> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԵՎ ՄԱՐՏԻ 2-Ի ԱՐԱՆՔՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԵՎ ՄԱՐՏԻ 2-Ի ԱՐԱՆՔՈՒՄ

Բռունցքներ. ՀԻ-ՄԱ՛, ՀԻ-ՄԱ՛, ՀԻ-ՄԱ՛Իշխանական ուժերը իրենց արեւին սկսել են հեգնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններին` դա համեմատելով որեւէ գյուղի գյուղապետի ընտրություններին մասնակցության հետ։ Այս` իբր հեգնանքի տակից իրականում երեւում են իշխանական հուսահատության երկար ականջները։ Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը որոշել էր Երեւանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել Շորբուլախի գյուղապետի ընտրությունների տրամաբանությամբ, որտեղ Ալաբաշի ընտրությունը թվում էր անխուսափելի։ Իշխանություններին հենց գյուղապետի ընտրությունների տրամաբանությունն է ձեռնտու, որովհետեւ գյուղապետի ընտրությունները որեւէ կերպ չեն կարող փոխել հանրապետությունում առկա քաղաքական իրավիճակը։ Երեւանում, այո, իշխանությանը պետք էր գյուղապետի ընտրություններ անցկացնել, բայց Տեր-Պետրոսյանը իր մասնակցությամբ ընտրությունները դարձրեց նախագահական։ Ասվածի մեջ բացարձակապես հռետորականություն չկա` սա պարզ քաղաքական իրողություն է, եւ ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի` Երեւանի քաղաքապետ ընտրվելու հենց հաջորդ պահին իշխանական բուրգը սկսելու է ոչ թե փլուզվել, այլ հալվել սառցե տնակի նման, եւ այս պրոցեսը այնքան արագ է տեղի ունենալու, որ ինչ-որ իմաստով նմանվելու է փլուզման։ Սրա համար, ի դեպ, կան լրջագույն քաղաքական նախադրյալներ, եւ ամենակարեւոր նախադրյալը Սերժ Սարգսյանի նախագահության բացարձակ ոչ լեգիտիմ բնույթն է։ Լեգիտիմ նախագահի համար Երեւանի քաղաքապետի ընտրություններում քաղաքական հակառակորդի հաղթանակը որեւէ սպառնալիք չէր ստեղծելու։ Իսկ այսօր ստեղծված իրավիճակի նրբությունը այն է, որ հենց առաջին փուլում, այսինքն` քաղաքացիների ուղղակի քվեարկության արդյունքում Երեւանի քաղաքապետ ընտրվելու պահից Տեր-Պետրոսյանը, որպես ընտրված ֆիգուր, ունենալու է քաղաքական լեգիտիմության եւ ազդեցության ավելի մեծ աստիճան, քան Բաղրամյան 26-ը բռնազավթած անձը։ Եւ եթե հաշվի ենք առնում, որ Երեւանը ոչ միայն մայրաքաղաք է, այլեւ երկրի տնտեսական, քաղաքական կյանքի գրեթե մենաշնորհային կրողը, հասկանալի է դառնում, որ Տեր-Պետրոսյանի հաղթանակը առաջիկա ընտրություններում անխուսափելի է դարձնում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքից առաջ ակնհայտորեն իր մտքում արդեն ուներ այս սցենարը։ Եւ վերջին իրադարձությունների ֆոնին մարտիմեկյան ելույթը բոլորովին ուրիշ իմաստ է ստանում։ Վերջին մեկ տարին ցույց տվեց, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծման փաստը չի մոռացվելու։ Եւ այս ֆոնին, «գրոհային» սցենարը մերժելով` Տեր-Պետրոսյանը, ըստ էության, հանրության ամենալայն շերտերին ուղերձ հղեց, որ ինքը գիտի ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու դյուրին ճանապարհը, եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշմամբ ցույց տվեց այդ ճանապարհը։ Այն, որ ավազակապետությունը չի գոյատեւելու, ակնհայտ է այսօր, ակնհայտ էր երեկ, ակնհայտ էր երեք ամիս առաջ։ Բայց Հայաստանը, անգամ` հանրության հակակոնգրեսական շերտը, ունի ընտրություն` ավազակապետությանը վերջ տալ ընտրական ճանապարհով կամ քաղաքացիական հետեւողական պայքարի։ Ինչ խոսք, առաջին ճանապարհը պակաս էներգիա ու կրքեր կխլի Հայաստանից, բայց եւ մենք բոլորս պարզ պետք է գիտակցենք` այն շանսը, որ տրվում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ, այլեւս չի կրկնվելու։ Եւ եթե մայիսի 31-ի շանսը չօգտագործվի, հաջորդ օրը հայտնվելու ենք մարտի 2-ի հրամայականի առաջ։ Եւ այս անգամ Համաժողովրդական շարժումը շատ ավելի մեծ եռանդ ու թափ ու մոտիվացիա է ունենալու։ Այնպես որ, բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ մայիսի 31-ին ընտրությունը իսկապես Սեւի եւ Սպիտակի միջեւ է։ Եւ նրանք, ովքեր ուզում են այլ գույներ, աչքեր, բեղեր ու հարցեր ավելացնել այս պարզ իրավիճակին, ընդամենը հարված են հասցնում ՀՀ քաղաքացու ողնաշարին, ընդ որում` անցնելով արդեն իսկ դհոլահարված եւ օբրուչներով ցանկապատված իդիոտիկ մի ճանապարհ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 20, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.