> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՑ ԱՌԱՋԱՐԿ` ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԲԱՑ ԱՌԱՋԱՐԿ` ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Երբեմն իսկապես ուզում ես հասկանալ, արդյոք լու՞րջ են խոսում իշխանական ու կոալիցիոն այն դեմքերը, ովքեր պնդում են, թե ստեղծված են բավարար պայմաններ Երեւանի քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար եւ հավասարության պայմաններում անցկացնելու համար: Հարցադրումն, իհարկե, հռետորական է, որովհետեւ Երեւանի քաղաքապետի ընթացիկ ընտրություններում ստեղծված վիճակը դժվար է ազատ, արդար եւ հավասար մրցակցային որակել այն պարագայում, երբ քաղաքապետի հիմնական թեկնածուներից մեկի թիմի զգալի մասը գտնվում է ազատազրկման վայրերում, քննչական մեկուսարաններում եւ ընդհատակում: Նման պայմաններում ընտրությունները չեն կարող մրցակցային, ազատ եւ արդար համարվել, մանավանդ որ հիմա արդեն որեւէ կասկած չկա, որ Մարտի 1-ից հետո եւ առաջ ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված գործերը շինծու են: Խոսքը վերաբերում է ոչ միայն Մարտի 1-ի, այսպես կոչված, մայր գործին, այլեւ մորաքույր, հորաքույր, հորեղբոր տղա, քենի, բաջանաղի ընկերոջ ախպեր, եւ այսօրինակ մնացած բոլոր գործերին: Եւ ուրեմն, ինչպե՞ս կարող են այս պայմաններում տեղի ունեցած որեւէ ընտրություններ որակվել ազատ, արդար եւ մրցակցային: Բայց եթե իշխանությունը իրոք ուզում է հավասար մրցակցային ընտրություններ անցկացնել, դա առանձնապես մեծ բարդություն չի ներկայացնում: Դրա համար հարկավոր է, որ Հայ ազգային կոնգրեսը ընտրական գործընթացին մասնակցի ամբողջ թիմով: Ի՞նչ նկատի ունեմ` շատ պարզ մի բան. եթե իշխանությունը ուզում է օրինական ընտրություններ անցկացնել, թող ուրեմն քաղբանտարկյալներին հնարավորություն տա մասնակցել ընտրական գործընթացներին, ինչով պայմաններ կստեղծվեն օրինական ընտրությունների համար: Ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման վայրերում գտնվող քաղբանտարկյալներին, օրենքը թույլ է տալիս, կարող են արձակուրդ տալ, որպեսզի այդ մարդիկ իրենց քաղաքական թիմի քարոզարշավին մասնակցելու հնարավորություն ստանան: Ինչ վերաբերում է դատաքննության եւ նախաքննության փուլում գտնվող գործերին, իշխանությունը թող փոխի այդ գործով անցնող քաղբանտարկյալների խափանման միջոցը: Ընդ որում, Հայ ազգային կոնգրեսի` ազատության մեջ գտնվող լիդերները կարող են հանդես գալ հրապարակային երաշխավորի դերում, որ այդ անձինք չեն խուսափի քննությունից: Ինքս, որպես «քննությունից վաստակավոր խուսափող», հանդես եմ գալիս հրապարակային ինքնաերաշխավորությամբ. նախաքննության մարմինը հանում է իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը, իմ խափանման միջոցը փոխարինում է չբացակայելու երաշխավորությամբ, ես իմ ընկերների հետ մասնակցում եմ Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, եւ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո նախաքննության մարմինը թող ինձ ձերբակալի: Բայց միայն` ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո: Ինքս այսպիսով` հրապարակավ երաշխավորում եմ, որ ընդհատակ անցնելու փորձ անգամ չեմ անի եւ նշանակված օրը եւ ժամին կլինեմ ԱԱԾ ինձ այնքան երկար եւ անհաջող փնտրած ընկերների նշանակած վայրում: Կարծում եմ` այս մոդելը ընդունելի կլինի նաեւ բանտում գտնվող մեր մյուս ընկերների համար: Նրանք նույնպես համաձայն կլինեն թեկուզ վերջին տասն օրվա ընթացքում քարոզարշավին մասնակցելու հնարավորություն ունենալ ու հետո վերադառնալ ազատազրկման վայրեր: Եթե իշխանությունն իրոք ուզում է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, կարծում եմ` այս առաջարկը պետք է ընդունելի լինի նրա համար: Իսկ ընդդիմության` ազատության մեջ գտնվող լիդերները, ինչու չէ` կարող են երաշխավորել մեզ համար: Ահա, թող քննարկեն այս առաջարկը եւ պատասխանեն: Սրանից էլ պարզ կերեւա, թե որքանով են նրանց խոսքերը համապատասխանում գործերին: Այս առաջարկի իրագործումը հենց կլինի այն քայլը, որը հնարավորություն կտա անցկացնել օրինական ընտրություններ: Եւ բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են նման ընտրությունների անցկացմամբ, թող պաշտպանեն այս դիրքորոշումը: Խոսքը վերաբերում է նաեւ մրցակից քաղաքական ուժերին: Մինչ նոր հանդիպում` Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 8, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. EdgarM
    Մայիս 8th, 2009 at 05:29 | #1

    Hoyakap gaxaparh e baic kanen??? Inchpes misht Nikoly paylum e iravichakayin lucumner arajarkelov. baic Nikol jan dranc hamar eti mah a sranc hamar amen vairkiany ishxanutyan mnaly pox e ev ete ovkianosy hatak uni iranc stamoqsy hatak chuni!

  2. Marianna
    Մայիս 8th, 2009 at 13:42 | #2

    Chisht vor Nikoly paylum e iravichakayin lucumner arajarkelov.

  3. Քաղաքացի
    Մայիս 8th, 2009 at 15:19 | #3

    Նիկոլը, ինչպես միշտ փայլում է: Նույնիսկ չեմ կարող մեկնաբանություն գրել :)

  4. Armen M.
    Մայիս 8th, 2009 at 22:53 | #4

    Nikol jan,sranq lav el giten inch kkatarvi qaghaqum,manavand eritasardneri shrjanum erb durs gas @ndhatakic….
    ays angam qaghaq@ shrjapakelov chen bavararvi,tanker u hretani kberen qaghaq,vor gone aydpes irenc hzor zgan…

  5. Armen M.
    Մայիս 8th, 2009 at 22:57 | #5

    Nikol jan,sranq lav el giten inch kkatarvi qaghaqum,manavand eritasardneri shrjanum erb durs gas @ndhatakic….
    ays angam qaghaq@ shrjapakelov chen bavararvi,tanker u hretani kberen qaghaq,vor gone aydpes irenc hzor zgan…vrjin hashvov ho inqnaspan chen linelu…

  1. No trackbacks yet.