> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 16.-20.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 16.-20.

16. Հայիր զքեզ

17. Սենյակ N1

18. Ֆրաու Էլիզաբեթի առեղծվածը

19. Դրժած պայման

20. Ուղիղ զրույց

* * *


16. Հայիր զքեզ

Երկար ժամանակ մտածում էի այս գրվածքիս նախորդ գլուխը վերնագրել «Գնացքից թռչելու ժամանակը»: Ի վերջո, սակայն, այդպես չվարվեցի, որովհետեւ հասկացա, որ վերնագիրը ինչքան էլ բարեհունչ` կորցրել է արդիականությունը եւ գոյություն ունի միայն որպես թանգարանային նմուշ:

Իսկ գնացքը իսկապես մեկնել էր` ինձ թողնելով Վիսբադենում: Ավելի ճիշտ` ե՛ս չէի ցանկացել մնալ մի գնացքում, որտեղ «մի շուն տաճիկ հայհոյեց իմ ազգը»: Իսկ ինչո՞ւ ես նրա մռութին չհագցրի. մի քանի պատճառներով: Առաջինը քաղաքական էր. եթե ես այդպես վարվեի, ինձ կտանեին ոստիկանատուն, որտեղ մեծ հավանականությամբ իմ ինքնությունը կպարզվեր: Լուրը կայծակնային արագությամբ կհասներ Հայաստան: Երեկոյան «Հայլուրը» մի հոյակապ ռեպորտաժ կպատրաստեր` մոտավորապես հետեւյալ տեքստով. «ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու, իշխանության յուրացման գործի մասնակիցներից մեկը սպառնում է նաեւ Եվրոպայի սահմանադրական կարգին եւ ողջ Արեւմտյան քաղաքակրթությանը: Նա զանգվածային անկարգություններ է հրահրել Հռենոսի աջ ափին: Լյուֆտվաֆեի եւ Վերմախտի վճռական գործողությունների արդյունքում, սակայն, Արեւմտյան քաղաքակրթությանը սպառնացող վտանգը չեզոքացվել է: Ցավոք, զոհեր չկան: Ի դեպ, ոստիկանների կողմից առգրավված ճամպրուկում գտնվել է ՀՀ իշխանությունը, որը նշված անձը յուրացրել էր դեռեւս երկու ամիս առաջ»: Հետո եթերում իրավիճակը կմեկնաբանի Դհոլը. «Ես ուզում եմ հիշեցնել Հաագայի դատարանի` իմ կողմից շատ հարգված դատախազ Կառլա Վլադիմիրովնա դել Պոնտեին, որ նա նրան «սուկա» է անվանել եւ վիրավորել է նրա կուսական հոգին: Ավելին, նա իմ կողմից շատ հարգված ամերիկացիներին, իմ կողմից շատ հարգված եվրոպացիներին, իմ կողմից երիցս հարգված ռուսներին «գանդոն» է ասել: Ա՛յ մարդ, մեզ ասում ես` հասկացանք, էդ խեղճերից ի՞նչ ես ուզում: Ես ներողություն եմ խնդրում նրա ասած զազրելի բառերը կրկնելու համար, բայց, ավա~ղ, դա հարկավոր է այդ անձի վտանգավորության աստիճանը հասկանալու համար…»:

- Այդ դեպքում դրանք կրկնեք մի 15 անգամ, բայց եթե կարելի է, վերջին հինգ անգամը ավելի արագ, - կխնդրի «Հայլուրի» հաղորդավարը…

Զգացի, որ մարդիկ ինձ են նայում, եւ սթափվեցի իմ հռհռոցի զրնգուն ձայնից: Ես Վիսբադենի երկաթուղային կայարանի սպասասրահի ամենակենտրոնում էի: Ոմանք ինձ նայում էին զարմացած, ոմանք` կարեկցող, իսկ ոմանք էլ` ժպտացող հայացքով:

- Ներողություն եմ խնդրում, - հնարավորինս բարձր ասացի ես եւ ուղղվեցի դեպի ելքը: Փորձում էի դեմքիս լուրջ արտահայտություն տալ, բայց զգում էի, որ տիտանական ջանքերիս արդյունքը ընդամենը ծամածռությունն է:
Իսկ Վիսբադենը հրաշալի տեղ էր: Սա այն քաղաքներից է, որտեղ ո՛չ շոգ է լինում, ո՛չ էլ ցուրտ. այսպիսի կլիմա ունեցող քաղաքը, բնականաբար, պետք է առողջարանային լինի: Այստեղ բազմաթիվ առողջարաններ կան, հանքային ջրեր, մարդիկ այստեղ գալիս են ցեխի վաննաներ ընդունելու:

Կայարանից դուրս գալով եւ աջ ու ձախ մի քանի հայացք ձգելով` շատ արագ հասկացա, որ այս քաղաքում կարելի է մի քանի օր մնալ: Կանաչի մեջ կորած, գարունով անուշահոտ Վիսբադենը ժպտում էր ինձ, եւ ետ դառնալը, առանց զրույցի ու հրաժեշտի հեռանալը անքաղաքավարություն կլիներ իմ կողմից, անդաստիարակություն:

Ախորժակս էլ չէր կարող չբացվել, մանավանդ որ գնացքի չարաբաստիկ ճաշը կիսատ էի թողել, իսկ կերածից ու խմածից որեւէ բան չէի էլ հասկացել:

Վիսբադենի գարնանային օդը մի քիչ շնչելուց հետո մտա մի գարեջրատուն, որը, ինչպես պարզվեց, սպորտային է: Այսինքն` մարդիկ այստեղ ոչ միայն ուտում են, խմում եւ զրուցում, այլեւ առաստաղից կախված բազմաթիվ հեռուստացույցների միջոցով հետեւում են սպորտային իրադարձություններին:

Ուտելիք պատվիրելու հարկ չկար, որովհետեւ այստեղ ինքնասպասարկում էր: Մոտեցա բուֆետին. վերցրի մի քանի ալաֆրանկի բաներ ու երկու հյութեղ կտոր խոզապուխտ: Բարմենը մի մեծ գավաթ գարեջուր լցրեց, ու ես տեղավորվեցի հեռուստացույցներից մեկի առաջ: Հետո փոշմանեցի ու տեղափոխվեցի պատուհանի մոտ, որտեղից երեւում էր երեկոյին պատրաստվող Վիսբադենի անցուդարձը:

Խոզապուխտը շատ լավն էր, շատ հյութեղ. «Մենք` հայերս, խոզի բուդը կա՛մ շատ չորացնում ենք, կա՛մ էլ հում ենք թողնում, այսպես երբեք չի ստացվում»,- հակառակի պես մտածեցի ես: Հակառակի պես, որովհետեւ գարնանային Վիսբադենը օգնել էր մոռանալ Էրվինին ու նրա ասածները, բայց հյութեղ խոզապուխտը կարծես կյանք տվեց սովից սատկած թեմային:

Բարեբախտաբար, ախորժակս չփակվեց, բայց թեման պարպել կարծես ստիպված էի: Թեման իմ մեջ նորից ծառացավ առանց էմոցիաների. մի հարցի ձեւով` արդյո՞ք Էրվինը ճիշտ է տեսել Հայաստանը, արդյո՞ք նա ճիշտ էր նկարագրում Հայաստանը: Էրվինի մռութին հագցնելու ցանկությունս դեռ լրիվ չէր մարել, բայց ես ստիպված էի խոստովանել, որ նրա ասածի մեջ ճշմարտության մեծ, շատ մեծ չափաբաժին կար: Մենք իսկապես անընդհատ ուզում ենք ուրիշներին ինչ-որ բան ապացուցել, բայց ոչ մի անգամ չի եղել, որ նստենք ինքներս մեր դիմաց, նայենք ինքներս մեր աչքերին ու խոսենք ինքներս մեզ հետ. ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ ինքներս մեզ հասկանալու համար: Այդ խոսակցության անհրաժեշտությունը կարծես շատերն են ընդունում, բայց երբ որեւէ մեկը դա անելու փորձ է անում, սկսվում են անհեթեթ փնթփնթոցները թուրքի ջրաղացին ջուր լցնելու, կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանելու եւ այլնի մասին:

