> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

«ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

(c) Chris Wilder Smith

(c) Chris Wilder Smith

Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկը` հայ-թուրքական հարաբերությունների հարցը, այս օրերին օրակարգային է ԱՄՆ-Թուրքիա, Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-Ռուսաստան, Ռուսաստան-Վրաստան, Վրաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում։ Ահագնացող այդ քննարկումների ամենապասիվ մասնակիցը, սակայն, որքան էլ պարադոքսալ հնչի` Հայաստանն է, որը փաստացի` դուրս է մնացել պրոցեսից, եւ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը ըստ էության զանգի է սպասում` տեղեկանալու համար, թե ինչպես լուծվեց հարցը։ Իսկ հարցի լուծումը կամ չլուծումը տեղի է ունենալու այն մոտիվացիաների ու շահերի բախման արդյունքում, որ ունեն այս մեծ խաղի մեծ մասնակիցները։

No, we can’t

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կանգնած է ծանր ընտրության առաջ։ Մի կողմից, նա պետք է կատարի նախընտրական շրջանում տված աներկբա խոստումը` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, մյուս կողմից` չի կարող փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հատկապես Կենտրոնական Ասիայում առաջացած պրոբլեմների ֆոնին` Թուրքիան որպես ստրատեգիական գործընկեր առավել մեծ նշանակություն է ստանում եւ շատ ավելի կարեւոր դառնում ԱՄՆ-ի համար։ Այս պայմաններում Օբամայի համար լավագույն լուծումը կլիներ այն, որ նա Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու շատ ծանրակշիռ պատճառ ունենար։ Այդ պատճառը կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը, սակայն չի բացառվում, որ Օբաման ավելի ծանրակշիռ պատճառ ցանկանա տեսնել` հայ-թուրքական սահմանի բացման տեսքով։ Այսինքն` փորձի գործի դնել «Սահմանի բացում` ցեղասպանության չճանաչման դիմաց» բանաձեւը։ Այս սցենարով հայ-թուրքական սահմանի բացումը մինչեւ ապրիլի 24-ը անհավանական չի թվում, մանավանդ, որ ստեղծված իրավիճակում սահմանի բացմամբ շահագրգիռ է նաեւ Ռուսաստանը, որը մինչեւ օրս այդ պրոցեսի թիվ մեկ խոչընդոտն էր։ Բայց ահա Ռուսաստանի շահագրգռվածությունը կարող է այս անգամ էլ սահմանի բացմանը լրջորեն խանգարող գործոն դառնալ։

Ռուսական ռուլետկա

Հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման ռուսական շահագրգռության մոտիվները պարզ դարձան դեռ 2008 թվականի ամռանը եւ դրանք մինչեւ օրս էլ փաստացի չեն փոխվել։ Այդ շահագրգռության առանցքը հակավրացական է։ Ռուսաստանը կարծես չի հրաժարվել Վրաստանը հետագայում էլ մասնատելու ծրագրից, եւ այս խնդիրը դժվար կլինի իրականացնել առանց հայկական գործոնի ակտիվացման։ Իսկ ստեղծված իրավիճակում հայկական գործոնի խաղարկումը այնքան էլ հեշտ գործ չէ, որովհետեւ Վրաստանն, այնուամենայնիվ, Հայաստանի կյանքի ճանապարհն է, եւ հարեւան երկրում կենտրոնախույս պրոցեսների հարուցումը կարող է ճակատագրական լինել նաեւ Հայաստանի համար։ Սակայն` եթե Հայաստանը Թուրքիայով երկաթուղային եւ ոչ միայն երկաթուղային ճանապարհ ստանա, Ռուսաստանը այլեւս չի ընդունի հայկական կողմի ոչ մի հակափաստարկ` ընդդեմ Ջավախքյան շարժում սկսելու, եւ ինքն էլ ավելի ազատ կլինի Վրաստանի հետ իրականացվող գործողություններում։ Ըստ էության թափանցիկ այս պլանը կարդում են ոչ միայն Վրաստանում, այլեւ ԱՄՆ-ում եւ Թուրքիայում, եւ այս իմաստով` հայ-թուրքական սահմանի բացումը նրանք անխուսափելիորեն կդիտարկեն նաեւ ռիսկային իմաստով։ Այսինքն` մնացած հարցերից բացի` դեռ պետք է պարզվի, թե արդյո՞ք սահմանի բացումը լրջագույն պրոբլեմներ կառաջացնի տարածաշրջանի եւ ավելի կոնկրետ` ԱՄՆ հովանավորյալ Վրաստանի համար։ Այս հարցի պատասխանը կփորձեն ստանալ ԱՄՆ ղեկավարները` ՌԴ ղեկավարության հետ ունեցած շփումների ընթացքում։

