> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԴԵՌ ՊԻՏԻ ՊԱՐԶՎԵՆ

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԴԵՌ ՊԻՏԻ ՊԱՐԶՎԵՆ

Տիգրան ԽաչատրյանԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, խոսելով «Մարտի 1-ի» գործերի վրա ՔՕ-ում վերջերս կատարված փոփոխությունների հնարավոր ազդեցության մասին, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում մոտավորապես հետեւյալն է ասում. թե բա` մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքները քրեական գործով պարզված են, այդ հանգամանքները չեն փոխվելու օրենքի փոփոխությամբ, ու մնում է վերլուծել, թե այդ հանգամանքները ինչ գնահատականի են արժանանում այս նոր օրենքի համատեքստում։ Եթե դե յուրե նայենք` ճիշտ է ասում, որովհետեւ օրենքի փոփոխությունից քրեական գործի հանգամանքները չեն փոխվում։ Բայց հարցը ուրիշ բանի մեջ է. որքանո՞վ են մարտի 1-ի քրեական գործի նյութերը արտահայտում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների իրական հանգամանքները։ «Ազատություն» ռ/կ-ի նույն օրվա հաղորդման մեջ լսում ենք մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մոր պատմածը, եւ այդ պատմությունը նորից ցնցում է մեզ։ Պարզվում է` Տիգրանը սպանվելուց առաջ բութ գործիքների հարվածներ է ստացել, եւ փաստը հաստատվել է փորձաքննությամբ։ Ենթադրվում է, որ նրան սպանելուց առաջ ծեծել են, ու հանրությունը մինչեւ օրս այս մասին տեղյակ չէ, պարզվում է` նրա բջջային հեռախոսով արված նկարահանումը հակասում է նրա սպանության մասին պաշտոնական վարկածին, իսկ նախաքննության մարմինը չի էլ ցանկացել այս փաստը ուշադրության արժանացնել։ Եւ այս նորությունները մենք իմանում ենք Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունից հետո, որի իմաստն էն է, թե` դե գիտենք` մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել, հանգամանքները պարզված են։ Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ ոչ մի առանցքային հանգամանք էլ ամբողջությամբ պարզված չէ, ՀՔԾ-ի պարզած հանգամանքների 99 տոկոսը կեղծ է, էն մի տոկոսն էլ` կասկածելի, իսկ ամենաէական հանգամանքները շարունակում են մնալ չպարզված։ Այն, ինչ այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը կոչել է «Մարտի 1-ի գործով» նախաքննություն, իրականում ոչ մի կապ չունի նախաքննության հետ, այդ պրոցեսը միայն մեկ նպատակ է ունեցել` թաքցնել ճշմարտությունը։ Եւ այն, որ մենք նոր ենք իմանում Տիգրան Խաչատրյանի հետ տեղի ունեցածի մասին, այն, որ նախաքննության մարմինը հետաքրքրություն չի ցուցաբերել Տիգրանի բջջային հեռախոսով արված նկարահանումների նկատմամբ, չնայած նրա մայրը արդեն մեկ տարի` տարբեր թերթերի հարցազրույցներ տալով այդ մասին ասել է, արդեն ամեն ինչի մասին վկայում է։ Այն, որ գործով տուժողը, դեռ դատաքննություն չսկսած, հրաժարվում է իր ցուցմունքներից` ասելով, որ իրականությունը իր տված ցուցմունքների լրիվ հակառակն է`արդեն ամեն ինչի մասին խոսում է, այն, որ մինչեւ օրս ոստիկանների մարտիմեկյան գործողություններին իրավական գնահատական տրված չէ, արդեն ամեն ինչի մասին խոսում է, այն, որ մինչեւ օրս հայտնաբերված չեն ոստիկանների հետ ուս ուսի տված` քաղաքացիական հագուստով ավտոմատավորները, արդեն ամեն ինչի մասին խոսում է։ Այդ ավտոմատավորներից միայն մեկի մասին է պարզաբանում տրվել, եւ այդ լղոզած պարզաբանումից պարզ դարձավ բանակի հանցավոր մասնակցությունը մարտի 1-ի սպանդին։ Էնքան բաներ են շարունակում մնալ չպարզված, որ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ մարտի 1-ի գործը նախաքննության նույնպիսի կարիք է զգում, ինչպես մեկ տարի առաջ, եւ այդ գործը պետք է նորից եւ զրոյից նախաքննվի։ Եւ ինչքան էլ ՀՔԾ-ն փորձի լղոզել, թաքցնել, կեղծել` մարտի 1-ի առնչությամբ այս պահին այնքան փաստեր կան կուտակված, ավելի ճիշտ` ոչ թե փաստեր, այլ ապացույցներ, որ այդ գործը թաղելու` իշխանական փորձերը կարելի է ձախողված համարել։ Նրանք կարող են միայն այս պահին ինչ-որ բան կոծկել, ինչ-որ բան լղոզել, բայց իրական նախաքննությունը ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ պարզելու է։ Եւ այդ նախաքննության ժամը գալու է, անպայման է գալու։ Սրանում նույնպես կասկածող չկա։

Հ.Գ. Մարտի 1-ի գործի ամենաէական հանգամանքները եղել եւ շարունակում են մնալ տասը սպանությունները, որոնցից ոչ մեկի հեղինակը մինչեւ օրս պարզված չէ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 27, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.