> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԱԳՐԸ ԴԱՐՁԱՎ ՍԱՏԿԱԾ «ԱՌԼՅՈՒԾ»

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԱԳՐԸ ԴԱՐՁԱՎ ՍԱՏԿԱԾ «ԱՌԼՅՈՒԾ»

Քոչարյանական տնտեսական զարգացում կոչվածը, որի գովքով տարիներ շարունակ մեր ուղեղները փորձում էին լվանալ, հիմնված էր կիսված ընտանիքի մոդելի վրա։ Մարդը` ՀՀ քաղաքացին, չկարողանալով Հայաստանում աշխատանք ու եկամուտ գտնել, մեկնում էր արտասահման, այնտեղ ինչ-որ ձեւով գումարներ հայթայթում եւ ուղարկում Հայաստան` իր ընտանիքը պահելու համար։ Ու այս ֆենոմենը այնքան է տարածված Հայաստանում, որ ըստ էության` հայ հանրությունը վեր է ածվել մի մեծ կիսված ընտանիքի, որի մի մասը ապրում է այստեղ, իսկ մյուս մասը` արտերկրում։ Հենց այս հանգամանքի վրա էր հիմնված այն, ինչ Քոչարյանի վարչախումբը անվանում էր Կովկասյան վագրի թռիչք։ Փորձենք հասկանալ, թե այնուամենայնիվ, ինչպես էր աշխատում այդ համակարգը։ Ընտանիքի` արտասահմանում գտնվող անդամները Հայաստան էին ուղարկում գումար։ Այդ գումարով այստեղ գտնվողները գնում էին, առաջին հերթին, սնունդ։ Սրա արդյունքում սկսեց աշխուժանալ սննդի առեւտուրը, առաջին հերթին` ներմուծումը։ Սահմանի վրա այդ ներմուծվող սննդից մաքսատուրք էր գանձվում, եւ այդ գումարի մի մասը մտնում էր բյուջե։ Հետո, քանի որ արտասահմանից ավելի շատ էին փող ուղարկում, մենք ավելի շատ էինք ուտում, ու բնականաբար` սնունդ ավելի շատ էր ներմուծվում, ու ավելի շատ գումար էր մտնում բյուջե։ Բայց դե` որքան շատ սնունդ էր ներմուծվում, այնքան շատ մաքսավորներ էին հարկավոր դրանց ներմուծումը սպասարկելու համար։ Մարդիկ դառնում էին մաքսավոր եւ աշխատավարձ ստանում եւ ավելացնում, ասենք, սննդի սպառումը։ Այդ սնունդը ներկրում էին ընկերություններ, որոնք նույնպես ավելի շատ աշխատողներ ունենալու կարիք էին զգում, ու ստեղծվում էին հաշվապահների, առաքիչների, վարորդների հաստիքներ։ Բնականաբար` սնունդը տեղափոխելու համար անհրաժեշտ էին լինում ոչ միայն նոր վարորդներ, այլեւ նոր մեքենաներ։ Այդ մեքենաները ներմուծվում էին` առաջացնելով նոր մաքսավորների կարիք, նոր մուտքեր ապահովելով բյուջեի համար։ Միեւնույն ժամանակ` այդ մեքենաները սպասարկման կարիք ունեն, եւ առաջանում էր մեքենաները սպասարկող մասնագետների կարիք։ Մեքենաների սպասարկման համար անհրաժեշտ էին պահեստամասեր, քսայուղեր։ Այսինքն` նոր ներմուծումներ, նոր տուրքեր, նոր աշխատատեղեր։ Հա, բայց վերադառնանք սննդին։ Այդ սնունդը, չնայած` ինչո՞ւ միայն սնունդը` ներկրված ամբողջ ապրանքը, ի վերջո, վաճառվում էր խանութներում։

Մենք արտասահմանից ստանում էինք փողերը, այցելում խանութ, ձեռք բերում օլիգարխների կողմից ներկրված սնունդ։ Երբ կշտանում էինք, ու մեզ մոտ դեռ շարունակում էր մնալ արտերկրից ուղարկված փողից` գնում էինք հագուստ, ապա այցելում ատամնաբույժին, ապա գնում վարսավիրի մոտ, սրանք էլ տարբեր սարքավորումներ ու նյութեր էին ներկրում` մեզ սպասարկելու համար, մաքսատուրքեր վճարում, նաեւ աշխատավարձ ձեւակերպում, եկամտահարկ ու սոցապ վճար վճարում։

