> ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ի՞ՆՉ Է ՓՈԽԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Ի՞ՆՉ Է ՓՈԽԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Levon Ter-PetrossianՄենք երբեմն մոռանում ենք, որ հանրապետության հիմնադիր-նախագահը ոչ միայն խոշոր պետական եւ քաղաքական գործիչ է, այլեւ միջազգային ճանաչում ունեցող գիտնական, գիտությունների դոկտոր։

Եւ ի դեպ, տարընթերցումներից խուսափելու համար ասեմ, որ գիտության դոկտորի կոչումը նա վաստակել է դեռ Խորհրդային Միությունում եւ իր իշխանության տարիներին արդեն ունեցած գիտական կոչմանը ոչինչ չի ավելացրել։ Ի տարբերություն այս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք հասցրին, իշխանական կամ մերձիշխանական լծակների բերումով, գիտական աստիճան վաստակել։ Օրինակ` Տիգրան Թորոսյանը ԱԺ նախագահ եղած ժամանակահատվածում հասցրեց քաղաքագիտության դոկտորի աստիճան ձեռք գցել, իսկ ահա Երեւանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Չոռնի Գագո հայտնի տիտղոսին ավելացրեց սոցիոլոգիայի գծով թեկնածուական աստիճանը եւ եթե այս տեմպերով շարունակի, գուցե ԳԱԱ պրեզիդենտ էլ դառնա։ Կամ չէ, ինքը ԵՊՀ խորհրդի նախագահ կդառնա, ԳԱԱ պրեզիդենտի տեղը շեֆինն է, որը սկսել է Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների չափաբանական թերությունները վերացնել։ Իսկ գործող ԱԺ նախագահը գիտության մեջ դեռ սկսնակ է, բայց գտնվում է տնտեսագիտության դոկտոր դառնալու ուղիղ ճանապարհի վրա։ Բայց Աղվան Հովսեփյանն, օրինակ, արդեն փաթթել է գիտությունը, որովհետեւ այս ասպարեզում հասել է համաշխարհային գագաթների. Ֆեմիդան, նրա գիտական ջանքերի արդյունքում, Հայաստանում ոչ թե դիցուհի է, այլ մի 50 դոլարանոց (հին կուրսով) պուտանկա։ Ու իրավագիտության այս գագաթին հասնելուց հետո W Աղվանը գեղագիտում է եւ դարձել է նկարիչների միության պատվավոր նախագահ։ Եւ այդ նկարիչների միությունում չկա մեկը, որ դատախազին բացատրի, որ ամեն գաճաճ բան չէ, որ կարող է Թուլուզ-Լոտրեկ համարվել։ Բայց կարծում եմ` Հովսեփյանը նկարիչների միության գործող նախագահ Աղամյանին արժանի կռիշ է, մնում է` մի էդպիսի կռիշ էլ Լեւոն Անանյանը ճարի, որ գրողների միության պանսիոնատը ձեռքից չառնեն։ Հա, բայց թեմայից շեղվեցի։ Խոսում էի Լեւոն Տեր-Պետրոսյանի` գիտնական լինելու մասին ու այս խոսակցությունը վարում եմ մարտի 1-ին նրա ունեցած ելույթի, ավելի ճիշտ` դրան հաջորդած մի շարք մեկնաբանությունների կապակցությամբ, որ արվեցին հեղափոխություն, ապստամբություն եզրերին առաջին նախագահի կատարած անդրադարձի բերումով։ Իսկ այդ անդրադարձը նրա գիտնական լինելու հետ ուղիղ կապ ունի, որովհետեւ Տեր-Պետրոսյանը սիրում է ճշգրտությունը, այսինքն` բառերը, մանավանդ` պատմագիտության մեջ արծարծվող բառերը, օգտագործել եւ ընկալել իրենց ճշգրիտ իմաստով։ Իսկ երբ «հեղափոխություն», «ապստամբություն» բառերը դնում ես գիտական ճշգրիտ ընկալման մեջ, դրանք ասոցիացիաներ են առաջացնում, պատմական փաստեր` գիլյոտինի ենթարկված, պատերի տակ գնդակահարված, ժողովրդի թշնամի հայտարարված տասնյակ հազարավոր մարդկանց մասին։ Բնականաբար, այսպիսի հեղափոխությունները պետք է հնամաշ համարվեն եւ մերժելի, մանավանդ որ` մեր երկիրը այդքան «գիլյոտինի միս» չունի եւ չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ։ Հեղափոխություն բառի առաջացրած հաջորդ ընկալումը Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցած թավշյա հեղափոխություններն են, որոնք թեկուզ այդ երկրներին բերել են կայուն ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն, այսուհանդերձ` մեր ընթացիկ պայքարի հունի մեջ չեն տեղավորվում, որովհետեւ` արեւելաեվրոպական երկրներում, այնուամենայնիվ, հասարակական ֆորմացիա փոխվեց, ինչը անհրաժեշտ պայման է հեղափոխության համար։ Մեր ընթացիկ պայքարը, ինչ խոսք, դե յուրե` հասարակական ֆորմացիայի փոփոխության խնդիր չի հետապնդում, այլ սահմանադրական կարգի վերականգնման նպատակ ունի, ինչը, դասական առումով, չի կարող հեղափոխական խնդիր համարվել։

