> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի վերջին հանդիպումից հետո կարծիքներ հնչեցին, թե թուրքական կողմը հրաժարվել է հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղի հարցի կարգավորումը որպես նախապայման առաջադրելուց, մանավանդ, որ Սերժ Սարգսյանն էլ ասաց, թե հայ-թուրքական հարաբերություններում նախապայմանները բացառվում են: Բայց չգիտես ինչու, մի տեսակ չնկատելու տրվեց Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գյուլի արած այն հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը ընթանում են զուգահեռ: Զուգահեռ: Թվում է, թե ավելի պարզ հնարավոր չէ ասել, որովհետեւ տվյալ դեպքում զուգահեռ, ճիշտ է, նշանակում է իրար հետ չխաչվող, բայց եւ նշանակում է նույնպիսի արագությամբ եւ նույն ուղղությամբ ընթացող: Էլ նախապայմանը պոզով-պոչո՞վ է լինում: Բայց մի պահ շեղվենք եւ անդրադառնանք ԱԳ նախարար Է. Նալբանդյանի` բոլորիս արված այն դիտողությանը, թե մենք ավելի շատ թուրքական աղբյուրներին ենք հավատում, քան ՀՀ իշխանություններին: Թվում է` արդարացի պնդում է: Բայց իրականությունն այն է, որ ոչ թե թուրքերին ենք հավատում, այլ Հայաստանում հաստատված իշխանություններին այնքան չենք հավատում, որ ստիպված ականջալուր ենք թուրքական աղբյուրներից հոսող տեղեկություններին: Եւ սա հենց նույն այդ իշխանության գործունեության արդյունքն է: Ինչպե՞ս կարելի է որեւէ հարցում հավատալ այն իշխանությանը, որը Մարտի 1-ին սպանված Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնը թաքցրել է, որ զոհված այդ ոստիկանի արյունը դնի ուրիշների վրա: Հասկանում ենք, չէ՞, սա ինչ է նշանակում: Եւ պարզից էլ պարզ է, որ որեւէ քննիչ զրահաբաճկոն չէր թաքցնի` առանց վերադասի հանձնարարության ու համաձայնության, նրա վերադասն էլ չէր անի` առանց իր վերադասի, սա էլ` իր վերադասի: Ակնհայտ է, որ զրահաբաճկոնը թաքցվել է Քոչարյան-Սարգսյան զույգի անմիջական իմացությամբ, ու այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Հա, ուրեմն, եթե մի իշխանություն կոչեցյալ սեփական ժողովրդին խաբում է իր իսկ մայրաքաղաքում հեղված արյան պատմությունը ներկայացնելիս, ինչո՞ւ պետք է չխաբի մնացած հարցերում, որեւէ հարցում: Եթե Հայաստանի` այսօր զոհված քաղաքացու արյունը սրբություն չէ սրանց համար, ինչո՞ւ պետք է հայկական շահերը սրբություն լինեն: Ախր, այդ նույն հայկական շահերը ձեւակերպվում են մի քանի միլիոն Համլետ Թադեւոսյանների, Գոռ Քլոյանների, Տիգրան Խաչատրյանների, Զաքար Հովհաննիսյանների, Տիգրան Աբգարյանների եւ ուրիշների շահերից: Էդ ինչո՞ւ պետք է իշխանությունը նրանցից յուրաքանչյուրի արյունը պղծի, իսկ նրանց հավաքական արյունը չպղծի: Արյունապիղծը արյունապիղծ է` ի՞նչ տարբերություն: Վերադառնանք, ուրեմն, Ղարաբաղի հարցին: Սկսած ֆուտբոլային դիվանագիտության առաջին իսկ օրերից, Թուրքիայի նախագահը իրեն պահում է Ղարաբաղի հարցում լրջագույն դերակատարում ունեցող անձի պես: Այստեղ շատ կարեւոր է արտաքին էֆեկտը: Հետեւենք լրահոսին` համանախագահները հանդիպեցին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպեց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Առանձին-առանձին, իհարկե, բայց դե` լրահոսից ստացված տպավորությունը մնում է, մանավանդ որ` թուրքական կողմը անընդհատ լրատվական գրոհ է ձեռնարկում` հիշեցնելով, որ ինքը կովկասյան տարածաշրջանային կայունության պլատֆորմ ունի, որը, բնականաբար, ներառում է նաեւ Ղարաբաղի հարցը: Թուրքիան առաջարկում է քառակողմ հանդիպում` Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան: Իհարկե` Կովկասում անվտանգության եւ խաղաղության պլատֆորմի անվան տակ, բայց այսպիսի հանդիպման ժամանակ էլ ի՞նչ հարց կարող է լինել օրակարգի առաջին կետում, եթե ոչ` Ղարաբաղի հարցը: Այս ամենի եզրակացությունը մեկն է` Թուրքիան, ինչպես եւ կանխատեսվում էր, այնպես է խրվել Ղարաբաղի հարցով քննարկումների մեջ, որ նախկինում նման բան երբեք չի եղել: Հայկական կողմը դեռ էն գլխից է ձեւակերպել իր ստրատեգիական նպատակը` Թուրքիային թույլ չտալ մտնել Ղարաբաղի հարցով քննարկումների մեջ:

Բայց հիմա ԼՂ հարցում նրա կարեւոր դերակատարումը ընդունում են թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն: Եւ ուշադրություն դարձրեք, որ գրեթե բոլոր աշխարհաքաղաքական խաղացողները պնդում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է նպաստել Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմանը: Այսինքն` սահմանի բացումը դիտարկվում է Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում: Է, դուք ասեք` ոչ մի նախապայման չկա, է, դուք ասեք` Թուրքիայի հետ Ղարաբաղի հարց չեք քննարկում: Տվյալ իրավիճակում` ավելի վատ, որ չեք քննարկում, որովհետեւ Թուրքիան Ղարաբաղի հարցը ոչ թե ձեզ հետ է քննարկում, այլ ձեր պապաների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: Նույնպես եւ` նրանց հետ է քննարկում սահմանի բացման հարցը: Ձեր առաջ Թուրքիան ոչ մի նախապայման էլ չի դնում, որովհետեւ նախապայման դնում են նրա առաջ, ով ինչ-որ բան որոշում է: Դուք ոչ մի բան չեք որոշում, ձեր առաջ նախապայման դնելը իմաստ չունի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 14, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.