Այս ամենի արդյունքում բյուջեն լցվում էր, ուսուցիչները աշխատավարձ էին ստանում, բոլորը աշխատավարձ էին ստանում, ծախսում այդ աշխատավարձը, որի արդյունքում ծախսելու նոր տեղեր էին բացվում։ Բայց քանի որ թե՛ սննդի, թե՛ այլ ապրանքների ներկրման, բիզնեսի ծավալման մենաշնորհներ գոյություն ունեին, այդ փողի հիմնական մասը մտնում էր օլիգարխների գրպանները, որոնք իշխանությունից ստանում էին ներմուծման քվոտավորված մենաշնորհներ կամ տարբեր բիզնես ոլորտներ։

Իսկ արտասահմանից փողերը շարունակում էին գալ, եւ այդ փողերը տարբեր համամասնություններով բաշխվում էին տարբեր տեղեր, բայց տարբեր ճանապարհներով, միեւնույն է, մեծամասամբ հայտնվում էին օլիգարխների գրպաններում։ Բայց քանի որ այդքան ուտել, հագնել, ավտո քշել հնարավոր չէ, առաջանում էր փողի ավելցուկ։ Եթե մեր ձեռքն ընկած ավել փողի ծավալը մեծ չէր, մենք այն որպես ավանդ հանձնում էինք բանկին, եթե շատ էր, մտածում էինք տուն գնել. հայկական մենթալիտետում դա համարվում է լավագույն ներդրումը։ Բայց եթե անգամ մեր փողը քիչ էր, ու մենք այն բանկում էինք դնում, բանկը դրանցով սկսում էր հիպոթեկային վարկեր տալ, ու տուն սկսում էին գնել ոչ միայն շատ, այլեւ քիչ փող ունեցողները։ Այսպես անշարժ գույքի պահանջարկ առաջացավ, տների գները աճեցին։ Հետո աճեցին այնքան, որ պարզվեց, որ շենք կառուցելը կարող է ձեռնտու լինել։ Ու սկսվեց տնաշինարարության բումը, եւ այդ գործով զբաղվելու իրավունք ստացան նույն իշխանական օլիգարխները կամ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Կենտրոնի շարքային բնակիչներին իրենց տներից վռնդում էին ու նրանց հողերի վրա շենքեր կառուցում։

Իսկ տուն կառուցում են քարից, որը արդյունահանվում է։ Սա նշանակում է` քարի հանքերը սկսեցին աշխատել, աշխատավարձ տալ, հարկեր վճարել։ Սկսեց աշխատել ցեմենտի արտադրությունը, արմատուրայի ներմուծումը, վերամբարձ կռունկների ներմուծումը, եւ այս բոլոր գործերով զբաղվում էին մերձիշխանական անձինք։ Զուգահեռ` բանվորի, պատշարի, ինժեների, ճարտարապետի, էլեկտրիկի, հյուսնի պահանջարկ առաջացավ։ Այս բոլոր մարդկանց ձեռքը փող ընկավ, ու նրանք էլ սկսեցին հագուստ գնել, կենցաղային տեխնիկա եւ այլն։ Բայց հայկական խասիաթի համաձայն` մենք նախեւառաջ լավ սնվում էինք։ Մինչ այդ, սկսել էր աշխուժանալ սննդի եւ թեթեւ արդյունաբերական ապրանքների տեղական արտադրությունը։ Այդ աշխուժությունը նկատվեց` իհարկե, նաեւ Լինսի հիմնադրամի եւ այլ օգնությունների շնորհիվ։

