> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲԻ ՀԱՐՑԻՆ

Հակոբ

Բարեվ Նիկոլ ջան այս կայքի մասին նոր իմացա ու որոշեցի ինձ հուզող հարցերից մեկը տամ:
Իմ կարծիքով աշխարհում միակ մասնագիտություն, որը ճիշտն է փորձում բացահայտել ու ասել հասարակ մարդկանց դա լրագրողն է, եթե իհարկե նա ծախված չէ:
Հարցս այսպիսինն է. Չեմ հասկանում ինչու մինչև 2008 նախագահական ընտրությունները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, հիմա քաղբանտարկյալ: Այդպիսի պաշտոնի լինելով չեր տեսնում ես քամբախ երկրում ինչ ա կատարվում, որ 2008 փետրվարին հիշեց արդարության և անաչառության մասին: ԿԱՍԿԱԾԵԼԻ Է: Էդ ինչու ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը (մականունները չեմ գրում չնայած դուք սիրում եք մականուններով գրել) չեին տեսնում որ մի մեծ բոլուկ պորտաբույծներ են հավաքվել ԱԺ-ում որոնք ոչ թե ալգորիթմը լոգարիթմից չեն տարբերում այլ այդ բառերը չեն էլ լսել: Ու ազգիս ապագան են որոշում: ԿԱՍԿԱԾԵԼԻ Է: Եվ վերջում Ընդիմության այս գործելաոճը ոչ մի բանի չի բերի ու ժողովուրդը 2-րդ անգամ կհիասթափվի ՀՀՇ-ից (Այս անգամ հայ ազգային կոնգրես ՀԱԿ): Պետք են կտրուկ քայլեր: Ու երաշխիքներ որ ՀՀՇ-ն այս անգամ գոնե ժողովրդի համար է պայքարում, ոչ թե սրանց նման էլի իրանց հորի էէէէէէ կներես փորի: Հեղ. ժամանակ մի 30 հոգի իմ կողմից հաստատ երաշխավորում եմ: Շնորհակալություն

