> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԺԱՄԱՆԱԿ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Մայիսի 31-ին Երեւանում կայանալիք ընտրությունները բացառիկ են ոչ միայն այն պատճառով, որ մայրաքաղաքում առաջին անգամ է քաղաքապետ ընտրվելու, այլեւ այն պատճառով, որ դա լինելու է այս մասշտաբի առաջին ընտրությունը` տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Եւ ուրեմն, հարց է առաջանում, թե ինչպիսին են լինելու տնտեսական ճգնաժամի հետեւանքները հանրության, ընտրողների ընդհանուր տրամադրվածության վրա։ Կարծիք կա, թե տնտեսական դժվարությունները միայն բացասական ազդեցություն են ունենալու իշխանական եւ մերձիշխանական ուժերի համար։ Եւ սա տրամաբանական է, որովհետեւ իշխանությունը տնտեսությունը առողջացնելու գործում «նախանձելի» անկարողություն է ցուցադրում, եւ սա չի կարող չանդրադառնալ հանրային տրամադրությունների վրա։ Բայց ընտրական առումով տնտեսական խորացող ճգնաժամը նաեւ հնարավորություններ կարող է բացել իշխանական ուժերի առաջ։ Հանրության հարաճուն աղքատացումը գուցե պարարտացնի ընտրակաշառքների համար առանց այն էլ պարարտ հայաստանյան հողը։ Դժվար է կանխատեսումներ անել. գուցե, ի վերջո, կոնկրետ դրսեւորումներ կստանան արդեն երկար ժամանակ հնչող այն պնդումները, թե ընտրակաշառքային ժանտախտի քոչարյանական ժամանակաշրջանը վերջնականապես հասունացրել է հայաստանցիներին, եւ նրանք սկսել են ավելի ու ավելի հասկանալ, որ ընտրակաշառքը հարվածում է հենց վերցնողի կոնկրետ ու շոշափելի շահերին։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ մայիսյան ընտրությունները ցույց են տալու, թե որքանով են իրավացի բոլորիս կողմից վերջին տարվա ընթացքում այնքան հաճախ հնչող այն պնդումները, թե հիմա մենք ունենք բոլորովին նոր որակի հանրություն։ Իհարկե, այս պնդումների իրավացիությունը տեսանելի է նաեւ անզեն աչքով, խնդիրն այն է, թե որքանով են քաղաքացիական գիտակցության, քաղաքացիական պարտքի, քաղաքացիական արժանապատվության ապացույց դարձած պրոցեսները տարածվել հանրության շրջանում եւ որքանով են պատրաստ դրսեւորվել ընտրական մակարդակում։ Ի վերջո, պետք է գիտակցել, որ ընտրակաշառք վերցնել-չվերցնելը ոչ միայն սոցիալական վիճակի, ոչ միայն քաղաքացիական գիտակցության, այլեւ հոգեբանական հարց է։ Երբ որեւէ քաղաքացի հրաժարվում է վերցնել իր թաղային կրիմինալի առաջարկած ընտրակաշառքը, նա փաստորեն ոչ է ասում ոչ միայն իշխանությանը, այլեւ այդ նույն կրիմինալին եւ որպես արդյունք` հնարավորություն չի ունենում այլեւս պահպանել իր քվեարկության գաղտնիությունը, որը ժողովրդավարության, ազատ ընտրությունների կարեւոր նախապայմաններից է։ Եթե մարդը հրաժարվում է ընտրակաշառք վերցնել, նա, ուրեմն` միանշանակ լեւոնական է, եւ ինքը գիտի, որ դա արդեն գիտեն բոլորը` սկսած մեր քուչի Կաբլուկից, վերջացրած միլպետով։ Սա էլի, իր հերթին, կոնկրետ բաներ է նշանակում։ Ահա եւ, խնդիրը նրանում է, թե որքանով ենք մենք քաղաքացուն, մեր համախոհին տրամադրել, լիցքավորել այսօրինակ պայմաններում ապրելու, հոգեբանական այս ճնշմանը դիմակայելու համար եւ մեր քաղաքացիների ո՞ր մասին ենք տրամադրել։ Իհարկե, ոմանք կարծում են, թե քաղաքացին կարող է ընտրակաշառք վերցնել, սակայն ընտրությունների ժամանակ ուրիշ կեցվածք դրսեւորել։ Բայց սա գործնականում քիչ հավանական է, որովհետեւ մարդը ընտրակաշառք վերցնելու պահից իրեն ծախված է զգում, օտարացած է զգում այսպես ասած քաղաքացիական պայքարի շարքերից, նրա մեջ մեղավորության զգացողություն է ձեւավորվում, ապա եւ ինքնարդարացման փորձեր, ինչի արդյունքում արդեն նա լրջորեն թշնամանում է այն միջավայրին, որի մասն էր կազմում ընտրակաշառք վերցնելուց առաջ։ Ավելին` փնտրում գտնում է ինքնարդարացումներ, մասնավորապես, օրինակ` թե ինչու պետք է ինքը զրկանքներ կրի, որ մի երկու ընդդիմադիր քաղաքական գործիչներ պաշտոն ստանան եւ այլն, եւ այլն։ Նկատի ունեմ` ընտրակաշառք վերցնողի համար իդեաները, գաղափարները, քաղաքացիական դիրքորոշումները կամաց-կամաց իրենց տեղը զիջում են զանազան արդարացումներին ու կենցաղային հիմնավորումներին։ Եւ այս ամենը տեղի է ունենում հոգեբանական դաշտում։ Ահա թե ինչու է կարեւոր այն հոգեբանական իրավիճակը, որ մենք բոլորս ընտրություններից առաջ կստեղծենք Երեւանում։ Ահա թե ինչու է կարեւոր, որ այս պայմաններում մենք գործենք քաղաքականապես, հոգեբանորեն եւ բարոյապես առավել ճշգրիտ։ Քաղաքական պրոցեսի երբեմն անտեսանելի, երբեմն` տվյալ պահին չֆիքսվող իրողությունները անխուսափելիորեն ամրացնում կամ թուլացնում են քաղաքացիական համախոհության կապերը, եւ ուրեմն` այդ շարքերը ավել կամ պակաս պարարտ դարձնում քաղաքացիական այլասերման համար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտի 31, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Armen M.
    Մարտ 31st, 2009 at 09:29 | #1

    Kasharq vercnogh@ togh morana iren bazin(pay) hogh@,joor@,od@,togh hishi vor aylevs gloox@ bardzr chi pahelu,dranov na vacharel e hor@,mor@,erexanerin,aghjkan,togh hishi vor nuyn ayd kasharq tvogh@ karogh e gal aghjkad tanel banecnelu u inq@ chi karogh vochnchov argelq darnal,togh hishi vor karogh e haytnvel poghocum u pashtpan chi unena,nran henc eresin kshpen vor na iren vacharel e….

  2. Արա
    Մարտ 31st, 2009 at 13:58 | #2

    Նիկոլ ջան, շատ ճիշտ ես նկատել հոգեբանական նրբությունները։ Կան մադիկ, ովքեր հեշտությամբ են ընտրում ինքնաարդարացման ճանապարհոը։ Դրա համար ամեն ջանք պիտի գործադրենք նրանց նեցուկ լինելու և բացատրելու գործում։ Պետք է ճեղքենք այս գաղջ կաշառքային շրջանը։ Հուսով լինենք։

  1. No trackbacks yet.