Իշխանությունը թմբկահարում էր տնտեսական զարգացման մասին, տնտեսական ռոբիկական հրաշքի մասին։ Այսինքն` ուզում էր ապացուցել, որ ինչ-որ աներեւակայելի հրաշք է տեղի ունեցել։ Բայց միայն «դեղին» մամուլը չէր ընդունում այդ ամենը, ասում էր, որ դա ընդամենը բլեֆ է, սուտ։ Ի՞նչը ձեռ չէր տալիս, ուրեմն, այդ ընդդիմադիր «դեղին» մամուլին։ Իսկ ձեռ չէր տալիս այն, որ այդ ողջ տնտեսական հրաշքը Կրասնադարում ասֆալտ փռող բանվոր Բեդնի Ժորիկի ու Սարատովում պատ շարող ուստա Վարդանի տնավեր լինելու արդյունքն է, եւ միայն։ Եթե Վարդանն ու Ժորիկը ռսի կնգա հետ պսակվեն ու մոռանան Հայաստանում մնացած Փառանձեմին ու Թագուհուն, նրանց լակոտներին, Հայաստանի տնտեսությունը քանդվելու է։ Այն ժամանակ, երբ Հայկ Գեւորգյանը օրը երեք էջ այս մասին գրում էր, դա չափազանցություն էր թվում, անպատեհ խոսակցություն, մանավանդ որ` դոլարները հոսում էին։ Ժորիկն ու Վարդանը փող ուղարկում էին, բայց` դոլարով։ Ու որպեսզի Փառանձեմն ու Թագուհին խանութից ձավար կամ լվացքի մեքենա գնեին, պետք է այդ դոլարը դրամ դարձնեին։ Բնականաբար` առաջինը պետք է այդ հարցով դիմեին հարեւան Մարգոյին։ Բայց Մարգոյի ամուսին Վազգենն էլ է Ռուսաստանում, ու նրա ունեցած փողն էլ է դոլար։ Բոլորով գնացին չենջ։ Բոլորին դրամ է պետք, որ գնան ձեթ, ձավար կամ կենցաղային տեխնիկա գնելու։ Ու այս պայմաններում` օլիգարխիան որոշեց, հնարավորինս էժան, Փառանձեմի, Թագուհու ու Մարգոյի ձեռից հավաքել նրանց ունեցած դոլարը։ Դրամը սկսեց արժեւորվել, ու եթե օլիգարխիան նախկինում 100 դոլար ձեռքբերելու համար պետք է ծախսեր 50 հազար դրամ, մի ինչ-որ պահի դա կարելի էր անել արդեն 30 հազար 500 դրամ ծախսելով։ Մինչ Քոչարյանը էժան դոլար էր հավաքում, դրանից տուժեցին Հայաստանում էծի պանիր ու թթու արտադրողները։ Ինչու՞ տուժեցին` որովհետեւ իրենք, դիցուք` մի բանկա թթու արտադրելու համար ծախսում են հազար դրամ։ Այդ հազար դրամը ներառում է մեկ բանկա թթու արտադրելու համար աշխատողին վճարվող աշխատավարձը, հարկերը, հոսանքի փողը եւ այլն։ Հազար դրամը մի բանկա թթվի ինքնարժեքն է։ Մի ժամանակ, այդ հազար դրամը երկու դոլար էր, հիմա` դրամի արժեւորման արդյունքում, արդեն դարձել էր երեք ու չգիտեմ քանի դոլար։ Այսինքն` մի ժամանակ այդ մի բանկա թթուն Հայաստանի արտադրողը կարող էր արտասահմանում վաճառել երկուսուկես դոլարով եւ կես դոլար շահույթ ստանալ։ Իսկ հիմա արդեն Հայաստանում արտադրված թթուն պիտի երեքուկես դոլարով վաճառի` կես դոլար շահույթ ստանալու համար։ Բայց եթե առաջ կես դոլարը 250 դրամ էր, հիմա արդեն այդ կես դոլարը 153 դրամ է։ Եթե առաջ հազար դրամ շահույթ ստանալու համար արտադրողը արտերկրում պետք է վաճառեր չորս բանկա թթու, հիմա արդեն հազար դրամ շահույթը հնարավոր է միայն վեցուկես բանկա թթու վաճառելու դեպքում։

