակցությունը, ուխտադրուժ պատերազմ են սկսած եղել եղբայրական Ադրբեջանի դեմ, եւ ահա Դաշնակցությունը պայքարել է այդ անարդար եւ օկուպացիոն պատերազմը դադարեցնելու, եղբայրական ադրբեջանցի ժողովրդին հայկական բռնապետությունից փրկելու համար։ Այլապես` ինչո՞վ բացատրել, որ գոյամարտի տարիներին, դեռ ոտքի չկանգնած իշխանության նկատմամբ կոշտ ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած քաղաքական ուժը այսօր Հայաստանում գործող ընդդիմությանը մեղադրում է «երկրում իրավիճակը ապակայունացնելու» փորձերի մեջ։ Այլապես` ինչպե՞ս բացատրել, որ մի քանի մարդկանց, կոնկրետ մարդկանց սպանություն կազմակերպած քաղաքական ուժը, որ սպանությանը մասնակից եւ այդ շրջանակներում կալանավորված անձանց քաղբանտարկյալ էր համարում, հիմա քաղբանտարկյալ չի համարում Պետրոս Մակեյանի եւ Դավիթ Մաթեւոսյանի նման մարդկանց։ Այլապես` ինչո՞վ բացատրել, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Ազատության հրապարակում շաբաթով անարգել նստացույց եւ նախագահի նստավայրի չափարների տակ հացադուլ կազմակերպած ուժը չի ընդվզում Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիների նկատմամբ իրագործվող բռնությունների դեմ։ Այլապես` ինչպե՞ս բացատրել, որ ժամանակին բենզինի շշերով «տանկերի վրա հիմնված» իշխանության դեմ պայքարելու պատրաստակամություն հայտնած քաղաքական ուժը այդպես էլ կես խոսք չասաց սեփական իրավունքների համար պայքարող ժողովրդի օգտին` նրան մեղադրելով «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու մեջ։ Այլապես` ինչո՞վ բացատրել, որ նարկոբիզնեսի բոսերի ղեկավարության տակ գտնվող քաղաքական ուժը այդպես էլ ոչինչ չասաց ի պաշտպանություն այն մարդկանց եւ ընտանիքների, ովքեր հանուն իրավունքների գիշերում էին Ազատության հրապարակում, բայց մեղադրվեցին թմրամոլ լինելու մեջ։ Այլապես` ինչպե՞ս բացատրել, որ իրենց ընկերներին բանտերում թողած քաղաքական ուժը այսօր ընդդիմությանը մեղադրում է այն բանում, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը ձեռնտու չէ հենց իրեն` Հայ ազգային կոնգրեսին։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան. եւ ուրեմն` պետք է եզրակացնել, որ հենց իրենց ձեռնտու չէ, որ արդեն երկար տարիներ բանտերում գտնվող իրենց ընկերները ազատություն ստանան։ Եւ ահա, այս ուժը անընդհատ խոսում է կայունության եւ չգիտեմ ինչի մասին։ Խոսքը, իհարկե, տվյալ դեպքում ոչ թե քաղաքական, սահմանադրական, ժողովրդավարական կայունության մասին է, այլ այնպիսի կայունության, որ մեր նորահայտ կոլեգաներին հնարավորություն կտա հանգիստ վայելել իշխանական կերակրատաշտին մոտ եղած ժամանակ ձեռքբերածը։ Ու չնայած ՀՅ Դաշնակցության այսօրինակ ձեռքբերումները ուղղակի անհամեմատելի են կոալիցիոն մյուս գործընկերների թալանի հետ, բայց դե` ո՞վ է ասել, որ եթե Դաշնակցությունը ավելի մեծ հնարավորություն ունենար, ավելին չէր անի։ Եւ տվյալ դեպքում, այն արդարացի շեշտադրումը, որ Դաշնակցությունը իր երբեմնի կոալիցիոն գործընկերների համեմատ շատ ավելի ընդունելի քաղաքական ուժ է` շատ ավելի ընդունելի անհատներով, ընդամենը սրտի մխիթարանք է, եւ ուրիշ ոչինչ։ Իսկ որ քոչարյանասերժական ավազակախումբը տասը տարի գործել է հենց այս կուսակցության գաղափարաբանական հովանոցի ներքո, ավելի եթերային է դարձնում սույն մխիթարանքը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 16, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Աշոտ
    Մայիս 16th, 2009 at 03:03 | #1

    Նիկոլ ջան,քո վերը շարադրածին կավելացնեի, որ Դաշնակցությունը ցավոք սրտի Հայաստանում դարձել է Եհովայի վկաների աղանդի նման մի աղանդ, իսկ եթե նորմալ պետությունը և երկիրը սիրող կուսակցություն լիներ պատկերացրեք, թե ինչքան օգուտ կարող եր տալ էս խառնակ ժամանակներում:

  2. tikin pajqar
    Մարտ 7th, 2010 at 18:26 | #2

    hamadzajn em vor dashnakcutjun@ VTANGAVOR AXAND E

  1. No trackbacks yet.