> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ՄԱՐՏԻ 1

ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ՄԱՐՏԻ 1

genocideԱպրիլի 24-ը, թերեւս, հայաստանցու գիտակցության մեջ ամենախոր հետք թողած ամսաթիվն է: Անկախ նրանից` «ազգայնական» հայացքի կրող ենք մենք, թե «կոսմոպոլիտ», Ապրիլի 24-ը առանցքային նշանակություն ունի մեզնից յուրաքանչյուրի գիտակցության համար: Եթե մենք ազգայնական ենք, ազգայնական ենք Ապրիլի 24-ի մեր ընկալումով, եթե կոսմոպոլիտ ենք, այդպիսին ենք Ապրիլի 24-ի մեր ընկալումով: Բայց այդ ընկալումների տարբերությունն էլ ուրիշ ոլորտի է վերաբերում: Այս երեւույթը շատ ավելի լավ երեւում է կենցաղային մակարդակում. մեզնից ոմանք նախընտրում են իրենց երեխաներին ամենայն մանրամասնությամբ նկարագրել Ապրիլի 24-ի ոճիրը, ցեղասպանության տառապանքները, իսկ ոմանք նախընտրում են ընդհանուր գծերով ներկայացնել տեղի ունեցածը` վախենալով երեխաների հոգեվիճակի եւ հոգեկերտվածքի համար, թողնելով որ նրանք ժամանակի հետ ինքնուրույն ընկալեն տեղի ունեցածը, նրա մասշտաբը եւ նշանակությունը: Թվում է, թե սրանք հակադիր մոտեցումներ են, իրականում դրանք նույն երեւույթի տարբեր կողմերն են. Ապրիլի 24-ի նկատմամբ վերաբերմունքի ձեւակերպումը դառնում է մեզնից յուրաքանչյուրի ինքնագիտակցության կարեւոր բաղադրիչ: Իրականում, հայ ժողովրդի գիտակցության մեջ Ապրիլի 24-ի մեկ միասնական գնահատական կա, տարբերությունները վերաբերում են արվող եզրակացություններին, դրանց նրբություններին: Վերջին տարիներին, սակայն, կարծես եզրակացություններն էլ դառնում են ընդհանրական, եւ Ապրիլի 24-ի ֆոնին ավելի ու ավելի հաճախ են հնչում մեր պետականության հզորացման անհրաժեշտության մասին կոչերը, պետականություն, որ մեր ինքնության պաշտպանության թիվ մեկ եւ անփոխարինելի գործիքն է: Սրանում տարաձայնություն չկա, տարաձայնությունները հետո են ի հայտ գալիս եւ վերաբերում են նրան, թե ինչպես է պետք հզորացնել մեր պետությունը: Մարտի 1-ից հետո, սակայն, այս պատկերացումներում էլ մեծ համերաշխություն է նկատվում: Այլ հարց է, որ ոմանք այդ մասին ուղիղ չեն արտահայտվում, բայց բոլորի գիտակցության մեջ արդեն անշրջելիորեն նստած է այդ գիտակցությունը, որ պետության հզորության հիմնարար եւ անփոխարինելի բաղադրիչն օրենքի գերակայությունն է, որը հնարավոր է միայն քաղաքացիական հասարակության եւ սահմանադրական իշխանության պայմաններում: Ապրիլի 24-ի մեր ընկալումների մեջ դինամիկ փոփոխություններ են տեղի ունենում, եւ գնալով այս ամսաթիվը ավելի ու ավելի արդիական է դարձնում ինքնահայեցման անհրաժեշտությունը: Ապրիլի 24-ը Հայաստանում գրեթե ամբողջությամբ սպառել է հակաթուրքական իմաստը, եւ պետք է ընդգծել, որ սա տեղի է ունեցել Ղարաբաղյան հաղթական պատերազմի շնորհիվ: Հայաստանցիները հաղթահարում են զոհի հոգեբանությունը եւ հատում քաղաքացիական հոգեբանության շեմը: Էական չէ, թե հանրության քանի տոկոսն է մարսել այս պրոցեսը. թվաբանությունը այստեղ դեր չունի: Այստեղ կարեւորն այն է, որ այս հոգեբանությունը արդեն իսկ կարողանում է բարձրաձայնել իր մասին, հայտարարել իր գոյությունը եւ վճռական լինել այդ գոյությունը պահպանելու իր որոշման մեջ: 2008 թվականի մարտի 1-ը հենց այս հոգեբանական շեմի հաղթահարումն է խորհրդանշում, եւ այս հոգեբանությունը չի նահանջելու երբեք: Շատերը խոսում են ժողովրդի հերթական պարտության մասին: Դատարկ խոսքեր են դրանք, եւ ընդամենը: Քաղաքացիական հոգեբանությունը այսօր ներծծվում է հայաստանցիների գիտակցության մեջ, եւ այս պրոցեսը անշրջելի է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կա գեթ մեկ հոգի, որ իրեն կրողն է համարում այդ հոգեբանության եւ նվիրյալը` այդ պայքարի: Եթե կա այդպիսի գեթ մեկ հոգի, ուրեմն կգտնվի եւս մեկը, որ գումարվի նրան, ապա էլի մեկը, որ գումարվի նրան, ապա էլի մեկը, որ գումարվի նրան… Ապրիլքսանչորսյան հոգեբանությունը մեր անցյալն է, մարտիմեկյան հոգեբանությունը` մեր ապագան:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.