> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԹՌԻՉՔ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՎՐԱՅՈՎ

ԹՌԻՉՔ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՎՐԱՅՈՎ

2008 թվականի մարտի 1-ի ոստիկանական եւ ընդհանրապես` իշխանական գործողություններին մինչեւ օրս տրված չէ իրավական գնահատական։ Նկատի ունեմ` դատաիրավական համակարգը չի տվել նման գնահատական, եւ դա հասկանալի է. խոմ չի՞ կարող ավազակապետության խամաճիկային դատաիրավական համակարգը բացահայտել ավազակապետության հանցագործությունները։ Նույնը, բնականաբար, բնականաբար` նույն պատճառներով, չի կարող անել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ մշտական հանձնաժողովը։ Չէ, «մշտական հանձնաժողով» ձեւակերպման մեջ ոչ մի վրիպում չկա. էդ հանձնաժողովը արդյունքում իսկապես դարձնելու են մշտական, որովհետեւ չնայած նա ոչ մի բան չի բացահայտել, խորհրդարանական քննարկումների ժամանակ նրա աշխատանքը բարձր գնահատեցին։ Այսպիսի բարձր գնահատականի արժանի հանձնաժողովը չի կարող լուծարվել։ Նա պետք է աշխատի հավերժ` ի փառս հայրենյաց եւ ի սարսափ թշնամյաց։ Եւ եթե «Մարտի 1-ի» գործում ամեն ինչ կոծկած, վերջացրած լինեն, խոմ աշխարհը չքանդվե՞ց։ Իշխանությունը ամեն օր այնքան հանցանք է անում, որ ինչքան ուզես` կոծկելու բան կա. այնպես որ, Նիկոյանի համար գործ միշտ էլ կգտնվի։ Ինչ վերաբերում է փաստահավաք խմբին` աչքիս այն դառնում է խաշի նորմալ կամպանիա։ Եկող ամիս, իհարկե, խաշի սեզոնը փակվում է, բայց, այսպես ասած, մայրցամաքային Հայաստանում է փակվում։ Արագածի գագաթին նոր-նոր բացվում է։ Այնպես որ, բազմաթիվ փաստեր կարելի է հավաքել, մանավանդ որ` խմբի անդամները մեծ թվով ընդհանուր հարազատություն ունեն։ Բայց սա չէ էականը. էականն այն է, որ մարտի 1-ի ոստիկանական եւ ընդհանրապես` իշխանական գործողություններին մինչեւ օրս տրված չէ իրավական, այսինքն` դե յուրե գնահատական։ Բայց այդ գնահատականը միայն դե յուրե տրված չէ, դե ֆակտո` լավ էլ տրված է, եւ այդ գնահատականը տվել է ինքը` իշխանությունը։ Այսպես` իշխանությունը պնդում էր, որ 2008 թվականի փետրվարյան շուրջօրյա հանրահավաքները ապօրինի են եղել, բայց արտակարգ դրության ավարտից առաջ փոխեց «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը եւ վերացրեց այն դրույթները, որ ընդդիմությանը հնարավորություն էին տվել շուրջօրյա հանրահավաքներ անել։ Այսինքն` ընդունեց, որ այդ հանրահավաքները եղել են բացառապես օրինական, եւ ուրեմն` այդ հանրահավաքների նկատմամբ ոտնձգությունները` ապօրինի։ Հետո փոփոխություններ արեց ՔՕ-ում, որովհետեւ եվրոպոիդների առաջ ընդունել էր, որ ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները ապօրինի բնույթ են ունեցել, եւ որոշեցին այդ մեղքը գցել օրենքի վրա, հիմա էլ` հակառակ իմաստով։ Հիմա էլ հրատապ քննարկում են ոստիկանության զորքերի մասին օրենք, որով փորձում են ետին թվով օրենքի մեջ ինչ-որ կերպ տեղավորել մարտիմեկյան սպանդը` իրագործված ոստիկանական հրոսակախմբերի կողմից։ Ու բանը հասցրել են այնտեղ, որ «թռչող օբյեկտների» թռիչքը կասեցնելու համար քաղաքացիներին գնդակահարելու լիազորություն են ֆիքսում օրենքում։ Քանի որ մարդու, տվյալ դեպքում` ոստիկանի վիճակը թեթեւացնող օրենքը ետադարձ ուժ ունի, կնշանակի` մարտիմեկյան սպանդը իրականացվել է բացառապես օրենքի շրջանակներում, ինչպես «Ա1+»-ը փակեցին` բացառապես օրենքի շրջանակներում, ինչպես Պողոս Պողոսյանին անզգույշ քաշքշեցին` բացառապես օրենքի շրջանակներում, ինչպես Բուզանդի փողոցի բնակիչներին տնավեր արին` բացառապես օրենքի շրջանակներում։ Երբ ուշադիր ուսումնասիրում ես երկրում առկա վիճակը, հանգում ես այն եզրակացության, որ հենց օրենքն ու օրինականությունն են Հայաստանի միակ պրոբլեմը։ Այ, երբ օրենք ու օրինականություն չի լինի, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Այս տիեզերական ճշմարտությունն են ընկալել օրվա իշխանավորները։ Ահա թե ինչու են հանուն երկրի ապագայի` հետեւողականորեն վերացնում օրենքն ու օրինականությունը։ Միմիայն հանուն ազգի փրկության` ուրիշ բան չմտածեք հանկարծ։

Հ.Գ. Պետք է հուսալ, որ գոնե երկրի ավիացիոն իշխանությունները կփոխեն ինքնաթիռների չվերթների ուղիները։ Որովհետեւ այդ թռչող օբյեկտների գոյությունը ոստիկանական ուժերի գլխավերեւում կարող է Երեւանում զանգվածային կոտորածների միանգամայն օրինական հիմք տալ։ Մնում է միայն սպասել օրենքի վերջնական ընդունմանը եւ համոզվել, թե արդյոք երեւանյան ագռավները, ըստ վերը նշված օրենքի, համարվում են թռչող օբյեկտ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 21, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. sos
    Մարտ 21st, 2009 at 21:08 | #1

    Baic inchu US kam EU chen mtacum vor nman rgimner@ verjin hashvov shat tank en nstum henc irenc vra financapes, u mi or el amen inch poxvum e u hods cndum, de ari noric lezu gti, hamozi, ….

  2. Armen M.
    Մարտ 22nd, 2009 at 00:15 | #2

    sos,indz tvum e vor ed “karuycner@”irenc shahn en hetapndum…evropan uzum e gtnel rusakan energakirnerin ayl@ntranq,ev ogtagor&elov “meronc”legitimutyan deficit@,stipum en sranc irenc cankali scenarov gor&el…Patkeracreq-ashxarhum Hayoc ceghaspanutyan pastic “ogtvel” en bolor@(te xoshorner@ ev te voch aynqan)-baci hayeric.Hima el Arcaxi xndir@ rus@,amn,kam evropan kshaharken(sranc lezvov banakcen)te hatkapes ov kta LGHH-n adrbejanin,vorpeszi nra tara&qov ancnogh energakirnerin inq@ tirutyun ani,..Isk meronc xorhrdavor lrutyun@ lav bani chi berelu…

  1. No trackbacks yet.