Հեղափոխությունների երրորդ խումբը գունավոր հեղափոխություններն են, եւ այս խմբի մեջ նույնպես մեր Շարժումը որեւէ կերպ չի կարող մտնել` բազմիցս քննարկված եւ ընթերցողին հասկանալի պատճառներով։ Գործնականում, եթե հարցի նկատմամբ մի փոքր գիտական կամ առնվազն` վավերագրական վերաբերմունք դրսեւորենք, մեր շարժումը որեւէ չափանիշով չի զուգահեռվում պատմության մեջ արձանագրված հեղափոխություններից որեւէ մեկի հետ։ Եւ ուրեմն` այդ բառի հաճախակի օգտագործումը կարող է անպատեհ համարվել այն իմաստով, որ դա որոշակի տարընթերցումների, թյուրըմբռնումների տեղիք կտա եւ կխանգարի Կոնգրեսի գործունեությանը։ Մանավանդ որ` Հայ ազգային կոնգրեսը բարձր մակարդակի միջազգային շփումներ է ունենում, այդ թվում եւ Հայաստան ժամանած միջազգային պատվիրակությունների հետ, եւ այս շփումներում ամենեւին պատեհ չէ հանդես գալ որպես հեղափոխական, այսինքն` Արեւմուտքի եւ ժամանակակից աշխարհի տեսակետից` մարգինալ քաղաքական ուժի դիրքերից։ Ըստ այդմ, հարկավոր է ձերբազատվել այդ բացասական զուգահեռներից կամ, ավելի ճիշտ, դրանց հնարավոր հետեւանքներից։ Այստեղից էլ, թերեւս, Տեր-Պետրոսյանի մոտեցումները այս հարցում։

Բա հետո՞

Այս բացատրությամբ, սակայն, հարցը ամփոփված չի կարելի համարել, որովհետեւ հայ հանրությունը հեղափոխություն ասելով` հասկանում է ոչ թե պատմագիտական սահմանումներին համապատասխանող գործընթացներ, այլ բոլորովին ուրիշ բան։ Մասնավորապես, երբ իրականություն դառնա արտահերթ ընտրությունների` Հայ ազգային կոնգրեսի պահանջը, ժողովուրդը, հանրությունը, տեղական եւ միջազգային մամուլը տեղի ունեցածը անխուսափելիորեն բնորոշելու են որպես հեղափոխություն։

Այսինքն` եթե ճշգրիտ ձեւակերպումներ անենք, Հայաստանի հանրությունը հեղափոխություն ասելով` նկատի ունի իշխանափոխություն եւ դրա հետ կապված ակնկալիքների արդարացում, եւ սա ապացուցելու համար, կարծում եմ, առանձնակի ջանք պետք չէ գործադրել։ Եւ ուրեմն` առաջին նախագահի ձեւակերպումները հեղափոխության եւ ապստամբության մասին, նաեւ` իշխանական քարոզչամեքենայի շնորհիվ, ընկալվեցին որպես հրաժարում արտահերթ նախագահական ընտրությունների պահանջից եւ նահանջ իշխանափոխությանն ուղղված գործողություններից։ Բայց այդպե՞ս է, արդյոք, իրականում։ Հարցին պատասխանում է առաջին նախագահի ելույթը, որտեղ հստակ ընդգծվում է, որ իշխանափոխությունը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի օրակարգի խնդիրը, պարզապես այդ իշխանափոխությունը չի լինելու ամեն գնով, այլ լինելու է Սահմանադրական ճանապարհով եւ Հայաստանի օրենքներին համապատասխան։

