> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN M.-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN M.-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Armen M.-ից

Nikol jan, azeriner@ karoghacan mijazgayin hanrutyan@ apacucel, vor hayer@ okupantner en… (mer anvoghnasharavorneri komplementarizmi ardyunq vorpes).
Inch enq anelu, erb nranq razmatuganq el pahanjen???

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն, այսօր Հայաստանը միջազգային հանրության աչքերում ապօրինի իշխանություններ ունեցող, կոռումպացված, բռնաճնշումների մեջ ապրող պետություն է: Սա այն իմիջն է, որ քոչարյանասարգսյանական զույգը ստեղծել է Հայաստանի համար: Սրան գումարենք հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը, եւ պատկերը ամբողջական կդառնա: Հիմա պատկերացրեք, միջազգային հանրության առաջ բանավիճում են երկու կիսակրիմինալ դեմքեր` ի դեմս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների: Այդ բանավեճում վստահություն են վայելում այն կողմի փաստարկները, որ մի փոքր ավելի գրագետ եւ ներկայանալի տեսք եւ ծագում ունի, համեմատաբար լեգիտիմ է, համեմատաբար ծագում է սեփական ժողովրդի կենասձեւից, համեմատաբար ընդունված է սեփական ժողովրդի կողմից: Ցանկացած ոք, ով հարաբերվում է Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, գիտի, որ գործ ունի մարդասպանների, կոռումպացված, սեփական ժողովրդին թալանած, ծնկի բերած անհատների հետ, որոնք բացարձակապես չեն վայելում այն ժողովրդի վստահությունը, որին իբր ներկայացնում են, որոնք ուղղակի զավթել են իշխանությունը: Թե ինչ զուգահեռներ են առաջացնում այս մարդիկ արտերկրյա շրջանակների գիտակցության մեջ, կարելի է միայն կռահել: Եւ բնական է, որ այս վերաբերմունքը տարածվում է նաեւ այն ժողովրդի, պետության վրա, որին այդ դեմքերը իբր ներկայացնում են, եւ բացի այս` միջազգային հանրությունը շատ ավելի հիմնավոր բաներ գիտի մեր իշխանավորների մասին, քան մենք ինքներս: Եւ ուրեմն` նրա նկատմամբ ունի կոմպրոմատների գործուն համակարգ: Ինչո՞ւ եմ այս ամենը ասում, որովհետեւ` հենց այս երեւույթներն են, որ ի վերջո հանգեցնում են «ագրեսիվ, օկուպանտ Հայաստանի» մասին պատկերացումներին: Երբ Հայաստանում ժողովրդավարական իշխանություն կար, մեր երկրին ոչ ոք օկուպանտ չէր համարում, չնայած` «օկուպացիան» տեղի է ունեցել հենց այդ իշխանության «մեղքով»: Եւ ո՞րն է եզրակացությունը. ինչպես շատ հարցերի պարագայում, այս դեպքում էլ պատասխանը նույնն է. միայն օրինական, օրինավոր իշխանությունն է ի վիճակի Հայաստանի մասին դրական իմիջ ստեղծել աշխարհում, եւ այսպիսով պահպանել նրա շահերը: Նաեւ այն պատճառով, որ ապօրինի իշխանությունը մշտապես արտաքին լեգիտիմություն ձեռքբերելու խնդիր ունի, եւ միջազգային բոսսերին արվող ռեւերանսներով է միայն այդ «լեգիտիմությունը» ձեռքբերում: Իսկ օրինական իշխանությունն ի սկզբանե ունի լեգիտիմություն, եւ այդ լեգիտիմությունը նրա համար խաղաքարտ է, թիկունք` արտաքին հարաբերություններում: Այս խնդրին անդրադարձել եմ նաեւ «Սերժիկի արկածները Ստրասբուրգի յարմրկայում» հոդվածում, որ տեղադրված է այս կայքում: Եւ այն, որ Հայաստանը հիմա որոշ փաստաթղթերում համարվում է «օկուպանտ», հետեւանքն է այն բանի, որ Ռ. Քոչարյանը 1998 թվականին ՀՀ-ում իշխանության գալով, ԼՂՀ տեղը բանակցային սեղանի շուրջ վաճառեց` արտաքին լեգիտիմություն ստանալու դիմաց: Եւ Հայաստանը դարձավ Ադրբեջանի հետ հակամարտող միակ կողմ եւ ուրեմն՝ նաեւ «օկուպանտ»: Չերկարացնելու համար ընդգծեմ` միայն օրինական իշխանության հաստատումն է այն ճանապարհը, որ հնարավորություն կտա մեզ շրջանցել ձեր նշած խութերը: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ամեն ինչ ընթանալու է հենց այդ ուղղությամբ: Եւ նոր իշխանությունը դեռ պետք է կարողանա սրբագրել ավազակապետության իշխանավարության հետեւանքները, որից հետո տեղի կունենան ռեալ կառուցողական եւ զարգացման գործընթացներ: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Armen M.
    Մայիս 17th, 2009 at 00:25 | #1

    bavararva& em, shnorhakalutyun.

  1. No trackbacks yet.