Բայց ես լսել եմ, ավելի ճիշտ` մասնակցել եմ մի սերբի ու մի գերմանացու խոսակցության, որտեղ գերմանացին պատմում էր իր տեսած Հայաստանի մասին: Այդ Հայաստանը մենք էլ ենք տեսնում, բայց նախընտրում ենք չխոսել այդ մասին, եւ այդ մասին խոսում են ուրիշները, խոսում են մեզնից թաքուն, իսկ մեզ ասում են այն, ինչ մենք ուզում ենք լսել, ավելին` պահանջում ենք, որ նրանք ասեն ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչ մենք ենք ճշմարտություն համարում: Սա ինքնանվաստացման եւ ինքնաոչնչացման ճանապարհ է:

Արդյո՞ք մենք բարձրացնում ենք Նորավանքի արժեքը, երբ նրան ավելի բարձր ենք գնահատում, քան ինքը կա: Նորավանքը, ինչ խոսք, գլուխգործոց է, բայց մեր փոքր, անպաշտպան, շփոթված ժողովրդի գլուխգործոցն է: Գերմանացու համար նա գլուխգործոց չէ: Եթե անգամ ինքը ասի, թե Նորավանքը գլուխգործոց է, չհավատաք, որովհետեւ ինքը գիտի` եթե այդպես չասի, մենք վիրավորվելու ենք, կռիվ ենք տալու իր հետ:

Եվ մի՞թե մենք ամեն օր կռիվ չենք տալիս մեր երեխային «3» նշանակած ուսուցչի հետ: Մենք գիտենք, որ ուսուցիչը մի բան էլ բարձր է գնահատել: Բայց ի՞նչ կապ ունի` ձեռքը կկոտրվե՞ր, եթե «5» նշանակեր: Բայց մեր ձեռքն էլ հո կոտրված չէ` մի բան կկոխենք ուսուցչի ջեբը, «երեքը» «հինգ» կդառնա: Ուսուցիչն էլ կսովորի, որ առանց «ջեբը բան դնելու» պետք չէ ոչ ոքի «հինգ» դնել:

Մեր երեխան այսպես կավարտի դպրոցը, այսպես կընդունվի համալսարան, այսպես կդառնա քննիչ, դատախազ, հարկային տեսուչ, պետական պաշտոնյա ու այսպես կիրականացնի արդարադատություն, վերահսկողություն, բարեշրջություն, օրինականություն, դիվանագիտություն: Ու հերթական արտերկրյա պատվիրակին կտանի կկանգնեցնի Սիսիանի դիք-դիք քարերի գլխին, ֆրեզերնի ստանոկով ծակած քարերը ցույց կտա ու կասի` սա 8 չէ, 10 հազար տարվա հնության աստղադիտարան է: Ապա կասի, որ Սթոուն-հենջը, սրա հետ համեմատած, սիգարետի կրպակ է:

Ա՛յ ախպեր ջան, ախր Սթոուն-հենջի ամենափոքր քարը այստեղի ամենամեծ քարից երեք անգամ մեծ է: Կապ չունի, համ էլ հյուրը իրեն համեստ կպահի:

Ես տեսել եմ ճարտարապետական գլուխգործոցներ. Այա Սոֆիայի տաճարը, Սագրադա-Ֆամիլյան, Փարիզի Աստվածամոր տաճարը, բայց ինձ համար ամենասիրելի շինությունը Իջեւանի Խաչն է. 3X4 չափի մի մատուռ, ամենասովորական մի շինություն: Դրանից թանկ շինություն ինձ համար չկա երկրագնդի վրա: Բայց երբեք չեմ ասի, թե Իջեւանի Խաչը ճարտարապետական կոթող է, գլուխգործոց: Դա նույնն է, թե իմ սիրելի, շատ սիրելի տատիկի նկարը թերթի առաջին էջում տպեմ (ներիր ինձ, տատ) եւ տակը գրեմ. «Իմ տատիկը Ջինա Լոլոբրիջիտայից գեղեցիկ է»: Ես կարող եմ հույս ունենալ, որ իմ Մարիամը, որ կրում է տատիկիս անունը, կլինի աշխարհի ամենաչքնաղ աղջիկը: Եւ կունենա տատիկիս հոգին, տատիկիս սիրտը, նրա առաքինությունը, բայց ոչ երբեք ճակատագիրը:

Ես չեմ ապրում այն մտքով, թե Նորավանքը ճարտարապետական գլուխգործոց է, ես ապրում եմ այն մտքով, որ Հայաստանի ժողովուրդը դեռ կստեղծի ճարտարապետական գլուխգործոցներ:

17. Սենյակ N1

Խոզապուխտը կերա մինչեւ վերջին կտորը: Գարեջուրը, որի գոյության մասին գերմանացիները մեզնից` հայերիցս են իմացել, խմեցի մինչեւ վերջին կաթիլը:

Ես ըմբոշխնում էի Վիսբադենի գարունը: Երեւանում գարունը կարճ է, չափազանց կարճ. իսկ այս տարի գարունը ընդհանրապես չեկավ Երեւան: Ձմեռը, իհարկե, ավարտվեց, բայց չհեռացավ: Գարունը մոտեցավ, բայց չեկավ…

Գարնանամուտի մեջ է իմ Երեւանը, գարուն է բերելու իմ Երեւանը, այս տարի ուշ է գալու գարունը, բայց էլ չի գնալու, էլ չի գնալու…:

Վիսբադենում տարվա կեսը գարուն է, մյուս կեսը` գարնանամուտ: Այստեղ հյուրանոցները միշտ ծանրաբեռնված են, բայց ինձ նման մեկի համար հյուրանոցի համար գտնելը դժվար չէ, որովհետեւ իմ ուզածը ընդամենը «single room» է, այսինքն` մի տեղանոց սենյակ. Վիսբադենը մենակների քաղաք չէ, եւ այստեղ չզբաղված «single room»-երի առատություն է:

Այս հյուրանոցը ոչ թե ես գտա, այլ ինքը ինձ գտավ. եվրոպական իմաստով սա փոքր հյուրանոց էր` 30-35 սենյակով, ընդամենը երկու հարկանի: Շենքը կազմված էր հին եւ նոր մասերից. մուտքը, նախասրահը, ադմինիստրատիվ հատվածը եւ վեց սենյակներ երկրորդ հարկում. սա շենքի հին հատվածն էր: Իսկ նրա ետեւում թաքնվել էր նորակառույց հատվածը, որտեղ գտնվում էին ռեստորանը, բիլիարդի սրահը, փակ լողավազանը, շոգեբաղնիքը եւ բազմաթիվ սենյակներ երկրորդ հարկում: Նորակառույցը իսկապես թաքնվել էր հին շենքի ետեւում, որովհետեւ երբ նայում էիր հյուրանոցի ֆասադին, երեւում էր միայն ինքը ֆասադը, եւ եթե անգամ նրա ետեւում թաքնված նորակառույցը կիլոմետրերով երկար լիներ, ֆասադի ինքնությանը, հնությանը, հմայքին ոչինչ չէր սպառնա: Ֆասադը բաց էր նաեւ փողոցի կողմից. նրանց միջեւ միայն բծախնդրորեն մշակված սիզամարգ կար: Իսկ ահա մյուս երեք կողմերից շենքը օղակված էր թավ ծառաշարով, որ ընդհատվում էր միայն շենքի ետեւում գտնվող ամառային լողավազանին եւ թենիսի գրունտե կորտին տեղ տալու համար:

Ուշադիր հայացքը միանգամից կնկատեր, որ այս շենքում ինչ-որ ռոմանտիկ բան կա. անկեղծ ասած, ես սկզբում դա չնկատեցի, չնայած հյուրանոցի ոճը շատ գրավիչ էր ինձ համար:

Ինձ սենյակ հատկացրին հին հատվածում. անունն էր հին, ամեն ինչ համապատասխան էր նոր ժամանակներին:

Ֆրաու Էլիզաբեթին առաջին անգամ տեսա դիմացի սենյակից դուրս գալիս. մեր հայացքները հանդիպեցին, եւ նա, մեղմ ժպտալով, բարեւեց ինձ: Նրա մազերը խնամքով հարդարված էին, բնականին հնարավորինս մոտ գույնով ներկված: Հագնված էր համեստ, բայց վայելուչ: Հագին պիջականման ինչ-որ բան կար, որի վրա փայլում էր կրծքազարդ մի վարդ: Առինքնող հայացք ուներ այդ կինը…

Ֆրաու Էլիզաբեթը 85-90 տարեկան տատիկ էր:

Հաջորդ առավոտյան նրան տեսա նախաճաշի ժամանակ ռեստորանում: Նա նախաճաշում էր մոտ 50 տարեկան մի սիրունատես տիկնոջ եւ խնամված բեղերով մի թիկնեղ, մոտ 60-ամյա մի տղամարդու հետ:

Ես ավարտեցի նախաճաշս ու վեր կացա: Ֆրաու Էլիզաբեթի հետ նստած պարոնը ինձ հետ զուգահեռ վեր կացավ, մետաքսե անձեռոցիկով նրբորեն մաքրեց բերանը եւ մոտեցավ ինձ.