Այստեղ մի պահ ընդհատենք խոսակցությունը Սահմանադրական իշխանափոխության մասին եւ անցնենք մարտի 1-ի հանրահավաքի վիճահարույց հաջորդ տերմինին` «վճռական գործողություններին»։ Հարցը կարեւոր է նրանով, որ հանրության շրջանում կա հստակ գիտակցություն, որ առանց վճռական գործողությունների` իշխանափոխությունը հնարավոր չէ։ Ու մինչ կփորձենք հասկանալ, թե ինչ ասել է վճռական գործողություններ, նախ փորձենք հասկանալ, թե արդյոք առաջին նախագահը մերժո՞ւմ է դա, մերժո՞ւմ է արդյոք վճռական գործողությունների կանխավարկածը։ «Որոշ ժամանակ անց վճռական գործողությունների անցնելու եւ իշխանափոխության համար ստեղծվելու է բոլորովին մի նոր, շատ ավելի նպաստավոր իրավիճակ»,- սա մեջբերում է Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթից, ինչը վկայում է, որ առաջին նախագահը ոչ թե վճռական գործողություններին է դեմ, այլ դրա կոնկրետ ժամկետների հետ կապված խնդիր ունի։ Հիմա` այս ամենի ֆոնին, ծագում է հաջորդ հարցը. արդյո՞ք հնարավոր են վճռական գործողություններ` ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Միանշանակ` այո, եւ մինչեւ հիմա կիրառված կամ ենթադրվող բոլոր վճռական գործողությունները եղել են հենց այս շրջանակներում։ Դրանցից առաջինը շուրջօրյա հանրահավաքներն են, որ տեղավորվում են Հայաստանի օրենքների շրջանակներում։ Նույնը վերաբերում է եւ երթերին, նստացույցերին, գործադուլներին, ավտոերթերին, դասադուլներին, որոնք նույնպես միանգամայն օրինական միջոցներ են։ Եւ, որ ամենակարեւորն է` քաղաքացիների դեմ ապօրինի գործողությունների դեպքում, այն պարագայում երբ այդ գործողությունները սպառնում են նրանց կյանքին ու առողջությանը` ՀՀ օրենսդրությունը նրանց ինքնապաշտպանության, այսինքն` ինքնապաշտպանական գործողությունների հնարավորություն է տալիս։ Ահա եւ Սահմանադրական իշխանափոխության ողջ իրավական փաթեթը։ Եւ ի դեպ, կարեւոր է ընդգծել, որ իր ելույթում առաջին նախագահը վերը թվարկված գործողությունները չի մերժում. «Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շուրջօրյա հանրահավաքների եւ անդադար երթերի ու պիկետների անցկացման պահանջին։ Կոնգրեսի ղեկավարությունն ամենեւին չի մերժում պայքարի այդ մեթոդների կիրառումը` դա դիտելով որպես քաղաքացիների անօտարելի սահմանադրական իրավունքը, սակայն գտնում է նաեւ, որ այսօր դեռեւս դրա ժամանակը չէ։ Երբ պահը հասունանա, Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ իրավունքից` դրա նպատակահարմարությունը, բնականաբար, գնահատելով ոչ միայն Շարժման, այլեւ պետության, այն էլ՝ առաջին հերթին պետության շահի տեսակետից»։ Մեջբերումը Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթից է։

Այս ամենը, ահա, հիմք է տալիս պնդել, որ առաջին նախագահի ելույթի շուրջ տեղի ունեցող քննարկումները կամ, ավելի ճիշտ` հեռուն գնացող եզրակացությունները տեղին չեն, եւ այդ ելույթի արդյունքում Հայ ազգային կոնգրեսի ձգտումների, պայքարի մեթոդաբանության մեջ ոչինչ չի փոխվել, բացարձակապես ոչինչ։ Եւ սա իրականություն է, անկախ նրանից, թե ինչպիսին կարող էր լինել առաջին նախագահի ելույթի թողած տպավորությունը։ Ուզում եմ ընդգծել, որ օրինապահությունը Հայ ազգային կոնգրեսի պարագայում ամենեւին էլ հասցված չէ ֆորմալիզմի մակարդակի, այլ ունի զուտ բովանդակային բնույթ։ Դա կարող ենք ցույց տալ հենց թեկուզ մարտի 1-ի հանրահավաքի եւ երթի օրինակով։ Ֆորմալ առումով, Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին Մատենադարանի մոտ հանրահավաք անելու իրավունք չուներ, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանը արգելել էր այդ օրը եւ ժամին այդտեղ հանրահավաք անել։ Զուտ օրենքի տեսակետից, հանրահավաք անելուց առաջ Կոնգրեսը պետք է դիմեր դատարան, եւ եթե դատարանը անվավեր ճանաչեր հանրահավաքն արգելելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը, միայն դրանից հետո Կոնգրեսը հանրահավաք անելու իրավունք կստանար։ Բայց ՀԱԿ-ը ոչ միայն հանրահավաք արեց, այլեւ երթ, ոչ թե այն պատճառով, որ օրինապահ չէ, այլ այն պատճառով, որ օրինականությանը նվիրվածությունը չի նշանակում իրավունքի սնանկացում։ Ինչ վերաբերում է օրինական ընտրություններով իշխանափոխության մասին առաջին նախագահի պնդմանը, այստեղ նույնպես ոչ մի արտառոց կամ նոր բան չկա։ Ի վերջո` ավազակապետության հեռացումից հետո ինչպե՞ս է իշխանություն ձեւավորվելու. իհարկե` ազատ, արդար եւ օրինական ընտրություններով։ Եւ միայն նման ընտրությունների անցկացման պարագայում իշխանափոխությունը կարելի կլինի կատարված համարել։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 12, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. GG
    Մարտ 12th, 2009 at 00:55 | #1

    Sat cist meknabanum es Nikol.

