> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 21.-25.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 21.-25.

21. Ազատ Աստվածն այն օրից…

22. Ցեէռուն ընդդեմ Կագեբեի

23. Noah’s route…

24. Էլի տասը այրի

25. Ինչի՞ց են պատրաստում վիսկին

* * *

21. Ազատ Աստվածն այն օրից…

Արդյո՞ք ֆրաու Էլիզաբեթի հետ խոսակցությունը տվեց իմ հարցերի պատասխանը:

Այրիացած աղջկա մասին վեպը ուրվագծելիս մտածում էի` նրա կյանքը պետք է ընթանա տատիկիս կյանքի` դժվար, դաժան, բայց առաքինի սցենարով: Շատ շուտով, սակայն, թեւաթափ եղա, որովհետեւ դա ինձ անբնական էր թվում. ես մտածում էի, թե տատիկս, ունենալով նահապետական դաստիարակություն, ապրելով նահապետական միջավայրում, չի ունեցել ընտրության ազատություն: Այս զգացողությունը ինձ այնպես էր համակել, որ ես չէի նկատում ակնհայտ փաստեր:

Ֆրաու Էլիզաբեթի հետ զրույցը օգնեց, որ ես նկատեմ, ավելի ճիշտ` վերագնահատեմ ինձ հայտնի փաստերն ու պատմությունները: Ասենք, եթե գյուղամեջի պապիկներին մի լավ թափ տաս, նրանք այնպիսի պատմություններ կպատմեն գյուղի մի քանի պառավների մասին, որ մազերդ բիզ-բիզ կկանգնեն: Կպատմեն նաեւ ողբերգական պատմություններ, կպատմեն նաեւ առաքինության եւ հպարտության մասին, կպատմեն նաեւ անմռունչ մաքառումների մասին: Կպատմեն նաեւ անպատասխան սիրո, անկարելի սիրո, անհնար սիրո մասին: Կպատմեն նաեւ սիրահարների փախուստների, նրանց ետեւից հնչող անեծքների եւ ատամների կրճտոցների պատմություններ:

Ի՞նչ է նշանակում այս ամենը. ընդամենը մեկ բան` եթե ֆրաու Էլիզաբեթը ծնված եւ ապրած լիներ հայաստանյան որեւէ հեռավոր, հետամնաց գյուղում, գուցե նրա հագին ոչ թե տաբատ կլիներ ու սպորտային կոշիկ, այլ սեւ էժանագին կտորից կարված մի քանի ծալ կիսաշրջազգեստ ու էժանագին կալոշներ, գուցե նրա բերանում չլիներ ոչ մի ատամ, գուցե նա չբուրեր թանկարժեք օծանելիքի բույրով, բայց ընտրության հնարավորություն նա կունենար նաեւ այստեղ: Ընտրության բնական իրավունքը ոչ ոք չէր կարող նրանից խլել: Իմ տատիկը ունեցել է ընտրության հնարավորություն: Ազատ ընտրության հնարավորություն, եւ նա կատարել է իր ընտրությունը: Գուցե նրա ընտրությունը այնքան մեծ չի եղել…
Բայց այս ի՞նչ արտահայտություն դուրս պրծավ իմ լեզվի տակից, ի՞նչ հրեշավոր, անհեթեթ, հիմար արտահայտություն: Մի՞թե ընտրությունը կարող է մեծ լինել: Չի կարող մեծ լինել ընտրությունը, որովհետեւ անկախ նրանից, թե ինչ ենք մենք ընտրում, մենք ընտրում ենք «կամ-կամ» սկզբունքով, որովհետեւ ցանկացած ընտրություն ընտրություն է Աստծո եւ Սատանայի միջեւ, Աստծո եւ Մամոնայի միջեւ:

Ֆրաու Էլիզաբեթի հետ զրույցը ինձ օգնեց գտնել այն պատասխանը, որ գիտեի վաղուց: Ազատությունը ընտրության հնարավորություն ունենալն է, ընտրության հնարավորությունը` Աստվածատուր արժեք: Նա, ով բռնանում է ընտրության ազատության նկատմամբ, նա պատերազմ է հայտարարում Աստծուն: Եվ ուրեմն` Ազատության զինվորը Աստծո զինվորն է…

Ես տեսնում եմ քո քմծիծաղը` կեղծավոր, ես զգում եմ քո վախը` կեղծավոր: Դու ուզում ես, որ սխալված լինեմ, բայց ահա թե ինչ կասեմ քեզ. Աստված Եվային եւ Ադամին զգուշացրեց չճաշակել արգելված պտուղը, բայց նրանց չզրկեց այդ անելու հնարավորությունից…

Տիեզերքը հիմնված է ընտրության ազատության վրա, եւ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մենք ընտրում ենք, ընտրում ենք Աստծո եւ Սատանայի միջեւ, եւ անգամ այն ժամանակ, երբ մենք ընտրել ենք Սատանային, Աստված մեզ էլի չի զրկում ընտրելու ազատությունից, ընտրելու հնարավորությունից, որովհետեւ դա առ Աստված վերադառնալու միակ, միակ ճանապարհն է:

Ես կռահում եմ քո հարցը, պատանի, կռահում եմ քո հարցը, գեղանի աղջիկ. «Մի՞թե սերը ընտրություն է», - հարցնում եք դուք:

Սերը ամենամեծ ընտրությունն է, ամենամեծ ընտրությունը Աստծո եւ Մամոնայի միջեւ: Որովհետեւ կարելի է սիրել ըստ նրա, ինչ կա աչքերի խորքում, ինչ կա հոգու մեջ, եւ կարելի է սիրել ըստ նրա, ինչ կա գրպանում, ինչ կա անձնագրի մեջ գրված, որ չկար, բայց վերադարձրին:

Կարելի է սիրել մտածելով, կարելի է սիրել զգալով, կարելի է սիրել հաշվարկելով, կարելի է սիրել խելագար:

Եղբայր իմ, քույր իմ, դուք սկսել եք սիրել ըստ ավտոյի համարների. ինչո՞ւ եք դուք մեզ կործանում:

Դուք ասում եք` մի՞թե սա այն Սավուղը չէ, որ հալածում էր Հիսուսին. հիմա նա Պողոս է դարձել եւ ասում է, թե` ընտրեք Աստծո որդու ճանապարհը:

Դուք ասում եք` մի՞թե սա այն Պետրոսը չէ, որ երեք անգամ ուրացավ Հիսուսին ու հիմա հավատարմության կոչեր է անում:
Եղբայր իմ, քույր իմ, ընտրությունը այն չէ, որ կանգնած է քո դիմաց, ընտրությունը այն է, որ ծառացած է քո մեջ: Քո ընտրությունը մեծ չէ. դու պետք է ընտրես Աստծո եւ Մամոնայի միջեւ: Բոլոր դեպքերում պետք է ընտրես Աստծո եւ Մամոնայի միջեւ, որովհետեւ այլ ընտրություն գոյություն չունի, որովհետեւ այս ընտրությունից հնարավոր չէ խուսափել: Եթե դու հրաժարվում ես ընտրել, դու անում ես քո ընտրությունը, եթե դու վաճառում ես քո ընտրելու իրավունքը, դու կատարում ես քո ընտրությունը, եթե դու ընկրկում ես բռնության առաջ, դու կատարում ես քո ընտրությունը, եթե դու չես պայքարում հանուն քո եւ ուրիշների ընտրելու ազատության, դու կատարում ես քո ընտրությունը, դու ընտրում ես Աստծո եւ Մամոնայի միջեւ:

Ընտրության իրավունքը անօտարելի է, բայց նրա ազատության նկատմամբ հնարավոր է բռնանալ. նրա նկատմամբ բռնացողը բռնանում է Աստծո նկատմամբ, հանուն նրա պայքարողը պայքարում է հանուն Աստծո: Մեր ընտրությամբ մենք երբեք չենք փրկում կամ կործանում ուրիշներին, մեր ընտրությամբ մենք փրկում կամ կործանում ենք ինքներս մեզ… Եվ մեր դատավորը մարդիկ չեն, Աստված է մեր դատավորը…

Ազատ Աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգեւել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի
Եվ իմ անզոր թեւերով
Ազատությունն գրկեցի:
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել,
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել:
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո~ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից:
«Ազատությո՞ւն, - ինձ կրկնեց
Ճակատագիրը վերեւից. -
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
- Ազատությո~ւն, - գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչեւ անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար` ազատությո~ւն:

***

Արագընթաց գնացքը ինձ տանում էր դեպի Էմդեն: Առավոտյան ես մեծ փունջ խրիզանթեմներ էի նվիրել ֆրաու Էլիզաբեթին, նախաճաշել էի նրանց ընտանիքի հետ:

Ճաշեցի դարձյալ այն նույն գարեջրատանը, կերա այն նույն խոզապուխտը, խմեցի այն նույն գարեջուրը: Հետո վերադարձա հյուրանոց, վճարեցի բոլոր հաշիվները, հրաժեշտ տվեցի պարոն Էռնստին, ֆրաու Լուիզային, ֆրաու Էլիզաբեթին:

Շուտով արդեն Էմդենում էի. քաղաքում շրջելու ժամանակ չկար. Էդինբուրգ մեկնող նավը շարժվելու էր երեք ժամից. շտապեցի նավամատույց:

22. Ցեէռուն ընդդեմ Կագեբեի

Գերմանական քաղաքներից մեկի հնչեղ անունով նավը վաղուց սպասում էր իր ուղեւորներին: Ես հաջողությամբ անցա բոլոր ստուգումները, նավաստիներից մեկը ինձ ուղեկցեց մինչեւ իմ նավախուց: Վատը չէր, չնայած` հարմարավետությամբ զիջում էր գնացքի կուպեին:

Նավը մեծ չէր, բայց այն փոքր էլ չէիր համարի. ուղեւորներին իրենց ծառայությունն էր առաջարկում միանգամից երեք ռեստորան, որոնցից մեկը` չինական, մյուսը` իտալական: Նավի վրա փակ լողավազան կար, որը բացվում էր ամռանը, կար խաղասրահ, դիսկոտեկ, խանութներ, կինոսրահ. բայց եվրոպական չափանիշներով սա մեծ նավ չէր համարվում:
Արագ տեղավորվեցի իմ նավախցում, որը, ինչքան հասկացա, միջին կարգի էր. պարոն Էռնստի հյուրանոցի գործավարը որոշել էր խնայել իմ փողերը եւ երեւի ճիշտ էր արել. մի երկու թիթիզ ատրիբուտը այս ոչ այնքան երկար ուղեւորության համար լրիվ ավելորդ կլիներ. էլ չեմ ասում, որ Անճոռնի Բիձուկի կեղտոտ նավախցի եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի խցի համեմատ սա լրիվ արքայություն է, չէ՛, ի՞նչ արքայություն` իսկական դրախտ:

Արդեն բավական ուշ էր, լավ հոգնած էի ու պառկեցի քնելու: Գիշերը մի այնպիսի երազ տեսա, որ պատմելու բան չէ: Արթնացա բավական ուշ, լոգանք ընդունեցի, լավ չորացա, պինդ հագնվեցի ու բարձրացա տախտակամած. պինդ հագնվելս իմաստ ուներ, որովհետեւ հավեսով ցուրտ էր. իզուր չեն այս ծովը Հյուսիսային կոչում:

Տախտակամած դուրս գալով` հույս ունեի ծովային անեզր տարածություն տեսնել, բայց ոչինչ չէր երեւում. մառախուղ էր, անասելի մառախուղ: Երբեմն այնքան էր խտանում, որ չէր երեւում նույնիսկ նավը: Հույս ունեմ` վարորդը ճանապարհը լավ գիտի, ու ես ստիպված չեմ լինի նավի դիմացից քայլել…

Տախտակամածին երկար չմնացի. մտա բար-սրճարան, սուրճ խմեցի, մի հատ էլ բանան կերա: Շուտով դուրս եկա, ահագին ուսումնասիրեցի երբեմն մառախուղի մեջ կորչող նավը, արձանագրեցի ինձ համար պետքական բոլոր օբյեկտների տեղերը:
Մեկ էլ սկսեցի վատ զգալ. սրտխառնոց ունեի, ոտքերս դողում էին: Սա երեւի ծովային հիվանդություն է: Նավաստին զգուշացրել էր` առաջին իսկ նախանշանի դեպքում դեղահաբ ընդունել, որ դրված կլինի նավախցի պատուհանի վրա: Իջա նավախուց, կուլ տվեցի հաբը եւ պառկեցի: Սրտխառնոցը շուտով անցավ, ավելին` սկսեցի քաղց զգալ:

Որոշեցի սպասել մինչեւ լավ սովածանալս. ուզում էի ախորժակով ուտել: Ի վերջո ախորժակս սկսեց ճանկռել նավախցի դուռը, ստամոքսս վնգստում էր աղիողորմ: Վեր կացա, ինձ կարգի բերեցի, գնացի այն ռեստորանը, որ ո՛չ չինական էր, ո՛չ իտալական: Գերմանական էր, ինչքան հասկացա: Օտարերկրյա ռեստորաններում, սակայն, մենք բախվում ենք մի լուրջ խնդրի հետ. ի՞նչ պատվիրել այդ անծանոթ մենյուից: Արդեն քեզ հայտնի բաները պատվիրելը պարզունակ մոտեցում է. ամեն նոր տեղում նոր բան փորձելու հնարավորություն կա, ու չես ուզում այն կորցնել:

Բայց ինչպե՞ս հասկանալ` ի՞նչն է ամենահամովը այս երկարաշունչ ճաշացուցակից: Դժվար գործ է. գրեթե մոլորվել եմ. մեկ էլ աչքս ընկավ ոչ հեռու գտնվող մի սեղանիկ. այնտեղ երկու տղա ինչ-որ մակարոնանման, ավելի ճիշտ` թաթարբորակիանման բան էին գռմշտում` ինչ-որ սպիտակ սոուսով: Անգամ ինձ թվաց, թե սխտոր-մածուն է: Ձեռքի շարժումով մատուցողին հրավիրեցի. նա փոքր-ինչ երկար դեմքով, կարճ կտրված շեկ մազերով, կապույտ աչքերով տղա էր` Օտտո անունով: Հագին ինչ-որ գերմանական տարազ-վերնաշապիկ էր.

- Օտտո, - ասում եմ, - այ էն տղերքը ինչ որ ուտում են, դրանից եմ ուզում:

Նա նայեց իմ ցույց տված կողմը, ժպտալով արտասանեց մի սարսափելի եւ անսպասելի նախադասություն.

- Կներեք, պարոն, դա հնարավոր չէ:

Ես ապշած էի, բերանիս ջրերը սկսեցին ավելի առատանալ.

- Ինչպե՞ս թե հնարավոր չէ, - սրտնեղեցի ես:

- Այդ ճաշը չկա մեր ռեստորանի մենյուում, - ժպտալով ասաց Օտտոն:

- Հապա ինչպե՞ս են այն տղաները պատվիրել:

Օտտոն այնպես էր նայում ու ժպտում, կարծես հիմա մի համաշխարհային գաղտնիք էր բացահայտելու.

- Նրանք չեն պատվիրել. այդ տղաները ինձ նման մատուցող են, եւ իրենց ընդմիջման ժամն է: Նրանք էլ մի բան պատրաստել, ուտում են:

Այս բացահայտումը սառը ցնցուղ էր ինձ համար.

- Իսկ դա ի՞նչ է, - չէի ուզում նահանջել ես:

- Հիմա կպարզեմ, - ասաց Օտտոն ու մոտեցավ այն տղաներին:

Այդ պահին ես նկատեցի հենց դիմացի սեղանի մոտ նստած զինվորական հագուստով մի երիտասարդի, որը, ինչքան հասկացա, շատ հետաքրքրվել էր իմ եւ Օտտոյի խոսակցությամբ: Նա ուշադիր նայում էր մատուցողների կողմը եւ կարծես ուզում էր լսել Օտտոյի եւ նրա ընկերների խոսակցությունը: Շուտով նա ինձ նայեց ու ժպտաց, ես նույնպես ժպտացի. այդ ժպիտներն արտահայտում էին մեր փոխադարձ հետաքրքրությունը ստեղծված իրավիճակի նկատմամբ: Օտտոն վերադարձավ.

- Դա ինչ-որ գերմանական մակարոն է:

- Այսինքն` ես չե՞մ կարող պատվիրել:

- Կներեք, մեր մենյուում նման բան չկա. մակարոն ուտելու համար մարդիկ սովորաբար իտալական ռեստորան են գնում,- իրավիճակը պարզաբանեց մատուցողը:

Զինվորականը շարունակում էր հետեւել իրադարձություններին: Ես արագ կողմնորոշվեցի.

- Օտտո ջան, ուրեմն տես ինչ ես անում, ախպեր ջան,- սկսեցի ես հայերեն: Մատուցողը ուշադիր ինձ էր նայում: Ես նրան խնդրեցի, որ նա ինձ այնպիսի ճաշատեսակ բերի, որ ինքը իրենց ռեստորանում կնախընտրեր ուտել, եթե ախորժակով ուտելու ցանկություն ունենար:

Բայց այդ ճաշատեսակը պետք է լիներ այնպիսին, որ նրա հետ հնարավոր լիներ գարեջուր խմել` ախորժակով: Օտտոն մի պահ շփոթվեց, ապա մտածեց մի պահ, ճաշացանկի մեջ ինչ-որ բան փնտրեց-գտավ, ինձ ցույց տվեց գինը, ասացի` ՕK:

Մատուցողը ուզում էր գնալ, մեկ էլ զինվորականը անսպասելի դիմեց ինձ.

- Կներեք, դուք դեմ չե՞ք, եթե ես էլ այդ նույնից պատվիրեմ,- մեղավորի ձայնով հարցրեց նա:

- No problem, - ասացի ես ու նրան հրավիրեցի իմ սեղանի մոտ:

Զինվորականը ընդունեց հրավերը, Օտտոն ընդունեց նաեւ երկրորդ պատվերը: Ես խնդրեցի գարեջուրը հիմա բերել.

- Հի-մա, հի-մա, հի-մա, - սկսեցի վանկարկել ես:

Ռեստորանում ներկա մարդիկ, առաջին հերթին` զինվորականը եւ Օտտոն, զարմացած ինձ էին նայում: Ես հանգիստ ժպիտով փարատեցի նրանց բոլոր կասկածները: Տրամադրությունս լավ էր. որքան հեռանում էի Հայաստանից, այնքան մոտենում էի նրան, եւ սա գիտակցելը հաճելի էր:

Օտտոն երկու մեծ, լավ մեծ գավաթ գարեջուր բերեց: Մենք վերցրինք գավաթները, ես «չըխկ» արեցի զինվորականի հետ.

- Բոյան, - ասացի ես:

- Վիկտոր, - ասաց նա:

- Բարով տեսանք, - հայերեն ասացի ես ու խմեցի:

Վիկտորը նույնպես խմեց: Նա ամերիկացի զինվորական էր, որ ծառայել էր Գերմանիայում: Ինչ-որ գործով մեկնում էր Էդինբուրգ, մեկ ամսից էլ տուն էր մեկնելու` Նյու Յորք: Իտալական ծագումը կաթում էր Վիկտորի վրայից. նա թուխ մազեր ուներ, թուխ աչքեր, թուխ դեմք: Բնականաբար, համոզված էր, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հենց Իտալիան է չեմպիոն դառնալու: Ինչ լավ է, որ էս ամերիկացին ֆուտբոլից բան է հասկանում, թե չէ` դրանց ամերիկյան ֆուտբոլից ու բեյսբոլից բոբիկ եմ: Վիկտորին ասացի, որ ոչինչ չունեմ Իտալիայի` Եվրոպայի չեմպիոն դառնալու դեմ, մանավանդ որ իմ երկրի` Սերբիայի հավաքականը դուրս չի եկել եզրափակիչ:

Իմ սերբ լինելը, իհարկե, մի պահ անհանգստացրեց Վիկտորին, եւ ես նրան ասացի, թե թշնամանք չունեմ իր կամ իր երկրի նկատմամբ.