Նիկոլի պատասխանը – Սիրելի Հակոբ. Գագիկ Ջհանգիրյանի քաղբանտարկյալ լինելը հիմնավորվում է շատ պարզ իրողությամբ: Նրանք դատել են մի հանցանքի համար, որ ինքը չի գործել, եւ սա ակնհայտ է բոլորին: Ընդ որում, Ջհանգիրյանը նման վերաբերմունքի է արժանացել քանի որ ելույթ է ունեցել Ազատության հրապարակում` Համաժողովրդական շարժման հանրահավաքում: Քաղբանտարկյալ կոչվում են հենց այսպիսի մարդիկ, ովքեր դատապարտվում են շինծու մեղադրանքով, եւ դատվում են ինչ-ինչ քաղաքական դրդապատառներով: Ոմանք ասում են` Ջհանգիրյանը այդքան տարի գլխավոր դատախազի տեղակալ է եղել, մի բան արած կլինի: Այս խոսակցությունը անհեթեթ է, որովհետեւ փաստն այն է, որ մարդուն կոնկրետ դատել են մի բանի համար, որ ինքը չի արել, դատել են աղաղակող անպօրինություններով: Եւ այս վիճակում հայտնված ցանկացած մարդու ես կհամարեմ քաղբանտարկյալ, անկախ նրանից թե ինչպիսի անձնական վերաբերմունք ունեմ նրա նկատմամբ: Ի դեպ, եթե Գագիկ Ջհանգիրյանի դեմ հարուցված քրեական գործի տրամաբանությամբ, ցանկացած ոք, այդ թվում եւ դուք սիրելի Հակոբ, կարող եք նույն հաջողությամբ հայտնվել բանտում: Ի վերջո, Ջհանգիրյանին մեղադրել են նրա համար, որ երբ ոստիկանները նրան բերման ենթարկելիս են եղել, նա իբր հրել է նրանցից մեկին: Ո՞րն է ապացույցը որ հրել է. նույն ոստիկանի ցուցմունքը եւ մի պատռված գրպանով բաճկոն: Նման «մեղադրանքից» չի կարող պաշտպանվել ոչ ոք, այդ թվում եւ դուք: Ինչ վերաբերվում է ձեր հարցի երկրորդ մասին, թե Մյասինկ Մալխասյանը, կամ Հակոբ Հակոբյանը խորհրդարանում չէին տեսնու՞մ, թե ինչ է կատարվում: Իհարկե, տեսնում էին, եւ տեսնելու արդյունքում նրանք հայտնվեցին Ազատության հրապարակում, եւ սա պետք է միայն ողջունել: Ձեր տրամաբանությամբ նրանք ճի՞շտ կվարվեին, եթե անմնացորդ տրվեին այդ անբարո մթնոլորտին ու հարաբերություններին: Եւ, ի դեպ, նույն շեշտադրումը կարելի է անել հարյուր հազարավոր մարդկանց, մեզանից յուրաքանչյուրի մասին: Ի վերջո, ավազակապետությունը ստեղծվել է բոլորիս աչքի առաջ, եւ մեզնից յուրաքանչյուրը դա տեսել են, ու ըստ էության ոչ մի բան չենք արել այդ պրոցեսի դեմն առնելու համար: Մենք փաստորեն, ոչինչ չանելով մասնակցել ենք ավազակապետության ձեւավորմանը: Կամա, թե ակամա աջակցել ենք. ուրեմն ի՞նչ, սխալվե՞լ ենք, որ որոշել ենք ձերբազատվել այդ նվաստացուցիչ անտարբերությունից: 2008-ի փետրվարյան օրերին տասնյակ հազարավոր այնպիսի մարդիկ են եկել Ազատության հրապարակ, որ նախկինում չեն էլ մասնակցել քաղաքացիական պայքարի որեւէ դրսեւորման: Ուրեմն սխա՞լ էին արել, որ եկել էին: Հազարավոր մարդիկ Ազատության հրապարակում հրաժարվեցին ԲՀԿ-ականի ու ՀՀԿ-ականի իրենց տոմսերից. մենք նրանց պետք է մերժեի՞նք, պիտի ասեինք գնացեք մնացեք հանրապետակա՞ն: Մեր պայքարի, մեր գաղափարի ուժը հենց սրանում պետք է դրսեւորվի, որ մենք ոչ միայն ինքներս մեզ ետ կանգնեցնենք սխալ ճանապարհից, սրբագրենք ինքներս մեզ, այլեւ օգնենք որ մեր տասնյակ հազարավոր ուրիշ հայրենակիցներ նույնպես այդպես վարվելու միջոցով վերգտնեն իրենք իրենց, իրենց քաղաքացիական արժանապատվությունը, որպեսզի մենք բոլորս զգանք մեր պատասխանատվությունը վաղվա օրվա հանդեպ, եւ վերցնենք այդ պատասխանատվությունը, կրենք այդ պատասխանատվությունը: Հակառակ դեպքում` մեզնից յուրաքանչյուրը կարող է ասել, որ ինքը մի ինչ-որ սխալ քայլ արել է, ուրեմն պետք է շարունակի հավատարին մնալ սխալ ճանապարհին: Մեզնից յուրաքանչյուրը հաստատ ինչ-որ բան այնպես չի արել, բայց սա չի նշանակում, թե մենք պետք է վախենանք վեր կանգնել մեր սխալներից, սա չի նանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր սխալները ուղղելու հնարավորությունից: 2008-ը հենց սրանով էր առանձնահատուկ. մենք հավատացինք մեր ուժերին, մենք հավատացինք փոփոխությունների հնարավորությանը, եւ մեզնից շատերը որ հուսահատվել-հանձնվել էին, Ազատության հրապարակ վերադառնալու ուժ գտան իրենց մեջ, եւ սա այդ մարդկանց մասին միայն դրական է խոսում: Եւ հիմա մենք պետք է մինչեւ հաղթական ավարտ Ազատության հրապարակում մնալու ուժ ունենանք: Եւ ունենք: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.