> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻՆՉ ԲՈՒՆ ԹԵՄԱՅԻՆ ԱՆՑՆԵԼԸ

ՄԻՆՉ ԲՈՒՆ ԹԵՄԱՅԻՆ ԱՆՑՆԵԼԸ

ԿԳԲ-ի ջարդված դարպասներըՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, նախորդ շաբաթ, ռոտֆելլերի հայացքով ու առոգանությամբ, հեռուստատեսային խցիկների առաջ հրովարտակ արձակեց, թե` քանի որ Հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանության օրոք, քաղաքական զբոսանքի մասնակիցները թող մի այնպիսի տեղ զբոսանք անեն, որ կառուցվել է նախորդ իշխանության օրոք: Սրանից մի քանի օր հետո հրավիրած ասուլիսում չքմեղացավ, թե` ես չէի կարող այդքան պրիմիտիվ գտնվել` հայտարարելու համար, թե Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքի մասնակիցները թող մի այնպիսի տեղ զբոսանք անեն, որ կառուցվել է նախորդ իշխանության օրոք: Այսինքն` նախ շատ հստակ արեց նման հայտարարություն, ապա եւ պնդեց, թե չէր կարող այդքան պրիմիտիվ գտնվել` նման հայտարարություն անելու համար: Բա՞: Սրանց պրիմիտիվությունը երբեմն իրենց էլ է շոկի մեջ գցում: Բայց այստեղ, կարծում եմ` ոչ միայն շոկի, այլեւ այլ պաթոլոգիայի մասին է խոսքը, որ կոչվում է անձի երկվություն: Այս հիվանդությամբ տառապողները, երբ իմանում են իրենց իսկ թույլ տված արարքների մասին, երբեմն նույնիսկ ինքնասպանություն են գործում, որովհետեւ տեղեկանալով, որ երկրագնդի վրա կան նաեւ այնպիսի մարդիկ, որ կարող են իրենց թույլ տալ նման արարքներ, ահա այսպիսի մարդկանց գոյությունը լրիվ հուսահատեցնում է անձի երկվությամբ տառապողներին, եւ նրանք չեն ուզում ընդունել, որ այդ անձը հենց իրենք են. «Ես այդպիսին չեմ, ես այդքան պրիմիտիվ չեմ, ես այդքան ստոր չեմ, ես այդքան կենդանի չեմ»,- սկսում են հայտարարել նրանք, եւ եթե առողջապահական միջամտությունը ուշանում է, լավ բան չի ստացվում: Բայց չէ, իմ այս նյութը սրա մասին չէ, չնայած ոստիկանության պետը իր վերջին երկու հրապարակային ելույթներում այնպիսի հայտարարություններ է արել, որ դրանց վրա հիմնվելով` ոչ միայն նյութ կարելի է գրել, այլեւ փաստավավերագրական վեպ, զավեշտի եւ բաեւիկի սցենար, մի հատ էլ սերիալ` ձեզ նվեր: Ռուզան Ազիզյանը ի~նչ դիպուկ էր գրել` ամեն եկող պաշտոնյայից հետո երնեկ ենք տալիս նախորդին: Դե` հիմա Հայկ Հարությունյանին ու Ալիկ Սարգսյանին դրեք կողք կողքի: Հայկ Հարությունյանը գոնե գիտեր, որ խոսելուց առաջ պետք է մտածել, դրա համար էլ չէր խոսում: Դրա համար էլ` մի հատ Նիկոյանական հանձնաժողով գալու համար մեկ տարուց ավել պատրաստվում է, որովհետեւ շատ է վախենում մեր գյուղացի հայտնի հերոսի օրն ընկնի. «Սըվորըմ եմ, սըվորըմ եմ, քընիմ եմ շկոլի տռանը մոռանըմ եմ»: Բայց հա, վերադառնանք Ալիկ Սարգսյանին: Ուզում եք հավատացեք, ուզում եք` չէ, չեմ էլ կողմնորոշվում` նրա ասածներից որ մեկին անդրադառնամ, որը թողնեմ մի կողմ: Վաղուց չեմ հանդիպել մի իրավիճակի, երբ որեւէ մեկի ամեն խոսքի տակ երեք հատ աբսուրդ լինի, չորս հատ տրամաբանական սխալ, մի հատ էլ` արտասանության թերություն: Օրինակ` ինչ մի դժվար է` արտասանել «հյուսիսային» բառը: Դե` չի կարողանում մարդը, հո զոռով չէ. «հուսիսային» է ասում: Ոչինչ, ոչինչ` մարդը նոր է նշանակված, ժամանակի ընթացքում կսովորի, էդպես չի մնա: Տվյալ պահին, սակայն, առավել կարեւոր է, թերեւս, ուրիշ թեմա: Բայց էդ թեմային հասնելու ճանապարհին էլ եմ շեղվելու: Վերջերս մեր թերթի առաջին էջում լուր կար, թե բերման են ենթարկվել Գալուստ Սահակյանի աներձագ, ԱԺ պատգամավոր Բուռնաշի եւ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ալրաղացի Լյովի թիկնապահները: Ի դեպ, դրա հաջորդ օրը Ալրաղացի Լյովը իր ջիփով զարկեց-ջարդեց ԱԱԾ-ի դարպասները: Տրամաբանությունը հուշում է, որ ԱԺ պատգամավոր Ալրաղացի Լյովը ուղղակի դարպասը շփոթել է, եւ նա նպատակ է ունեցել այդպես վարվել ոստիկանության դարպասների հետ, որը գտնվում է նույն` Նալբանդյան փողոցի վրա: Իսկ այսօրինակ քայլի հիմք կարող էր հանդիսանալ այն, որ նախորդ օրը ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հեռուստատեսությամբ հաստատել էր, որ Ալրաղացի Լյովի թիկնազորին բերման են ենթարկել, եւ որ սրանից հետո հա էլ բերման են ենթարկելու: Սերժ Սարգսյանի հայրը` Լեւոն Սարգսյանը, նույն ինքը` Ալրաղացի Լյովը (ընթերցողը հիշում է, որ նրա որդու անունը Սերժ Սարգսյան է), չէր կարող այս հարվածը անպատասխան թողել, եւ երեկոյան` մի կտոր հաց ուտելուց հետո, ահա նա փշրում է ԱԱԾ դարպասը: Երեւի քեֆը լավ է եղել, իսկ ոստիկանության եւ ԱԱԾ-ի դարպասները իրարից մաքսիմում 500 մետր են հեռու, այնպես որ` ուշ ժամին, բարձր տրամադրությամբ` շփոթելը դժվար չէր: Բայց նյութս, ախր, սրա մասին էլ չէ: Մինչեւ նյութին հասնելը դեռ շատ ունեմ: Հա, ուրեմն` Բուռնաշի թիկնապահներին բերման ենթարկելու մասին լուրը տպագրվում է, եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Բուռնաշի փեսա Գալուստից մեկնաբանություն է խնդրում այս լուրի կապակցությամբ, որը տպագրված էր մեր թերթի առաջին էջում: Տեսեք` ինչ է ասում Գալուստը. ասում է` եթե այդ լուրը շուկայում լսած լինեի, դրան ինչ-որ չափով լուրջ կվերաբերվեի: Բայց, ասում է, քանի որ թերթում է գրած, ուրեմն` հերթական հերյուրանքն է: Գալուստը խաբար չի, որ ոստիկանության պետը արդեն պաշտոնապես հաստատել է փաստը: Գալուստը ոգեւորված է` նախորդ օրը տեղեկացել է, որ իր նախկին շեֆը 16 միլիոնի դատական հայց է հարուցել «Հայկական ժամանակի» դեմ, եւ զուգահեռ «պաձերժկա» է անում, թե` բա, շուկայում լսածներին է պետք լուրջ վերաբերվել, այդ թերթի գրածների հետ գործ չունենաք: Հենա, մեծադըղըրդ թոշակառուի գործով էլ է հերյուրանքներ տարածել, եւ ահա մոտենում է ահեղ դատաստանի օրը: Էստեղ են ասել` ձուն գա խելքիդ…