- Այ, եթե Մարկոն մեզ հետ լիներ, մենք իրար հետ գործ չէինք ունենա, - ասացի Վիկտորին:

Նրա լարվածությունը շատ արագ անցավ:

Առաջին գավաթ գարեջուրը համարյա լրիվ խմել էինք, երբ Օտտոն բերեց իր նախընտրած ճաշատեսակը: Վա~յ, ես քո ցավը տանեմ, Օտտո. էս ինչ կարգին տղա ես դու, Օտտո ջան: Ուրեմն տեսեք, թե ինչ էր բերել Օտտոն. տժտժացող մեծ մեծ թավայի մեջ դրված սագի ազդրախառը հսկայական բուդ. ես էսքան ասեմ, սիրելի ընթերցող, դուք էսքան պատկերացրեք: Այդ բուդը տապակած էր, բայց ոնց որ տապակած չլիներ. կաշին չէր խանձվել, չէր կոշտացել: Այդ նույն թավայի մեջ սագի բդի շուրջ շարված էին տարբեր տեսակի կաղամբների եւ ճակնդեղի տապակած կիտուկներ: Դա, իսկապես, աննման ուտելիք էր, այդ կարծիքին էր նաեւ Վիկտորը:

Օտտոն գոհ էր, մենք բարձր գնահատեցինք իր ճաշակը: Վիկտորը եւ ես նրան առատ թեյավճար տվեցինք.

- Դե, Օտտո ջան, տղա ես` գարեջուր հասցրու:

Չեմ էլ կարող ասել, թե քանի գավաթ գարեջուր խմեցինք ես ու Վիկտորը: Գարեջուրը մեզ ընկերացրեց, ու ես Վիկտորին մի տարօրինակ խնդրանքով դիմեցի.

- Ախպոր նման, Վիկտոր, Ցե-էռ-ու-ի ագենտ չլինես, էլի…

- Դու էլ` Քեյ-ջի-բի-ի,- իր հերթին խնդրեց Վիկտորը:

Ուրեմն հումորի զգացումը տեղն է. մենք ծիծաղեցինք:

23. Noah’s route…

Մեր նավը ի վերջո դուրս եկավ մառախուղի միջից, եւ ես շտապեցի հագեցնել ծովին նայելու իմ ծարավը: Ամեն անգամ, երբ ծովը մատչելի է դառնում, ես շտապում եմ նրա հեռուներում պարպել հայացքս: Ահա, ես նայում եմ Հյուսիսային ծովին, եւ գենետիկորեն նախասահմանված արարողակարգով ինձ այցելում է հետեւյալ միտքը. ինչ լավ կլիներ` մենք էլ ծով ունենայինք: Այս միտքը կարծես միջնորդ է իմ եւ ծովի հարաբերություններում. նա գալիս է միշտ, երբ ես որեւէ ծովի եմ նայում: Նա ինձ բռնեցրել է Սեւ ծովի հետ, Մարմարի ծովի հետ, Էգեյան ծովի հետ…

Հյուսիսային ծովում ես գարշանք զգացի նրա ներկայությունից, սովորական գարշանք: Ինչ լավ կլիներ` մենք էլ ծով ունենայինք: Ի~նչ լավ կլիներ: Շա~տ լավ կլիներ: Հոյակա~պ կլիներ:

Այս միտքը, ախր, տալիս է մեր բոլոր հարցերի, պրոբլեմների պատասխանը. դե, ծով չունենք, այստեղից էլ մեր բոլոր պրոբլեմները: Այ, եթե ծով ունենայինք, ուրիշ: Եթե ծով ունենայինք, ի~նչ երկիր կլինեինք…

- Բարեւ, Ռոբ…

- Տարեք սատկացրեք էդ…

Հա, էն էի ասում. ծով չունենք, ծով: Մինչեւ ծով չունենանք երկիր չենք դառնա…

- Շեֆ, Նաիրին ա էկել, ասում ա…

- Տար Ալիկի մոտ:

Նավթ էլ չունենք, նավթ: Առանց նավթի ծովը ինչների՞ս է պետք…

- Շեֆ, Ջիգյարն ա էկել, ասում ա` կլինի՞ Քաչալին լիկվիդիրովածյ անեմ… Շատ ա խնդրում, շեֆ…

- Մինչեւ ժամը հինգի «Հայլուրը» թող հասցնի:

Չէ, իսկականից, առանց ծովի ու նավթի երկիր չենք դառնա. գազը դեռ ջայնամ, բայց ծովը ու նավթը պարտադիր են. առանց ծովի ու նավթի պետությունը նույնն ա, ինչ առանց ախրաննիկի մարդը…

- Շեֆ, Սիրունն ա էկել, ասում ա` կլինի՞ մի սաստավ բենզին էլ ինքը բերի: Հերը ինչ-որ լավ չի, բուժման համար փող ա պետք, շատ ա խնդրում, շեֆ…

- Նավթ, նավթ թող բերի…

Առանց ծովի, առանց նավթի, առանց պլյաժների…

- Շեֆ, Սիրունը հարցնում ա` այսինքն ինքը ո՞նց նավթ բերի: Սալյարկա՞, թե՞ կերոսին…

- Կերոսին:

Չէ, մեզ ծով է պետք, ծով: Բայց մի հատը քիչ կլինի, 2-ը լավ կլինի:

- Շեֆ, Սիրունը հարցնում ա` Այրապորտին կասե՞ս, որ կերոսինը իրանից առնեն, թե՞ ինքը քո անունից ասի:

- Թող ինքը ասի: Չէ, լավ, ես կասեմ… Դու ասա իմ անունից:

Չեն թողնում մարդ մի քիչ երկրի մասին մտածի… Ծով եւ նավթ. վոտ վ չոմ վապրոս…

- Շեֆ, Հովիկն ա եկել. հարցնում ա` Մոսկային ի՞նչ ենք տալու:

- Պաժիզնեննի:

Ծով, միայն ծով: Ավելի լավ ա` ծովից ծով…

- Շեֆ, Քաչալի պանիխիդան ա, պետք է գնանք: Պանիխիդայի թազա կաստյումն եմ բերել, հագի, շեֆ ջան:

- Էս ի՞նչ կաստյում ա:

- «Զիլի». 15 հազար ենք տվել…

- Դոլա՞ր…

- Եվրո:

***

Մենք Էդինբուրգ հասանք իմ սպասածից կրկնակի արագ: Էդինբուրգում սենյակ չէի պատվիրել, եւ Վիկտորը խորհուրդ տվեց գնալ այն հյուրանոց, որտեղ ինքն է կանգ առնելու: Սա լավ լուծում էր, եւ բարեբախտաբար, այդ հյուրանոցում ինձ համար ազատ սենյակ գտնվեց: Պատվիրեցի միրգ բերել իմ սենյակ եւ տեղավորվեցի «Եվրոնյուզի» լուրերի թողարկման առաջ. Հայաստանի մասին էլի ոչինչ չկար, փոխարենը «Հայաստանի գովազդ» կար, որ պիտի դեպի մեր երկիր գրավեր զբոսաշրջիկների:

Այդ հոլովակը ես տեսել էի թե՛ Սերբիայում, թե՛ Շվեյցարիայում, եւ այն միայն ջերմացնում էր իմ հոգին, սիրտս սկսում էր արագ աշխատել: Բայց Էրվինի հետ ունեցած խոսակցությունից հետո ես զգուշությամբ էի վերաբերվում «Հայաստանի գովազդին»: Սկզբից չէի հասկանում` ինչը ինձ դուր չի գալիս այդ հոլովակում, բայց երբ փորձեցի այն դիտել Էրվինի աչքերով, շատ բան հասկանալի դարձավ:

«Հայաստան. Նոյի երթուղին, ձեր երթուղին», - ազդարարում է հոլովակը: Սա շատ զվարճալի կթվա Էրվինին, չեմ բացառում անգամ, որ նա մեկնի Հայաստան` Նոյի երթուղին կրկնելու: Չէ՞ որ հենց դա է առաջարկում հոլովակը: Փորձեցի պատկերացնել Էրվինի երկրորդ այցը Հայաստան…

Ահա էքսկուրսավարը նրանց խմբին ցույց է տալիս Արարատը եւ բացատրում, որ Նոյի տապանը հենց այս սարի գագաթին է կանգ առել, եւ ուրեմն` հենց այստեղից է սկիզբ առել մարդկության ետջրհեղեղային կյանքը: Էրվինը, անշուշտ, էքսկուրսավարին կընդմիջի հարցով.

- Կներեք, իսկ մենք կարո՞ղ ենք կրկնել Նոյի երթուղին:

Էքսկուրսավարը կզգա վտանգը, բայց դա նրան չի շփոթեցնի.

- Ինքներդ եք հասկանում, որ դա շատ վաղուց է եղել, եւ դժվար կլինի որոշել, թե կոնկրետ որտեղով է անցել Նոյը,- ժպտալով կասի նա` փորձելով փակել խոսակցությունը:

Բայց Էրվինը պարզունակ տուրիստ չէ, այլ քոքված ու պեդանտ գերմանացի, եւ նա գիտի` ինչպես հասնել նպատակին.

- Սակայն չէ՞ որ ստույգ հայտնի է, որ նա եղել է Արարատի գագաթին. մենք կարո՞ղ ենք բարձրանալ այնտեղ եւ այնտեղից որոշել, թե որն է Նոյի երթուղին. դա լավ էքսպերիմենտ կլինի:

Էքսկուրսավարը կսկսի վախենալ.

- Բայց դա շատ դժվար ճանապարհորդություն կլինի, այնտեղ ցուրտ է շատ, բարձր է,- կասի նա:

- Հոգ չէ, ես ուզում եմ զգալ Նոյի երթուղին, այն զգալ ոտքերիս տակ, ես դրա համար եմ եկել Հայաստան: Եկեք բարձրանանք, եթե ոչ այսօր, գոնե վաղը: Ուղղաթիռով շատ հեշտ կլինի. կազմակերպեք նման թռիչք մեզ համար, - կդիմի Էրվինը էքսկուրսավարին:

Խմբում կգտնվեն մարդիկ, ովքեր կմիանան այդ խնդրանքին: Էքսկուրսավարը ստիպված կլինի հանձնվել.

- Գիտե՞ք, մենք չենք կարող ձեզ Արարատի գագաթ բարձրացնել, կներեք…

- Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ,- կհնչի տարբեր կողմերից:

- Արարատը Հայաստանի տարածքում չէ,- կխոստովանի էքսկուրսավարը` զբոսաշրջիկներին պատմելով մեր երկրի տխուր պատմությունը:

- Իսկ Նոյի ժամանակ այն Հայաստանի տարածքո՞ւմ է եղել,- կհարցնի Էրվինը, եւ էքսկուրսավարը ինձ նման նրա մռութին հասցնելու ցանկություն կունենա: Բայց այդ խոզի մռութը չի հանդարտվի.

- Իսկ դուք ինչո՞ւ եք մտածում, որ Նոյը Արարատից իջել է այս կողմով, - կշարունակի նա:

- Այվազովսկու նկարում այդպես է պատկերված, - հիմար ժպիտը դեմքին` կասի էքսկուրսավարը:
Էրվինը չնկատելու կտա աբսուրդը.

- Ջրհեղեղից հետո Արաքսը պետք է որ շատ վարար լիներ, ու դժվար թե Նոյը Արաքսից այս կողմ անցներ. ջրհեղեղից փրկվելով գետում խեղդվելը հիմարություն կլիներ, - հաղթական կասեր նա եւ ծամածռված դեմքով կավելացներ. «Armenia: Noah’s route, your route»:

***

Պառկեցի քնելու, երկար ժամանակ չեմ կարողանում քնել.

- Էրվին, քո ծնողը…

24. Էլի տասը այրի

Առաջին գործը, որ արեցի առավոտյան, էլեկտրոնային փոստս ստուգելն էր` մի բաժակ սուրճ խմելով: Ֆրեդը ուղարկել էր այն հյուրանոցի հասցեն եւ հեռախոսի համարը, որտեղ ինքը ապրելու էր Էդինբուրգում գտնվելիս: Զանգեցի. ասացին, որ պատվիրատուն դեռ չի ժամանել եւ, ըստ իրենց մոտ եղած արձանագրության, ժամանելու է վաղը առավոտյան: Գնացի նախաճաշի. ռեստորանի մուտքի մոտ հանդիպեցի Վիկտորին. նա ասաց, որ գնում էր ինձ համար հաղորդագրություն թողնելու: Ասելն այն էր, որ մինչեւ ժամը 5-ը զբաղված է լինելու եւ առաջարկում էր 17.30-ին հանդիպել եւ մի տեղ գնալ միասին ճաշելու.

