> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՉԻՆՉ ԾԱԾՈՒԿ ՉԻ ՄՆԱ

ՈՉԻՆՉ ԾԱԾՈՒԿ ՉԻ ՄՆԱ

Մարտի 1-ը կոծկելու գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը որոշել է կրկին հրավիրել ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանին, որը ընդամենը վերջերս պատասխանել էր ժամանակավոր հանձնաժողովի հարցերին։ Հիմնավորումը ուղղակի շշմեցուցիչ է. Նիկոյանն ասում է, որ մամուլի որոշ միջոցներ խեղաթյուրել են այդ օրը հանձնաժողովում Հայկ Հարությունյանի ասածները, որից հետո անհրաժեշտություն է առաջացել եւս մեկ անգամ լսել նախկին ոստիկանապետին։ Իսկ սկանդալը ծագել է, երբ Հայկ Հարությունյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի հարցին պատասխանելով, ասել է, թե բացի ոստիկանությունում ձեւավորված օպերատիվ շտաբից, 2008 թվականի մարտի 1-ին գոյություն է ունեցել եւս մեկ` ընդհանուր շտաբ։ Այսպիսով, Հարությունյանը հաստատել է մամուլում ժամանակին հրապարակված լուրերն այն մասին, որ մարտի 1-ին ոստիկանական գործողությունները ղեկավարվել են նախագահի նստավայրում ձեւավորված շտաբից, որի անդամ են եղել Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը. Հ. (Մ.) Աբրահամյանը, ուժայինները եւ այլոք։ Բայց տվյալ պահին էականը սա չէ, այլ Հայկ Հարությունյանին եւս մեկ անգամ ժամանակավոր հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտության մասին նիկոյանական հիմնավորումը։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք տրամաբանությանը. Նիկոյանն ասում է, որ մամուլը խեղաթյուրել է Հայկ Հարությունյանի ասածները, եւ հիմա նորից պետք է Հայկ Հարությունյանը գա եւ ասի ինչ-որ բան։ Ինքը` Նիկոյանը, անգամ չի նկատել, որ իր այս հայտարարություններով ավելի է փչացրել Հարությունյանի թույլ տված անզգույշ բացահայտումը։ Դատեք ինքներդ. եթե ամեն ինչի մեղավորը մամուլն է, այսինքն` եթե մամուլը մի անգամ խեղաթյուրել է Հայկ Հարությունյանի ասածները, նշանակում է` նույն հաջողությամբ կխեղաթյուրի առաջիկա ելույթը նույնպես։ Եւ ուրեմն ի՞նչ` Նիկոյանը Հայկ Հարությունյանին հրավիրելու է երրո՞րդ անգամ։ Է, մամուլը երրորդ անգամ էլ կխեղաթյուրի։ Ուրեմն` Հայկ Հարությունյանին հրավիրելու են չորրո՞րդ անգամ։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, նշանակում է` նիկոյանական կոծկման հանձնաժողովը իսկապես մշտական է դառնալու, իսկ Հայկ Հարությունյանն էլ իր կյանքի առաջիկա տարիները պետք է անցկացնի հանձնաժողովում։ Բայց նիկոյանական մտքի հերթական կռթակապը վկայում է նրա հայտարարածի հակառակ իրողությունների մասին եւ ապացուցում, որ պրոբլեմը առաջացել է այն բանի արդյունքում, որ մամուլը ոչինչ էլ չի խեղաթյուրել, եւ Հայկ Հարությունյանը ասել է հենց այն, ինչ արձանագրված է մամուլում։ Հակառակ դեպքում, նրան նորից հրավիրելու անհրաժեշտություն չէր լինի. նիկոյանական հանձնաժողովը կհրավիրեր լրագրողներին եւ կմիացներ հայտնի երկխոսության, հարցուպատասխանի տեսագրությունը, եւ սրանով ամեն ինչ կավարտվեր։ Կամ, եթե մամուլը խեղաթյուրել է, Հայկ Հարությունյանը ինքը կարող է հերքում պահանջել։ Նման բան տեղի չի ունենում, որովհետեւ դրա համար հիմքեր չկան։ Իրոք, Հայկ Հարությունյանը, իհարկե` չուզենալով, հաստատել է այն, ինչ հայտնի էր ի սկզբանԷ. մարտիմեկյան սպանդը ղեկավարել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Հայկ Հարությունյանը եղել է նրա հրամանները կատարողներից մեկը։ Եւ եթե Հայկ Հարությունյանը ուզում է հերքել իր այս ասածը, դա արդեն անել չի կարող, որովհետեւ հայտարարությունը արվել է հրապարակային, ոչ ոք չի ստիպել նրան նման բան հայտարարել։ Բայցեւայնպես, Նիկոյանին հանձնարարվել է իրագործել իշխանական կեղտոտ սպիտակեղենի լվացարարի իր գործառույթը, այնպես, ինչպես բազմիցս արել է այս ընթացքում։ Ի դեպ, հետաքրքիր է, որ ոստիկանության ներկայացուցիչների հիմնական մասը այս հանձնաժողով է հրավիրվել երկու անգամ, որովհետեւ բարձրաստիճան ոստիկանները, առաջին անգամ այստեղ գալով, չնայած կուլիսային «թրեյնինգներին», ինչ-որ բան էլի այնպես չեն ասել եւ ստիպված են եղել կրկին գալ ու վերախմբագրել իրենց ասածները։ Իսկ այս իրավիճակները ստեղծվում են միայն մի պատճառով. ստի ոտքերը կարճ են, եւ ստախոսներն ու ճշմարտությունը պարտակողները անընդհատ ընկնելու են թակարդների մեջ։ Այս իմաստով, դժվար չէ կանխատեսել, որ Հայկ Հարությունյանի երկրորդ գալուստը նիկոյանական պարտակման հանձնաժողով մի նոր սկանդալ է ի հայտ բերելու։ Այնպես, ինչպես եղել է ոստիկանության մյուս ներկայացուցիչների մասնակցությամբ լսումների ժամանակ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 9, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.