> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵԾ ՊԱՅՔԱՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ամեն անգամ, երբ Հայաստանում նոր թափով բորբոքվում է բռնության ալիքը, մի անհասցե հարց է հնչում. ինչո՞ւ: Հանրությունը ուզում է հասկանալ, թե որն է տեղի ունեցողի պատճառը: Ոմանք անգամ, իշխանության կողմից սանձազերծվող այդ բռնությանը արձագանքելով, չքմեղանում են, թե իբր` ինչո՞ւ է իշխանությունը նման բաներ անում, չի հասկանո՞ւմ, որ այդպիսով ընդդիմությանը PR է անում: Այսօրինակ խոսակցություններն ու շեշտադրումները ընդամենը դատարկաբանություն են, ընդամենը` իրողությունից մարդկանց ուշադրությունը շեղելու միջոց, որովհետեւ իրականությունն այն է, որ այսօր գործող իշխանությունը չի կարող գոյատեւել առանց բռնության, որովհետեւ այսօր իշխանությունը հանրության հետ շփվելու, նրան համոզելու, նրա համար ընդունելի դառնալու որեւէ փաստարկ չունի: Սերժ Սարգսյանը վերջին մեկ տարվա ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ բարբառել է, որ այսօր մեր ժողովրդի ամենակարեւոր պահանջը արդարության պահանջն է: Այս արտահայտությունը, հայտարարությունը մերձիշխանական մամուլը քննարկել է եւ ծամծմել, ոմանք հավատացել են նույնիսկ, թե ահա` արդարություն է հաստատվելու երկրում: Եւ իշխանությունը, իրոք, ուզում է արդարություն հաստատել երկրում, բայց մի փոքր խնդիր կա. իշխանությունը ինքն իրեն է ուզում հաստատել որպես արդարություն, իշխանությունը ուզում է իր արդարությունը պարտադրել Հայաստանին, իշխանությունը ուզում է բռնությունը որպես արդարություն պարտադրել Հայաստանին: Որովհետեւ իրական արդարության հաստատումը եթե ոչ առաջին, գոնե երկրորդ, երրորդ կետով ենթադրում է իշխանական գործող համակարգի եւ անձերի հսկայական մասի հեռացում իշխանությունից, որովհետեւ այս իշխանությունը իր բնույթով արդարության օբյեկտ է, եւ ոչ թե` սուբյեկտ: Իշխանությունը, բացի բռնությունից, չունի ուրիշ որեւէ փաստարկ` հանրության հետ հարաբերվելիս, առավելեւս, երբ խոսքը վերաբերում է իշխանական ինստիտուտների ձեւավորմանը, երբ խոսքը վերաբերում է ընտրական գործընթացին: Երեւանի քաղաքապետի ընտրություններ են առջեւում. իշխանությունը ինչպե՞ս պետք է համոզի հանրությանը` ձայն տալ իր թեկնածուին: Իշխանությունը զրկված է որեւէ քաղաքակիրթ փաստարկից, զրկված է իր փաստարկները վստահելի դարձնելու, հավատ ներշնչելու ռեսուրսից, եւ ահա, բռնությունը դառնում է նրա միակ, միակ փաստարկն ու հիմնավորումը: Մարդը իշխանությանը ձայն կտա միայն այն գիտակցության ներքո, որ հակառակ պահվածքը վատ հետեւանքներ կունենա իր, իր ընտանիքի անդամների, նրանց կյանքի եւ առողջության, պատվի եւ արժանապատվության համար: Ահա եւ ողջ պատմությունը: Վերջին տարիներին, հայաստանյան քաղաքական ասելիքի ենթատեքստում, ըստ էության, թաքուն մի տեսակետ է մշտապես ներկա եղել` որ պետք չէ պայքարել այդ բռնության դեմ, որ հարկավոր է թույլ տալ, որ բռնությունը ինքն իրեն պարպվի, հարկավոր է թույլ տալ, որ բռնության այդ գազանը հագենա, խաղաղվի, հանգստանա, որից հետո արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց այս ողջ ընթացքը ցույց տվեց, որ այսպես մտածողները սխալվում են, որովհետեւ գազանը չի հագենում, չի խաղաղվում, չի հանգստանում, որովհետեւ որքան շատ է լափում, այնքան ավելի է գրգռվում նրա ախորժակը, որքան շատ է լափում, ավելի ու ավելի մեծ թվով ձագեր է ունենում, որոնց պետք է կերակրել նորանոր բռնություններով: Մենք գտնվում ենք ԲՌՆՈՒԹՅԱՆ դեմ պայքարի մի աննախադեպ հանգրվանում, պարոնայք: Սա քաղաքական պայքար չէ իրականում, սա ավելի շատ պայքար է, որ առնչվում է բարոյական, հոգեւոր ոլորտին, սա մի պայքար է, որում մենք պարտավոր ենք հաղթել, որովհետեւ Հաղթանակը Հայաստանի դուրս կորզումն է բռնության երախից: Սա չափազանց բարդ, չափազանց բարդ պայքար է, բայց եւ` չափազանց կարեւոր, չափազանց ճակատագրական, չափազանց հոգեւոր: Այս պայքարը լի է դիլեմաներով, ներքին հակասություններով ու բարդություններով:

Միանշանակ է, որ նա, ով ընկրկում է բռնության առաջ, նա խրախուսում է բռնությունը: Բայց եւ միանշանակ է, որ բռնության դեմ պայքարում լույսի ուժերի ջախջախումը շատ ավելի կխրախուսի բռնությունը: Միանշանակ է, որ շատ ավելի լուրջ խնդիր է ընթացիկ բռնության տապալումը նոր բռնությամբ չպսակելը: Եւ ուրեմն` ո՞րն է հետեւությունը: Իսկ հետեւությունը մեկն է. մեր պայքարը բռնության դեմ է, եւ մեր հաղթանակը պետք է նշանակի օրինականության եւ ապագայի հաղթանակ: Մեր պայքարը բռնության դեմ է, եւ մենք պետք է հաղթենք բռնության դեմ պայքարում: Մեր պայքարը բռնության դեմ է, եւ մենք պետք է ամուր, ամուր կանգնենք իրար կողքի բռնության դեմ պայքարում, մենք իրավունք չունենք որեւէ մեկին մենակ թողնել բռնության դեմ պայքարում, որովհետեւ վաղը մեզնից յուրաքանչյուրն է հայտնվելու այդ մենակի դերում, վաղը Հայաստանն է հայտնվելու այդ մենակի դերում, վաղը ապագան է հայտնվելու այդ մենակի դերում, եւ մեզնից յուրաքանչյուրը լինելու է մենակի անեծքի հղողն ու հասցեատերը` միաժամանակ: Նման բան թույլ տալ չի կարելի, մենք թույլ չենք տա նման բան:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.