- Դուք մեր նոր այցելուն եք, այնպես չէ՞. հուսով եմ` լավ եք տեղավորվել,- ժպտալով ինձ դիմեց նա:

- Այո, շնորհակալ եմ, ամեն ինչ շատ լավ է:

- Առաջին անգա՞մ եք մեր հյուրանոցում:

- Նաեւ Վիսբադենում, նաեւ Գերմանիայում:

- Welcome, իսկ ինչպե՞ս գտաք մեզ:

- Գարեջրատանը բուկլետներ կային. ձեր հյուրանոցի տեսքը շատ գրավիչ է: Դուք տնօրե՞նն եք…

- Տնօրենը եւ սեփականատերը մեկ անձի մեջ. Էռնստ,- ձեռքը ինձ մեկնելով` ասաց նա:

Մենք ծանոթացանք, կարճ զրույցից իմացա, որ պարոն Էռնստի հետ նախաճաշող կանանցից մեկը նրա կինն է, մյուսը` մայրը` ֆրաու Էլիզաբեթը:

- Դեռ կհանդիպենք,- հրաժեշտ տալով` ասաց պարոն Էռնստը:

Ռեստորանից դուրս եկա դեպի բակ. ինչ-որ մարդիկ ծառուղու երկայնքով սեղաններ էին շարում. գարնանային սեզոնը լիարժեք բացվում էր: Ճաշեցի հենց այդտեղ` բացօթյա: Ապա մի քիչ շրջեցի քաղաքում, մի քիչ լող տվեցի ներսի լողավազանում, մի քիչ ինտերնետում քչփորեցի, հեռուստացույցի առաջ աչքս կպավ: Երբ արթնացա, արդեն երեկոյանում էր: Պատուհանից տեսա, որ մարդիկ քայլում են հյուրանոցը օղակող պուրակում: Որոշ ժամանակ անց ես էլ իջա:
Պարոն Էռնստը նույնպես ճեմում էր պուրակում. նա հերթով մոտենում էր իր հյուրանոցի զբոսնող բնակիչներին, հարցնում նրանց որպիսությունը, ջերմ ժպտում նրանց:

Վերջապես իմ հերթն էլ հասավ.

- Շատ լավ հյուրանոց ունեք, պարոն Էռնստ. հանգիստ քաղաք, ընդարձակ, ճաշակով հարդարված տարածք, հոյակապ շենք. հաճելի բիզնես է, կարճ ասած:

- Իրավացի եք: Սա ինձ համար ոչ այնքան բիզնես է, որքան արձակուրդ, հանգիստ: Սա իմ բնօրրանն է, իմ ծագումը,- ասաց պարոն Էռնստը:

Նրա խոսքերի իմաստը ես սկզբից լավ չհասկացա, բայց հետագա զրույցի ընթացքում շատ բան պարզ դարձավ:

Պարզվեց` պարոն Էռնստը Մայնի Ֆրանկֆուրտում մեծ հրատարակչություն ունի, որը հիմա կառավարում է Կուրտը` նրա որդին: Երբ զգացել է, որ որդին կարող է իր ուսերին վերցնել այդ բեռը, ինքը որոշել է անցնել վաստակավոր հանգստի` ստանձնելով հյուրանոցի կառավարիչի դերը:

Հյուրանոցը, ավելի ճիշտ` նրա հին հատվածը, նա գնել էր 70-ականների կեսերին: Ապա ներդրումներ էր արել, մինչեւ որ այն հասցրել էր այսօրվա վիճակին: Երկու տարի առաջ տեղափոխվել էր այստեղ: Հյուրանոցի աշխատակազմի աշխատանքը հասցված էր մեխանիզմի ճշգրտության, եւ պարոն Էռնստին այլ բան չէր մնում, քան այցելուների հետ ջերմ զրույցներ ունենալը եւ իր մարդկային հմայքով նորանոր այցելուներ գրավելը: Զգացվում էր, որ շատ այցելուներ առաջին անգամ չէին այստեղ:

Սովորաբար պարոն Էռնստը երկար չէր զրուցում այցելուների հետ: Բայց քանի որ ես մենակ էի եւ հետաքրքրված իր հյուրանոցով, ինձ համար բացառություն արեց.

- Սուրճ ուզո՞ւմ եք, ես հյուրասիրում եմ,- առաջարկեց նա:

- Շնորհակալ եմ, հաճույքով:

Մենք նստեցինք բացօթյա սեղաններից մեկի շուրջ: Պարոն Էռնստը սուրճի հետ նաեւ սիգար խնդրեց (ես սիգարից հրաժարվեցի) ու հընթացս պատմեց իր զարմանալի պատմությունը:

Նրա հայրը զոհվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում, որին մասնակցել էր որպես հիտլերյան բանակի շարքային:

Ֆրաու Էլիզաբեթի հետ նա ամուսնացել էր 1944 թվականին` ռազմաճակատում ստացած կարճ արձակուրդի բերումով Վիսբադեն վերադարձած ժամանակ: Էռնստը (պարոն Էռնստը հոր անունն էր կրում) ռմբակոծությունից հետո ավերված էր գտել իրենց տունը, ծնողներին էլ էվակուացրած էին եղել անհայտ ուղղությամբ:

Շուտով նա հանդիպել էր Էլիզաբեթին, որին ծանոթ էր եղել դպրոցական տարիներին. աղջիկն էլ մենակ էր եղել. մայրը մահացել էր, իսկ հայրը գտնվելիս էր եղել համակենտրոնացման ճամբարում:

Նրանք սիրել էին իրար, որոշել էին ամուսնանալ եւ ամուսնացել էին: Բայց շուտով ռմբակոծությունից փլվել էր նաեւ Էլիզաբեթենց տունը, որտեղ տեղավորված են եղել նորապսակները, եւ որոշ դեգերումներից հետո նրանք ապաստանել են մի պանսիոնում. մեր հյուրանոցի հին շենքն էր այդ պանսիոնը:

Էռնստն ու Էլիզաբեթը իրար հետ ապրել են երկու շաբաթ, որի մեծ մասը` այդ պանսիոնում: Երկու շաբաթից Էռնստը մեկնել է ռազմաճակատ եւ չի վերադարձել:

Ինն ամիս անց ծնվել է պարոն Էռնստը: Էլիզաբեթը գտել էր իր ամուսնու ծնողներին եւ իր որդու հետ դարձել խեղճ մարդկանց միակ մխիթարանքը: Ավելի ուշ պարզվել էր, որ Էլիզաբեթի հայրն էլ է մահացել համակենտրոնացման ճամբարում:

Սկեսրայրի եւ սկեսրոջ մահվանից հետո Էլիզաբեթը իրեն ամբողջովին նվիրել է միակ որդուն` պարոն Էռնստին: Վերջինս բարեհաջող կրթություն է ստացել, ամուսնացել ֆրաու Լուիզայի հետ: Նրանք երկու զավակ են ունեցել` Կուրտը, որի մասին արդեն ասել եմ, եւ Էլիզաբեթը, որը նույնպես ապրում էր Ֆրանկֆուրտում եւ տատի նման անգլերեն եւ ռուսերեն էր դասավանդում տեղի համալսարանում:

Թե՛ Կուրտը, թե՛ Էլիզաբեթը ամուսնացած էին, եւ պարոն Էռնստը արդեն երեք թոռնիկ ուներ: Պարոն Էռնստը բնակարան ուներ նաեւ Վիսբադենում` հյուրանոցից ոչ հեռու: Բայց ինքն ու ֆրաու Լուիզան հաճախ գիշերում էին այստեղ: Նրանց զավակներն իրենց ընտանիքների հետ հաճախ էին լինում հյուրանոցում: Այն իսկապես նրանց ընտանեկան օրրանն էր: Պարոն Էռնստը այն գնել էր հանուն հոր հիշատակի:

Ֆրաու Էլիզաբեթը գրեթե միշտ հյուրանոցում էր ապրում. այն նույն սենյակում, որտեղ անցկացրել էր իր ամուսնու հետ ապրած 2 շաբաթվա մեծ մասը եւ հենց այստեղից էր նրան ճանապարհել ռազմաճակատ:

18. Ֆրաու Էլիզաբեթի առեղծվածը

Այն պահից ի վեր, երբ պարոն Էռնստը պատմեց իրենց ընտանիքի պատմությունը, ֆրաու Էլիզաբեթը տիրեց իմ մտքին: Ես անընդհատ մտածում էի նրա մասին, ուզում էի հասկանալ, ուզում էի թափանցել նրա պատմության, նրա կյանքի ու կենսագրության խորքերը: Պարոն Էռնստը ինձ պատմեց մի պատմություն, որը կանգնած է մի փխրուն կնոջ ուսերին: Կինը այդ պատմության մեջ մեզ ներկայանում է գրեթե որպես սուրբ: Բայց նա պատմությունը անողի մայրն է. ինչքանո՞վ կարող է օբյեկտիվ համարվել նրա պատումը: Ֆրաու Էլիզաբեթը իր զոհված ամուսնու հետ ապրել է ընդամենը երկու շաբաթ: Այդ երկու շաբաթվա կյանքը նրան տվել է երեխա, որը ծնվել է պարտված երկրի ավերված քաղաքում: Այդ երեխային նա իր արգանդում պահել է հաղթահարելով սովի, ռմբակոծությունների, մենակության, հուսալքության մղձավանջը: Այս ամենին ավելացել է հոր մահվան մասին ուշացած լուրը. հայրը մահացել է համակենտրոնացման ճամբարում: Ամուսնու զոհվելու մասին լուրը պետք է որ քանդեր, ավերեր ամեն ինչ:

Բայց ի՞նչ ենք մենք իմանում. այս դեռատի մայրը, սպասելով իր ամուսնու էվակուացված ծնողների վերադարձին, գտնում է նրանց ու ձեւավորում ետպատերազմյան մի դժբախտ ընտանիք:

Էռնստի ծնողներին հեշտ չպիտի լիներ համոզել, որ այս հյուծված աղջիկը ու նրա երեխան իրենց որդու ընտանիքն են: Բայց ֆաշիստական կարգապահությունը այստեղ անում է իր սակավաթիվ բարի գործերից մեկը. փաստաթղթերը վկայում են, որ ամեն ինչ ճիշտ է, որ աղջիկը ամուսնացել է զինվոր Էռնստի հետ եւ որ նպաստ է ստանում որպես ճակատայինի կին, ապա եւ այրի: Ահա եւ փոքրիկի ծննդյան վկայականը. նա կրում է այս հյուծված, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած ամուսինների զոհված որդու անունը եւ ազգանունը:

Սա ցնցում է, ամպրոպ, կայծակ, էլեկտրաշոկ, որ մահամերձին ետ է բերում կյանքի… Իրենց Էռնստը կենդանի է, իրենց Էռնստը չի զոհվել, եւ իրենց առաջ կանգնած է ինքը` Աստվածամայրը, որ հարություն է տվել իրենց միակին: Էլիզաբեթը կենդանացնում է նրանց, կենդանացնում է, որ նրանք դառնան իր եւ իր որդու նեցուկը, հող դառնան իրենց ոտքերի տակ: Եւ նրանք դառնում են այդ հողը, նրանք պաշտում են Էլիզաբեթին` իրենց ծանոթ բժշկի աղջկան, որի գոյությունը երկրագնդի վրա նախկինում երբեք իրենց համար կարեւոր չի եղել:

Այս իրավիճակում Էլիզաբեթը ընդհատված ուսումնառությունը շարունակելու շանս է ստանում, եւ նա օգտագործում է այդ շանսը: Նա դառնում է Մայնի Ֆրանկֆուրտի (որը Վիսբադենից 40-45 կմ է հեռու) համալսարանի դասախոս. նա դասավանդում է անգլերեն, ռուսերեն, ռուս գրականություն:

Բայց նա վաղուց արդեն հյուծված եւ անօգնական աղջիկ չէ. նա պետք է որ շատ գեղեցիկ եղած լինի: Պետք է որ փարթամ մարմին ունեցած լինի… Մենք արդեն գիտենք, որ նա չի ամուսնացել:

Մի՞թե դու սուրբ ես, ֆրաու Էլիզաբեթ: Մի՞թե դու չես վայելել թաքուն սիրո հաճույքները, մի՞թե երկշաբաթյա ամուսնությունը պարպել է քո գեղեցիկ մարմնի կրքերը, մի՞թե դու չես տրվել գայթակղությունների: Կամ` ինչո՞ւ գայթակղությունների. մի՞թե դու այլեւս երբեք չես սիրել, մի՞թե քո կյանքում չի եղել մեկը, որ արժանի լիներ դառնալ քո առինքնող հայացքի տիրակալը, մի՞թե, գրողը տանի, դու չես ունեցել այդպիսի մեկի կարիքը:

Ֆրաու Էլիզաբեթը իմ մտքում բազմաթիվ հարցեր էր հարուցում, ինձ բազմաթիվ հանելուկներ առաջադրում: Ես չէի կարողանում ազատվել այդ մտքերից, լուծել այդ հանելուկները:

Այդ օրը ես նրան նորից տեսա իր N1 սենյակը մտնելիս: Նա նույն ժպիտով ինձ բարի գիշեր մաղթեց: Ես փորձեցի բռնել նրա կարճ հայացքը, դրա խորքերում գտնել ինձ տանջող հարցերի պատասխանը… բայց նրա հայացքում միայն անդորր կար, հանդարտություն, անսասան հանդարտություն…

Առավոտյան նա նորից նախաճաշում էր որդու եւ հարսի հետ: Ես նստել էի այնպես, որ անընդհատ տեսնեմ նրան: Մենք մեկ-երկու հայացք եւ ժպիտ փոխանցեցինք. ա~խ, որքան սիրելի է նրա հանդարտությունը եւ որքան առեղծվածային…

Բայց ի՞նչ է հետաքրքրում ինձ եւ ինչո՞ւ. մի՞թե որեւէ բան կփոխվի, եթե նա կյանքում մեկ-երկու անցողիկ հրապուրանք ունեցած լինի, մեկ-երկու վաղանցիկ կապ…

Մարդկային առումով ոչինչ չի փոխվի, բայց հոգեւոր առումով` շատ բան: Ես ուզում էի հասկանալ` սո՞ւրբ է այս կինը, թե՞ ոչ: Մի պարագայում նա կլինի սուրբ, մյուս պարագայում` ոչ…

Բայց մի՞թե սուրբ չեն այն մայրերը, որոնք ստիպված են իրենց երեխաների ապրելու իրավունքը վաստակել մի կեղտոտ փողոցի կեղտոտ անկյունում իրենց մարմինը վաճառելով…

Մի՞թե սուրբ չէ Մարիամ Մագդաղենացին, որի անունով Փարիզի կենտրոնում մի հոյակերտ տաճար է կոչվում, եւ որին խոնարհվում են միլիոնավոր մարդիկ…

Մի՞թե սուրբ չէ Մարթան` այն բրազիլացի աղջիկը, որը ստիպված էր թոքախտավոր հորն ու սովյալ ընտանիքին փրկելու համար վաճառել իր կուսությունը…

Մի՞թե Էլիզաբեթը չէր կարող ստիպված լինել հանուն իր երեխայի փրկության զվարճացնել կոալիցիոն զինվորներին: Եւ ի՞նչ տարբերություն կլիներ այդ երկու Էլիզաբեթների միջեւ: Կլինե՞ր արդյոք տարբերություն: Արդյո՞ք փողոցի անկյունում կանգնած Էլիզաբեթը կյանքի մայրամուտին կունենար այսպիսի հանդարտ հայացք. իսկ ինչո՞ւ ոչ: Մի՞թե Մարիամ Մագդաղենացու հայացքը խաղաղ չի եղել մահվանից առաջ. գուցե սա ապաշխարանքի՞ բերած անդորր է, ապաշխարանքի՞ բերած հանդարտություն:

Գուցե դա այս հպարտ երկրի` Գերմանիայի՞ տված հանգստությունն է, այս չքնաղ հյուրանոցի՞, հզոր հրատարակչատա՞ն, ապահով ու հարուստ ծերությա՞ն…

Գուցե դա ոչ թե հանգստություն է, այլ դիմա՞կ, լկտի եւ խաբեբա դիմա՞կ. բայց մի՞թե դիմակը կարող է այդքան բնական, այդքան առինքնող լինել…

Գուցե Էլիզաբեթը ուղղակի խելացի՞ է, հաջողա՞կ: Բայց մի՞թե հաջողակ կարելի է համարել այն աղջնակին, որը իրեն թույլ է տվել ամուսնանալ ավերված ու ռմբակոծվող քաղաքում, իրեն թույլ է տվել հղիանալ եւ հղիությունը, ապա եւ նորածին մանկիկին քարշ տալ ավերակների մեջ:

Ես փակուղու մեջ եմ: Կպարզե՞մ արդյոք այս առեղծվածը, երբեւէ կգտնե՞մ արդյոք ինձ տանջող հանելուկների պատասխանը: Արդյո՞ք այդ պատասխանները հասու են մարդկային մտքին ու բանականությանը…

Ինչո՞ւ այս կնոջ մեջ այսքան կյանք կա եւ այսքան հպարտություն: Մի՞թե այս կինը երբեք չի ցանկացել, որ մի ինչ-որ ուժեղ ձեռք գրկի իրեն, եւ ինքը լացի, շարունակ լացի, անընդհատ լացի այդ գրկում եւ մխիթարանք գտնի այդ գրկում, հեշտանք գտնի այդ գրկում: Ինչո՞ւ եք ինձ այդպես տանջում, ֆրաու Էլիզաբեթ, իմ թանկագին ֆրաու Էլիզաբեթ…

Ես հիշեցի մի բանաստեղծություն, որ չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել, ով է այն գրել, եւ ինչու եմ, գրողը տանի, անգիր հիշում այդ բանաստեղծությունը եւ ինչու այն հիշեցի հիմա.

Ես ձեզ հպվում եմ. դուք այդ ըզգո՞ւմ եք:
Ես ձեզ ըզգում եմ, դուք ինձ հպվում եք,
Ու կարեւոր չէ` ե՞ս ձեզ, թե՞ դուք ինձ:
Կարեւորն այն է, որ երկու անհատ,
Մեկը մյուսին լինելով անհայտ,
Իրար հպվում են ու դա չեն հերքում`
Կարծես ըզգալով մի հաճույք թաքուն,
Կարծես ըզգալով պահանջը մոլի
Ինչ-որ կողակցի, ինչ-որ հպվողի:
Մենակ են նրանք ու չունեն հաստատ
Տանն ինչ-որ մեկի, որ հպվեն հաստատ,
Ու հետո գրկեն լուռ ու համարձակ
Ու հետո սիրեն սիրով սանձարձակ…
Ու ես զգում եմ, որ փնտրել եմ ձեզ.
Ոչ թե գրկելու համար սիրակեզ,
Այլ զուտ հպվելու համար, զգալու,
Ինքս ինձ դարձյալ ապացուցելու,
Որ ընդունակ եմ դեռեւս զգալ…
Ու կարեւոր չէ` ո՞ւմ եմ փնտրել ես`
Ինչ-որ ուրիշի՞, թե՞ ձեզ հատկապես:
Կարեւորն այն է, որ երկու անհատ
Իրար հպվում են ու դա չեն հերքում`
Կարծես զգալով մի հաճույք թաքուն…

19. Դրժած պայման

Զանգեցի Ֆրեդին: Նա ասաց, որ Կետի հայրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով արդեն Լոզանում է: Նրանց հանդիպումը երկուստեք պետք է որ ծանր փորձություն եղած լինի. Ֆրեդը ասաց, որ ինքն իրեն պահում է մեղավորի պես, իսկ Կետի հայրն էլ զուսպ եւ սառը պահվածքի տեր մարդ է: Սա երեւի այն առավելագույնն է, ինչ կարելի է ակնկալել այս իրավիճակում:
Ֆրեդը թաղման կոնկրետ օր չէր կարող ասել, բայց խնդրեց վեց օրից լինել Էդինբուրգում: Եթե վաղը արագընթաց գնացքով մեկնեմ Էմդեն, այնտեղից էլ` նավով Էդինբուրգ, կհասցնեմ ճիշտ ժամանակին, գուցե մի փոքր շուտ: Հյուրանոցի գործավարին խնդրեցի պատվիրել ինձ անհրաժեշտ բոլոր տոմսերը, հետո միտքս դարձյալ կենտրոնացավ ֆրաու Էլիզաբեթի վրա. «Ես պետք է զրուցեմ նրա հետ»,- ասում էի ինքս ինձ, եւ, չգիտեմ ինչու, նման զրույցը ինձ կենսական անհրաժեշտություն էր թվում:

Իջա նախասրահ, շրջեցի պուրակում` նրան ոչ մի տեղ չտեսա: Որոշեցի գնալ որեւէ գարեջրատուն` ճաշելու: Վերադարձա հյուրանոց, բայց էլի ֆրաու Էլիզաբեթին որեւէ տեղ չտեսա: Բարձրացա սենյակ, ետճաշյա քուն մտա: Արթնացա երեւի մեկ ժամից եւ պատուհանից տեսա, որ ֆրաու Էլիզաբեթը քայլում է հարսի հետ: Նրա հագին մանուշակագույն ժակետ կար, սեւ տաբատ եւ գրեթե սպորտային կոշիկներ:

Լվացվեցի, հնարավորինս կոկիկ հագնվեցի, իջա. նրանք հուշիկ ճեմում էին: Այնպես արեցի, որ նրանց դեմ-դիմաց հանդիպեմ. բարեւեցի, երկու մեղմ ժպիտ պատասխանեցին ինձ: Անցա մոտակա նստարաններից մեկին` նրանց տեսադաշտում պահելու համար: Նույնիսկ ծիծաղելի է. այսպես պատանիներն են հետապնդում իրենց սիրած աղջիկներին` սպասելով, թե նրանք երբ են մենակ մնալու…

Ահա նրանք նստեցին նստարաններից մեկին. այնպես ուշադիր էի հետեւում իրադրության անգամ ամենաաննշան փոփոխությանը, կարծես պատրաստվում էի փախցնել ֆրաու Էլիզաբեթին: Բայց իրավիճակը շարունակում էր աննպաստ մնալ իմ ծրագրի համար.

- Ա՛յ ախչի, դու լվացք, կեղտոտ ափսե, ուբորկա չունե՞ս,- քթի տակ կշտամբում էի ֆրաու Լուիզային, որը չէր պոկվում իր սկեսուրից:

Շուտով սկսեցի նյարդայնանալ, անգամ մտածում էի չսպասել, որ ֆրաու Էլիզաբեթը մենակ մնա: Բայց եւ գիտեի` երրորդ անձի ներկայությամբ խոսակցություն չէր ստացվի:

Ես պետք է նրա հետ խոսեի, ես չէի կարող Վիսբադենից հեռանալ` առանց նրա հետ զրուցելու…

Ի վերջո սպասումներս արդյունք տվեցին. մատուցողներից մեկը մոտեցավ նրանց, ինչ-որ բան ասաց, եւ ֆրաու Լուիզան հեռացավ` ֆրաու Էլիզաբեթին մենակ թողնելով: Նստարանները շարված էին արահետի հենց պռնկի երկայնքով, եւ եթե ես ուղղակի քայլելիս լինեի, պիտի անցնի ֆրաու Էլիզաբեթից մեկ մետր հեռավորությամբ:

Հասա նրան. տեսնելով, որ ժպտում եմ իրեն, ինքը սկսեց խոսել.

- Ինչպե՞ս եք ձեզ զգում այստեղ, - հարցրեց նա:

Ես արդեն բաց չէի թողնի նրան.

- Շատ լավ, շնորհակալ եմ, շատ լավ… Պարոն Էռնստը ինձ պատմեց այս հյուրանոցի պատմությունը, ձեր պատմությունը. շատ հուզիչ է, շատ գեղեցիկ…

Ֆրաու Էլիզաբեթը զարմացավ.

