ԷԼԻ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ
Հետաքրքիր է` Հայաստանի հանրությունը խորությամբ զգա՞ց, թե ինչ կատարվեց նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որտեղ Ժորա Վարդանյանը հրապարակեց Գագիկ Ջհանգիրյանին երեք տարվա ազատազրկման դատապարտելու` Սերժ Սարգսյանի արտակարգ դատավճիռը։ Եթե դուք մտածում եք, որ սա հերթական անարդար դատավճիռն է, սխալվում եք, սա «հեղափոխական» նշանակություն ունեցող վճիռ է, մի նոր ալգորիթմ` դատելու համար Հայաստանի Հանրապետության ուզածդ քաղաքացու։ Հենց դուք, սիրելի ընթերցող, որ հիմա կարդում եք այս նյութը, կարող եք դատվել նույն կերպ։ Դուրս նայեք պատուհանից, եթե դուք որեւէ մեկի տեսնում եք` ահա այդ մարդը, ում տեսնում եք, կարող է նույն կերպ դատապարտվել ոչ միայն երեք, այլեւ դրանից շատ ավելի երկար տարիների ազատազրկման։ Դրա համար ընդամենը հարկավոր է, որ մոտակայքում կանգնած ոստիկանը որոշի նրան բերման ենթարկել։ Ընդամենը։ Դուք կասեք, որ այդ քաղաքացին, կամ դուք ինքներդ, ոչ մի հանցանք չեք գործել։ Իհարկե, ոչ մի հանցանք չեք գործել, բայց դա տվյալ դեպքում էական չէ։ Հենց այս իրավիճակի նրբությունն այն է, որ դատվելու համար պետք չէ ինչ-որ հանցանք գործած լինել, բավական է, որ որեւէ ոստիկան ձեզ բերման ենթարկի։ Իսկ սրանից հետո պետք է մի պատռած բաճկոն ցույց տա եւ պնդի, որ դա դուք եք պատռել, եւ ցուցմունք տա, որ իրեն բռնության եք ենթարկել` բերման ենթարկելիս։ Իհարկե, դատաբժշկական փորձաքննությունը ոստիկանի մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերի։ Բայց դա էական չէ, որովհետեւ դուք նրան այնպես քնքուշ եք բռնությունների ենթարկել, որ դա որեւէ կերպ չի արձանագրվել։ Եւ ահա, հինգ տարվա հոդվածը ունեք` սրանից բխող բոլոր հետեւանքներով։ Հենց սրանում է Գագիկ Ջհանգիրյանի գործի առանցքային նշանակությունը։ Այս գործը խորհրդանշում է սերժանտական արդարադատության հսկայական առաջընթացը։ Եթե նախկինում որեւէ մարդու գլխին գործ սարքելու համար հարկավոր էր գրպանը թմրանյութ գցել, զենք դնել ավտոմեքենայի կամ ունիտազի բաչոկի մեջ, հիմա բացարձակապես նման հետամնաց միջոցների կարիքը չկա. հարկավոր է ընդամենը բերման ենթարկել, մնացածը տեխնիկայի գործ է։ Ի դեպ, այս նոր հանճարեղ լուծման շրջանակներում տեղավորվում են նաեւ Դավիթ Մաթեւոսյանի եւ Սմբատ Այվազյանի եւ էլի ուրիշ քաղբանտարկյալների գործերը, բայց Ջհանգիրյանի քրեական գործում սա արդեն դարձավ ավարտուն մի համակարգ` բյուրեղացած իրողություն, դատական նախադեպ։ Ու հիմա, սիրելի համաքաղաքացիներ, ուղղիչ աշխատանքային գաղութներում հինգ տարի անցկացնելուց խուսափելու ոչ մի միջոց չունեք, բացի թերեւս աստղագուշակներին հետեւելը` իմանալու համար, թե որ օրերն են բարենպաստ բերման չենթարկվելու համար։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մարտ 25, 2009














Kyanq@ bumerang e,irenc hapchep popoxac orengner@ henc irenc en xpelu,te karcum en patgamavori mandat@ -mshtakan e!Or@ kga -barin het@.
Yes pashtum em Gagik Jhangiryanin.Vochinch or@ kga u ink@ sranc bolorin kdati orenki amboxj xstutyamb…..Ed or@ matax em anelu !!!!!