Սա քիչ էր` մեր արտադրողը, արտասահմանում դեռ շուկա չգրաված, արդեն վաճառքի ծավալի անկում ունեցավ, որովհետեւ գնի բարձրացումը նշանակում է սպառման անկում։ Խեղճ Հայկ Գեւորգյանը ամեն օր գրում էր, թե մենք կորցնում ենք մեր մրցունակությունը, թե դրամի արժեւորման այսօրինակ քաղաքականությունը կործանարար է։ Եւ իրոք այդպես էր, որովհետեւ տեղական արտադրողի գործերը վատացան, իսկ ներմուծողինը` լավացան, որովհետեւ ներմուծողը իր մարինադ վարունգի մեկ բանկան առաջվա նման դրսից գնում է երկու դոլարով։ Ու եթե առաջ այդ վարունգը Հայաստանում պետք է վաճառեր առնվազն հազար հարյուր դրամով` շահույթ ունենալու համար, հիմա արդեն կարող է վաճառել 800 դրամով ու ավելի մեծ շահույթ ունենալ, որովհետեւ մի ժամանակ հազար դրամը երկու դոլար էր, իսկ հիմա 800 դրամը մոտ երեք դոլար է։ Իսկ տեղական արտադրողը, հիշում եք, մի բանկա թթու արտադրելու համար շարունակում է ծախսել հազար դրամ։ Այդպիսով` տեղական թթուն խանութում արժե հազար հարյուր դրամ, իսկ ներմուծածը` 800 դրամ։ Իսկ սա նշանակում է, որ տեղական արտադրողը կորցրեց ոչ միայն դրսի, այլեւ ներսի շուկան կամ` դրա զգալի մասը։ Բայց դե` ոչինչ, Ժորիկն ու Վարդանը ավելի շատ փող են ուղարկում, եւ տեղական թթուն էլի ինչ-որ չափով վաճառվում է, մանավանդ որ` ավելի համով է։ Երկրում փող կա, շատ փող։ Բայց Հայկ Գեւորգյանը էլի դժգոհ է։ Ի՞նչ է պատահել, այ ախպեր, հիմա՞ ինչից ես դժգոհ։ Ասում է` փաստացի մեր երկրի ներսում փող չի ստեղծվում, արդյունք չի ստեղծվում։ Հենց Ժորիկն ու Վազգենը փող չուղարկեն` քաշվում ենք։ Այ ախպեր, գնա գործիդ` մեր Ժորիկն ու Վազգենը մեզ մոռացող տղերք չեն. կեր-խմի-քեֆ արա շարունակ։

Ու էստեղ մտնում է տնտեսական ճգնաժամը` սիպտակ կաստյում-շըլվարով։ Ժորիկի ու Վարդանի գործը վատանում է։ Ռուսաստանում տուն սարքող չկա, ասֆալտ փռելու տարբերակ էլ չկա, սա նշանակում է, որ Ժորիկն ու Վարդանը գործ չունեն ու Հայաստան փող չեն ուղարկում։ Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Փառանձեմն ու Թագուհին հանում են բանկում իրենց պահած փողերը ու սկսում են ծախսել։ Բայց շուտով այդ փողերը վերջանում են։ Փառանձեմն ու Թագուհին սկզբում ավելի հազվադեպ են գնում վարսավիրի մոտ, ատամները սարքելու գործը կանգնեցնում են, շոր չեն առնում` նախորդ տարի առածով յոլա են գնում, ու նստում են դիետայի վրա։ Սա նշանակում է, որ արտասահմանից այլեւս առաջվա չափ մազերի ներկ չի ներմուծվում, մաքսատուրք չի վճարվում, ատամի կերամիկա չի ներմուծվում, մաքսատուրք չի վճարվում, ատամնաբուժարանի եկամուտները պակասում են, վարսավիրանոցինն էլ։ Վարսավիրն ու ատամնաբույժը չեն գնում խանութից թթու առնելու, Փառանձեմն ու Թագուհին չեն գնում չենջում դոլար մանրելու` դրա բացակայության պատճառով, դոլարը դառնում է դեֆիցիտ ապրանք ու թանկանում է։ Բայց ողբերգությունը սա չէ, այլ այն, որ մենք, մեկ էլ` մեզ համար անսպասելի արձանագրում ենք, որ մեր երկրում իրական արդյունք չի ստեղծվում, բացի Ժորիկից ու Վարդանից` երկիրն արտարժույթով ապահովող ուրիշ համակարգ չկա, գոյություն չունի մի այնպիսի համակարգ, որ մեր քաղաքացուն հնարավորություն կտա սեփական երկրում ապրել ու ընտանիք կերակրել։ Ու եթե վերջին ութ տարվա մեջ Հայաստանում ինչ-որ շարժ տեղի է ունեցել, դա ընդամենը Վարդանի ու Ժորիկի շնորհքն է եղել, որոնք, փաստորեն, տնից-տեղից կտրվել, երկու կոպեկ են աշխատել, որ մյուսները իրենց տներում ապրելու ինչ-որ հնարավորություն ստանան։ Ու էս ողջ տնտեսական հրաշքը ոչ թե Վարդանին ու Ժորիկին տուն վերադարձնելու համար է եղել, այլ նրանց ուղարկած փողը Փառանձեմի ու Թագուհու ձեռքից վերցնելու ու օլիգարխիայի գրպանը տեղափոխելու, ապա եւ` հինգ հազար դրամ բաժանելու, սափրագլուխ քիլերներով իշխանություն զավթելու համար։ Սա է քոչարյանական երկնիշ տնտեսական աճի իրական պատկերն ու նկարագիրը։ Ու տնտեսական վագրաձեւ բազմամյա թռիչքներից հետո մեկ էլ հանկարծ պարզվում է, որ այդ` թռիչքներ ապրած երկիրը հինգ միլիարդ, լավ` չորս միլիարդ, լավ` երեք միլիարդ, լավ` երկու միլիարդ փող չունի, որ Ռուսաստանում աշխատանքը կորցրած ու գլխիկոր Հայաստան վերադարձող Ժորիկին ու Վարդանին մի կիսաքաղցր աշխատատեղով ապահովի։ Եւ սա` այն դեպքում, երբ այդ ընթացքում երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած մարդուն արտերկրյա մամուլը համարում է երկու միլիարդանոց տղա, որը Նամիբիայում ոսկու հանքեր է առնում։ Ինչո՞ւ ես Նամիբիայում առնում` արի քո վագրաձեւ թռչող հայրենիքում ներդրումներ արա։ Իսկ նրա օրթախ ընկերները` վազում, իրենց փողերը դնում են Խորվաթիայում եւ Չինաստանում եւ սա թաքցնում «պաշտոնական այցի» քողի տակ, որ ոչ ոք գլխի չընկնի։

