> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԵՐԺԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՅԱՐՄՐԿԱՅՈՒՄ

ՍԵՐԺԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՅԱՐՄՐԿԱՅՈՒՄ

Լեգիտիմության բացակայությունը արտաքին գործոնով հակակշռելը սկսում է «բարի ավանդույթ» դառնալ Հայաստանում։ Բռնազավթում ես իշխանությունը, հետո սկսում պետությանդ շահերը կամ ազգային ինքնագիտակցության մաս կազմող արժեքները տանել Ստրասբուրգի յարմրկա։ Էնտեղի` օրը հինգ անգամ տրուսիկ փոխող եվրոյոնջաները նախ, դեմքիդ նայելով, ասում են` ապե, էս էն չի՞, որ իշխանություն է գողացել։ Իսկ դու ժպտում ես կիրովաբադցու ժպիտով ու ասում` արխադաշ ջան, ինչու ես էդպիսի բաներ ասում։ Տե՞ս, թե ինչեր եմ բերել, ինչ ապրանքներ ունեմ, էժան գնով կտամ։ Ու գնում է մեծ առեւտուրը։ Ռոբերտ Քոչարյանը, 1998-ին իշխանության գալով, այդ եվրոյարմրկայում վաճառեց Ստեփանակերտի տեղը ԼՂ բանակցային գործընթացում, եւ այդպիսով Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Այն ժամանակ թվում էր` ինչ մի մեծ բան է տեղի ունեցել, կարեւորն այն է, որ հայկական կողմը ավելի բարձր է խոսում Ղարաբաղի անկախացման, ինքնորոշման իրավունքի եւ այս կարգի այլ բաների մասին։ Բայց մենք հենց այս հարցում ենք մոլորվում, երբ մտածում ենք, թե իրադարձությունները ծնվում են միանգամից։ Իրականում, մեծ եւ աղետալի իրադարձությունները ձեւավորվում են առաջին հայացքից ոչ էական թվացող դետալների կուտակմամբ, ինչպես ամպրոպն ու կայծակն են գոյանում ջրի մակերեւույթին հանգիստ սահող գոլորշուց։ Երբեմն դժվար է հավատալ, որ այդ հաճելի գոլորշին կարող է դառնալ ամպրոպ, կարկուտ, հեղեղ, սելավ, փոթորիկ կամ անձրեւ, զով, զեփյուռ, քամի։ Ահա այսպես էլ արտաքին քաղաքականության եւ ընդհանրապես` քաղաքականության մեջ։ Ինչպես ոչ ճիշտ գոլորշիացումը կարող է կարկուտի հանգեցնել, այնպես էլ գոլորշիացման բացակայությունը կբերի երաշտի։ Բայց հա, վերադառնանք Ստրասբուրգի յարմրկա։ Քոչարյանն ահա այդ յարմրկայում վաճառեց բանակցային սեղանի մոտ Ստեփանակերտի ունեցած տեղը եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը սկսեց բերել ապրանքային տեսքի` նաեւ սփյուռքում լեգիտիմություն ստանալու ակնկալիքով։ Հետո իշխանությունը բռնազավթեց Սերժ Սարգսյանը եւ գնաց նույն` քոչարյանական ճամփաներով, այն տարբերությամբ, որ ավելի հեռուն գնաց։ Առաջին գործը, որ արեց` ստորագրեց Մայնդորֆյան հռչակագիրը` մի գոլ, ոչինչ չասող փաստաթուղթ։ Թվում է, թե ինչ է տեղի ունեցել։ Չէ՞ որ հայկական կողմը ավելի ու ավելի բարձր է գոռում Ղարաբաղի անկախացման, ինքնորոշման եւ այլնի մասին։ Սերժը հրավիրեց կուսակցությունների ղեկավարների ու խոսեց մեծադղորդ բաների մասին, ասաց, որ ամեն ինչ ցենտր է, կամ գոնե` ոչ մի վատ բան տեղի չի ունեցել։ Մյունխենում էլ դրեց` մի բոցաշունչ ճառ ասաց` գնա, գալիս եմ։ Հայ ժողովուրդը հանգիստ շունչ քաշեց` մոռանալով, որ կարեւորը ոչ թե Մայնդորֆյան հռչակագրի տեքստի մեջ գրվածն է, այլ նրա տակ դրվածը` ստորագրությունները, ավելի ճիշտ` Ստեփանակերտի ստորագրության բացակայությունը։ Այդպիսով տեղի ունեցավ տրամաբանականը` Քոչարյանը վաճառեց բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտի ունեցած տեղը, իսկ Սերժ Սարգսյանը փաստաթղթավորեց այդ վաճառքը։ Ու երբ մամուլն ու ընդդիմությունը աղմուկ արեցին այս առիթով, համանախագահները սկսեցին Ստեփանակերտ էլ գնալ։ Բայց էս վերջերս մի գլոբալ աղետ տեղի ունեցավ, որ էլ ասելու չի։ Պատկերացնո՞ւմ եք, եղանակը լավ չէր։ Ո՞վ կարող էր մտածել, որ եղանակ-մեղանակ կա էս երկրի վրա, ու այն կարող է փչանալ։ Բայց տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ աննախադեպ մի բան` եղանակը փչացավ։ Դրա համար համանախագահները չկարողացան Ստեփանակերտ մեկնել։ Կարող ա՞ գլոբալ ջերմացման եւ «Էլ նինյոյի» ցիկլի խախտման արդյունքում Ղարաբաղին առաջարկվի առավելագույն բարձր ինքնավարություն` ադրբեջանական ատմոսֆերայի շրջանակներում։ Հա, բայց վերադառնանք միջազգային յարմրկաներում տեղի ունեցող գործընթացներին։ Միայն Ստեփանակերտի տեղի վերջնական վաճառքը բավարար չէր Սերժ Սարգսյանին` Ստրասբուրգի յարմրկայում վարձած տաղավարի վարձավճարը մուծելու համար, եւ ահա հաջորդ քայլով ծախվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը, ինչպես առաջին նախագահը դիպուկ նկատեց` Ս. Սարգսյանը ծախեց Ցեղասպանությունը, այսինքն` Մեծ եղեռնը, եւ միանգամից նաեւ փաստաթղթավորեց վաճառքը` ի դեմս հայ-թուրքական ապրիլ22յան հայտարարության։ Բայց այս պատմության ողջ հմայքն այն է, որ սրանով ամեն ինչ ոչ թե ավարտվում է, այլ նոր է միայն սկսվում։ Ժամանակակից աշխարհում ամեն գործարք հնարավորինս մանրամասն փաստաթղթավորվում է, ձեւակերպվում։ Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում մենք ականատես կլինենք բազմաթիվ ոչինչ չասող եւ գոլ փաստաթղթերի ստորագրման։ Միայն այդ փաստաթղթերի համադրումը, դրանց բովանդակության միաժամանակյա գործարկումն է, որ բացահայտելու է վաճառքի մասշտաբները։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 6, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.