> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԱՀՄԱՆԸ ԿԲԱՑՎԻ՞, ԹԵ՞ ԹԱԿԱՐԴԸ ԿՓԱԿՎԻ

ՍԱՀՄԱՆԸ ԿԲԱՑՎԻ՞, ԹԵ՞ ԹԱԿԱՐԴԸ ԿՓԱԿՎԻ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը իրականում ուղիղ կապ ունի ոչ միայն տարածաշրջանային, աշխարհքաղաքական, այլեւ Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ ներքաղաքական իրավիճակի հետ եւ այսօր կենսական նշանակություն ունի Սերժ Սարգսյանի իշխանության համար: Որքան ջանք ու եռանդ թափեն իշխանական քարոզիչները, ուղղակի չեն կարող Սերժ Սարգսյանի մեկամյա պաշտոնավարման որեւէ կոնկրետ արդյունք ներկայացնել: Այս մեկ տարվա ընթացքում միայն ետընթաց, միայն թուլացում, միայն դեպրեսիա է ապրել Հայաստանը, եւ ուրիշ ոչինչ, եւ սա տեղի է ունեցել հանրային կյանքի բոլոր, առանց բացառության բոլոր բնագավառներում: Ով որեւէ ոլորտում որեւէ առաջընթաց տեսնում է, դա իր խնդիրն է, թող տեսնի: Իրականությունը, սակայն, գաղջ է ու անհամ: Պրոբլեմը, սակայն, ոչ միայն այն է, որ ոչ մի դրական բան տեղի չի ունեցել, այլեւ այն, որ դրական զարգացման որեւէ նախադրյալ չի էլ ստեղծվել, եւ իշխանությունն ինքը չի կարող իրեն հաշիվ չտալ, որ առաջընթաց արձանագրելու որեւէ ռեսուրսից զուրկ է: Եւ ահա, այս պայմաններում, հայ-թուրքական սահմանի բացումը կլինի այն միակ կոնկրետ իրադարձությունը, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը հնարավորություն կտա տող լրացնել դրական քայլերի դատարկ ցուցակում: Այս է պատճառը, որ այս օրերին ողջ իշխանական համակարգը շունչը պահած սպասում է, թե տեղի կունենա՞, ի վերջո, սահմանի բացում: Ընդ որում, տվյալ դեպքում «սպասել» բառը նկարագրում է ՀՀ իշխանությունների իրավիճակի ողջ էությունը, որովհետեւ սարգսյանական վարչախումբը Գյուլին արված հայտնի հրավերից հետո` դե ֆակտո զրկված է հայ-թուրքական սահմանի բացման պրոցեսի վրա ազդելու հնարավորությունից եւ հիմա, ըստ էության, հայտնվել է դիտորդի կարգավիճակում: Ավելի ճիշտ` ծուղակն ընկածի կարգավիճակում: Սերժ Սարգսյանը արդեն իսկ մտել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գետը, եւ դա արել է ինքնամոռաց, առանց նրբությունները շատ հաշվարկելու` ներքաղաքական խնդիրներից փախչելու մղումով տարված: Եւ հիմա նրա համար ուղղակի ահավոր տապալում կլինի գետի մյուս ափին չհայտնվելը, առավելեւս` ետ դառնալը: Իրավիճակի նրբությունը հենց սրանում է, եւ թուրքական կողմը նույնպես իրեն հաշիվ է տալիս այս մասին: Մանավանդ` Բարաք Օբամայի հետ ունեցած անասելի ջանջիգյարի ֆոնին, Թուրքիան չի կարող չհասկանալ, որ Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, գտնվում է Արաքս գետի կենտրոնում, ամենավարար հոսանքի ուղիղ հորձանուտում: Եւ ահա, անհավանական է թվում, որ Թուրքիան չփորձի այս իրավիճակը հնարավորինս երկարացնել, երկարացնել այնքան, մինչեւ առավելագույն, առավելագույն օգուտները քաղի եւ առավել ծանր վիճակի մեջ դնի Հայաստանին` նրան պահելով գետի կենտրոնում կալանվածի կարգավիճակում: Բոլոր նախանշաններն արդեն կան, որ ամեն ինչ ընթանում է հենց այս ուղղությամբ:

Սրա մասին է վկայում նաեւ թուրքական շրջագայության օրերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի զանգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Մինչեւ այդ զանգը ԱՄՆ նախագահը, կարծես թե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չէր կապում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ ԱՄՆ նախագահը պնդել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տեւական բնույթ կրող տարաձայնությունները պետք է արագ եւ խաղաղ հանգուցալուծում ստանան: Առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. ինչո՞ւ է ԱՄՆ նախագահը երրորդ երկրի ղեկավարի հետ քննարկում հայ-թուրքական հարաբերությունների հարցը, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունների հետ: Կապը, իհարկե, հասկանալի է, բայց հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի իմաստն էլ հենց այն էր, որ այդ հարաբերությունները կարգավորվեն առանց պայմանների եւ նախապայմանների, առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապվելու: Այս խնդիրը արդեն շրջանցվում է նաեւ ԱՄՆ նախագահի կողմից, ու հիմա Հայաստանը կրկնակի դիվանագիտական թակարդի մեջ է հայտնվում. դեռ քիչ էր, որ Թուրքիան քիթը խոթում է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթաց, հիմա էլ Ադրբեջանն է զբաղվում հայ-թուրքական հարաբերությունների կանխորոշմամբ: Ու տպավորությունն այնպիսին է, որ այս ողջ ընթացքում Թուրքիան եւ Ադրբեջանը իրար պասեր են տալիս` ինչ-որ հակասություններ եւ տարաձայնություններ ցուցադրելով, տարաձայնություններ, որ իրականում հնարավոր է` գոյություն չունեն, կամ գոյություն ունեմ միայն որպես բեմադրություն: Հնարավոր է` գոյություն ունի նախապես մշակված սցենար միայն: Նման սցենարի բացակայությունը կարող է ապացուցել միայն հայ-թուրքական սահմանի բացումը, որի հավանականությունը ի սպառ բացառել չի կարելի, բայց եւ դժվար է հավատալ, որ նման բան առաջիկայում տեղի կունենա: Բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ եթե սահմանը չբացվի` Թուրքիային այլեւս գրեթե անհնար կլինի դուրս մղել ԼՂ հարցի կարգավորման խառնարանից, իսկ Ադրբեջանին էլ` զրկել հայ-թուրքական հարաբերությունների վրա ազդելու լծակներից: Ու կստացվի, որ Հայաստանը հերթական անգամ հայտնվեց ծիծաղելի եւ անօգնական վիճակում: Այս հեռանկարը ուղղակի կախված է օդում, եւ պետք է միայն հուսալ, որ հայ-թուրքական սահմանի բացում, այնուամենայնիվ, տեղի կունենա` անկախ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացից, հակառակ դեպքում` Հայաստանը հերթական անգամ կհայտնվի դիվանագիտական ծիծաղի առարկայի դերում: Մյուս կողմից էլ` սթափ քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ սահմանի բացման հավանականությունը ամեն օրվա հետ ավելի ու ավելի է նվազում, եւ այստեղ մնում է ապավինել միայն աստղերի բարենպաստ դասավորությանը: Եթե սահմանի փակ լինելը Թուրքիան օգտագործում է ԼՂ հարցի կարգավորմանը միջամտելու եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր կռվան ունենալու համար, ինչու, ուրեմն, պետք է բացի սահմանը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Ապրիլի 10, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.