Հետո պարզվում է` տասը տարի վագրի թռիչքով առաջ շարժված երկիրը հնար չունի իր հարկատուների հարկային բեռը մի քիչ թեթեւացնելու։ Ու չնայած մի քանի տարի առաջ նրա անունը որոշ կազմակերպություններ դնում էին Սինգապուրի ու Մալայզիայի կողքին, հիմա` ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, Հայաստան անունը այդ նույն կազմակերպությունները դնում են Կոնգո եւ Զիմբաբվե անունների կողքին։ Սա՞ է ձեր տնտեսական հրաշքը, որի արդյունքում Ժորիկի ու Վարդանի աշխատած հանապազօրյա փողը հոսեց մի քանի օլիգարխների ու պաշտոնյաների գրպանը, իսկ հիմա գնում է Չինաստան, Նամիբիա, Խորվաթիա եւ բազմաթիվ ուրիշ տեղեր, որովհետեւ պարզվում է` Հայաստանում տնտեսություն չկա, որում հնարավոր լինի ներդրում անել։ Հայաստանում միայն տնտեսության ֆուտլյար կա, որը միայն շեղող դեր էր խաղում, եւ Հայաստանի իրական տնտեսական տեղը Զիմբաբվեի եւ Կոնգոյի արանքում է։ Ի դեպ, գիտե՞ք` Զիմբաբվեում հացը ինչ արժե. մոտ երկու միլիարդ տեղական դոլար։ Այսինքն` մի կիլո հաց առնելու համար երկու կիլո փող ես տալիս։ Ինչո՞վ տնտեսական հրաշք չէ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 9, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. hay
    Մարտ 10th, 2009 at 01:34 | #1

    PARZIC EL PARZ E GRVAC ……..
    ETE MEK@ KA VOR KARDA U CHHASKANA EREVI UXEXI HET KAPVAC XNDIRNER UNI… BA ED KAZMAKERPUTYUN KOCHVACNER@ VONC EIN KUTN UTUM U HASTATUM TE HAYASTANUM TNTESAKAN AJ KA….
    I DEP INCH ANUN EL VOR DNELU LINENQ BAYC SAHAKASVILIN SHAT JISHT GNAHATAKAN E TVEL HAYASTANI TNTESAKAN VIJAKI MASIN ..KARDACEQ TERT.AM !

  2. Varuj
    Մարտ 10th, 2009 at 22:34 | #2

    Nikol jan shat dipuk es grel!

  3. Մհեր
    Մարտ 11th, 2009 at 02:14 | #3

    Նիկոլ ջան տեսար Լիվերպուլն ինչ արեց: Հերթը մերնա. Հաղթելու ենք:

  4. Սուրեն
    Մարտ 11th, 2009 at 16:58 | #4

    Շատ լավն էր :)))))))))))))))))))))))))

  5. David A
    Մարտ 14th, 2009 at 02:38 | #5

    shat lav u dipuk hodvac er! Inchpes misht Nikol@ bardzrutyan vra e!

  1. No trackbacks yet.