> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆԳԱԶ ԳԱԶԱՄՈՒՂ

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆԳԱԶ ԳԱԶԱՄՈՒՂ

Սերժ Սարգսյանը հերթական դիվանագիտական հաղթանակը տարավ. նա կարողացավ պաշտոնական այց կպցնել դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն: Եւ ահա, այդ այցի արդյունքներով, հերթական աշխարհացունց հայտարարություններն են հնչում` աշխարհացունց նախագծերի վերաբերյալ: Իրան-Հայաստան երկաթուղի, հայ-պարսկական հիդրոէլեկտրակայան` Արաքս գետի վրա: Այն, որ Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը անհեթեթություն է, ակնհայտ է ոչ միայն ֆինանսական պատճառներով: Բայց այս խնդրին առավել մանրամասն կանդրադառնանք առանձին: Արաքսի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու գաղափարը շատ ավելի հետաքրքիր է ու հեռանկարային: Բայց հայ-իրանական հերթական նախագծերի փայլի նշանակությունը հասկանալու համար եկեք մի պահ վերհիշենք, թե ինչ ճակատագրի է արժանացել այսօրինակ նախորդ նախագիծը` Իրան-Հայաստան գազամուղը:  Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, գազամուղը կառուցված-ավարտված է, ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ գազամուղով մեկ խորանարդ մետր գազ անգամ Հայաստան չի մտել: Ի սկզբանե պլանավորվում էր, որ այդ խողովակաշարով գազը պետք է հասնի Հրազդան, այստեղի ՋԷԿ-ում դառնա էլեկտրական հոսանք, եւ էլ. հոսանքը արտահանվի Իրան: Նման բան, սակայն, մինչեւ օրս տեղի չի ունեցել` այն պարզ պատճառով, որ հայ-իրանական այս նախագծերը հընթացս հասցրին կորցնել իրենց կարգավիճակը: Իրան-Հայաստան խողովակաշարը դարձավ ռուսական, Հրազդանի ՋԷԿ-ը` նույնպես, եւ այդպես էլ ոչ գազ է գալիս Հայաստան, ոչ էլ հոսանք է գնում Իրան: Ու քանի որ այս նախագիծը Հայաստանի իշխանությունները ավարտված են համարում, արդեն վեց ամիս խոսում են դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասին. մի պրոցես, որ ըստ պաշտոնական հայտարարությունների` պետք է սկսվի այս ապրիլին: Բայց մի կողմ թողնենք Թուրքիան եւ անդրադառնանք Իրանին: Եթե հայ-պարսկական նախագծերը իրականացվում են համատեղ խողովակաշարի տրամաբանությամբ, նշանակում է` Արաքս գետի վրա հիդրոկայան ենք կառուցելու դրանում սազան աճեցնելու համար, իսկ Իրան-Հայաստան երկաթուղին էլ դառնալու է սիզախոտ աճեցնելու պալիգոն: Համենայնդեպս, այսօր այդպիսին է Իրան-Հայաստան խողովակաշարի ողջ երթուղին: Փաստն այն է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում, անգամ ակտիվության պիկի վրա, ցուցաբերում են զարմանալի ամլություն: Այդ հարաբերություններում կա անսահման ջանջիգյար, նույնիսկ գործնական քայլեր կան, իսկ ահա կոնկրետ արդյունքներ կամ որակական նոր դրսեւորումներ այդպես էլ ի հայտ չեն գալիս: Հարաբերությունների այս որակի սիմվոլը, թերեւս, հենց Իրան-Հայաստան` կառուցված, բայց այդպես էլ չգործող գազամուղն է: Իսկ այսօրինակ վիճակի պատճառը ավելի շատ քաղաքական է. Հայաստանը չունի Իրանի հետ գործուն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ անկախություն, իսկ Իրանի հարավկովկասյան եւ ընդհանրապես` արտաքին քաղաքական ամբիցիաները չափազանց մեծ են` Հայաստանի հետ բեղմնավոր հարաբերություններ հաստատելու համար: Իսկ այս պայմաններում Իրանը Հայաստանի համար շարունակում է մնալ վթարային ճանապարհ, իսկ Հայաստանը Իրանի համար մնում է որպես պոտենցիալ աղանդեր: Կարճ ասած, հայ-իրանական հարաբերությունները այս տրամաբանությամբ գործնականություն կստանան միայն տարածաշրջանային վթարի պայմաններում: Իսկ սա նշանակում է, որ այդ հարաբերությունները լրջագույն բուժման կարիք ունեն. հանգամանք, որի գիտակցումը կարծես թե բացակայում է Արաքսի երկու ափերին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.