> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔՎԵԱԽՈՒՑ ՄՏՆԵՆՔ` ԱՅՆՏԵՂ ԿԵՐԵՎԱ

ՔՎԵԱԽՈՒՑ ՄՏՆԵՆՔ` ԱՅՆՏԵՂ ԿԵՐԵՎԱ

napoleon-bonaparteԵրեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ հանրության շրջանում առավել շատ հնչող շեշտադրումները պտտվում են հնարավոր ընտրակեղծիքների առանցքի շուրջ. «Մեկ ա` կեղծելու են», «Բա որ կեղծեն», «Ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե կեղծեն»` մոտավորապես սրանք են այդ թեմային վերաբերող շեշտադրումները: Իշխանություններն, իրենց հերթին, չեն էլ թաքցնում, որ պատրաստվում են գործի դնել ավանդական ընտրակեղծիքների ողջ զինանոցը, եւ մեծ հաշվով, ամեն ինչ անում են` իրենց այդ մտադրությունը ի ցույց դնելու համար: Սրա վառ ապացույցը Երեւանի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցող ցուցակագրումն է եւ զուգահեռաբար, պաշտոնական մակարդակում, այդ փաստի հետեւողական հերքումը: Աբսուրդ վիճակ է ստեղծվում. մի կողմից` տեղի է ունենում պրոցես, որին մասնակցում են, առնչվում կամ որի ականատեսն են դառնում տասնյակ հազարավոր մարդիկ, մյուս կողմից էլ` այդ գրեթե ափաշքյարա պրոցեսը հերքում են, հա հերքում: Այս գործընթացը ընդամենը ի ցույց է դնում իշխանական ցինիզմը եւ լկտիությունը: Ցինիզմի այդ ցուցադրումը, սակայն, ամենեւին էլ ինքնանպատակ չէ եւ ունի կոնկրետ նպատակներ: Նպատակն այն է, որ հանրությունը, քաղաքացին ավելի ու ավելի համոզվի իրեն հայտնի ճշմարտության մեջ, որ միեւնույն է` իշխանությունները կեղծելու են, միեւնույն է` իր ձայնը ոչինչ չի որոշում եւ չարժե, որ ինքը, այսինքն` քաղաքացին, իր անցավ գլուխը դնի ցավի տակ: Ավելի լավ է` հանգիստ, հնազանդ ապրի իր կյանքով: Ահա քաղաքացիների գիտակցության մեջ այսպիսի մտայնություն սերմանելու նպատակ են հետապնդում իշխանությունները իրենց քայլերով` քաղաքացիներին կրկին խորը դեպրեսիայի եւ ապատիայի մեջ գցելու նպատակ: Եթե քաղաքացին` անիմաստության կանխավարկածով տոգորված, որոշի առանձնապես չխառնվել կանխորոշված ընտրությունների գործընթացին, այդ դեպքում ահա, իշխանությունը առանձնապես չարչարվելու կարիք չի էլ ունենա եւ ընտրակեղծիքների իրականացումը կհաջողացնի առանց նկատելի բարդությունների. մի պրոցես, որ տեղի ունեցավ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ: Ինչո՞ւ եմ այս ամենը արձանագրում. պարզապես ուզում եմ ասել, որ եթե քաղաքացին վստահ ու համոզված է, որ իշխանությունները մտադիր են կեղծել Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, առավելեւս պետք է ընտրակեղծիքների այդ հսկայական մեքենային զրկի իր ձայնը կեղծելու հնարավորությունից: Իսկ դա անելու միայն մեկ, միայն մեկ տարբերակ կա` գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել: ՀՀ քաղաքացին իրոք պարտավոր է ընտրացուցակներում ոչ մի ազատ տեղ չթողնել ընտրակեղծարարների ու նրանց կեղծ ստորագրությունների համար: Եւ ի դեպ, տնտեսական ճգնաժամի արդյունքում, մայիսի 31-ի դրությամբ, Երեւանում գտնվող քաղաքացիների թիվը շատ ավելի մեծ է լինելու, քանի որ Ռուսաստանում եւ արտերկրում աշխատատեղերի կրճատման արդյունքում` արտագնա աշխատանքով ապրող բազմաթիվ մարդիկ ստիպված են լինելու մնալ Երեւանում կամ վերադառնալ Երեւան: Իսկ սա նշանակում է, որ ընտրակեղծիքների ռեսուրսը սովորականից քիչ է լինելու, եւ եթե սրան իրոք գումարվի քաղաքացիական աննախադեպ բարձր ակտիվություն, արդյունքները բոլորովին ուրիշ պատկեր են ունենալու: Ինչ խոսք, իշխանությունը չի հրաժարվելու կեղծելու իր գործելակերպից, բայց հնարավոր ընտրակեղծիքները ողբալու փոխարեն` մենք պետք է մեր նվազագույն քայլը անենք իրադարձությունների ողբերգական ընթացքը թույլ չտալու համար: Մենք պետք է իշխանություններին հստակ ցուցադրենք, որ չենք պատրաստվում հանձնվել նրա ցինիզմի ու լկտիության առջեւ, չենք պատրաստվում համակերպվել նրա հանցավոր գոյության հետ, չենք պատրաստվում ընդունել նրա խաղի կանոնները: Իհարկե, շատերը կան, որ այսօրինակ փաստարկներին բերում են զանազան «իսկ եթե»-ներ, «բա որ»-ներ եւ այլն, եւ այսպես շարունակ: Նման շեշտադրումներին, Նապոլեոնն օրինակ, պատասխանում էր. «Մարտի բռնվենք, այնտեղ կերեւա»: Իսկ մինչ այդ` կարեւորը մեր որոշումն է, որ այս «մարտը» տանելու ենք մինչեւ հաղթական ավարտ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

02.04.2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Աշոտ
    Ապրիլ 4th, 2009 at 12:25 | #1

    Նիկոլ ջան գործ անողից են վախենում, իսկ չանողին իրենք էլ չեն հարգում,ինչքան էլ թափթփուկ ու կրիմինալ լինեն: Ընտրություններին պարտադիր է մեր բոլորիս մասնակցությունը:

  2. sos
    Ապրիլ 4th, 2009 at 15:15 | #2

    Հենց այստեղ է թաքնված մեկ այլ, առավել տարածված մտայնություն:
    -Քանի որ սկսած 1995թ. ոչ մի արդար ընտրություն չի եղել, իմ արժանապատվությունը թույլ չի տալիս որ իմ ձայնը եվս մեկ անգամ կեղծեն, այնպես որ ես էդ խարդախ խաղերին չեմ մասնակցում: Մնայուն հարգանք տածելով Ալբերտ Բաղդասարյանի նկատմամբ ափսոսում եմ որ նա եվս նման մոտեցումով Է դրսեվորում…

  1. No trackbacks yet.