> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ruben-mangasaryan_arm_tur

(c) Ruben Mangasaryan/BBC

Սերժ Սարգսյանը իր վերջին ասուլիսում հայ ժողովրդին ավետեց, որ եթե անգամ պարզվի, որ այս ընթացքում Թուրքիան Հայաստանին կռուտիտ է արել, ինչպես ամենավերջին վինտիկի, հոգ չէ, որովհետեւ այս իրավիճակից մենք ուժեղացած դուրս կգանք: Սրան ձայնակցեցին կոալիցիոն ուժերը, թե բա հա` ամբողջ աշխարհը կիմանա, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Փաստորեն, մինչեւ այսօր աշխարհը այդ մասին չգիտեր, փաստորեն, աշխարհը գլխի էլ չէր ընկել, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը առաջին հերթին վնասում է Հայաստանին` նրան դարձնելով երկու դարպասով հայաթ: Փաստորեն, աշխարհին թվում էր, թե այդ Հայաստանն է Թուրքիային շրջափակման ենթարկել, ու այս «նորությունը» դառնալու է միջազգային լրահոսի թիվ մեկը լուրը, թե բա` իմացիր, ալամ մարդկություն, որ Հայաստանը պատրաստ էր առանց նախապայմանի ապաշրջափակել Թուրքիային, բայց այդ անշնորհակալ Թուրքիան չօգտվեց այդ ոսկե հնարավորությունից, եւ Հայաստանը տարավ հերթական դիվանագիտական հաղթանակը, հերթական անգամ ուժեղացավ, որովհետեւ ահա շնչահեղձ է անում Թուրքիային` վերջինիս տհաս քաղաքականության արդյունքում: Աբսուրդ, կատարյալ աբսուրդ: Ու երբ հետեւում ենք Սերժ Սարգսյանի մտքերի ընթացքին, հասկանալի է դառնում, որ հայլուրիզմը Հայաստանում դարձել է պետական գաղափարախոսություն: Եկեք մի փոքր այլ տեսակետից նայենք Սերժ Սարգսյանի ասածին. նա ասում է, որ հնարավոր է` ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ իրենց խաղերի հաշվարկներում սխալված լինեն, բայց եւ պնդում է, որ եթե անգամ այդպես է, դրա արդյունքում Հայաստանն ուժեղանալու է: Փաստորեն, Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ զենքը սխալ հաշվարկներն են: Սխալ հաշվարկ ես անում ու որպես արդյունք` ուժեղանում: Հետո կրկին սխալ հաշվարկ ես անում եւ կրկին ուժեղանում, հետո անընդհատ սխալ հաշվարկ ես անում եւ շատ ավելի ուժեղանում: Բա ձեր կարծիքով քոչարյանասերժական իշխանության տարիներին Հայաստանը ինչի՞ հաշվին է դիվանագիտական գենոցիդի ենթարկել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ընդհանրապես` բոլոր թշնամիներին: Իհարկե, դե իհարկե` սխալ հաշվարկների: Սխալ հաշվարկը, մեր մեջ ասած, անկասելի զենք է, որովհետեւ եթե դու ճիշտ հաշվարկ ես անում, դիմացինդ կարող է գլխի ընկնել, թե ինչ է քո հաշվարկածը, բայց եթե սխալ հաշվարկ ես անում, հակառակորդը «նե մոժըդ դագադացցա», որովհետեւ տխմարությունը անչափելի եւ անկանխատեսելի արժեք է: Ահա թե ինչու ընթացիկ քաղաքական շրջափուլում Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարում են սխալ հաշվարկի պատվավոր ասպետներ Էձիկ Նալբանդյանն ու Վարդան Օսկանյանը: Նրանք այնպիսի սխալ հաշվարկներ կարող են անել, որ անգամ դեբիլների դպրոցի կարմիրդիպլոմավոր շրջանավարտները ի վիճակի չեն լինի գլուխ հանել այդ հաշվարկներից: Բայց շատ շեղվեցինք, հայլուրիզմից էինք խոսում, եւ թերեւս պատեհ է բացատրել դրա առանձնահատկությունը: Այ, օրինակ, Հայաստանում հնարավոր են ցրտահարություններ, բայց մտահոգվելու կարիք չկա, որովհետեւ եթե անգամ ցրտահարություն լինի, բերքատվությունը դրանից միմիայն աճելու է: Արտագաղթը գնալով ահագնանում է, բայց դրանով ընդհանրապես պետք չէ մտահոգվել, որովհետեւ որքան մեծանում է արտագաղթը, այնքան աճում է ընտրողների թիվը, հանցագործությունների թիվը աճում է, բայց դրանից պետք է միայն ուրախանալ, որովհետեւ հայրենի իշխանությունը ազնիվ է սեփական ժողովրդի հետ ու չի թաքցնում ճշմարտությունը, տնտեսական ճգնաժամը հասել է Հայաստան, իսկ դա բոլորիս պետք է ուրախանալու առիթ տա, որովհետեւ պարզվեց, որ մենք` թշվառներս, նույնպես աշխարհի մաս ենք, մեզ նույնպես վերաբերում են աշխարհում կատարվող փոփոխությունները: Իսկ մենք քիչ էր մնում` հուսահատվեինք, որովհետեւ երբ ամբողջ աշխարհում մարդիկ ուրախ էին եւ երջանիկ, հայաստանցիները իրենց դժբախտ էին զգում: Հիմա տնտեսական ճգնաժամը դժբախտացրել է շատերին, եւ եւ մենք, ի վերջո, համապատասխանում ենք միջազգային ստանդարտներին: Եւ եթե անգամ Հայաստանի տնտեսությունը փլուզվի, մենք սրանից ուժեղացած ենք դուրս գալու, որովհետեւ ամենաուժեղ ժողովուրդները նրանք են, ովքեր կորցնելու ոչինչ չունեն: Ահա Հայաստանը ուժեղացնելու սերժանտական ռազմավարությունը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Armen M.
    Ապրիլ 15th, 2009 at 21:28 | #1

    turka-adrbejanakan takardi mej SA @nkav vorpes “footbolayin “divanagitutyan heghinak…Hima parzvum e vor SA haytnvel e urishi xaghi(chloci)gndaki derum…Inchqan el handisates@ hamberum e,inchqan el mrcavar@ koghmnapah u meknaban@ “pataxanatu”e —gndak@ dashtum chi erevum,misht &ur en tshum…el ur mnac gol@.

  2. Սուրեն
    Ապրիլ 17th, 2009 at 12:39 | #2

    Լավն էր: Մանավանդ վերջը:
    “ամենաուժեղ ժողովուրդները նրանք են, ովքեր կորցնելու ոչինչ չունեն” :))))))

  3. Նարեկ
    Հունիս 2nd, 2009 at 03:36 | #3

    Նիկոլ, դու դեմք ես, հորըս արև… ոնց ա մարդ լրագրող ԾՆՎՈՒՄ…

  4. Նարեկ
    Հունիս 2nd, 2009 at 03:36 | #4

    Ոնցա է ՄԱՐԴ ԼՐԱԳՐՈՂ ԾՆՎՈՒՄ

  1. No trackbacks yet.