Հա, բայց նյութս, ախր, սրա մասին էլ չէ, նյութս շատ կարեւոր բանի մասին է` առանց կատակի: Բայց դե` մի քիչ էլ պետք է դեգերենք, չնայած` ընդհուպ մոտեցել ենք: Ուրեմն, երբ ոստիկանությունը Բուռնաշի թիկնապահներին բերման է ենթարկել, պարզվել է, որ նրանցից, այսինքն` Բուռնաշի թիկնապահներից երկուսը ոստիկանության աշխատակիցներ են: Ոչ թե ոստիկանությունում են աշխատում, այլ ուղղակի ձեւակերպված են որպես ոստիկանության աշխատակից: Պարզ է, չէ՞` Բուռնաշի թիկնապահը ձեւակերպված է որպես ոստիկանության աշխատակից, բայց իրականում Բուռնաշի թիկնապահ է, այդ Բուռնաշն է նրան ձեւակերպել տվել ոստիկանությունում, որ պրոբլեմ-բան չլինի: Նորությո՞ւն է, սա, արդյոք: Արդյոք նորությո՞ւն է, որ օլիգարխների սափրագլուխների մի հսկայական մասը ձեւակերպված է որպես ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներ կամ բանակի սպաներ: «Հայկական ժամանակի» ընթերցողների համար սա ամենեւին էլ նորություն չէ: Վերջին երկու տարվա ընթացքում մենք այս մասին մի քանի հրապարակումներ ենք ունեցել, որոնք իշխանության ներկայացուցիչների կողմից որակվել են որպես հերյուրանք: Հեր-յու-րանք: Բայց հիմա, պաշտոնապես հաստատված այս փաստի վրա հենվելով` եկեք ետ նայենք Մարտի 1-ի իրադարձություններին: Այդ օրը որպես ոստիկան հանդես եկած անձանցից քանի՞ հոգի են օլիգարխների սափրագլուխներ եղել: Սա մի հարց է, որով չի զբաղվի ոչ ոք, քանի դեռ երկրում իշխանափոխություն տեղի չի ունեցել: Որովհետեւ այս հարցի պարզաբանումը կապացուցի, որ Հայաստանում ոստիկանությունը եւ ուժային բոլոր կառույցները սերտաճած են հանցավոր խմբավորումների հետ եւ ընդամենը տանիք են հանդիսանում այդ ապօրինի զինված խմբավորումների գոյության համար: Եւ 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդի հակառակ կողմում կանգնած են եղել այս ապօրինի զինված խմբավորումները, հենց նրանք են եղել սպանությունների հեղինակները, հենց նրանք են թաքնվել 18-20 տարեկան երիտասարդ ծառայողների թիկունքում: Սա, իհարկե, չի նշանակում, թե դեպքի վայրում ոստիկաններ չեն եղել: Եղել են, իհարկե: Բայց խոսքը բուն գործող անձանց մասին է, իրադարձությունների հենց այդօրինակ ընթացքը կանխորոշած անձանց մասին: Եւ այս իրողությունը ակնհայտ է շատ շատերի համար: Բայց այդ իրողությունը դեռ պետք է ապացուցվի: Եւ եթե Նիկոյանասերժանտական խմբերը չհասցնեն բոլոր հետքերը թաքցնել, ապացուցելը դժվար չի լինի: Դրա համար է, որ Նիկոյանասերժանտական խմբերը վիզ են դրել թաքցնել բոլոր հետքերը: Բայց դրանց պոչերը այնքան երկար են, որ միեւնույն է` ամեն ինչ թաքցնել չեն կարողանա, որովհետեւ այս պահին բազմաթիվ փաստեր կան, որ չեն գտնվում իշխանության վերահսկողության ներքո: Եւ այդ փաստերը բավարար են ճշմարտությունը վերհանելու համար: Բայց, ի դեպ, այլ խնդիր էլ կա: Այսօրվա ոստիկանության բազմաթիվ բարձրաստիճան սպաներ հենց օլիգարխների պրոտեժեներ են: Ասենք` միլպետեր, քրեական հետախուզության բաժնի պետեր եւ այլն, այդ պաշտոնները ստացել են օլիգարխների մոտ երկարամյա ծառայությունից հետո եւ որպես նվեր` հավատարիմ ծառայության համար: Բուռնաշը, ի դեպ, այսօր Հայաստանում գործող ամենաթույլ օլիգարխներից մեկն է, կամ իսկի օլիգարխ էլ չի, արանքներում յոլա է գնում: Եւ եթե նրա մի մեքենայի մեջ երկու ոստիկան է նստում, պատկերացրեք` մնացածները որքան ունեն այս բարիքից: Կյանք ա, ապրում են, էլի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.