> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՓԻԼԱՔՅԱՆԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՓԻԼԱՔՅԱՆԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ահա եւ տեղ հասավ ֆուտբոլային դիվանագիտությունը` վերափոխվելով, վերակերպվելով բոլորովին ուրիշ մի բանի, որը կարելի է անվանել փիլաքյանային դիվանագիտություն: Ֆուտբոլային դիվանագիտությունը այդպես էր կոչվում, որովհետեւ դիվանագիտական շփումների համար առիթ էին դառնում ֆուտբոլային հանդիպումները: Իսկ փիլաքյանային դիվանագիտության առանցքային կոմպոնենտը այն է, որ դիվանագիտական շփումների առիթ դառնում է հանդիպումը աստիճանավանդակների, այսինքն` փիլաքյանների վրա: Այսպես ուրիշները Հայաստանի ներկայացուցիչների հետ շփվում են թանկագին ժամանակը չկորցնելու համար: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այդօրինակ շփումներ ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, նույնկերպ Նալբանդյանը շփվեց նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ` Երեւանում: Թուրքիայի ԱԳ նախարարը, Երեւան գալով, պատկերացնո՞ւմ եք, հարկ չհամարեց անգամ իր հայաստանցի կոլեգայի հետ հանդիպում ունենալ: Փոխարենը` հայ-թուրքական հարաբերությունների հարցը քննարկեց, ուշադրություն դարձրեք` ՌԴ ԱԳ նախարարի եւ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ, եւ մի փիլաքյանային հանդիպում էլ Սերժ Սարգսյանի հետ ունեցավ: Էսքանից հետո լեզուս չի պտտվում անգամ Նալբանդյանին Էձիկ անվանել, որովհետեւ այս մարդը արդեն ոչ թե հեգնանքի, այլ կարեկցանքի է արժանի: Չի էլ հասկանում` ինչ է խոսում, ոնց է խոսում: Այնաստիճան, որ անգամ Վարդան Օսկանյանն է գլխի ընկնում, որ ինչ-որ բան այնպես չէ: Չնայած` հենց վերջինս է փիլաքյանային դիվանագիտության հիմնադիրը: Օրինակ` Թուրքիայի երբեմնի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլի հետ նա մի անգամ հանդիպել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի վերելակում: Մի անգամ էլ շատ երկար նրան սպասել է ստամբուլյան հյուրանոցներից մեկի նախասրահում: Ու հիմա Օսկանյանը ՀՀ գործող իշխանություններին խորհուրդ է տալիս դուրս գալ Թուրքիայի հետ բանակցային գործընթացից` եթե կոնկրետ ժամկետներում Թուրքիան չբացի Հայաստանի հետ սահմանը: Այս խորհուրդը, կարծես թե, տարբեր կերպ հնչում է տարբեր տեղերից, եւ նրա էությունը հետեւյալն է. քանի որ մենք խաղը տանուլ ենք տալիս, ուրեմն` ՀՀ գործող իշխանությունները պետք է դադարեցնեն Թուրքիայի հետ բանակցությունները: Առաջին հայացքից թվում է` տրամաբանական խորհուրդ է, որովհետեւ բանակցային առկա վիճակը Թուրքիան օգտագործում է նաեւ քիթը ԼՂ հարցի բանակցային գործընթաց մտցնելու համար, իսկ Ադրբեջանը սկսել է մի ուրիշ ձեւի հեղինակություն դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ու հայ-թուրքական հարաբերությունների հարցում Իլհամ Ալիեւի կարծիքը սկսել են հարցնել ոչ միայն Թուրքիան ու ԱՄՆ-ն, այլեւ Ռուսաստանը: Այսինքն` Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը հասցրեց խիստ կանխատեսելի արդյունքների, ինչի մասին դեռ ամիսներ առաջ եւ ամիսների ընթացքում զգուշացնում էր ընդդիմությունը: Բայց հիմա գուցե իսկապե՞ս տրամաբանական է խաղից դուրս գալու տարբերակը: Տվյալ պահին, սակայն, եկեք քննարկենք ոչ թե այն, թե արդյո՞ք խելամիտ է այսօրինակ պահվածքը, այլ փորձենք հասկանալ` արդյո՞ք, մեծագույն ցանկության դեպքում, Սերժ Սարգսյանը կկարողանա նման բան անել, այսինքն` սառեցնել հայ-թուրքական բանակցությունները: Տեխնիկապես, դա, իհարկե, հնարավոր է: Բայց եթե հաշվի ենք առնում, թե այդ բանակցային գործընթացը ինչ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի համար, հասկանալի է դառնում, որ նա չի կարող հրաժարվել դրանից: Խնդիրն այն է, որ հայ-թուրքական բանակցությունը այն միակ թեման է, որ նրան հնարավորություն է տվել տեղ գտնել միջազգային լրահոսում, եւ որոշակի միջազգային շփումներ ապահովել: Հենց այս թեմայի շրջանակներում է Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցել Աբդուլլահ Գյուլի, Ռ. Թ. Էրդողանի հետ, հեռախոսով զրուցել է Հիլարի Քլինթոնի հետ եւ դեռ կարող է կրկին խոսել: Վերջին մեկ տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների հարցը ապահովել է Սերժ Սարգսյանի` բարձր մակարդակի միջազգային շփումների կեսը, Ղարաբաղի հարցը եւ մյուս հարցերը` մյուս կեսը: Բացի այս, հայ-թուրքական բանակցությունը այն միակ թեման է, որով նա կարողանում է միջազգային, ինչպես նաեւ հայաստանյան հանրության ուշադրությունը շեղել քաղբանտարկյալների, Մարտի 1-ի սպանդի եւ ընդհանրապես` ներքաղաքական ճգնաժամի թեմայից: Եւ այս խաղի մեջ Սարգսյանը մտավ միայն այս հնարավորությունը աչքի առաջ ունենալով:

Իսկ թե այս ընթացքում ինչպիսի իրավիճակում կհայտնվի Հայաստանը, Թուրքիան ինչպես կդառնա ԼՂ հարցի կարգավորման քննարկումների սուբյեկտ, Ադրբեջանը ինչպես կդառնա հայ-թուրքական հարաբերությունների քննարկման սուբյեկտ, Սարգսյանին առանձնապես չի էլ հետաքրքրում: Եւ հիմա Սերժ Սարգսյանին խորհուրդ տալ դադարեցնել հայ-թուրքական բանակցային գործընթացը, նույնն է, թե տասնչորսամյա պատանուն արգելել տնից դուրս գալ: Տասնչորսամյա պատանուն ոչինչ ետ չի պահի փողոց դուրս գալուց, եթե անգամ դրա արդյունքում նա արատավորում է ընտանիքի պատիվը: Այնուամենայնիվ, ամփոփելով փիլաքյանային դիվանագիտության այս շրջափուլը` պետք է ընդգծել, որ այս պրոցեսի արդյունքում Սարգսյան-Նալբանդյան զույգը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բարդ խնդրի լուծումը ավելի բարդացրեց: Եւ սա ցավալի արդյունք է նաեւ Հայաստանի ապագա իշխանությունների համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.