> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԱՆԳՆԵՑՐՈՒ` ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ

ԿԱՆԳՆԵՑՐՈՒ` ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ

7-ըԱյն, ինչ տեղի է ունենում «Յոթի գործով» դատավարության ընթացքում, թերեւս հասկանալի չէ նրանց, ովքեր խորությամբ չեն ճանաչում հայաստանյան իրողությունները կամ չեն մարսել գործող ավազակապետական համակարգի նրբությունները։ Իսկ այդ նրբությունները ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ նպատակ է հետապնդում դատական այս պրոցեսը, եւ ինչպես է աշխատում արդի դատական համակարգը։ Սույն դատավարության նպատակը ոչ թե տեղի ունեցած իրողությունները պարզելն ու մեղավորներին հայտնաբերելն է, այլ պրոցեսը հնարավորինս անաղմուկ վերջին հասցնելը, նպատակը այն պահին հասնելն է, երբ Մացոն վազի խորհրդակցական սենյակ եւ այնտեղ կայացնի իր «արդար» դատավճիռը։ Դատական համակարգը այսօր վեր է ածված խուլ եւ կույր մի բութ գործիքի, որը, երախը բացած, սպասում է, որ զոհը մտնի իր բերանը, որից հետո, համաձայն թայմերով հաստատված ռեժիմի, փակվում է գազանի երախը` զոհին ուղարկելով համապատասխան տեղեր։ Իսկ դատական պրոցեսը ոչ այլ ինչ է, եթե ոչ պոտենցիալ զոհին, տվյալ դեպքում` «Յոթի գործով» քաղբանտարկյալներին դեպի դատական արյունարբու համակարգի երախը տանող կոնվեեր։ Ասվածում ոչ մի չափազանցություն չկա, սա այն գործընթացն է, որ ուղենշված է, իսկ մնացած մանր-մունր բաները` արարողակարգը, օրենքներով նախատեսված ինչ-որ պրոցեդուրաներ, ընդամենը այս պրիմիտիվ գործողությունը քողարկելու համար են ստեղծված։ Էական չէ, թե ինչ կպարզվի դատարանում, ինչ փաստեր ջրի երես դուրս կգան, ինչպես իրենց կպահեն տուժողներն ու վկաները, ինչքանով տեղի ունեցածը եւ ունեցողը կհամապատասխանի օրենքին։ Այս ամենը փաթթած ունեն մեծ գլխով Մացոն եւ բառիս բուն իմաստով Փիլոյանը։ Նրանք սպասում են իրենց աստեղնային ժամին, երբ Մացոն կմտնի խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու։ Եւ կբարձրաձայնի Սերժ Սարգսյանի կայացրած դատավճիռը։ Նրանք միայն մի նպատակ ունեն` դատը հայտարարել ավարտված, վճիռը` կայացված։ Այն վճիռը, որ արդեն կայացվել է եւ կայացվել է բուն դատարանի պատերից շատ ու շատ այնկողմ։ Ահա սա է այն իրողությունը, որի արդյունքում էլ ստեղծվել է առկա իրավիճակը։ Եւ այն, ինչ կատարվում է դատարանում, պայքար է այս սցենարի իրագործման եւ չիրագործման միջեւ։ Ավազակապետությունը փորձում է ամեն ինչ անել, որ այս սցենարը իրականանա, եւ քաղբանտարկյալների գլխի տակ փափուկ բարձեր դնելով կամ էլ` հարկադրաբար, նրանց հասցնեն մինչեւ «արդար դատավճռի» ժամը։ Իսկ քաղբանտարկյալները, բնականաբար, հասկանում են, թե ինչի համար է այս շոուն, եւ բնականաբար, ունեն մի խնդիր` կամ պետք է ընթանա իրական, այսինքն` օրինական դատավարություն, կամ դատավարություն չպետք է ընթանա։ Երկընտրանքը շատ պարզ է, եւ սա ոչ միայն այս գործով մեղադրվողների, այլեւ ողջ հասարակության երկընտրանքն է։ Այս դատական համակարգը, ի դեպ, ինչպես եւ ողջ ավազակապետական ռեժիմը, իր մտադրությունները առանձնապես չի թաքցնում հանրությունից։ Նրա ուղերձը հանրությանը մեկն է` «ես քեզ սպանելու եմ, ես քեզ դատելու եմ, ես քեզ հետապնդելու, խոշտանգելու եւ հարստահարելու եմ. կանգնեցրու ինձ, եթե կարող ես»։ Այս իմաստով, ավազակապետությունը շատ ազնիվ է Հայաստանի հանրության հետ։ Եւ թե ինքը` հանրությունը, չկանգնեցնի ավազակապետությանը, նա ինքը երբեք, երբեք չի կանգնելու։ Թող հանրության յուրաքանչյուր անդամ հիշի` չի լինելու համաներում, չի լինելու քաղբանտարկյալների ազատ արձակում, չի լինելու կոռուպցիայի դեմ պայքար, չի լինելու արդար ընտրություն, չի լինելու օրենքի գերակայություն, քանի դեռ մենք բոլորս չենք կանգնեցրել ամենաթողության ու ապօրինության պատճառ դարձած այս մարդակեր մեքենան։ Ավազակապետությունը չի կանգնելու երբեք, քանի դեռ մենք ինքներս չենք կանգնեցրել նրան։ Եւ ի դեպ, այսօր չջարդվելու դեպքում այդ մեքենան վաղը նույն ախորժակով խժռելու է Մնացական Մարտիրոսյանի, Կորյուն Փիլոյանի, Աղվան Հովսեփյանի եւ մյուսների ժառանգներին։ Ոմանք կմտածեն, որ հանուն այս օրվա` արժե քաջառողջություն մաղթել ավազակապետությանը։ Բայց դե, դա սադիզմ է, կատարյալ սադիզմ։ Ավելի լավ է արդարադատությունը պատժի Մացոյին, Փիլոյին, W Աղվանին` խարանը հանելով նրանց ժառանգների վրայից։