  2. Arevik
    Մարտ 12th, 2009 at 02:05 | #2

    Miangamayn hamamit em Nikol jan!!! Naxagahi xosqn ushadir lsox@ erbeq cher mtaci, vor na dem e vchrakan gorcoxutyunnerin! U iroq, hamozvum enq, vor marti 1in nstacuyc kam shurjorya hanrahavaqner anelu jamanak@ der cher hasunacel!

  3. Davit
    Մարտ 12th, 2009 at 12:45 | #3

    Hamadzayn chem. Ayo, zhamanaki xndiry karevor e qaxaqakanutyan, sakayn ayspes kareli e tarinerov vichaky dzgegl. Ter-Petrosyann isk u isk gnum e demirchyanakan chanaparhov, isk da chanaprh e depi vochicnh. Klinen yntrutyunner, HAK-y kstana ir 20-25 texeri paiy, inchpes Demirchyani xekavarac Ardarutyun dashinqy ev verj. Ayspes iskapes zhoghovurdy parzapes kcrvi voch te tnerov, ayl parzapes klqi erkiry. Menq dzdzgelu zhamanak chunenq, ashxarhn ahavor aragutyamb poxvum e u menq es qreakana petutyamb dranum tex chunenq. Ter-Petrosyani strategian linelov chisht guce, sxal e martavarakan arumov isk martavarutyunn e henc voroshum haxtanaki elqy. Marti 1-i eluyty par5zapes sepakan partutyan chanachumn er, parzapes Ter-Petrosyanin xizaxutyun chi bavakanacnum dra masin hasarakutyany aselu hamar.

  4. Varuj
    Մարտ 12th, 2009 at 13:09 | #4

    Hargeli Nikol pathakan noriz kardazi harzazruyzt azatutyun radiokayanin trvaz 16.10.08-in ev hamamtelov aysoreri meknabanutyuneri het erevum e hakasutyuner@.Inchu??

  5. Stone
    Մարտ 12th, 2009 at 14:15 | #5

    Vchrakan gorcoxutyunneri jamanak@ erb ga, menq chenq bac toxni ayd hnaravorutyun@. HAK arajnordner@ unen ev bavakan pordz, ev bavakan informacia, chisht koxmnoroshvelu hamar.
    HAXTELU ENQ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  6. Anonymous
    Մարտ 12th, 2009 at 15:22 | #6

    mardkac uxexner@ mi lvacru Nikol. qo tesaket@ iranc vzin mi patati. naxkin naxagahi eluit@ bolori hamar el parz er. qo meknabanutiunneri kariq@ chka

  7. Մարտ 12th, 2009 at 20:00 | #7

    Duq zgum eq inch a katarvum??? Sranq iroq mi or arajarkelu en HAK-in hamatex yerkiry durs berel chgnajamic. Esor varchapeti futlyary asel a tsaxselu enq aynqan, vorqan hark havaqenq. Ayl xosqerov da grete havasar e default-i…

  8. Armen M
    Մարտ 12th, 2009 at 22:13 | #8

    sranc mej chi erevum mek@,vori sirt@ kcaver HH hamar,ete dzez tvum e vor mi or marish bozikyani beranov Kongresin karajarkvi prkutyan elq gtnel miasin…?Aveli shut da klini ayn zamanak,erb irenc talann u karoghutyun@ erkric khanen,da el klini –erb zgan vor rus@ voroshel e hertakan angam zohaberel Hayerin–

  9. armencho
    Մարտ 12th, 2009 at 22:34 | #9

    Nikol jan ,indz hetaqrqruma qo karciqy.Menq ,aysinqy HAKy petqa masnakci qaghaqapeti yntrutyunnerin the voch?

  10. Սուրեն
    Մարտ 13th, 2009 at 01:38 | #10

    Anonymous, բոլորի անունից խոսելը, մեղմ ասած, ճիշտ չէ:

  11. Aram
    Մարտ 13th, 2009 at 22:51 | #11

    Anonymous, ed karogh a hay zhoghovurdin drel es “Lraber” lsoghneri tegh? :)

  12. Javad
    Մարտ 13th, 2009 at 22:55 | #12

    Levonin voch mi depkum chi kareli hamematel es lkti u DOD lakotneri het. Da past e, bolorn el haskanum em da.

  1. No trackbacks yet.