> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՎԵՏԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՎԵՏԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Ավետից

ՆիկոլՍիրելի Նիկոլ ջան: Շատ-շատ կարոտում ենք քո ներկայությունը ու, հավատա, շատ ա բացակայությունդ զգացվում, չնայած էս արածդ գործն էլ դժվար ա գերագնահատել: Ամեն անգամ քեզ կարդալուց իմ մոտ զգացողություն ա լինում, որ դու ակտիվ մասնակցում ես բոլոր շտաբային քննարկումներին, պրոցեսներին, որովհետեւ հաճախ ընդհատակում ավելի ճիշտ ես գնահատում իրավիճակը քան մենք` ազատության մեջ: Տառացիորեն կիսելով քո բոլոր մտքերը եւ պայքարին նվիրվածությունը, ամեն դեպքում, վերջին ժամանակներում ինձ մոտ որոշակի մտահոգություններ են առաջացել եւ կցանկանայի կիսվել հետդ: Մեր պայքարը իր էությամբ լինելով քաղաքացիական, կհամաձայնվես, որ ձեւով այս պահին միայն քաղաքական է: Հասարակությունը ունի դժգոհություններ, ՀԱԿ-ը դրան տալիս է քաղաքական տեսք եւ իրականացնում է քաղաքականություն: Քաղաքականությունը ենթադրում է սեփական շահերի հետապնդում, եւ հետեւաբար արդեն իսկ, չի բացառվում որ մի պահից սկսած ՀԱԿ-ի շահերից բխի ռեժիմի, կամ ռեժիմի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի պայմանավորվածությունների գալը: Նիկոլ ջան, ես մեր հաղթանակին շատ եմ հավատում, տեսնում եմ, դրանով եմ ապրում: Բայց ամեն օր հիշում եմ նախագահական ընտրությունների օրը ծեծված մեր վստահված անձանց, ամեն օր տեսնում եմ բանտում նստաց մեր ընկերների ընտանիքի անդամներին: Հնարավոր համարո՞ւմ ես, որ հաղթանակից հետո ծեծողները, ապացույցներ կեղծողները, սուտ մատնություն անողները, բոլորը!!! պատասխանատվություն չկրեն: Դատախազության համակարգը 99%-ով ենթակա է փոփոխության, ոստիկանությունը 80%-ով, ու այդպես շարունակ: Հնարավո՞ր է այս քաղաքական պայքարի ընթացքում կորցնենք պայքարի քաղաքացիական իմաստը: Համոզված եմ, կարողացա քեզ հասցնել մտահոգություններս: Լավ եղիր, քեզ մաղթում եմ միայն առողջություն: Մնացածը, ինչ քեզ պետք է, դու ունես:

Նիկոլի պատասխանը
Սիրելի Ավետ. ձեր առաջ քաշած հարցը շատ կարեւոր է, ու չափազանց բարդ, որովհետեւ ունի մի քանի կողմեր, մի քանի ասպեկտներ: Այդ կողմերից ինձ համար ամենակարեւորը օրինականությունն է, ամենա, ամենակարեւորը: Ես գիտեմ, ծանոթ եմ այն զգացումներին, որ կարելի է ապրել ասենք մեր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների, դատախազների, օլիգարխների գործունեությանը հետեւելիս: Այդ զգացումները ես նույնպես ունենում եմ` բնականաբար: Շատ հաճախ նաեւ արտահայտում` հրապարակային: Բայց ես ինքս ինձ նաեւ հաշիվ եմ տալիս, որ երբ խոսք է գնում մարդուն, անգամ հանրության համար ամենաատելի մարդուն, ամենաեղկելի կերպարին պատասխանատվության ենթարկելու մասին, չի կարելի առաջնորդվել զգացմունքներով, «նրան արժանին մատուցելու» ներքին ցանկությամբ, որովհետեւ մարդուն պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են հիմնավոր, անհերքելի ապացույցներ: Ընդ որում, ապացույցներ ասածը ամենեւին էլ հանրային կարծիքը չէ: Ոմանք ասում են` պարզ չէ՞, որ այսինչը մարդասպան է: Շատ դեպքերում, իսկապես պարզ է: Բայց այդ մարդուն դատելու համար այդ պարզությունը բավարար չէ, դրա համար անհրաժեշտ են ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, առ այն, որ այսինչ մարդը այսինչ օրը, այսինչ ժամին արել է այսպիսի մի արարք, որը համապատասխանում է ՔՕ հետեւյալ հոդվածին: Եւ սա հիմնավորվում է ահա այս իրեղեն ապացույցով, ահա այս փաստաթղթով, ահա այս անաչառ վկայությամբ: Ենթադրենք Հայ ազգային կոնգրեսը եկել է իշխանության, եւ ահա փութաջանորեն սկսում է բանտերը լցնել սեփական քաղաքական հակառակորդներով, եւ դա անում է այնպիսի հիմնավորումներով, ինչպես անում են այսօրվա իշխանությունները: Դա աղետ կլինի Հայաստանի համար, դա կնշանակի, որ մենք պետություն ունենալու որեւէ շանսից զրկված ենք, որ մենք գոյատեւելու իրավունք չունենք: Որեւէ մեկը, անկախ իր քաղաքական հայացքներից, անկախ հանրության շրջանում ունեցած համարումից` պարտավոր չէ ապացուցել սեփական անմեղությունը, այդ իրավապահ մարմինները պետք է ապացուցեն նրա մեղավորությունը: Սա ես չեմ ասում, սա ասում է ՀՀ Սահմանադրությունը: Եւ մեր խնդիրը, չմոռանանք, սահմանադրական կարգի լիարժեք վերականգնումն է: Ինձ համար միանշանակ է` ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան ամնեղ մարդը հայտնվի բանտում: Ընդ որում, այս ձեւակերպման մեջ «հանցագործ» եւ «անմեղ մարդ» հասկացությունների տակ նկատի է առնվում նույն անձը: Այսինքն, քանի դեռ մարդու մեղավորությունը ԱՊԱՑՈՒՑՎԱԾ չէ, նա անմեղ է, անկախ նրանից, թե մենք որքանով ենք համոզված, որ նա հանցագործ է, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ, նա համարվում է անմեղ մարդ, եւ ուրեմն պետք է լինի ազատության մեջ: Բայց կա հարցի հակառակ, քաղաքական կողմը նույնպես: Տեսեք, դուք ասում եք, որ մեր ոստիկանութան եւ դատախազության 80-90 տոկոսը ենթակա է փոփոխության: Չեմ վիճի ձեր այս դրույթի հետ: Բայց այդ 90 տոկոս ոստիկաններն ու դատախազները երկնքից չեն մեր գլխին թափվել, օտար երկրներից չեն ներմուծվել, որեւէ արտադրամասում չեն բուծվել: Ձեր բնակավայրում, ձեր շենքում հաստատ ոստիկան էլ կա, դատախազության աշխատակից էլ: Այդ մարդիկ մեր հարեւաններն են, մեր բարեկամները, մեր հարազատները նույնիսկ: Մենք նրանց հետ շփվում ենք կնունքներին, ծնունդներին, հարսանիքներին: Նրանց հետ ընդհանուր կենացներ խմում, պար բռնում, մի քանի բաժակ խմելուց հետո պռոշտի անում նրանց հետ: Այդ մարդիկ մեր մի մասն են, մենք էլ նրանց մի մասը: Այսինքն` նրանցից շատերը մեզ նման են մտածում, բայց չունեն համապատասխան կամք եւ հնարավորություն իրենց դուրս դնել համակարգից: Եւ մեզնից շատերը հենց այս պահին համակարգի ներսում լինելիս կվարվեին նույն կերպ: Ես ձեզ գաղտնիք բացեմ` այդ սարսափազդու կարմիրբերետավորներից շատերի, շատ ԱԱԾ-ականների, շատ քննիչների հետ ես զրույցներ եմ ունեցել: Նրանք մեզ նման մտածող մարդիկ են, հավատացեք, բայց նրանք համակարգի մեջ մտնելով, համակարգի հրահանգը ստանալով դառնում են բորենի, գազան: Ու իրենք էլ դա ընդունում են, իրենք էլ դա գիտեն, բայց իրենք իրենց համար ելք չեն գտնում: Այդ ամենից հրաժարվելու կամք չունեն, եւ ստիպված ապրում են գազանի դիմակ հագած, որովհետեւ չգիտեն ինչ անել: Ինչու եմ ասում` ներկայումս ոստիկանությունում գործող այդ 80 տոկոսի, եւ նրանց հեռացումից հետո ոստիկանություն մտած 80 տոկոսի մեջ ոչ մի տարբերություն չկա: Եւ նման փոփոխությամբ որեւէ բանի չես հասնի: Հարկավոր է փոխել ընկալումը, հարաբերությունների մակարդակը, վերաբերմունքը