ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Տիգրանից
Հարգելի Նիկոլ, մի պահ պատկերացնենք հունիսի 1-ի առավոտը: ԿԸՀ-ն հայտարարում է ՀԱԿ 40-ից ավելի %: Որտե՞ղ է իրեն տեսնում Նիկոլ Փաշինյանը դրանից հետո, Սերժ Սարգսյանի կողքին, որի օրոք փաստորեն Հյաստանում անցկացվել են միակ արդար ընտրությունները, թե՞ ՀԱԿ-ում, որի առաջնորդի “քաղաքական զավակը” (Սերժ Սարգսյան) արեց այն, ինչ չհաջողվեց իրեն: Ես հասկանում եմ, որ հունիսի 1-ի նման առավոտը քիչ իրատեսական է, բայց լավ է այն շախմատիստը, ով քննարկում է բոլոր հնարավոր տարբերակները (համոզված եմ, որ դուք ուրիշի խաղի “զինվորը” չեք, այլ ունեք ձեր խաղատախտակը):
Նիկոլի պատասխանը - Սիրելի Տիգրան. որքան հասկացա, դուք մտածում եք, թե ընդդիմությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթելով հայտնվելու է «Սերժ Սարգյանի կողքին»: Սա բացարձակապես թյուր պատկերացում է, որովհետեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ընդդիմության հաղթանակը լրիվ ուրիշ քաղաքական պրոցեսներ է հարուցելու եւ հանգեցնելու է ամբողջական իշխանափոխության: Ինչ վերաբերում է ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի հաղթանակի դեպքում իմ տեղին, ես այդ մասին չունեմ կոնկրետ պատկերացում, եւ սա ասում եմ առանց որեւէ երկիմաստության: Ինձ համար կարեւորը ռեալ քաղաքական փոփոխություններն են, որոնք դրական են ազդելու ամեն քաղաքացու վրա, պաշտպանված են դարձնելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, եւ օրենքի առաջ հավասարեցնելու են բոլորին: Հավատացեք` հանուն այս փոփոխությունների, կամ երբ այս փոփոխությունները տեղի ունենան, իրողություն դառնան, ես պատրաստ եմ լինել հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն:













