> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Նամակ Hakob-ից

Նիկոլ Փաշինյան. ասուլիսԲարև հարգելի Նիկոլ: Քեզ գրում է «Իշխանափոխությունն անխուսափելի է» հոդված-կոչի հեղինակ Հակոբ Հակոբյանը: Շնորհակալ եմ պատասխանի համար և ուրախ եմ, որ Արցախի հարցում կոնգրեսում էլ իշխում են այն նույն տրամադրությունները, ինչ ազգի մեծամասնության մոտ: Ճիշտն ասած, նույն հոդվածը հանրահավաքից երկու շաբաթ առաջ ուղարկվել էր նաև «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն, և չնայած պատասխանատուների հավաստիացումներին, որ այն ամենայն հավանականությամբ կտպագրվի (կապված հոդվածի արդիականության հետ), ցավոք` չտպագրվեց: Մի փոքր հումորով նկատեմ, որ դրան հակառակ շոշափվում էին շարժումից և մեր այսօրվա դարդ ու ցավից բավական հեռու թեմաներ (մասնավորապես` նախահանրահավաքային փետրվարի 28-ի համարում զետեղված հայտնի գրականագետի գեղարվեստական պատմվածքին և ֆուտբոլային աշխարհին վերաբերող «անչափ հրատապ ու հետաքրքիր» երկու էջ զբաղեցնող նյութերը): Սա` իմիջիայլոց, հարգելի Նիկոլ: Սա վերագրենք տեխնիկական փոքր թերության: Իսկ հիմնականն այն է, որ գտնվելով ընդհատակում, բազում զրկանքներ կրելով` անմիջական ազդեցություն ունենալ շարժման ուղղվածության վրա, կատարել հիրավի հոյակապ վերլուծություններ, անտեսված չթողնել քեզ ուղղված և ոչ մի հարց, միաժամանակ ղեկավարել Հայաստանի արդի ամենամասսայական թերթի աշխատանքները. իսկապես հերոսություն է:

Այժմ, հարգելի Նիկոլ, կցանկանայի իմանալ քո կարծիքը ամենագլխավորի` մեր վերջին մարտիմեկյան հանրահավաքի կապակցությամբ: Ժողովրդի քանակի ապահովման առումով, ակնհայտ էր, որ կատարվել էր հսկայական աշխատանք: Միանշանակ այն ամենաբազմամարդն էր 2008թ. Մարտի 1-ից հետո: Դա բոլորիս աշխատանքն էր ու ագիտացիայի արդյունքը և եթե ոչ գերազանց, ապա կարելի էր գնահատել բավարար: Բնականաբար յուրաքանչյուրիս համար էլ ցանկալի է, որ մեզ միանան մարդկանց նորանոր շերտեր: Բայց դրան հասնելու համար արդյո՞ք արդյունավետ ենք օգտագործում արդեն իսկ բազմաքանակ համակիրների պոտենցիալ ուժն ու ոգին: Հանրահավաքներին չմասնակցող մի ստվար զանգված խիզախում է միանալ շարժմանը միայն հզոր հանրահավաքների դեպքում: Անընդհատ մեծացող ձնագունդ ստանալու համար պիտի առաջին հերթին փոքր ձնագնդիկն ամրացվի: Նկատի ունեմ ոստիկանապետի (իրականում անարժեք) հոխորտանքները խելացիորեն անտեսած բոլոր մասնակիցների նախնական ակտիվության, տրամադրվածության և բարձր ոգու պահպանումը: Ես չեմ կարծում, որ սուր, թեկուզ փոքր ինչ էմոցիոնալ ելույթները, նաև հավաքների հաճախակիությունը շարժմանը պիտի ուղղորդեն դեպի նախագահականի գրավումը: Նոր խավերի ընդգրկման համար մեզ հատկապես սա՛ է անհրաժեշտ: Ընդհուպ` կոալիցիոն ուժերի մեջ էլ արդեն փորձեր են կատարվում գիտակցելու, որ այս, մեղմ ասած ապաշնորհ ղեկավարները, իսկապես իրենց տեղում չեն: Պարզապես ավելի վստահ ու համոզիչ պիտի ներկայացնենք դրա ճշմարտացիությունը: Ինչ վերաբերում է ծայրահեղ մոտեցմանը` հեղափոխության կամ հեղաշրջման թեմային (որն ըստ էության նույնն է), դրա սպառիչ գնահատականը տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ որի` բռնությամբ իշխանության եկածը կարող է նոր բռնատիրություն ստեղծել: Ամեն դեպքում, թեկուզ տեսականորեն, ինչպիսի ռադիկալ միջոցներ էլ կիրառվեն այս ապօրինի իշխանությունների դեմ` զուտ իմաստային առումով ես նույնիսկ հեղաշրջում էլ չէի որակի, քանի որ իրականում հեղաշրջումը իրենց կողմից է իրականացվել, իսկ ժողովուրդը ընդամենը փորձելու է այն վերադարձնել տիրոջը: Սակայն պակաս ծայրահեղություն չէի համարի նաև իշխանական բուրգի փլուզմանը հանգիստ սպասելը: Տնտեսական փլուզումը, իհարկե, աներկբա է: Դա, իհարկե, կհամալրի մեր շարքերը: Այն հավանաբար կարող է բերել կառավարության հրաժարականին: Բայց, որ առանց մեր ամենօրյա, աստիճանաբար հզորացող հանրահավաքների և առանց քաղաքակիրթ երկրներում ընդունված (սրանց բռնատիրական օրենքներով սահմանափակվող) ամեն տեսակի տպավորիչ ակցիաների` ոչընտիրը, առավել ևս ողջ իշխանությունը, կարող են ընդունված նորմերը հարգելով, բարոյականությունից դրդված հրաժարական տալ. շատ կասկածելի է:

Ինչևէ, լինենք լավատես և սպասենք ցանկալի ժամին, որն անխուսափելիորեն մոտ է: Անկասկած, մենք հավատում ենք մեր նախագահի մտքի զորությանը, և յուրաքանչյուր պահի պիտի պատրաստ լինենք հավաքվելու շատ ավելի հուժկու հանրահավաքի: Իսկ այդ ժամանակ, արդեն, Մաշտոցի պողոտայով ո՛չ թե այնպես պիտի քայլենք, որ հարևան շենքում լռության մեջ սերիալների «բազմաբովանդակ» ճիրաններում խճճված անձնավորությունը չնկատի էլ հարյուր հազարանոց բազմությանը, այլ այնպե՛ս քայլենք, որ վերջինիս ոտքերը, տիրոջից անկախ, նրան տանե՛ն դեպի ազատ հասարակություն խորհրդանշող այդ բազմությունը:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ. եկեք բոլորս մեզ համար ճշտենք, թե ինչ նկատի ունենք վճռական գործողություն ասելով: Իմ պատկերացմամբ` վճռական գործողությունը շուրջօրյա հանրահավաքն է, անընդհատ պիկետները, երթերը, ավտոերթերը, գործադուլները, դասադուլները, եւ մարդկանց այս իրավունքի նկատմամբ ոտնձգությունների իրականացման դեպքում` մարդկանց ինքնապաշտպանության իրավունքի իրացումը: Հիմա, թող որեւէ մեկը ասի, որ այս ամենը հակասում է Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքի կամ որեւէ միջազգային կոնվենցիայի: Չկա նման բան, այս ամենը մաքուր օրինական, սահմանադրական գործողություններ են: Եւ էլի եմ ընդգծում` Տեր-Պետրոսյանը չի ժխտում այս մեթոդների կիրառելիությունը մեր պայքարում: Հիմա հաջորդ հարցը` արդյո՞ք այս մեթոդը կարող է իշխանափոխության բերել: Միանշանակ այո, եթե դրանք իրականացվեն պատշաճ մակարդակով, եւ հստակ ձեւակերպվի, թե որն է այս ակցիաների նպատակը: Այս ակցիաների նպատակը իշխանությանը զրկելն է մեզ կառավարելու հնարավորությունից: Այս ակցիաները պետք է կաթվածահար անեն այն համակարգը, որի միջոցով իշխանությունները իրենց այդպիսին են համարում: Այսինքն` կոպիտ ասած, այն առօրյան, որը այսօր տեղի ունի ամեն օր, պետք է կաթվածահար լինի: Մարդիկ պետք է դուրս գան փողոց եւ մնան այնքան, քանի դեռ իշխանությունը ինքը կաթվածահար չի եղել: Իսկ այսօրվա պրոցեսների պայմաններում սա իրականանալի խնդիր է: Մարտի 1-ի հանրահավաքը սա հստակ ցույց տվեց, եւ այդ օրը ակնհայտ դարձավ, որ մի փոքր ուրիշ հոգեբանական ուղերձը հանրության վճռորոշ մեծամասնությանը դուրս է բերելու փողոց: Եւ կարեւորն այն է, որ Կոնգրեսի ղեկավարությունը, էլի եմ ասում, սա պայքարի ընդունելի ձեւ է համարում, մանավանդ որ այս պայքարը լիարժեք տեղավորվում է սահմանադրական ճանապարհի լայնության մեջ: Եւ ի դեպ, վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկայում նման զարգացումների հնարավորությունները միայն մեծանալու են: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.