> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՊԵ, ԷՁԻԿԸ ԴՈՒ Ե՞Ս

ԱՊԵ, ԷՁԻԿԸ ԴՈՒ Ե՞Ս

Barack ObamaԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Թուրքիա կատարած այցը ակնհայտ դարձրեց, որ ապրիլի 24-ի ուղերձում նա չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը, եւ այս թեման գրեթե փակված կարելի է համարել։ Հիմա արդեն բոլորովին ուրիշ հարց է գալիս առաջին պլան. արդյո՞ք առաջիկայում կբացվի հայ-թուրքական սահմանը, եթե այո` կոնկրետ ե՞րբ եւ ի՞նչ պայմաններով։ Ինչ խոսք, սահմանի բացումը ուղղակի անհրաժեշտ է Հայաստանին, սակայն այս պայծառ հեռանկարը հերթական անգամ մթագնվում է այն պրոցեսներով, որ տեղի են ունենում ԼՂ հարցի կարգավորման համատեքստում` դեռ եթե մի կողմ դնենք Ցեղասպանությունը ուսումնասիրելու` հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը թուրքական կողմը հստակ ձեւակերպեց նաեւ ԱՄՆ նախագահի` Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը այսպիսի հանձնաժողով ստեղծելու առաջարկը ընդունել էր դեռ էն գլխից` Մոսկվայում ունեցած հայտնի ելույթով, որով եւ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Երեւան։ Ու քանի որ այս ելույթը հայ հանրության շրջանում տարակուսանք առաջացրեց, Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը այն ժամանակ հաղորդագրություն տարածեց, որով հավաստիացնում էր, թե նրա հայտարարությունը սխալ է հասկացվել, չնայած հասկանալի չէր, թե ինչը պետք է սխալ հասկացվեր պարզից էլ պարզ այդ հայտարարության մեջ։ Իսկ վերջին շրջանում հայկական կողմը որեւէ անգամ չի հերքել թուրքական կողմի այն պնդումը, թե պատմաբանների այսօրինակ հանձնաժողովի ստեղծումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման է։ Ի դեպ, Թուրքիայում Բարաք Օբամայի արած հայտարարություններից առանձնակի զարմանքի տեղիք է տալիս այն մեկը, որով նա պնդում էր, թե հայ-թուրքական երկխոսությունը տեղի է ունենում «հարգարժան Աբդուլլահ Գյուլի նախաձեռնությամբ»։ Մինչեւ հիմա, գոնե Հայաստանում, ընդունված էր կարծել, թե դա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն էր, որովհետեւ հենց նա էր Գյուլին հրավիրել Հայաստան։ Բայց Բարաք Օբամայի հայտարարությունը ստիպում է այլ բան մտածել, չնայած` չի բացառվում, որ ԱՄՆ նախագահի համար Սերժ Սարգսյանն այնքան աննկատելի ֆիգուր է, որ նրա անունը անգամ հարկ չհամարեց բարձրաձայնել։ Բայց այնուամենայնիվ` ինտրիգը մնում է հետեւյալը. հիմա, երբ Թուրքիան գործնականում իրեն ապահովագրել է մոտ ապագայում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, արդյո՞ք կոնկրետ քայլ կանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, թե՞ առաջին հարցը լուծված համարելով` կփորձի ավելի բարդացնել Հայաստանի վիճակը։ Ի դեպ, «հայամետ» Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի չօգտագործման որոշակի երաշխիք ստանալուց բացի, Թուրքիան վերջին մեկ տարվա ընթացքում հաջողությամբ տեղավորվեց ԼՂ հարցի բանակցային գործընթացում` ըստ էության ստեղծելով մի այնպիսի վիճակ, որ հայ-թուրքական սահմանի բացումը կապվի ԼՂ հարցի կարգավորման հետ։ Եւ հիմա պակաս հավանական է թվում, որ Թուրքիան կհրաժարվի այդ սահմանի բացումը ԼՂ հարցի կարգավորման հետ կապելու քաղաքականությունից։ Եթե նման բան տեղի ունենա, դա ինչ-որ իմաստով բարեհաջողություն կլինի Հայաստանի համար, բայց պրագմատիկ քաղաքականության տեսակետից քիչ հավանական է թվում, որ այդպես լինի։ Եւ եթե այսքանից հետո հայ-թուրքական սահմանը չբացվի, դա կլինի Հայաստանի հերթական ստորացումը, եւ կստացվի, որ այս ողջ թատրոնը նրա համար էր, որ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը չարտասանելու հիմնավորում ունենա։ Իսկ սրանում շահագրգիռ էր ոչ միայն Թուրքիան, այլեւ ինքը` Օբաման։ Ինչ վերաբերում է այս ողջ գործընթացում հայկական կողմի դերակատարմանը, ամեն ինչ երեւում է նույնիսկ պաշտոնական լրատվությունից։ Չնայած հայտարարվում է, որ Օբաման Ստամբուլում ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանին, բայց նա ընդամենը ճաշի գնալու ճանապարհին, ոտքի վրա նայել է Էդուարդ Նալբանդյանին ու ասել. «Ապե, Էձիկը դու ե՞ս»։ «Ես եմ»։ «Դե ելույթներս ուշադիր կկարդաս, ընգեր ջան»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 9, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.