Հ.Գ. Նույն տրամաբանությամբ, ավազակապետությունը աշխատում է այլ ոլորտներում եւս։ Վերցնենք ընտրական համակարգը. ընտրական պրոցեսում ավազակապետությունը մի խնդիր ունի` իրադարձությունները հասցնել այն ժամին, երբ ԿԸՀ-ն պետք է արդյունքներ հայտարարի։ ԿԸՀ-ի թվեր հայտարարելու ժամն է կարեւոր, իսկ ԿԸՀ-ն հայտարարում է այն թվերը, որ իրեն հանձնարարում են, եւ այդպիսով խաղը համարվում է ավարտված։ Նույն տրամաբանությունն է նաեւ ոստիկանության գործողությունների մեջ. ինքը «կանկրետնի» քո նկատմամբ անում է ամենալկտի, ամենացինիկ ապօրինությունը։ Եւ ուզում է, որ դու ենթարկվես իր ցինիկագույն ապօրինությանը։ Հետո կբողոքես, ինչ կանես` դա քո խնդիրն է, այ Մոսկա։ Այս պահին ինքն անում է այս ապօրինությունը եւ անում է ափաշքյարա։ «Կանգնեցրու ինձ, եթե կարող ես»,- ասում է նա` երեսիդ խնդալով։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 19, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Էդուարդ
    Մարտ 19th, 2009 at 09:55 | #1

    Նիկոլ ջան քո այս գրածով դու ապացուցում ես, հերթական անգամ, որ Հայաստանում սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ իշխանափոխություն: Բայց մյուս կողմից, Լևոնը դեմ է ուժով իշխանափոխությանը: Բա ինչ անենք ???????
    Ավազակապետության վերջնական ձևավորումը, կարծրացումը կլինի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ ուղակի կնկարեն արդյունքները: Դու քո հոդվածում կոչ ես անում կանգնացնել: Ես հարց եմ տալիս ոնց եղբայր, ինչպես ??? Մենակ խնդրում եմ չասես միտինգներով, որովհետև դա ուղակի կնշանակի մակարոնները կախել…Ես չեմ ասում գնանք ինչ որ բան գրավենք, տանք ջարդենք փշրենք, բայց մյուս կողմից այսպես ապրել արդեն անհնարին է…Եկեք չվիրավորենք բռնապետերին ու բռնապետությանը. Հայաստանը կամաց-կամաց դառնում է, վերածվում է մի այնպիսի զզվելի զանգվածի, մի ահռելի ՄԵԾ ԿԵՂՏԻ, որ առավոտյան արթնանում ես, քո մաքուր անկողնում զգում ես էտ կեղտը, էտ տականքը…

  2. Սուրեն
    Մարտ 20th, 2009 at 16:47 | #2

    Էդուարդ ջան, Տեր-Պետրոսյանի ընտրած ճանապարհի առավելություններն այնքան շատ են, որ ես երկու ձեռքով կողմնակից եմ դրան: Դուք խնդիրը դիտարկում եք միայն այս վարչախմբից ազատվելու համատեքստում, մինչդեռ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք իմաստուն քաղաքական գործիչը պարտավոր է հաշվի առնել: Հավատացեք` այս ճանապարհով հասած հաղթանակի համար հետագայում պատմաբանները Լևոնի մասին շաաատ լավ-լավ բաներ կգրեն: Իսկ որ հաղթանակն անխուսափելի է, ես ուղղակի չեմ կասկածում:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  3. Armen M.
    Մարտ 22nd, 2009 at 00:40 | #3

    Eduard jan,sranq tgherqin(hatkapes ayd)bantarkel en vorovhetev nranc achqerum tesel en “mah imaceal@”,dranov pordzelov kasecnel aliq@.Erb sranq boloris achqerum ktesnen nuyn@ -kpaxchen

  1. No trackbacks yet.