օրենքի եւ Սահմանադրության նկատմամբ, վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ, եւ եթե հաջողվի սա անել, մենք առանց կադրային ջարդերի կունենանք բոլորովին ուրիշ ոստիկանություն, ԱԱԾ եւ դատախազություն: Ինչ խոսք, այս համակարգերում մշտապես պետք է լինի պայքար կոռուպցիայի, չարաշահումների դեմ, կոնկրետ մեղավորներ պետք է պատժվեն: Աղաղակող հանցագործությունները պետք է բացահայտվեն, մեղավորները` պատժվեն: Բայց բովանդակային փոփոխության կարելի է հասնել միայն բովանդակության փոփոխությամբ: Եթե կատակերգության սցենարի հիման վրա նախճիր է բեմադրվում, դրա մեղավորը ոչ թե դերասաններն են, այլ ռեժիսորը, եւ փոխել պետք է ռեժիսորին: Իհարկե, որոշ դերասանների նույնպես, բայց ոչ երբեք բոլորին, ոչ բեմի բանվորին եւ նկարչին, ոչ ձայնային ռեժիսորին: Ի վերջո, մի բան ակնհայտ է. երկրում օրինականություն չի լինի այնքան ժամանակ, մինչեւ օրինականություն չցանկանա իշխանությունը: Իսկ իշխանավորը օրինականություն կցանկանա միայն այն դեպքում, երբ ինքը հասկանա, որ վաղը, մյուս օրը հայտնվելու է սովորական քաղաքացու դերում, այսինքն` կորցնելու է իշխանությունը, եւ հայտնվելու է սովորական քաղաքացու դերում, այսինքն` օրենքով պաշտպանված է լինելու այնքան, որքան յուրաքանչյուր սովորական քաղաքացի: Իսկ այսպես կարող է մտածել այն իշխանավորը, ով հասկանում է, որ ժողովուրդն է երկրի բարձրագույն իշխանությունը, եւ այդ ժողովուրդը ցանկացած պահի իրեն կարող է զրկել իշխանությունից: Եւ ահա, մեր գերխնդիրը Հայաստանում այնպիսի հանրության ձեւավորումն է, որ կարողանա ազատվել հանրային շահերին չծառայող իշխանությունից: Այդ ազատման գործընթացը, իհարկե, պետք է տեղի ունենա ընտրական ճանապարհով, բայց եթե ընտրությունները կեղծվում են, ուրեմն հանրությունը պետք է կիրառի Ազատության քաղաքի մարտավարություն: Սիրելի Ավետ, ինչ վերաբերում է ռեժիմի հետ պայմանավորվածություններին, ես բացառում եմ, որ լինեն կուլիսային ինտրիգներ: Մյուս կողմից` Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո պատրաստ է երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ: Ահա, այս հրապարակային բանակցությունների արդյունքում կարող են ձեռք բերվել հրապարակային պայմանավորվածություններ, որոնք չեն կարող հակասել Համաժողովրդական շարժման սկզբունքներին: Եւ որպես ամփոփում. քաղաքացիների դեմ ապօրինությունների, հետապնդումների ծավալման հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն միանշանակ, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի եւ մարդու իրավունքների խստիվ, աներկբա կիրառմամբ: Պետք է բացառել քաղաքական հետապնդումների նվազագույն նրբերանգներն իսկ, եւ որեւէ մեկը չպետք է կասկած ունենա, որ դա արդարադատություն է, այլ ոչ թե վենդետա: Եւ ուրեմն, որեւէ մեկը պարտավոր չի լինելու ապացուցել սեփական անմեղությունը, բայց եթե որեւէ մեկի մեղավորությունը ապացուցվի` պատասխանատվությունը պետք է հետեւի դրան պարտադիր: Բայց էլի եմ ասում` խոսքը առաջին հերթին ռեժիսորների, խոշոր շնաձկների մասին է, եւ ոչ թե մի քանի խեղճուկրակ սերժանտ-լեյտենանտի: Շնորհակալություն, եւ լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. KKK
    Մայիս 15th, 2009 at 09:43 | #1

    Փայլուն պատասխան էր. կեցցես դու Նիկոլ:

  1. No trackbacks yet.