> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԿՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ՀԱՅԱՑՔ

ԵՐԿՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ՀԱՅԱՑՔ

Այն քաղաքականությունը, որ Թուրքիան վարում է Հայաստանի նկատմամբ, զարմանալիորեն զուգահեռվում է այն քաղաքականության հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանություններն են վարում ներքաղաքական խնդիրների լուծման համատեքստում: Իսկ նմանությունները ոչ միայն արտաքին են, այլեւ խորքային: Երկու դեպքում էլ քաղաքականության սուբյեկտը միջազգային հանրությունն է. Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում շահագրգռություն է ցուցադրում` ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում իր համար անբարենպաստ զարգացումները կանխելու համար: Նույն նպատակն են հետապնդում նաեւ Հայաստանի իշխանությունները` մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության, քաղբանտարկյալների, ինչպես նաեւ` մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Այս հարցերը ՀՀ իշխանություններին հետաքրքրում են այնքանով, որքանով դրանք շրջանառվում են միջազգային փաստաթղթերում: Ահա այս ելակետը օբյեկտին, տվյալ դեպքում` Թուրքիայի իշխանություններին, տվյալ դեպքում` Հայաստանի իշխանություններին ստիպում է գործել` խնդիր ունենալով ոչ թե խնդրի լուծումը, այլ խնդիր ունենալով բթացնել խնդրի նկատմամբ արտաքին աշխարհի հետաքրքրությունը կամ շահագրգռվածությունը կամ մտահոգվածությունը` այս ընթացքում ամեն ինչ անելով իրական լուծումներից խուսափելու համար: Եւ եթե այս համատեքստում համեմատում ենք այն հայտարարությունները, որ այս ընթացքում արել են Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունները` առաջինը` հայ-թուրքական սահմանի բացման, երկրորդը` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հետ կապված, դրանց խորքում հոգեբանական, մտածական զարմանալի ընդհանրություններ ենք գտնում: Այսպես` թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, թե ուր որ է` հայ-թուրքական սահմանը բացվելու է, ապա եւ սրան հաջորդում են հայտարարություններ, թե նման բան տեղի չի ունենա, մինչեւ չկարգավորվի Ղարաբաղի հարցը: Հայաստանում` իշխանական եւ մերձիշխանական շրջանակներից, հայտարարություններ են հնչում, թե քաղբանտարկյալները առաջիկայում ազատ են արձակվելու, սրանից հետո հնչում են հայտարարություններ, որոնց համաձայն` քանի դեռ դատավարությունները չեն ավարտվել, քաղաքական լուծման մասին խոսք լինել չի կարող: Երբ վտանգը մեծացավ, որ Բարաք Օբաման պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ԱՄՆ-ի իշխանություններին հավաստիացրեց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը գործնականում լուծված է, եւ Օբամայի կողմից ցեղասպանության ճանաչման սպառնալիք-հավանականությունը ավելորդ լարումներ է ստեղծում այդ հարցում: Ավելին, թուրքական կողմը պնդեց, որ հայ-թուրքական համաձայնագրի նախագիծը պատրաստ է, եւ մնում է այն դնել ստորագրման: Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ 2009-ի ձմեռային նստաշրջանից առաջ ԵԽ-ին հավաստիացրեցին, որ հիմա փոփոխություններ են կատարելու ՔՕ-ում, որը էական ազդեցություն է ունենալու քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում. այսպիսով ԵԽԽՎ իշխանական պատվիրակությունը խուսափեց ձայնից զրկվելու հեռանկարից: Ու երբ թվում էր, թե «խորհրդարանը արտահայտել է իր քաղաքական կամքը քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում», պարզվեց, որ ՀՀ անկախ դատախազական համակարգը բոլորովին ուրիշ կարծիքի է, որ առաջնորդվում է «իրավական սկզբունքներով»:

Այսինքն` «անկախ դատախազ» Աղվան Հովսեփյանը չի տրվում քաղաքական ճնշումների: Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում աղվանական այս դերը կատարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը իր անկախ դիրքերից որոշակի լծակներ է կիրառում պրոցեսի ընթացքն ու տրամաբանությունը փոխելու համար: Այսուհանդերձ, թուրքական կողմից շարունակում են հնչել լավատեսական եւ հոռետեսական հայտարարություններ` 50/50 հարաբերակցությամբ, անգամ պաշտոնական մակարդակում են հակասություններ ի հայտ գալիս, իբր` վարչապետ Էրդողանը այլ կարծիք ունի հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, նախագահ Գյուլը` այլ: Սա մոտավորապես նմանվում է այն տեսարանին, որ վերջերս ցուցադրեցին Հովիկ Աբրահամյանը եւ Աղվան Հովսեփյանը` ԱԺ քաղբանտարկյալ պատգամավորներին ազատ արձակելու հարցում: Այս զուգահեռները կարելի է դեռ երկար շարունակել, բայց եզրակացությունը դրանից չի փոխվի` Թուրքիայի իշխանությունները Հայաստանի նկատմամբ վարում են այն քաղաքականությունը, որ Հայաստանի իշխանությունները վարում են սեփական հասարակության նկատմամբ: Ուղղակի կա մի փոքրիկ տարբերություն. Թուրքիայի իշխանությունները դա անում են հանուն, իսկ Հայաստանի իշխանությունները` ի հեճուկս սեփական պետության շահերի: Այդ քաղաքականությունը մեծացնում է թուրքական պետականության կշիռը, իսկ հայոց պետականությունը դարձրել է համաշխարհային մակարդակի տրյապկա: Եւ ինչպես Հայաստանի` Լենինի պատգամներին հավատարիմ կոմսոմոլական իշխանությունները ստեղծեցին մարտի 1-ի հանձնաժողով` մարտի 1-ի ոճրագործությունները կոծկելու համար, այնպես էլ Թուրքիայի իշխանությունները առաջարկում են ստեղծել պատմաբանների հանձնաժողով` Ցեղասպանությունը նիկոյանացնելու նպատակով: Կարծում եմ` անիմաստ չի լինի մի հատ էլ 1915 թվականի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծել, որում հավասար քվոտաներով կընդգրկվեն Ցեղասպանության երկու զոհի ժառանգներ, ցեղասպանության երկու իրագործողների ժառանգներ, իսկ հանձնաժողովի նախագահ կնշանակվի քրդական շեյխերից որեւէ մեկի որեւէ ժառանգ` որպես չեզոք կողմ: Դարասկզբին քրդերը թուրքերի կողմից էին, հիմա` հայերի կողմից են. սա կոչվում է չեզոքություն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.