Թուրքերը մտածում են

Հայ-թուրքական սահմանի բացումը, թերեւս, Թուրքիային հարյուր տոկոսով կարող է երաշխիք տալ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Բայց այդ երաշխիքը Թուրքիան կարող է ունենալ միայն այս տարի։ Իսկ ի՞նչ է լինելու հաջորդ տարի, ի՞նչ է լինելու հետագա տարիներին, արդյո՞ք ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ-ում նույնքան չի ահագնանալու հայ-թուրքական սահմանի բացումից մեկ, երկու, երեք տարի անց։ Այս հարցի պատասխանը ոչ ոք չի կարող տալ, ոչ ոք չի կարող նման երաշխիքներ մատուցել Անկարային։ Սա նշանակում է, որ Թուրքիան պետք է ամեն ինչ անի սահմանի բացման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ մեծ աղմուկ ստեղծելու համար` փոխարենը փորձելով չանել ոչ մի կոնկրետ քայլ։ Սահմանի բացումը Թուրքիայի համար պրոբլեմատիկ է նաեւ Վրաստանի, այսպիսով նաեւ` նրա տարածքով անցնող Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Սուփսա գազամուղի հետագա ճակատագրի տեսակետից։ Հիշեցնենք, որ այդ խողովակաշարերը ավարտվում են Թուրքիայում, ասել է թե` նրա համար շատ մեծ նշանակություն ունեն։ Մյուս կողմից, այդ խողովակաշարերը սկիզբ են առնում Ադրբեջանում, որը հասկանալիորեն պետք է դեմ լինի հայ-թուրքական սահմանի բացմանը։ Եւ ուրեմն` հարցը Թուրքիայի համար որոշակի սպառնալիք է կրում նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։ Եթե առանց Ղարաբաղի հարցի կարգավորման Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, Ադրբեջանում դա կդիտվի որպես դավաճանություն։ Բայց սա կունենա կոնկրետ աշխարհքաղաքական հետեւանքներ. Ադրբեջանը իրեն ավելի անպաշտպան կզգա Ռուսաստանի առաջ` եւ ստիպված կլինի գազային հարցում նրան զիջումներ անել, ինչը կնշանակի, որ Թուրքիան կարող է կորցնել Եվրոպայի վրա գազային լծակներ ձեռքբերելու հեռանկարը։ Թուրքիան, իհարկե, կարող է Ադրբեջանի համար փաստարկներ բերել, թե սահմանի բացումը կխթանի ԼՂ հարցի կարգավորումը։ Այդ փաստարկները անհիմն չեն լինի, բայց Ադրբեջանը դրանք կդիտի որպես չափազանց խճճված։ Այնպես որ, մինչեւ ապրիլի 24-ը ԼՂ հարցով որեւէ փաստաթղթի ստորագրումը կարող է էականորեն փոխել իրերի դրությունը այս հարցում։ Այսուհանդերձ, Թուրքիան վերջին պահին կարող է ոչ միայն պոզիտիվ, այլեւ նեգատիվ իմաստով փոխել իր պահվածքը եւ կոշտ դիրքորոշում որդեգրել, ինչպես դա տեղի ունեցավ Իսրայելի հետ հարաբերություններում։ Անկարան կարող է ԱՄՆ-ի առաջ հարցը «չորով» դնել` կամ այսկողմ, կամ այնկողմ։ Դժվար է ասել, թե նման պարագայում ԱՄՆ-ն ինչ որոշում կկայացնի. մեծ է հավանականությունը, որ Ցեղասպանության ճանաչումը իրերի այսպիսի դրության պայմաններում ԱՄՆ-ին այնքան էլ կարեւոր չթվա։

Ադրբեջան-Վրաստան

Ստեղծված իրավիճակում մեր հարեւան երկու երկրները, թերեւս, ունեն նույն շահագրգռությունը. թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության մեծացումը տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ այդ երկրները պետք է շահագրգիռ լինեն տարածաշրջանում Ռուսաստանի ներկայացուցիչ Հայաստանի համար նպաստավոր զարգացումներ թույլ չտալու գործում։ Հայ-թուրքական սահմանի բացումը միանշանակ դրական է Հայաստանի համար, իսկ սա նշանակում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը այս հարցում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի վրա ազդեցություն գործելու միջոցներ պետք է ձեռք առնեն։ Սակայն ամբողջ բարդությունն այն է, որ առայժմ հասկանալի չեն ԱՄՆ նոր վարչակազմի պատկերացումները, մասնավորապես` Վրաստանի հետ հարաբերությունների իմաստով։ Իսկ Ռուսաստանը կփորձի Ադրբեջանին համոզել, որ Աբխազիայից եւ Օսեթիայից հետո Վրաստանից պոկվելու նույնպիսի իրավունք ունեն նաեւ Վրաստանի ադրբեջանցիները։ Իհարկե, Իլհամ Ալիեւից չի երեւում, թե նա կոգեւորվի այսպիսի մտքով, եւ նրա հիմնական նպատակը պետք է լինի վերջին տասը տարիներին ծայր առած պրոցեսը` Հայաստանին մեկուսացնելու մարտավարությունը շարունակելը։ Թե որքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը։

Հայաստան

Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար մեծ հաջողություն կլինի եւ ճեղքում կդառնա այսօրվա լճացած իրականության համար։ Իրադարձությունների այսօրինակ զարգացումը, սակայն, ի հայտ կբերի եւս մեկ հետաքրքրական փաստ։ Մասնավորապես, կպարզվի, որ դեպի Մարգարայի անցակետ տանող ավտոճանապարհի մերձակա հողերի մեծամասնությունը վաղուց պատկանում են Հայաստանում հայտնի օլիգարխների։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 17, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Աշոտ
    Մարտ 17th, 2009 at 23:02 | #1

    Նիկոլ ջան շատ հետաքրքիր ու օգտակար հօդված էս գրել:
    Շորհակալություն

  1. No trackbacks yet.