> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Հայկից

Ողջույն Նիկոլ: Կարծում եմ հանրահավաքի մասին արդեն տեղեկություններ կունենաս, նկատի ունեմ մասնակցության ու նաև երթի մասին: Հիանալի էր խոսք չկա այն նկարագրելու համար, նույնիսկ ասոեմ, որ հատուկ գնացել էի ոչ այնքան Նախագահի ելույթի համար, որքան երթի: Այդ ժամանակ է, որ կարողանում ես մի տեսակ հպարտություն ապրել: ՀԱ ուրեմեն: Գիտես ինչի մասին եմ մտածում, միտինգի գնբալուց ճանապարհին երևի թե հարյուրերի տեսա, ովքեր եթե չասեմ անտարբեր, ապա թքողական հայացքներ ունեին, չեմ ասում ինձ ուղղված այլ ընդհանրապես անցնում էի ու մտածում և սրանց համար էլ մենք պայքարում ենք? Սրանց համար, որ իրենց ներկայությամբ կարող էին դարձնել հանրահավաքն ավելի իմաստալից, սրանց ովքե չեն մտածում, ում համար մի կտոր հացն ու ոչխարային կարգավիճակը գերադասելի է ազատությունից? Նիկոլ թերևս հարց սա էլ չի, այլ մի ուրշը: Մերոնցից նկատի ունեմ տնացիքից հանրահավաքի եկել էի միայն ես թեև կարող էինք լինել տասը, և ուրմեն մերոնք, երբ վերդարձա ինձ հարցնում են հետո ինչ կար? Ասեցի գայիք իմանայիք: Ու սկսվեց, այն ինչ լինում է ամեն հանրահավաքից հետո: Ինչա գիտես թե իրանք ինչի համար են ոտի ելե, իրենց աթոռի համար, ինչով են լավը և նման այլ բաներ, ես էլ ամեն կերպ թորձում եմ նրանց բացատրել, բայց ապարդյուն: Մերոնք (տանեցիները) միայն մի բան են պնդում, որ սրանք փոխվեցին եկավ Լևոնը գիտես թե նույնը չի լինելու?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. աշխարհի ոչ մի ժողովուրդ երաշխավորված չէ վատ իշխանություն ստանալուց: Բայց աղետը գալիս է ոչ թե վատ իշխանության ձեւավորման, այլ նրանից ազատվելու անհնարինության դեպքում: Բազմիցս ասել եմ, որ մեր պայքարի գլխավոր իմաստը ոչ թե լավ իշխանություն ձեւավորելն է, այլ իշխանության փոփոխման սահմանադրական մեխանիզմի գործարկումը: Չեմ ուզում հիմա երկար փաստարկներ բերել, թե Տեր-Պետրոսյանի իշխանությունը ինչու է լավը լինելու: Ասում եմ` եթե վատը կլինի, քաղաքացին թող քվեարկի նրա հակառակորդի օգտին ու ազատվի այդ վատ իշխանությունից: Տեր-Պետրոսյանը գոնե ապացուցել է, որ կառչած չէ իշխանությունից: Իսկ եթե ավելի խորամուխ լինենք հարցի մեջ, մեր պրոբլեմը նրանում է, որ մենք ՀՀ քաղաքացիներս ներքուստ համակերպվել ենք այն մտքի հետ, որ իշխանությունը պետք է լինի վատը, թալանչի, գող: Եւ դա գիտեն նաեւ օրվա իշխանավորները, ովքեր իրենց մի տեսակ լիազորված են զգում գող ու թալանչի լինելու համար: Այստեղ է պրոբլեմը: Ստացվում է, որ մենք այսօրվա ամենաթողությունն ու ապօրինությունը հանդուրժում ենք, ենթադրելով, որ հաջորդ իշխանությունն էլ է՞ վատը լինելու: Այստեղ հիշեցի Նիցշեի խոսքերը, որը ասում էր, թե վատթարագույն փոփոխությունը ավելի լավ է, քան անհուսալի ներկան: Բայց կարծում եմ, այս մեկուկես, երկու տարվա պայքարի ընթացքում մենք կուտակել ենք բավարար ռեսուրս լավագույն փոփոխությունների հասնելու համար: Առաջին հերթին այս փոփոխությունները պետք է վերաբերվեն քաղաքացիական հոգեբանությանը, քաղաքացու կողմից սեփական դերի ընկալման փոփոխությանը: Սիրելի Հայկ, ձեր եւ ձեր ընտանիքի մյուս անդամների դիրքորոշման տարբերությունը ընդամենը մի հանրահավաքի գնալ-չգնալու մեջ է: Բայց եթե խորամուխ լինեք, թե այս փոքրիկ տարբերությունը ինչ դրսեւորումներ է ունենում գիտակցության ու ենթագիտակցության խորքերում, կտեսնեք ահռելի տարբերություն: Այն որ հաջորդ իշխանությունը լավն է լինելու, դրա երաշխիքը ոչ թե լավ քաղաքական գործիչներն են, այլ ձեր նման քաղաքացին, որը իր չսիրած, իր համար ատելի իրականության հետ համակերպվելու փոխարեն դուրս է գալիս փողոց, ու ասում, որ չի համակերպվելու նրա հետ: Ի վերջո, մեր պրոբլեմը ոչ թե իշխանությունն է, այլ իրականությունը: Եթե մենք իշխանությունը փոխենք, իրականությունը չփոխվի, այդ իրականության դեմ նույն եռանդով ենք պայքարելու, այնքան, մինչեւ իշխանության փոփոխությունը կնշանակի նաեւ իրականության փոփոխություն: Բայց իրականության փոփոխության առաջին քայլը հենց իշխանության փոփոխությունն է, իսկ իշխանության փոփոխության համար հարկավոր քաղաքացու, ավելի ճիշտ` իրականութան նկատմամբ նրա վերաբերմունքի փոփոխությունը, անտարբերության վերակերպումը սրտացավության, համակերպվածության վերակերպումը` պայքարի, հուսալքության վերակերպումը կամքի, պարտության վերակերպումը` հաղթանակի: Շնորհակալություն, եւ բարեւեք ձեր ընտանիքի մյուս անդամներին: Ու ասեք իրենց, որ ես ու դուք երաշխավորում ենք, որ հաջորդ իշխանությունը նույնը չի անելու:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.