> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱԶՄԱՑԵՔ, ՔԻԼԵՐՆԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է

ԲԱԶՄԱՑԵՔ, ՔԻԼԵՐՆԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է

Վերջին շրջանում իշխանությունը բոլորիս տվեց անհերքելի ապացույցներ առ այն, որ հենց բարձրաստիճան անձանց կողմից կամ նրանց հովանու ներքո են կազմակերպվում հանրային հնչեղություն եւ քաղաքական ենթատեքստ ունեցող հանցագործությունները: Այդպիսի առաջին օրինակը մենք տեսանք Իտալիայի դեսպանատան հարակից այգում, որտեղ թռուցիկ բաժանելուց հետո հանգստացող երիտասարդները ենթարկվեցին հարձակման: Իշխանությունը, ահա, ստիպված խոստովանեց, որ հարձակվողները եղել են ոստիկաններ` քաղաքացիական հագուստով, որոնք չեն ներկայացել որպես այդպիսին, ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել, այլ ուղղակի հարձակվել են երիտասարդների վրա` նրանց բռնության ենթարկել: Եւ իսկապես, էլ ում, եթե ոչ` ռեստորաններում «Վոտ տակայա դոլյա վառավսկայա» երգի անզուգական կատարումներով հայտնի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գործունեության շրջանում պետք է արդեն ափաշքյարա դառնար ավազակապետական այն փիլիսոփայությունը, որ ոստիկանության աշխատակից լինելը լավագույն «ատմազկան» է քիլերների, սափրագլուխների եւ այսօրինակ տարրերի համար: Դեռ քիչ էր վարչապետի կողմից նվեր ստացած ատրճանակներով կոտորածների կազմակերպումը, հիմա էլ` այսպիսի իրավիճակ: Եւ ահա թե ինչու սպանությունները, ավազակային հարձակումները, մահափորձերը, ընտրակեղծիքները չեն բացահայտվում: Կոպիտ ասած` պատճառը «իշխանության թեւերի բաժանման»բացակայությունն է: Ախր սպանությունները կատարում են հենց նրանք, ովքեր հետաքննում են այդ դեպքերը, եւ Մարտի 1-ի սպանդի հետաքննությունը սրա ամենավառ ապացույցն է: Նույնը եւ` լրագրողների նկատմամբ կազմակերպված հարձակումները, եւ այսօրինակ մնացած բոլոր հանցանքները: Իսկ դու գնա` տարբերիր հանցագործին ոստիկանից, ոստիկանին` հանցագործից: Գրողը տանի, դրանց հիմա անգամ ինքը` ոստիկանության պետը չի կարողանում տարբերել: Ի՞նչ իմանաս` որպես ոստիկան ներկայացողը ոստիկա՞ն է, թե՞ կիսակրիմինալ դեմք, հետաքննի՞չ է, թե՞ Բուռնաշի լակոտներից: Խանութ թալանո՞ղ է, թե՞ օպեր-լիազոր: Քիլե՞ր է, թե՞ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ: Հիմա արդեն նույնիսկ կնքված-հաստատված վկայականը այս մասին ոչինչ չի ասում, եւ դա խոստովանեց անգամ «վոտտակայադոլյավառավսկայան»: Առանց այն էլ ոչ մխիթարական այս պատկերը լրացնելու եկավ Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված մահափորձի պատմությունը: Դուք մահափորձ եք ասում, իսկ քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 117 հոդվածով, որը կոչվում է` «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը»: Էլ դիտավորությո՞ւնը ինչ ցավս է, գոնե գրեիք` պատահաբար կամ անզգուշությամբ առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը: Տնաշեններ, դուք կարող ա՞ Հայաստանից չեք: Օրինակ` Ռոբերտ Քոչարյանի ախրանան անզգույշ քաշքշել էր Պողոս Պողոսյանին, իսկ վերջինս բռնել ու անզգուշորեն մեռել էր` Ռոբիկին զրկելով իրեն մի երկու բառ ասելու բարեպատեհ հնարավորությունից… Իսկ եթե լուրջ` ՔՕ 117 հոդվածի հմայքն այն է, որ դրանով նախատեսվում է կալանք` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Երկու ամիս: Ու պատկերացնո՞ւմ եք, այսպիսի մի աննշան հանցանքի համար մամուլով, ալամ-աշխարհով շուխուր են դրել: Ի դեպ, ՀՀ ՔՕ-ում երկամսյա կալանք է նախատեսված այնպիսի հանցանքի համար, ինչպիսին, օրինակ, ապրանքանշանի ապօրինի օգտագործումն է: Եւ Կիվիրյանի դեմ տեղի ունեցածը այսպես որակելը ընդամենը նշանակում է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանում քիլերները պահպանվում են իշխանության կողմից: Իսկ դեպքի վայրից պարկուճների անհետացումը գալիս է հաստատելու, անառարկելի դարձնելու այս` առանց այն էլ համոզիչ փաստը: Եւ եթե անգամ պարտադիր չհամարենք, որ Կիվիրյանի հետ տեղի ունեցածի առիթով պետք է գործ հարուցվեր սպանության փորձի հատկանիշներով, կան նաեւ այլ հոդվածներ: Թեկուզ` ՔՕ 113 հոդվածը. դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ պատժվում է մինչեւ հինգ տարի ազատազրկմամբ: Առնվազն զարմանալի է, թե այդ ինչպես են Կիվիրյանին հասցված վնասը իրավապահները թեթեւ որակել, երբ բժիշկները առաջին իսկ պահից նրա վիճակը որակել են միջին ծանրության: Բայց հույս ունենալ, որ այս գործով պատասխանատվության կենթարկվեն հարձակում գործած անձինք` միամտություն է: Այս գործով պատասխանատվության ենթարկվելու ավելի մեծ շանս ունի Գագիկ Շամշյանը, որը դեպքի վայրում պարկուճ է լուսանկարել, նախքան ոստիկան կոչվողները կհասցնեին այն տակով անել: Ու եթե Շամշյանը այս տեմպերով հոդվածներ հավաքի իր վրա եւ պայմանական դատվածություններ, ի վերջո` ինձ ու մյուսներին աբգոն է անելու:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.