- Տարօրինակ է, որ նա ձեզ պատմել է. մեր մտերիմներից շատերը այդ պատմությունը չգիտեն, - ասաց նա:

- Նման բաները պատմվելու կարիք են զգում, բայց մարդը միշտ կասկածում է` արժե՞ արդյոք գաղտնիքը բացել նրանց համար, ովքեր մշտական շփման մեջ են: Ավելի հեշտ է հոգու գաղտնիքը վստահել օտարականին. դա նույնն է, թե երազդ պատմես հոսող ջրին:

Ես ամեն կերպ փորձում էի տպավորություն գործել ֆրաու Էլիզաբեթի վրա, եւ իմ վերջին միտքը հասավ նշանակետին.

- Դուք խելացի երիտասարդ եք երեւում,- ասաց նա, եւ ես, հաջողությունից ոգեւորված, նրա հետ մի քիչ նստելու թույլտվություն խնդրեցի:

Իմ այդ ցանկության մեջ ֆրաու Էլիզաբեթը ոչ մի տարօրինակ բան չտեսավ, եւ ես տեղավորվեցի նրա կողքին: Այնքան թեթեւ էր Վիսբադենի օդը, այնքան մատչելի, որ կարելի էր խեղդվել նրա առատությունից:

- Գիտե՞ք, ֆրաու Էլիզաբեթ, դուք ինձ շատ եք հիշեցնում իմ տատիկին, - ասացի ես:

- Նա արդեն երկնքո՞ւմ է,- հարցրեց ֆրաու Էլիզաբեթը. այս տարիքի մարդիկ թերեւս խուսափում են «մահ» բառը օգտագործել:

- Ես չէի հավատում, որ նա կմահանա. համենայնդեպս` ո՛չ այդ ժամանակ:

Ֆրաու Էլիզաբեթը հարցական հայացքով նայեց ինձ.

- Ես պայմանավորվել էի Աստծո հետ…

- Ահա թե ի~նչ, - ժպիտը հազիվ զսպելով` ասաց նա:

- Այո, այո. տատիկս շատ վաղուց ծանր հիվանդ էր, եւ ես մոմ վառեցի ու Աստծուն խնդրեցի, որ երկարացնի նրա կյանքը, առողջացնի նրան եւ ապրեցնի գոնե մինչեւ 2005 թվականը: Չգիտեմ էլ` ինչու հենց 2005 թվականը. այն ժամանակ ես փոքր տղա էի, եւ դա ինձ համար մի հեռավոր տարեթիվ էր թվում: Այդ պահին ինձ թվաց, թե մենք պայմանավորվեցինք Աստծո հետ: Դա 89 կամ 90 թվականն էր: Ամեն ինչ վկայում էր, որ պայմանը կնքված է. տատիկս հրաշքով ոտքի ելավ: Տարիքը, իհարկե, իրենն ասում էր, բայց նա կենսունակ էր, հոգում էր մեր հոգսերը, պատրաստում աննկարագրելի համով ճաշեր, աննկարագրելի համով թթու դնում. կարճ ասած` չէր թերանում իր ենթադրյալ պարտականություններից որեւէ մեկում: Նա, իհարկե, երբեմն հիվանդանում էր, բայց դա երկար չէր տեւում, եւ ամեն ինչ շատ լավ էր:

Եվ որքա~ն էր նա սիրում իր զավակներին, իր թոռներին եւ ինձ` թոռներից ամենակրտսերին: Նա միշտ անհանգստանում էր բոլորիս համար. հանկարծ չհիվանդանան, հանկարծ չմրսեն, հանկարծ սոված չմնան, հանկարծ մի փորձանքի չգան:Կյանքն էր նրան ստիպել անհանգստանալ. պապիկս պատերազմում զոհվել էր` տատիկիս խնամքին թողնելով երեք մանկահասակ երեխաների: Ընդ որում` պապիկս կամավոր էր մեկնել ռազմաճակատ. նա պաշտոնյա էր եղել եւ զորակոչի ոչ ենթակա, բայց հրաժարվել էր այդ արտոնությունից:

Տատիկս անմռունչ տարել էր իր ճակատագիրը, չարքաշ աշխատանքով մեծացրել իր զավակներին եւ արժանացել շրջապատի աներկբա հարգանքին եւ ակնածանքին:

Նա դժվար կյանք էր ապրել, բայց չէր դժգոհում ճակատագրից. միայն մի պարգեւ էր ակնկալում անբասիր ապրած լինելու դիմաց` մահանալ նույնքան արժանապատիվ, որքան ապրել է: Ձեռքից ու ոտքից չընկնել, զառամախտի երես չտեսնել, չմնալ ուրիշների` թեկուզ հարազատ ուրիշների խնամքի հույսին: Կարճ ասած` մինչեւ կյանքի վերջին վայրկյանը ունենալ հստակ միտք:

Տարիներն անցնում էին, եւ Աստծո հետ ունեցած իմ պայմանավորվածությունը գործում էր: Ես արդեն հեռացել էի իմ ծննդավայրից եւ ապրում էի մայրաքաղաքում, բայց հայրենի տուն այցելելու ոչ մի առիթ, ոչ մի հնարավորություն բաց չէի թողնում: Իմ այցերը նրան անասելի ուրախություն էին պատճառում: Հետագայում արդեն նրան անասելի ուրախություն էր պատճառում շփումը կնոջս եւ երեխաներիս հետ…

Ֆրաու Էլիզաբեթը կլանված լսում էր պատմությունս, զգում էի, որ դա նրա համար ձանձրալի չէ:

- Եւ ահա,- շարունակեցի ես,- երբ «պայմանագրի» ավարտին մնացել էր երեք տարի, նա հիվանդացավ: Կնոջս ու երեխաներիս հետ շտապեցի տեսության: Մեր ներկայությունը նրան աշխուժացրեց, կազդուրեց: Նա, ճիշտ է, հիվանդ էր, բայց դա նման էր այն սովորական անցողիկ հիվանդություններին: Մենք աշխատանքի էինք եւ վերադարձանք մայրաքաղաք: Մտածում էի առաջիկա հանգստյան օրերին նորից այցելել նրան: Ամեն օր, իհարկե, զանգում էի եւ իմանում, որ նա վատ չէ: Պարզվեց` առաջիկա ոչ աշխատանքային օրվա համար նախապես պլանավորված խնջույք կա: Չգիտեմ ինչու, այդ խնջույքին մասնակցելը ինձ կարեւոր թվաց: Իհարկե, ոչ այնքան կարեւոր, որքան տատիկի առողջությունը, բայց հիմա, ի վերջո, 2005 թվականը չէ: Սա շատ զորեղ փաստարկ դարձավ ինձ համար, եւ խնջույքն էլ շատ լավ ստացվեց: Ապա տեղի ունեցավ անսպասելին. գիշերային զանգը գուժեց նրա մահը…

Ես չկարողացա զսպել արցունքներս: Ֆրաու Էլիզաբեթը բռնեց ձեռքս, նա փորձում էր ինձ մխիթարել.

- Կարծում եմ` նա ներել է քեզ,- ասաց նա:

- Բայց ես ինքս չեմ կարողանում ինձ ներել. ես նրան լքեցի ամենադժվար պահին: Ես գիտեմ, որ նա մինչեւ վերջին վայրկյանը սպասել է ինձ:

Տարիներով կուտակված արցունքներս հորդում էին գետի նման: Ֆրաու Էլիզաբեթը իմ գլուխը դրեց իր ծնկներին: Զգացվում էր, որ նա ուզում է ինչ-որ բան ասել, բայց ոչինչ չէր գտնում ասելու: Ես հեկեկում էի, աղիողորմ հեկեկում: Ֆրաու Էլիզաբեթը նրբորեն շոյում էր մազերս.

- Աստված ինձ պատժեց, ֆրաու Էլիզաբեթ, արդարացիորեն պատժեց: Ես մոռացել էի մի շատ կարեւոր հանգամանք. եթե մենք սիրում ենք որեւէ մեկին, եթե այդ մեկի ներկայությունը կարեւոր է մեզ համար, մենք պետք է այդ մասին անընդհատ վկայենք եթե ոչ մարդկանց, ապա Աստծո առաջ. սա մեր «պայմանագրի» կարեւոր կետերից մեկն էր, եւ ես խախտեցի այդ կետը:

Ես մի քիչ հանգստացա. բարձրացրի գլուխս, նայեցի ֆրաու Էլիզաբեթին. նրա աչքերում արտասուք չկար, նրա աչքերում այն նույն հանդարտությունն էր, նույն անդորրը…

20. Ուղիղ զրույց

Ռեստորանի մուտքի մոտից զարմացած մեզ էր նայում պարոն Էռնստը: Շուտով նա կասկածող քայլերով մոտեցավ.

- Ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց նա:

- Այո, իհարկե, ուղղակի մի քիչ հուզվեցի, կներեք, - ասացի ես:

- Դու տակնուվրա ես արել տղայի հոգին, - կեղծ կշտամբանքով որդուն դիմեց ֆրաու Էլիզաբեթը: Պարոն Էռնստը կես բառից հասկացավ, թե ինչումն է բանը.

- Այդ դեպքում, ինձ այլ բան չի մնում, քան սեփական մեղքերը քավելու համար ձեզ թեյի հրավիրելը, - ասաց նա: Մենք հաճույքով համաձայնեցինք:

Թեյի սեղանի շուրջ ի վերջո նաեւ ֆրաու Լուիզայի հետ զրուցելու առիթ ունեցա: Այդ փոքր-ինչ կոպիտ, բայց հմայիչ արտաքինով կինը մասնագիտությամբ բժիշկ էր եւ բողոքում էր, որ իրենց զավակներից ոչ մեկը իր հետքերով չգնաց.

- Հույսս թոռնիկներս են, - ասում էր նա:

- Բայց այն մեկը, որ պետք է բժիշկ դառնա, դեռ չի ծնվել, - կատակում էր պարոն Էռնստը:

Մի պահ ես ինձ ավելորդ զգացի այս ջերմ, ընտանեկան ներդաշնակության մեջ եւ, վեր կենալով, փորձեցի հրաժեշտ տալ նրանց.

- Դուք չե՞ք ուզում ինձ հետ զբոսնել, երիտասարդ,- ինձ համար անսպասելի հարցրեց ֆրաու Էլիզաբեթը:

- Ես չէի համարձակվում ձեզ նման առաջարկ անել, ֆրաու Էլիզաբեթ,- անկեղծորեն ասացի ես: Նրանք ծիծաղեցին, ես` նույնպես:

Ես իմ ձեռքը առաջարկեցի ֆրաու Էլիզաբեթին, նա թեւանցուկ արեց, եւ մենք սկսեցինք քայլել այդ հրաշագեղ պուրակում, որը արդեն մարդաշատ էր:

- Դու ոչինչ չասացիր, տղաս, Աստված կատարե՞լ էր քո տատիկի ցանկությունը, - հարցրեց նա:

Ես պետք է կռահեի, որ իմ պատմության այդ հատվածը նրան ամենաշատն էր հետաքրքրում.

- Օ~, այո: Մահվանից երկու ժամ առաջ (դա կեսգիշերից անց էր եղել) նա վեր էր կացել անկողնուց, լոգանք ընդունել, հագել իր` մահվան զգեստները, այդպես պառկել անկողնու վրա ու այդպես մեկ ժամ անց մահացել` առանց ցավի ու տրտունջի:

- Փառահեղ ավարտ: Այդ իրավունքը պետք է վաստակել, հանուն դրա արժե շատ զրկանքներ կրել, - հառաչեց ֆրաու Էլիզաբեթը: Այս հառաչանքին հետեւեց լռություն: Ի վերջո ես խախտեցի այն.

- Գիտե՞ք, ֆրաու Էլիզաբեթ, ձեր կյանքը, նրա մանրամասները ինձ շատ են հետաքրքրում:

- Տատիկի պատճառո՞վ:

- Ոչ այնքան, ավելի ճիշտ` ոչ միայն: Կա նաեւ մեկ ուրիշը:

- Մեկ ուրի՞շը. ո՞վ է նա:

- Ես նրան չեմ ճանաչում ու անունն էլ չգիտեմ:

Ֆրաու Էլիզաբեթը ակնհայտորեն հետաքրքրվեց: Ես սկսեցի պատմել.

- Այդ ժամանակ ես նոր էի սկսել զբաղվել լրագրությամբ: Խմբագիրս ինձ հանձնարարեց լուսաբանել կառավարության շենքի մոտ տեղի ունեցող մի բողոքի ակցիա: Պարզվեց` բողոքում էին (ուզում էի ասել Ղարաբաղի, բայց վերջին պահին հասցրեցի շտկել) Կոսովոյի պատերազմում զոհված մեր զինվորների հարազատները: Չեմ էլ հիշում` ի՞նչ բնույթ էր կրում նրանց բողոքը, այսինքն` ի՞նչ էին պահանջում նրանք: Մի քանի սեւազգեստ կանանց մեջ առանձնանում էր 18-19 տարեկան` դարձյալ սեւազգեստ մի աղջիկ: Որոշեցի հենց նրանից ինչ-որ տեղեկություններ ստանալ, որ անհրաժեշտ էին` ռեպորտաժ պատրաստելու համար: Ինչ-որ հարց տվեցի, նա սկսեց պատասխանել: Բայց ես չէի լսում նրան. ես մտածում էի` ի՞նչ կապ կարող է ունենալ այս աղջիկը զոհված զինվորի հետ: Ի վերջո, երբ նա ավարտեց խոսելը, ես նրան վերջին հարցը տվեցի.

- Կներեք, դուք զոհվածի քո՞ւյր եք:

- Ոչ, ես զոհվածի այրի եմ,- ասաց նա:

Ես չէի հասկանում` ինչ է կատարվում: Այս ի՞նչ ցնորք է, այս ի՞նչ անհեթեթություն: Մի՞թե սա մղձավանջ չէ, մի՞թե սա իրականություն է:

Նույնիսկ չհարցրի նրա անուն ազգանունը: Փախա այդտեղից, խմբագրություն էլ չգնացի. ես ամաչում էի, որ ապրում եմ:

Ողջ օրը ամայի տեղ էի փնտրում, կարծես ինքս ինձ ուզում էի թաքցնել աշխարհից, կարծես ուզում էի թաքցնել իմ ապրելու փաստը` որպես ամոթ, որպես խարան, որպես խայտառակություն…

Այդ դեռատի կնոջ դեմքը ես հիմա էլ եմ հիշում: Ժամանակ առ ժամանակ նա երազում հայտնվում է ինձ` այն նույն տեղում: Ես նրան հարցնում եմ` կներեք, դուք զոհվածի քո՞ւյր եք: Նա պատասխանում է` ոչ, ես զոհվածի այրի եմ: Ընդ որում` մի անգամ նա այս բառերն արտասանում էր խելագար ծիծաղելով, մյուս անգամ` ասես մեղադրանք է ներկայացնում:

Նա ինձ հանգիստ չէր տալիս, ի վերջո ես որոշեցի պատմվածք կամ վեպ գրել նրա մասին: Արդեն երկու կերպար, նախատիպ ունեի. մեկը այդ այրիացած աղջիկն էր, մյուսը` տատիկս: Բայց այդ ուղղությամբ մտածումներս ավելի շատ հարցեր էին հարուցում, քան պատասխաններ տալիս:Ի՞նչ է սպասում կյանքում այդ դեռատի կնոջը, ինչպիսի՞ն կլինի նա, երբ հասնի իմ տատիկի տարիքին, եւ կհասնի՞ արդյոք: Ի՞նչ իրադարձությունների, ապրումների միջով նա ստիպված կլինի անցնել, ինչպե՞ս կազդեն նրա վարքի եւ կյանքի վրա հոգեւորն ու մարմնականը, ինչպե՞ս նրան կվերաբերվեր միջավայրը, ինչպիսի՞ զգացմունքներ եւ ցանկություններ նա կունենար: Ես ինձ հաշիվ էի տալիս, որ հնարավոր են տասնյակ սցենարներ, բայց այդ սցենարներից որեւէ մեկը որքանո՞վ կլիներ անձի ընտրություն, որքանո՞վ միջավայրի պարտադրանք կամ հանգամանքների եւ իրավիճակի թելադրանք: Ես կարողանո՞ւմ եմ իմ մտքերը հասկանալի դարձնել, ֆրաու Էլիզաբեթ:

- Ես ձեզ հասկանում եմ, բայց լավ կլիներ` մի քիչ պարզեցնեիք:

- Տեսեք` այն այրիացած աղջիկը, իմ տատիկը, դուք ապրում էիք որեւէ կյանքով: Որքանո՞վ է ձեզանից յուրաքանչյուրի ապրելու կերպը ձեր անհատական ընտրության արդյունք եւ որքանո՞վ ավանդույթների, ճակատագրի, միջավայրի եւ հանգամանքների, այսպես ասած` հասարակական կարծիքի ազդեցության հետեւանք: Նկատի ունեմ` այդ դո՞ւք եք ընտրել, որ այդպես պետք է ապրել (անկախ նրանից, թե ինչպես եք ապրել), թե՞ ձեր փոխարեն որոշել է ճակատագիրը կամ ձեր միջավայրը կամ ձեր դաստիարակությունը կամ ձեզ իր մեջ ներառող հասարակության վերաբերմունքը…

Ֆրաու Էլիզաբեթը ծիծաղեց.

