> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՐՏԻ 1-Ի «ՀԵՐՈՍՆԵՐԸ»

ՄԱՐՏԻ 1-Ի «ՀԵՐՈՍՆԵՐԸ»

Այն, ինչ նախորդ շաբաթ Արտաշատում արել են Մխչյանի Մկան բանդաները, ամենեւին էլ արտառոց չէ։ Իրականում` տղերքը մի երկու բաժակ խմել եւ վերհիշել են Մարտի 1-ը, այն, թե ինչպես էին ոստիկանական աչալուրջ հայացքների ներքո խանութներ թալանում, պրոսպեկտի ապահով անկյուններում ավտոներ վառում եւ կրակում մարդկանց վրա։ Դրանից առաջ էլ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանրահավաքի մասնակիցներին էին սառցահետակ անում եւ ոստիկանների աչքի առաջ դաժան ծեծի ենթարկում Պահպանության պետական ծառայության փոխգնդապետին։ Եւ ոստիկանության գործող պետն էլ, որ այն ժամանակ Արտաշատի մարզպետ էր, եւ որի աչքի առաջ էլ տեղի էր ունենում այս ամենը, պաշտոնապես հայտարարեց, թե չի տեսել, որ այստեղ որեւէ մեկը հանրահավաք է խանգարում։ Երեւի մի հազար դրամ պիտի ջեբը դնեինք, որ ամեն ինչ տեսներ։ Հազար դրամ` հին կուրսով, վատ բան չմտածեք։ Հա, ինչ վերաբերում է Մխչյանի Մկան բանդաներին` նրանք ընդամենը իրենց սովորական ռեյդն են անելիս եղել, այն տարբերությամբ, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամների, շեֆի` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանձնարարությունը չեն ստացել։ Նրանք խաբար չեն եղել, որ հիմա հանցագործությունների վիճակագրությունը կարմրել է արդեն, ու իրենք պետք է մի որոշ ժամանակ աղմուկ-աղաղակ չանեն` մինչեւ նոր հանձնարարություններ ստանալը։ Բայց հիմա մի քիչ դժվար է հասկացվում, թե էս իշխանության վերջը ինչ է լինելու։ Եթե էս տեմպերով ձերբակալեն` մայիսի 31-ի ընտրությունները ո՞վ է կեղծելու։ Չնայած` չի իմացվի, երեւի W Աղվանը սեփական բանդաները բերել է պատրաստականության բարձր մակարդակի եւ ուզում է շեֆին ապացուցել, որ հիմա ավազակապետությունը կարող է յոլա գնալ նաեւ առանց Մխչյանի Մկան, որը հիմա ամեն ինչ անում է` հատկապես Աղվան Հովսեփյանին ապացուցելու համար, որ հենց ինքն է պետության երկրորդ դեմքը։ Իսկ Աղվան Հովսեփյանը խնդում է նրա վրա։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են հայրենի իշխանությունները ժերտվա տալիս Մխչյանի Մկանը. պատկերացնո՞ւմ եք` նրա վրա կոռուպցիայի դեմ պայքարի ինչպիսի շոու կարելի կլինի կազմակերպել։ Նման բան, սակայն, դժվար թե տեղի ունենա, պարզապես այս ողջ պատմությունը կավարտվի նրանով, որ Կենտրոնի թաղապետի իշխանական թեկնածուն կդառնա ոչ թե Հովիկ Աբրահամյանի, այլ Աղվան Հովսեփյանի որդին։ Իսկ առաջիկա շրջանում պետք է շատ սերտորեն համագործակցել Հովիկ Աբրահամյանի հետ. հիմա նա ամեն ինչ կանի, որ լրագրողներին հայտնի դառնան ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի մութ գործերը։ Լրատվամիջոցները չպետք է բաց թողնեն այս ոսկե հնարավորությունը. ի վերջո, իշխանության վերնախավի մասին ամենահավաստի եւ ամենաճոխ ինֆորմացիոն արտահոսքերի հեղինակները հենց բարձրաստիճան իշխանավորներն են, եւ հիմա պետք է միայն կարեկցանքով վերաբերվել նրանց նեղացած վիճակին։ Սրանից օգուտ ստանում է միայն հանրությունը, որը ավելի ու ավելի կոնկրետ տեղեկություններ է ստանում իր իշխանությունների եւ նրանց գործունեության մասին։ Ինչ վերաբերում է Արտաշատյան դեպքերին` Աղվան Հովսեփյանը ամենեւին էլ չի բացահայտի Հովիկ Աբրահամյանի, նրա շրջապատի, հայտնի եւ անհայտ օլիգարխների կապը Մարտի 1-ի սպանդի ու թալանի հետ։ Հովսեփյանը բացահայտում է միայն այն հանցագործությունները, որոնք շեֆի հանձնարարությամբ չեն իրականացվել։ Չէ, ավելի ճիշտ` Հովսեփյանը բացահայտում է միայն այն հանցագործությունները, որոնց բացահայտման մասին հանձնարարություն է ստանում շեֆից։ Հիմա պատկերացրեք, թե ինչու է չբացահայտված հանցագործությունների թիվը այսքան մեծ Հայաստանում։ Հո իշխող կուսակցություններին բանտերը չե՞ն լցնելու։ Բա ընդդիմությունը ինչի՞ համար է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 10, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.