> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՉԼՈՒԾՎԱԾ

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՉԼՈՒԾՎԱԾ

Ընտրությունների արդյունքները կեղծելու, սրբագրելու թույլատրելիության գաղափարաբանության ջատագովները մշտապես մի փաստարկ են բերում: Եթե, ասում են, գերմանական իշխանությունները կեղծեին 1933 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Հիտլերը իշխանության չէր գա, եւ աշխարհը կփրկվեր երկրորդ համաշխարհային պատերազմի աղետից: Ահա, ուրեմն` եզրակացություն. ինչ-ինչ դեպքերում ընտրությունների արդյունքները կեղծելը թույլատրելի է: Ընդհանրապես, «եթե»-ներով խոսակցությունը ինքնին անհեթեթ է, բայց տվյալ դեպքում` արժե մտնել այդ խոսակցության մեջ, որովհետեւ վերը բերված փաստարկը, չնայած առաջին հայացքից համոզիչ է թվում, իրականում ամենաանհեթեթն է նմանօրինակ փաստարկների մեջ: Նախ` առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերը ընդամենը եֆրեյտոր էր, նա Գերմանիայում իշխանություն չուներ, իշխանություն չուներ նաեւ նրա ապագա գաղափարաբանությունը, բայց պատերազմը տեղի ունեցավ, եւ այն պակաս աղետալի չէր: Երկրորդ համաշխարհային պատերազմը առաջինից տարբերվում է միայն պատերազմական տեխնոլոգիաների եւ սպառազինության զարգացմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմում Հոլոքոստ տեղի ունեցավ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` Մեծ եղեռն: Այնպես որ, խնդրի վերը բերված մեկնաբանությունը ակնհայտորեն անհեթեթ է: Բայց սա ամենը չէ. Մեծ հաշվով, Հիտլերի, ավելի ճիշտ` նրա գաղափարաբանության իշխանության գալը անխուսափելի էր, որովհետեւ նացիոնալ-սոցիալիզմը համակել էր գերմանացի ժողովրդին, ինչը նշանակում է, որ այդ գաղափարախոսությունը, այսպես թե այնպես, պետք է հասներ իշխանության: Ու եթե պատմությանը մոտենում ենք հենց այս գիտակցումով, իսկ այս մոտեցումը միանգամայն ճշգրիտ է, ապա պետք է միայն փառք տալ Աստծուն, որ Հիտլերը Գերմանիայում իշխանության եկավ 1933 թվականին, որովհետեւ եթե նման բան տեղի ունենար, ասենք, երեք տարի անց, եւ եթե այս պարագայում էլ Հիտլերի իշխանությունը գոյատեւեր տասներկու տարի, ապա շատ մեծ է հավանականությունը, որ իր համար ամենածանր շրջանում Հիտլերյան Գերմանիան միջուկային զենք կունենար, ատոմային ռումբ` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Սա` պատմական զուգահեռների մասին, որն, իհարկե, ուղղակի կապ մեր այսօրվա ասելիքի հետ չունի: Այդ կապը անուղղակի է: Ու եթե Գերմանիայից վերադառնանք Հայաստան, դժվար չի լինի արձանագրել, թե որքան ծանծաղ ու անտարողունակ է Հայաստանի ընթացիկ քաղաքական օրակարգը: Ոչ մի թեմա, անգամ` տնտեսական խորացող ճգնաժամը, չի դառնում էական հանրային կամ քաղաքական քննարկումների առարկա: Ոչ մի թեմա իրապես չի համակում հանրային եւ քաղաքական գիտակցությունը, այնաստիճան, որ հայաստանյան լրահոսն անգամ դարձել է ծանծաղ ու անհետաքրքիր, որեւէ նորությունից զուրկ: Իրականում, սակայն, այս վիճակը խիստ բնական է, խիստ բնական է այն պայմանների համար, որ հաստատվել են Հայաստանում: Հանրությունը, ողջ հանրությունը, գիտակցված թե ենթագիտակցորեն, հասկանում է, ընկալել է, որ Հայաստանում այլեւս ոչ մի հարց չի լուծվելու, բացարձակապես ոչ մի առաջընթաց չի գրանցվելու այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել իշխանության հարցը, ազատ եւ օրինական ընտրություններով իշխանություն ձեւավորելու եւ իշխանությունից ազատվելու հարցը:

Չկա Հայաստանի ներքաղաքական օրակարգում ուրիշ խնդիր, ավելի ճիշտ` հենց սա է հայաստանյան օրակարգի թիվ մեկ հարցը: Ընդ որում, այս հարցը առաջինն է ոչ թե թվաբանական, այլ կարեւորության, նշանակության իմաստով: Այս հարցի լուծումից են կախված մնացած բոլոր հարցերը, բացարձակապես բոլոր: Կառավարություն, խորհրդարան, դատախազություն, ոստիկանություն, Սերժ Սարգսյան եւ յուր մամուլի ասուլիս. այս ամենը ընդամենը իմիտացիա է, ընդամենը բուտաֆորիա: Երկիրը զրկված է իր առջեւ ծառացած հարցերը լուծելու մեխանիզմից, որ կոչվում է իշխանություն: Իսկ իշխանությունը այն խումբը չէ, ով ավելի շուստրի է ու նենգ կամ ավելի հանցագործ: Իշխանությունը այն խումբն է, որին իշխանության միակ կրողը` ժողովուրդը, վստահել է ղեկավարել երկիրը: Նման իշխանություն չկա, ուրեմն` որեւէ հարցի լուծման մասին խոսելը անիմաստ ու անհեթեթ է, եւ սա հիմա հասկացել են բոլորը, նույնիսկ` իշխանավորները: Սերժ Սարգսյանը եւ իր թիմը փորձում են մարդկանց հույս եւ լավատեսություն ներշնչել: Բայց չեն էլ տեսնում այդ փորձերի եղկելիությունը: Սա գիտե՞ք ինչի է նման. ենթադրենք` մի ամբողջ ավտոբուս ժողովուրդ գնում է էքսկուրսիա: Բոլորի տրամադրությունը բարձր է, բոլորը երգում են ու պարում, բոլորը սպասում են, որ ահա շուտով հասնելու են մի շատ գեղեցիկ եւ հետաքրքիր տեղ: Մեկ էլ հանկարծ` մի զինված խումբ ներխուժում է ավտոբուս, սպանում մի քանի ուղեւորների, ավտոբուսի վարորդին չեզոքացնում, չեզոքացնում էքսկուրսիայի կազմակերպիչներին ու ավտոբուսի մեջ ամեն շարքի կողքին մի զինված կարմիրբերետավոր կանգնեցնում: Հետո բանդայի գլխավորը սկսում է հանգստացնել ուղեւորներին, որ ոչինչ չի պատահել, մեր էքսկուրսիան շարունակվում է, մենք առաջ ենք գնում, եւ բոլորին հորդորում է լավատեսորեն նայել դեպի ապագա: Ու այդպես քշում է ավտոբուսը միայն իրեն հայտնի ճամփաներով` մագնիտաֆոնը մինչեւ վերջ «զվուկ տված»` փորձելով տրամադրություն ստեղծել ավտոբուսում: Զուգահեռ` մի քիչ մաքուր օդ շնչել ցանկացողներին բերման են ենթարկում բեռնախցիկ, մյուսներին ծեծում են ու սպառնում, իսկ բանդայի ղեկավարը շարունակ փորձում է ուռած աչքերով լավատեսություն սերմանել ու զարմանում է, թե ինչու չեն ուրախանում ավտոբուսի ուղեւորները: Սա է Հայաստանի վիճակը, ու քանի դեռ ավտոբուսը չի մաքրվել այդ զինված աղբից, որեւէ ուրիշ թեմայի մասին խոսելը տխմարություն է` բառիս բուն իմաստով: Այս է պատճառը, որ ուրիշ թեմայով խոսող ցանկացած մեկի դեմքի արտահայտությունը այլակերպվում է տխմարության աստիճանի: Ահա եւ ողջ գաղտնիքը: Իսկ ընդհանրապես, ազատ ընտրությունները եւ այդ համակարգի միջոցով իշխանության պերմանենտ փոփոխությունները համադարմանի նշանակություն ունեն: Որովհետեւ, ազատ եւ օրինական ընտրությունները իշխանության հասնելու հնարավորություն են թողնում բոլորի համար հավասարապես, իսկ սա նշանակում է, որ հանրությունը ոչ միայն անհրաժեշտության դեպքում իշխանության նկատմամբ իր անվստահությունն արտահայտելու եւ իր անբավարարվածությունը փարատելու, այլեւ իր իսկ ընդերքից նորանոր մարդկային, ինտելեկտուալ, հոգեւոր ռեսուրսները ի հայտ բերելու եւ երկրի իշխանությունը նրան վստահելու հնարավորություն է ստանում: Նման պայմաններում, հանրային կյանքի աստիճաններով վեր բարձրանալու համար` անհատները արդեն բոլորովին ուրիշ որակներ ու հատկանիշներ պետք է ի ցույց դնեն, եւ ուրեմն` բոլորովին ուրիշ կերպարով պետք է ներկայանան այդ նույն հանրությանը: Այս պարագայում արդեն, ներքաղաքական կյանքի որոշիչ կերպարը կլինեն ոչ թե հաստավիզ անուղեղն ու կրթված ստորաքարշը, այլ պայծառ ուղեղն ու կրթված սկզբունքայինը: Հիմա մեր պետական կառավարման համակարգի ողբերգությունը հենց սրանում է. եթե կրթված մարդիկ կան իշխանության ներսում` ստորաքարշ են ու անողնաշար, եթե ողնաշար ունեն, ուրեմն անուղեղ են ու հաստավիզ: Կան նաեւ այլ կոնֆիգուրացիաներ, բայց միայն` այս սահմաններում: Այս պայմաններում ահա, լավատեսություն սերմանելու, «սեր եւ հանդուրժողականություն» սերմանելու իշխանական ջանքերը նման են ընդամենը էֆթանազիոն նարկոզի: Քանի դեռ Հայաստանի ժողովուրդը չի պարպել իր բողոքը եւ չի ձեւավորել իր ուզած իշխանությունը, երկիրը զուրկ է որեւէ ապագայից: Ընդ որում, այս հարցը հետաձգելու ժամանակ այլեւս չկա: Որովհետեւ, քանի հարցը չի լուծվել, այն չի իջնելու ներքաղաքական օրակարգի առաջին հորիզոնականից: Չի իջնելու, քանի դեռ չի լուծվել, իսկ քանի դեռ չի լուծվել, չի լուծվելու ուրիշ որեւէ հարց:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.