- Դուք որոշել եք գտնել այն հարցերի պատասխանը, որ մարդկությանը հետապնդել է գոյության օրից: Եւ հետո, այդ հարցը վերաբերում է յուրաքանչյուր անհատի, ինչո՞ւ եք դուք այդ օրինակը դիտարկում դեռատի այրիների օրինակով:

- Դեռատի այրին փիլիսոփայական հարցը հասկանալու ամենաուժեղ սիմվոլն է. նախ նորապսակ կողակցին, ամուսնուն կորցնելը ամենաավերիչ փլուզումն է, որ կարող է տեղի ունենալ հասուն մարդու կյանքում. դա նորից մարդու առաջ դնում է բազմաթիվ դիլեմաներ, որոնք լուծված էին թվում: Երկրորդ` չկա ավելի քնքուշ, փխրուն, երազող, ռոմանտիկ էակ, քան նորապսակ աղջիկը, եւ այդ փլուզման արդյունքում նա դառնում է լրիվ անպաշտպան: Իսկ այն, որ այդ ամենը նրա հետ տեղի է ունենում պատերազմի հետեւանքով, ընդգծում է այդ վիճակի գլոբալ, այսինքն` համամարդկային բնույթը: Իսկ փիլիսոփայական հարցը, խնդիրը հետեւյալն է. եթե այս ջախջախված, անպաշտպան, մոռացված էակը ի վիճակի է չտրվել հորձանքին, եթե նա ի վիճակի է ընտրություն կատարել, նշանակում է` Ազատությունը իրական եւ ոչ թե կեղծ արժեք է, նշանակում է` այն իսկապես Աստվածատուր արժեք է եւ ուրեմն նաեւ պաշտպանված է Աստծո կողմից… Նշանակում է` Ազատության զինվորը նաեւ Աստծո զինվորն է…

Ֆրաու Էլիզաբեթը ձեռքս իր ափի մեջ առավ, ապա խոսեց որոշ դադարից հետո.

- Երբ Էռնստի զոհվելու լուրն իմացա, դա ինձ համար իսկապես փլուզում էր: Ես դեռեւս ապրում էի վրանային մի հոսպիտալում, ուր եւ ծնվել էր իմ մանկիկը: Իմ քաղաքը ավերված էր, այնտեղ տիրապետություն էին հաստատել օտարերկրացիները: Այդ ժամանակ ես ճանաչեցի հուսահատությունը. բավական էր միայն նայել հայելիի մեջ:

Ես ինձ հարցնում էի. ինչո՞ւ նրա հետ ամուսնացա, չէ՞ որ գիտեի, որ ընդամենը երկու շաբաթից մեկնելու է ռազմաճակատ, գիտեի, որ պատերազմը վերափոխվել է գերմանացի զինվորների կոտորածի: Բայց այդ հարցը չէի տալիս` ինքս ինձ դատափետելու համար. ես ուզում էի համոզվել իմ իմացած պատասխանի ճշմարտացիության մեջ: Ես սիրեցի նրան, ամբողջ հոգով սիրեցի, եւ ինձ համար ակնհայտ դարձավ, որ այդ տղան երջանիկ լինելու երջանկության զգացմանը ծանոթ լինելու իմ միակ հնարավորությունն է, եւ ես կառչեցի այդ հնարավորությունից: Ես գիտեի, որ նույնը վերաբերում է նաեւ նրան, նույնը զգում էր նաեւ նա: Մեզ չէր հետաքրքրում ապագան, մենք ապրում էինք այսօրով: Մենք չգիտեինք` արդյո՞ք ապագա լինելու է:

Նա մեկնելու էր ռազմաճակատ, ես մնալու էի մի քաղաքում, որը շուտով պիտի դառնար ռազմաճակատ, եւ ռմբակոծվող այս քաղաքում իմ կենդանի մնալու շանսերը նույնպես մեծ չէին: Բայց ես կենդանի մնացի եւ լույս աշխարհ բերեցի նրա որդուն:

Այո, նրա զոհվելու մասին իմանալով` ես կա՛մ պետք է որոշումներ կայացնեի, կա՛մ էլ հանձնվեի ուրիշների, հանգամանքների քմահաճույքին: Եւ ես որոշեցի դժբախտ չլինել: Ինչ է նշանակում դժբախտ չլինե՞լ. ինձ համար դա նշանակում է ապրել այնպես, ինչպես ինքդ ճիշտ ես համարում, այնպես, որ ինքդ հաշտ լինես քո հետ, ապրել այնպես, որ ապրածդ ոչ թե ծանրանա ուսերիդ, այլ հեռացնի քեզ զղջումի բեռից:

Ես գիտեմ, ձեզ հետաքրքրում է` ինչու չեմ ամուսնացել. շատ պարզ պատճառով` Էռնստից հետո չեմ սիրել որեւէ մեկին: Ես նրան սիրեցի մի քանի հանդիպումից հետո, մեկ շաբաթում, բայց իմ կյանքի հետագա երկար ու ձիգ տարիները բավարար չեղան` որեւէ մեկին սիրելու համար: Եթե սիրեի, վստահ եղեք, կամուսնանայի, չեմ բացառում, որ համաձայնեի անգամ սիրուհու կարգավիճակին, եթե սիրեի: Բայց դա ինձ հետ տեղի չունեցավ, եւ ես, փաստորեն, ողջ կյանքում հավատարիմ մնացի իմ Էռնստին:

Ֆրաու Էլիզաբեթի ձայնը դողում էր, ինձ թվաց, թե արտասվում էր, բայց ես չցանկացա նայել նրա աչքերին: Նա շարունակեց.

- Չեմ ուզում ասել, թե հպարտ եմ դրա համար, չեմ էլ կարող ասել, թե ափսոսում եմ: Չեմ էլ բացառում, որ եթե Էռնստը եղած չլիներ, կամ ունեցած չլինեի փոքրիկին, ես սիրեի իմ շուրջ պտտվող տղամարդկանցից որեւէ մեկին: Բայց սա ենթադրություն է, միայն ենթադրություն: Հստակը այն է, որ ես հավատարիմ մնացի նաեւ իմ որոշմանը, ես դժբախտ չեղա Էռնստից հետո: Ավելին, ես ճանաչեցի այլ երջանկություն եւս: Ի վերջո, երջանիկ լինել չի նշանակում ամուսին կամ սիրեկան ունենալ. բազմաթիվ մարդիկ իրենց դժբախտ են զգում իրենց ամուսինների կողքին, շատ-շատերը շտապում են ազատվել նրանցից, ոմանք չեն կարողանում որոշում կայացնել: Շատ-շատերն էլ երջանիկ են իրենց կանանց կամ ամուսինների հետ: Բայց երջանկությունը ոչ թե ինքնին ինչ-որ բան ունենալն է կամ ինչ-որ բան չունենալը, այլ հասկանալը, թե ինչ ես անում եւ ինչու, ինչ չես անում եւ ինչու: Երջանկությունը մտքի, ոգու ցանկությունների եւ գործողությունների հաշտեցումն է: Դա անելու հնարավորություն ունենալը:

Ֆրաու Էլիզաբեթը լռեց, ես էլ ոչինչ չգտա ասելու: Շուտով ես նրան ուղեկցեցի իր N1 սենյակը` իր եւ Էռնստի սենյակը: Ես համբուրեցի նրա ձեռքը եւ բարի գիշեր մաղթեցի: Նա ինձ ժպտաց նույն հանդարտ ժպիտով:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.