- Մի բան կպատվիրենք մատուցողի ճաշակով,- ժպտալով ասաց նա եւ ավելացրեց,- այս անգամ ես եմ հյուրասիրում:
Նավի վրա ես էի փակել հաշիվը, ինչպես կվարվեր ցանկացած նորմալ հայ: Ավելի ճիշտ` ես Վիկտորի ձեռքից, նրա եւ Օտտոյի զարմացած, ուղղակի էշացած հայացքների ներքո, խլել էի իր հաշիվը եւ վճարել նրա փոխարեն: Հետո, ճիշտն ասած, մի քիչ ամաչում էի արածիս համար, որովհետեւ այդ ամենի մեջ մի ինչ-որ վայրենի, կոպիտ, անքաղաքավարի բան կար, մի տեսակ` անդաստիարակություն: Ամեն դեպքում, ես համաձայնվեցի Վիկտորի առաջարկին:

Սա նշանակում էր, որ մինչեւ ժամը 5-ը պիտի ժամանակս ինչ-որ բանով լցնեմ: Որոշեցի նախաճաշից հետո գնալ ծովի ափ: Տաքսի նստեցի ու խնդրեցի ինձ տանել ծովափնյա մի այնպիսի տեղ, որտեղ խաղաղ լինի եւ հնարավոր լինի նայել ծովին, եւ տեսադաշտը ոչնչով չխաթարվի: Տաքսու վարորդը ինձ հասկացավ եւ տարավ ավազոտ մի ափ, որտեղ նստարաններ կային շարված: Դա այն էր, ինչ ուզում էի: Նստեցի նստարաններից մեկին, որը, ի դեպ, զարմանալիորեն մաքուր էր, եւ սկսեցի նայել ծովին:

Էդինբուրգը գտնվում է ոչ թե բաց ծովի, այլ ծովածոցի ափին, այսինքն` ծովին, ավելի ճիշտ` ֆորտ օֆ ֆորտ կոչվող ծոցին նայելիս հաճախ տեսնում ես այն եզերող ափեր: Բայց ճիշտ ուղղությամբ նայելիս կարելի է տեսնել անսահման հորիզոնը: Ի դեպ, շոտլանդացիները ծովածոցերին երբեմն լոխ են անվանում. սա այն դեպքերում, երբ ծոցը համարյա լիճ է, այսինքն` հնարավորինս քիչ է կապված ծովի հետ:

Ահա, ուրեմն. փնտրեցի եւ գտա հորիզոնը ու հիշեցի ֆրաու Էլիզաբեթին, դեռատի այրի ֆրաու Էլիզաբեթին: Մի՞թե հավերժական է նրա ճակատագիրը, եւ ինչո՞ւ է նա իմ միտքը լցրել իրենով: Ես գիտեի այդ հարցի պատասխանը, բայց մինչեւ հիմա չէի ուզում դա խոստովանել: Այդ հարցի պատասխանը շատ պարզ է, շատ հասարակ, շատ սովորական, չէ` շատ գեղեցիկ, շատ ռոմանտիկ, ավելի ճիշտ` նախկինում շատ ռոմանտիկ մի ամսաթիվ` մարտի 1:

Եւս 10 այրի, էլի 10 այրի, նորից 10 այրի, սեւազգեստ կանայք, որբացած մանուկներ ու ես` Մյասնիկյանի արձանի պատվանդանին ելույթ ունենալիս: Իմ ամեն ելույթի հետ եղբայր է զոհվում, մի քույր այրիանում է, մի զավակ որբանում, մի մայր մղկտում, մի հայր լռում է ողբաձայն լռությամբ:

Իսկ կարո՞ղ էի ես ինչ-որ բան անել, որ աղետը տեղի չունենար: Կարո՞ղ էի այնպես անել, որ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Աբգարյանը, Համլետ Թադեւոսյանը, Սամվել Հարությունյանը չսպանվեին, որ կենդանի լինեին: Այս հարցը ամեն օր արթնանում է իմ մեջ, օրը մի քանի անգամ, այն անընդհատ իմ մեջ է: Բայց ես չեմ շտապել պատասխանել այդ հարցին, ես ցանկացել եմ, որ հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության անբաժանելի մասը, եւ պատասխանը կծնվի ինքնըստինքյան:

Ես կարող էի չլինել, ենթադրենք, կարող էի չլինել Մյասնիկյանի արձանի պատվանդանին, կարող էի չլինել Ազատության հրապարակում, կարող էի լինել մեր տանը…

Ես մեր տանը նստած էի, կյանքում հանրահավաք չէի հրավիրել, որեւէ հանրահավաքում ելույթ չէի ունեցել: Մեր տանը նստած էի, երբ սպանեցին Պողոս Պողոսյանին: Ես մեր տանը սուրճ էի խմում, եւ հեռուստաալիքները ասում էին, որ «Առագաստ» սրճարանի զուգարանում մի մարդ է մահացել սրտի կաթվածից: Ոչ ոք չէր համարձակվում ասել, որ այդ մարդուն` Պողոս Պողոսյանին, ոչ թե ինֆարկտ է խփել, այլ նրան սպանել է բռնապետի ոհմակը: Դա տեղի է ունեցել ազգիս որդնած սերուցքի աչքի առաջ, այն պոռնիկների աչքի առաջ, որոնք երգում են հայի աչքերի մասին, եւ որոնք չեն նկատել Պողոս Պողոսյան անուն ազգանունով հայի աչքերից դուրս հորդող օգնության աղերսը: Նրան սպանեցին այն օրը, երբ ես իմ տանը սուրճ էի խմում անվրդով, սպանեցին ազգիս բոհեմական պոռնկատանը, ազգիս հարյուրավոր «մեծերի» աչքի առաջ, բայց չգտնվեց մի վկա, որ դատարանում պատմեր, թե ինչ է տեղի ունեցել: Չգտնվեց: Պողոս Պողոսյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով էլ չստեղծվեց: Քյար չկար մեջը:

Ես կարո՞ղ էի որեւէ բան անել, որ աղետը տեղի չունենար, կարո՞ղ էի այնպես անել, որ Պողոս Պողոսյանը չսպանվեր, որ կենդանի լիներ Պողոս Պողոսյանը:

Չէի շտապում պատասխանել այս հարցին, ցանկանում էի, որ հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության մի մասը:

Իմ տանը նստած սուրճ էի խմում, երբ նույն կերպ` ծեծելով սպանեցին Արտյոմ Սարգսյանին, որը ղեկավարում էր ասպիրանտների շարժումը` հանուն տարկետման իրավունքի: Նրան նպատակային տարան բանակ ու նպատակային սպանեցին ծեծելով…

- Լույսի լճակ աչքերն հայի…

Ցամաքեցրին եւս մի լճակ, եւ ես տանը սուրճ էի խմում` հեռուստացույցի առաջ: Հեռուստացույցը ոչինչ չէր ասում, այլ երգում էր լինզայված աչքերի հրաշքի մասին, աչքեր, որ սպանել տվեցին Արտյոմին:

Իսկ ես կարո՞ղ էի ինչ-որ բան անել, որ աղետը տեղի չունենար, կարո՞ղ էի այնպես անել, որ Արտյոմին չսպանեին, որ նա ապրեր, որ նա կենդանի լիներ: Ես չէի շտապում պատասխանել այս հարցին, ցանկանում էի, որ հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության մասը:

Իմ տանը նստած սուրճ էի խմում, խաղ էի անում երեխաներիս հետ, երբ սպանեցին Կարինե Սարգսյանին: Սպանեցին Մալաթիայի բանկի խաչմերուկում, սպանեցին այն պահին, երբ նա սեւ հաց եւ կաղամբ էր գնում իր ընտանիքի ընթրիքի համար: Սպանեցին օրը ցերեկով: Ես այդ ժամանակ խաղ էի անում իմ զավակների հետ, որոնք այդ օրը ընթրիքին կաղամբով սալաթ կերան` սեւ հացով:

Իսկ ես կարո՞ղ էի ինչ-որ բան անել, որ աղետը տեղի չունենար, կարո՞ղ էի այնպես անել, որ չսպանեին Կարինե Սարգսյանին, որ ողջ լիներ Կարինե Սարգսյանը, լիներ իր ամուսնու կողքին, իր երեխաների հետ:

Չէի շտապում պատասխանել այդ հարցին, ցանկանում էի, որ հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության մի մասը:

Հետո սպանեցին Լեւոն Գուլյանին. ծեծեցին, նա կորցրեց գիտակցությունը: Մտածեցին` կմահանա, ցած նետեցին պատուհանից, որ ասեն` ինքնասպան է եղել: Իսկ ես կարո՞ղ էի ինչ-որ բան անել, որ աղետը տեղի չունենար, որ չսպանեին Լեւոն Գուլյանին, որ կենդանի լիներ Լեւոն Գուլյանը:

Ե՞րբ սպանեցին Լեւոն Գուլյանին, պաշտոնական տեղեկատվությունը ասում է` 2007թ. մայիսի 12-ին:

Ո՛չ, ասում եմ ես, 2008թ. մարտի 1-ին: Իսկ 2007թ. մայիսի 12-ին ոստիկանության շենքում սպանեցին Գոռ Քլոյանին:

Տիգրան Խաչատրյանին սպանեցին «Առագաստ» սրճարանի զուգարանում ծեծելով, իսկ Պողոս Պողոսյանը սպանվեց մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ:

Կարո՞ղ էի ինչ-որ բան անել, կարո՞ղ եմ ինչ-որ բան անել:

Այո՛, կարող եմ ինձնից կախված ամեն ինչ անել, հանուն այնպիսի Հայաստանի ստեղծման, որ սիրում է իր զավակներին, որ չի սպանում իր զավակներին: Եթե հարկավոր է, կարող եմ զոհվել հանուն այդ Հայաստանի: Իսկ ինչո՞ւ չզոհվեցի: Օ~, դա արդեն ես չեմ որոշում, դա արդեն որոշում է ճակատագիրը: Ես չեմ փախչի իմ ճակատագրից, ես հավատարիմ կմնամ իմ ճակատագրին:

25. Ինչի՞ց են պատրաստում վիսկին

Ծովի ափին ռեստորաններ էին շարված, եւ դրանցից մեկում էլ որոշեցինք ճաշել: Ի՞նչ կարելի է ուտել ծովափնյա այս ռեստորաններում. ծովամթերք: Է՞լ ինչ. էլի ծովամթերք: Ուրի՞շ. երիցս ծովամթերք: Սա Վիկտորի սրտովն էր. ես գոհ էի առավել եւս եւ հայտնվել էի հայտնի մուլտֆիլմի հերոս Ռոկկիի վիճակում, որ ի վերջո հնարավորություն ուներ պանիր ուտել պանրի հետ: Ռեստորանի հսկայական ցուցափեղկերը, որտեղից այցելուներին էին նայում սառույցի կոտորակների մեջ պատսպարված` ամենատարբեր գույների, չափերի, դեմքեի զանազան արտահայտություններով ձկներ, գրգռում էին մեր ախորժակը: Երբեմն այցելուները ուղղակի մոտենում էին ցուցափեղկերին, մատով ցույց էին տալիս իրենց ընտրյալին եւ հրահանգում հենց նրան մատուցել սկուտեղի վրա:

Խոհարարները պատվերները կատարում էին հսկայական թափանցիկ ապակիների ետեւում, եւ նրանք իրենց վարժ ու զվարճալի շարժումներով այցելուներին մի միտք էին ներշնչում.

- Դուք ծնվել եք ուտելու համար, դուք ապրում եք ուտելու համար:

Այցելուների գոհ դեմքերը լիակատար համաձայնություն էին արտահայտում.

- Մենք ծնվել ենք ուտելու համար, մենք ապրում ենք ուտելու համար:

Նույնը արտահայտում էր եւ իմ դեմքը, ու եթե պատվերը ուշացնեին, ես պատրաստ էի զանգվածային անկարգություններ կազմակերպել այս ռեստորանում: Բայց Ի՞նչ զանգվածային անկարգություններ առանց թալանի. ես կկոտրեի ահա այն ցուցափեղկի գոռոզ ապակին, ուսիս կդնեի այն մետրուկեսանոց ձուկը, դուրս կվազեի փողոց, այրվող մեքենաների խարույկի վրա կտժտժացնեի այդ ձուկը, կփշրեի մոտակա խանութներից մեկի տխմար վիտրաժը (խանութը բաց կլիներ, բայց ես այնտեղ կմտնեի փշրված վիտրաժի միջով, որովհետեւ դռնից խանութ են մտնում միայն թույլիկները), սարսափած վաճառողուհիների հայացքների ներքո կվերցնեի ամենաթանկարժեք սպիտակ գինին եւ այրվող քաղաքի բոցերի լույսի տակ կուտեի այդ մետրուկեսանոց ձուկը:

Ահա այսքան շատ եմ ես ձուկ եւ ծովամթերք սիրում… Եվ մարտիմեկյան ցասումը ուղղված էր ոչ թե իշխանության, ոչ թե ոստիկանության, այլ Երեւանի ձկան խանութի դեմ, որը ոչինչ չունի առաջարկելու աղքատիկ ձկնացանկից հոգնած քաղաքացիներին:

***

Չնայած Վիկտորը հասկանում էր ծովամթերքից, որոշեցինք պատվիրել իմ սիստեմով, բայց քանի որ մատուցողի դեմքը վստահություն չէր ներշնչում, նրան խնդրեցինք մեր պատվերը փոխանցել խոհարարին: Քիչ անց մատուցողը եկավ եւ Վիկտորին մենյուի մեջ ցույց տվեց գինը. պատվերը տրված էր եւ ընդունված: Մոտ տասը րոպեից մի մեծ ափսեով մեզ մատուցեցին մանր ու մեծ ոստրեներ, ծովախեցգետիններ եւ ալաֆրանկի ինչ-որ բաներ. կերանք հաճույքով: Բայց պարզվեց, որ սա ամբողջը չէ, ավելի ճիշտ` միայն սկիզբն է. դարձյալ հսկայական ափսեով շուտով մեզ մատուցեցին իմ ասած մետրուկեսանոց ձկան 25 սանտիմետրանոց երկու կտոր: Էս դեպքի համար են ասել. կեր, խմի, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտիդ տակ:

Ծովի ձկի համը տարբերվում է քաղցրահամ ջրերի ձկների համից. այն սկզբից ինձ անսովոր թվաց, բայց շատ շուտով ամեն ինչ կարգավորվեց.

- Դե, Վիկտոր ջան, թույլ տուր այս փոքր բաժակով, բայց մեծ սրտով խմել քո կենացը, ցանկանալ քեզ հաջողություններ աշխատանքի մեջ եւ անձնական կյանքում, - հայերեն ասացի ես ու սկսեցի թարգմանել: Վիկտորը զարմացավ «այս փոքր բաժակով» արտահայտության վրա.

- Բայց քո ձեռքին մի լիտրանոց գավաթ է, - ասաց նա:

- Դե, պատկերացրու` սիրտս ինչքան մեծ է, - վրա բերեցի ես:

Այսպիսի ճաշից հետո ես չէի կարող Վիկտորին չհրավիրել վիսկի խմելու: Շոտլանդական վիսկի, Շոտլանդիայի սրտում: Բայց քանի որ ռեստորանում ահագին գարեջուր էինք խմել, որոշեցինք գնալ հյուրանոց, մի քիչ հանգստանալ: Սենյակ բարձրանալուց առաջ գործավարին խնդրեցի մեզ համար մի այնպիսի բարի հասցե հայթայթել, որտեղ հնարավոր լինի օրիգինալ տեղական վիսկի խմել եւ մեղմ շոտլանդական երաժշտություն լսել, կենդանի երաժշտություն: Ժամուկեսից Վիկտորի հետ հանդիպեցինք նախասրահում, բարի հասցեն գտնված էր, տաքսին` պատվիրված:

Հնաոճ այս բարում ես հույս ունեի պարկապզուկի երաժշտություն լսել, բայց այստեղ հնչում էր ֆլեյտան` հնաոճ, փայտե, շոտլանդական ֆլեյտան, եւ այդ երաժշտությունը հարազատ էր ինձ. դա լեռների երաժշտություն է: Մատուցողը մեզ առաջարկեց վիսկին խմել հին եղանակով. դա նշանակում էր, որ վիսկիի մեջ սառույց չենք գցելու, որովհետեւ այն մատուցվելու է մառանից եւ ունենալու է այնքան սառնություն, որքան անհրաժեշտ է: Երկրորդը` խմել փոքր բաժակներով ու բաժիններով, որպեսզի մատուցված վիսկին չհասցնի տաքանալ, եւ խմել առանց հավելման կամ հավելել միայն մառանից բերված սովորական ջրով: Մենք համաձայնեցինք` սկզբում խմել առանց հավելման, ապա, եթե զգանք` շուտ կհարբենք, լեռնային ջրի հավելումով:

Վիսկին մեզ մատուցեցին թթու դրած եգիպտացորենի հետ. շատ համով էր: Բայց այս բարում ես պետք է անպայման ճշտեի համայն հայաստանցիներին հուզող հարցը. ինչի՞ց են, ի վերջո, պատրաստում վիսկին եւ ինչպե՞ս: Հայաստանում ինչ վարկած ասես չեմ լսել. մեկը, օրինակ, հարյուր տոկոսով համոզված պնդում էր, որ վիսկին պատրաստում են կարմիր գլուխ սոխից: Նա պնդում էր, որ Փարաքարի ցեխում սեփական աչքերով է տեսել:

Բայց Հայաստանում ամենատարածված վարկածն այն է, որ վիսկին պատրաստում են բոված գարուց: Եվ ահա, եկել է ճշմարտության պահը, ճշմարտություն, որ պետք է լսեմ վիսկիի հայրենիքում: Այսպես, ուրեմն. հայկական բոլոր վարկածների հեղինակներին հիասթափություն է սպասում: Պարզվում է` վիսկին պատրաստում են գարեջրից: Այսինքն` գարուց, տարեկանից կամ ցորենից գարեջուր են պատրաստում, գարեջրից սպիրտ են թորում, այդ սպիրտը 3-10 տարի պահում են ներսի կողմից խանձած կաղնի տակառների մեջ, հետո սպիրտը բացում են թորած ջրով, հետո վիսկին լցնում են շշերի մեջ, 5-8 ամիս պահում բացարձակապես մութ մառաններում, որից հետո այն պատրաստ է համարվում խմելու համար: Ահա ողջ գաղտնիքը: Չի բացառվում, իհարկե, որ Փարաքարում վիսկին պատրաստում են կարմիր գլուխ սոխից, բայց շոտլանդացիները դեռ չեն հասել այդ մակարդակին:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Ananun
    Փետրվար 16th, 2009 at 19:44 | #1

    Sireli Nikol,

    Shat urax em, vor sksetsi kardal qo’ @ndhatakits grvats ejer@: Yev uzum em asel, vor menak ches: Yes el nuin serundin em patkanum yev inch-vor pah yerkuss el Lragrum enq ashkhatel: Yerb kardatsi qo kensagrutiun@, mtqis yekan im yev mer serndits mi qani hogu glkhin sarqats gortser@ - parzvum e’ aid shrjanum bavakan gerazantsov sovorogh yev hraparakaynoren qaghaqakan qnnarkumneri mej nergravvats mi sharq usanoghneri hamalsaranits heratsrel en inchpes angliatsinern en asum “based on bizzare facts”: Nranq ov qer ozhandakel ein mer heratsman@ okh pashtonner unen u shat lav en zgum irents: Menq, sakayn, inqnaqsormamb enq zbaghvats u der chenq karoghanum haskanal’ ardyoq mer hamaqaghaqatsiner@ uzum en mer nerkayutyun@, te lav en zgum nman ishkhanutiunneri oroq? Incheve, urax em, vor inch vor payqar ka, inch-vor tegh: Yete karogh enq ognel, mez lur tur:

  1. No trackbacks yet.