> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 11.-15.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 11.-15.

11. Ի՞նչ է անունդ, բանտապահ

12. Ֆլամենկո

13. Ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում

14. Եվ այդ մեկ մարդը դու ես

15. Կորսվող ինքնություն

* * *

11. Ի՞նչ է անունդ, բանտապահ

Գրապպայի երկրորդ բաժակից հետո հիշեցի, որ ֆուտբոլի 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը, ախր, այստեղ է տեղի ունենալու` Շվեյցարիայում եւ Ավստրիայում: Մի երկու տեղ, կարծեմ, ինչ-որ պաստառներ ընկան աչքովս: Բայց մի տեսակ չֆիքսեցի, չնկատեցի, երեւի շատ էի լարված: Սատանան գայթակղում է ինձ. չմնա՞մ էստեղ ու մի կարգին ֆուտբոլ նայեմ: Բայց ի՞նչ կմտածեն բանտում գտնվող իմ ընկերները: Մտածելը` չգիտեմ, բայց Արարատը` Զուրաբյան, ողջ կյանքում հոգիս կուտի. «Մենք բանտում նստած էինք, իսկ դու քեզ համար «Եվրո-2008» էիր լացացնում»,- ամեն անգամ կասի նա: Ու չեմ ազատվի ես նրա ձեռքից: Է~յ, Արարատ ջան, անգամ չես պատկերացնի, թե ինչքան եմ քեզ կարոտել, ինչքան եմ կարոտել Դավիթին` Մաթեւոսյան, Պետրոս Մակեյանին, որին չնայած «պարոն Մակեյան» եմ ասում, բայց մեկ է, մենք ընկերներ ենք, հարազատ ընկերներ: Նույնը վերաբերում է նաեւ Ալեքսանդր Արզումանյանին, զնդաններում գտնվող մեր մյուս ընկերներին: Չի եղել մի օր, որ մտովի չայցելեմ ձեր «կամերները», չզգամ դրանց հերոսական շունչը: Բանտում նստելը դժվար է, շատ դժվար, բայց հեշտ չէ ազատության մեջ լինելը, երբ քո ընկերները բանտում են: Ընկերովի մահը հարսանիք է, իսկ մենակ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման վայրում հայտնվելու մեջ ինչ-որ նվաստացուցիչ բան կա, շատ որոշակի նվաստացում:

Չի եղել մի օր, որ ես չցանկանամ ձեր կողքին հայտնվել, չմտածեմ այդ մասին: Բայց այդտեղ գալ կարող էի միայն արժանապատիվ ճանապարհով: Ամեն ինչ արեցի, անգամ հասա նրան, որ ինձ գտնելը պատվի խնդիր դառնա սերժական ԱԱԾ-ի համար: Անգամ փորձեցի օգնել, հուշել ԱԱԾ-ին, նրան մատուցեցի 50/50, զանգ ընկերոջը, դահլիճի օգնություն:
Արդյունքում` նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում եւ գրապպա եմ կոնծում… Ինչպիսի~ նվաստացում…

Վերջին 10 տարում ես հայաստանյան որեւէ բար չեմ մտել, տանել չեմ կարողացել ռեստորանները, զզվել եմ սրճարաններից: Գլխավոր խմբագրի իմ հարմարավետ աշխատասենյակը բանտախուց է եղել ինձ համար. առնվազն շատ հաճախ այդպես է թվացել: Տասնյակ անգամներ փորձել եմ փախչել այդ խցից ու փախել եմ, բայց այդ փախուստը ամենաշատը մի ժամ է տեւել, ինչ-որ Անտեսանելի ձեռք վզիցս բռնել է եւ ետ բերել իմ բանտախուց: Ինչ-որ Անտեսանելի ձեռք ինձ գամել է պաշտոնս խորհրդանշող բազկաթոռին:

Ամեն բացթողման, ամեն սխալի, ամեն վրիպման, ամեն անճշտության, ամեն անուշադրության համար ամաչել եմ, գետինն եմ մտել: Ամեն անգամ այդպիսի դեպքերում ինձ թվացել է, թե օրը ցերեկով, լրիվ մերկ կանգնած եմ Հանրապետության հրապարակում, ու մարդիկ 100 դրամ են վճարում` իմ մերկությունը դիտելու, իմ անճոռնիությունը ծաղրելու համար: Սրան դիմանալ հնարավոր չէ, ցանկացել եմ փախչել ու փախել եմ:

Բայց այդ անիծված Անտեսանելի ձեռքը ԱԱԾ չէ, նրանից հնարավոր չէ փախչել. ամեն անգամ նա ինձ ետ է բերել իմ բանտախուցը եւ մի Անտեսանելի բանտապահ կարգել իմ դռան առաջ: Ի՞նչ է այդ Անտեսանելի բանտապահի անունը. գուցե Փառամոլությո՞ւն, գուցե Մեծամտությո՞ւն, գուցե Կարիերի՞զմ, գուցե Տգիտությո՞ւն, գուցե Շահամոլությո՞ւն: Իսկ գուցե Պատվախնդրությո՞ւն, գուցե Պատասխանատվությո՞ւն, գուցե Սե՞ր, գուցե Հայրենի՞ք, գուցե Քաղաքացիությո՞ւն, գուցե Ծառայությո՞ւն: Իսկ գուցե իմ դռան առաջ ոչ թե մեկ, այլ տասնյակ Անտեսանելի բանտապահներ են կանգնած, եւ իմ դռան առաջ հաշտ ու խաղաղ իրար կողքի ապրում են Փառամոլությունն ու Ծառայությո՞ւնը: Գուցե ոչ թե հաշտ ու խաղաղ են ապրում, այլ ամեն օր իրար մռութ են ջարդում, պայքարում են իրար իմ դռան մոտից ընդմիշտ քշելու եւ իմ բանտապահը լինելու իրավունքի համար:

Ինչ էլ լինի իմ Անտեսանելի բանտապահ(ներ)ի անունը, ես նրանց չբացակայելու մասին ստորագրություն եմ տվել: Ուշ երեկոյան նա ինձ թույլ է տվել մեկնել երեխաներիս հետ տեսակցության: Բայց հաճախ այդ տեսակցությունը չի կայացել. կա՛մ զավակներս քնած են եղել, կա՛մ էլ ես կտտանքներից բզկտված:

Երբեմն գիշերը վեր եմ թռել` քնիս մեջ հասկանալով, որ էլի մի սխալ, էլի մի վրիպակ, էլի մի անգրագիտություն եմ թույլ տվել: Վեր եմ կացել, վազել, բայց աչքս ընկել է ժամացույցին. արդեն ուշ է, տոմսերը հանված են վաճառքի, եւ լուսաբացի հետ ես իմ սեփական մերկությունը ի ցույց կդնեմ Հանրապետության հրապարակում, ընդամենը 100 դրամով:

Առավոտյան` սահմանված ժամին, ներկայացել եմ իմ բանտապահ(ներ)ին: Անցել եմ իմ խուցը, ամաչել, գետինը մտել, անզորությունից խելագարվել ու խելագար հարձակվել իմ կալանավորների վրա: Հետո ավելի եմ ամաչել, ավելի եմ գետինը մտել, անզորությունից հեկեկացել եմ, փախել եմ անզորությունից… Բայց Անտեսանելի ձեռքը հասել է ինձ, Անտեսանելի բանտապահը քացու տակ է տվել ինձ, ու ես հնազանդվել եմ, հնազանդվել եմ…

Արտակարգ դրությունը փրկություն էր ինձ համար, իմ դեմ հարուցված հերթական քրգործը` հույս, իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը նման էր ազատագրման: Բայց սին դուրս եկան իմ սպասումները, եւ ինչպես տեսնում եք` հիմա ստիպված եմ ոչ միայն ինքս ինձ քարշ տալ աշխարհով մեկ, այլեւ իմ բանտախուցը, իմ ամոթը:

Ու չնայած Շվեյցարիայում եմ, հիմա էլ ժամանակ առ ժամանակ իմ մերկությունը ի ցույց է դրվում Հանրապետության հրապարակում: 100 դրամով, ընդամենը 100 դրամով:

Նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում եւ զգում եմ, որ իմ Անտեսանելի բանտապահ(ներ)ը հսկում է սրճարանի դուռը, բոլոր այն դռները, ուր ես մտնում եմ` իմ բանտախուցը հետս քարշ տալով:

Մի՞թե ազատում չկա այս բանտախցից, այս բանտապահ(ներ)ից… Կա, եւ այդ ազատումը ԱԱԾ մեկուսարանն է: Միայն ԱԱԾ բանտապահները ինձ կկարողանան դուրս կորզել իմ բանտապահ(ներ)ի ձեռքերից, միայն նրանց սապոգների տակ կջարդվի այդ Անտեսանելի ձեռքը, միայն նրանց հարվածների տակ իմ բանտապահ(ներ)ը կփախչեն ինձնից, ինչ էլ լինի նրա (նրանց) անունը` Փառամոլություն թե Մեծամտություն, Կարիերիզմ թե Տգիտություն, Քաղաքացիություն թե… Բայց, չէ, եթե նրա (նրանց) անունը Քաղաքացիություն է կամ Սեր կամ Հայրենիք կամ Ծառայություն կամ Ազատություն, ես չեմ ազատվի նրանցից, նրանք ինձ չեն թողնի ոչ մի կտտանքի, ոչ մի խոշտանգման, անգամ մահապատժի սպառնալիքի տակ:

- Ո՞վ ես դու, իմ բանտապահ: Ես ուզում եմ ճանաչել քեզ, ես ուզում եմ իմանալ քո անունը:

- Իմ անունը գրված է ԱԱԾ բանտապահի սապոգի տակ: Իմ անունը կտեսնես այն ժամանակ, երբ ԱԱԾ սապոգի տակը կտեսնես:

12. Ֆլամենկո

Տեղատարափ անձրեւը ծեփվում էր գարնանային Լոզանի պատերին: Ես հիշեցի այն օրը, երբ Դու թաքուն լացում էիր մեր խղճուկ խրճիթի պատի տակ` անձրեւից պատսպարված: Ես համարյա չեմ տեսել Քո արցունքները, բայց միշտ զգացել եմ, թե ինչպես են նրանք ահարկու դղրդյունով զարկվում հատակին: Հիմա էլ Դու լացում ես, բայց ոչ ոք չի տեսնի Քո արցունքները, նրանք կզգամ միայն ես, ի հեճուկս մեզ բաժանող հազարավոր մղոնների:

Ահա Դու նստած ես մեր ճաղապատ պատշգամբի ծղոտե բազկաթոռին: Մութ է, անձրեւից դղրդում են Երեւանի տանիքները, Դու թաքուն հեկեկում ես` բազկաթոռի մեջ կուչ գալով: Ես չեմ վախենում քեզ հետ լաց լինել` պատերին զարկվող լոզանյան տեղատարափին զուգահեռ: Բայց ոչ ոք չի տեսնի մեր արցունքները. օգնության տագնապ չէ սա, այլ երջանկության գիտակցում:

Իսկ անձրեւը, արդյո՞ք անձրեւը հայրենիք ունի: Մի՞թե ինձ վրա քո ամպացած արցունքները չեն թափվում: Դուրս եկ պատշգամբից, կանգնիր անձրեւի տակ եւ ցողվիր իմ` անձրեւացած արցունքներով:

***

Քայլերս ինձ տարան դեպի երեկվա նույն բարը: Ահավոր թրջվել եմ, եւ մի բաժակ խմելը չի խանգարի: Հայկական կոնյակ երեկվա պես չկա, բայց բարմենը գիտի, որ գրապպան պետք է ձիթապտղով մատուցի: Ահա խմում եմ մի բաժակ, մի հատ ձիթապտուղ եմ գցում բերանս. հիմա հարկավոր է չորանալ: Բարմենը վերցնում է թրջված բաճկոնս, իսկ մատուցողը ֆեն է բերում ինձ համար: Նա առաջարկում է իր օգնությունը, բայց ես, շնորհակալություն հայտնելով, հրաժարվում եմ. լվացարանում ինքս եմ չորացնում մազերս եւ վերադառնում բար-կանգնակի մոտ:

- Երկու ժամից համերգ է լինելու, անպայման մնացեք,- ասում է բարմենը:

- Ի՞նչ համերգ,- անտարբեր հարցնում եմ ես:

- Ֆլամենկո, Բարսելոնայից եկած խումբ է:

- Այդ դեպքում ինձ համար ընթրիք պիտի պատրաստեք` ծովամթերքի ասորտի,- ասում եմ ես:

- Հոգ չէ, պարոն, կպատվիրենք մոտակա ռեստորանից:

Պայմանավորվեցինք: Բարում շատ քիչ մարդ կար. սովորաբար այդպես է այդ ժամին, այդ ժամին շատ քիչ այցելուներ են լինում:

Հերթական այցելուի մուտքը ազդարարող զանգից հետո բարմենի դեմքին զարմանքի արտահայտություն նշմարվեց: Ես թեքվեցի դեպի մուտքը. այնտեղ կանգնած էր մորուքով մի երիտասարդ` միչեւ վերջին թելը թրջված. ջուրը ուղղակի չռռում էր նրա վրայից: Բարմենի զարմանքը հասկանալի էր. այսօր ի՞նչ է, թրջվածների օ՞ր է: Իսկ այցելուն դեռ կանգնած էր մուտքի մոտ, կարծես ուզում էր հասկանալ, թե արդյո՞ք ճիշտ հասցեով է եկել: Շատ շուտով, սակայն, անվստահ քայլերով նա մոտեցավ բար-կանգնակին եւ գրապպա խնդրեց: Մենք արագ գլխի ընկանք, որ մեր առջեւ կանգնած է ոչ միայն բառիս բուն, այլեւ փոխաբերական իմաստով թրջված մի մարդ. դա հնարավոր չէր չնկատել: Նրա աչքերը սառն էին, կոպերը` ծանրացած, ոտքերն ու ձեռքերը կարծես անուժ կախված էին մարմնից: Նրա վրայից ջուրը շարունակում էր չռռալ. մատուցողը մոտեցավ եւ խնդրեց հանել անձրեւանոցը: Նա անտարբեր կատարեց նրա խնդրանքը, բայց հրաժարվեց մազերը չորացնելու առաջարկից: Ապա նստեց ինձնից հեռու` բար-կանգնակի դիմաց շարված կլոր գլխով երկարաոտ աթոռներից մեկին:

- Ամեն ինչ կարգի՞ն է,- արեւմտյան ավտոմատիզմով հարցրեց բարմենը` ինքն էլ կասկածելով իր տված հարցին:

- Ամեն ինչ անիմաստ է,- ասաց այցելուն` երկրորդ բաժակ գրապպան խմելով: Նրա խմելու մեջ ինչ-որ սպառնալիք կար, ինչ-որ սարսափելի հուսահատություն: Ձայնը լի էր ատելությամբ.

- Քիչ առաջ ես հիվանդանոցում երկու դիակ թողեցի. հիմա ես որդեկորույս եմ, չնայած չհասցրի հայր դառնալ, հիմա ես այրի եմ, չնայած չհասցրի ամուսնանալ,- նրա դեմքը այլայլվում էր:

Այցելուն, պարզվեց, ամերիկացի է` Ֆրեդ անունով: Ընկերուհու` Կետրինի (նրան Ֆրեդը Կետ էր ասում) հետ ծանոթացել էր Իտալիայում` Հռոմում: Ազգությամբ շոտլանդացի Կետրինը Իտալիա էր ժամանել որպես բարեգործական մի կազմակերպության աշխատակցուհի: Ֆրեդը սկզբում նրան վերաբերվել էր որպես ծիտիկի: Բայց շատ շուտով նրանց միջեւ բուռն սիրավեպ էր ծագել, եւ Կետրինը տիրել էր Ֆրեդի սրտին եւ հոգուն: Նրանք հասկացել էին, որ ստեղծված են միմյանց համար: Ապա եւ Կետրինը հղիացել էր, ինչը նրանց մեծ ուրախություն էր պատճառել: Հղիության 8-րդ ամսում, սակայն, Ֆրեդը խնդիրներ էր ունեցել իտալացի իրավապահների հետ, եւ նրանք հանգել էին այն եզրակացության, որ անհրաժեշտ է հեռանալ Իտալիայից: Բայց Կետրինի վիճակում վտանգավոր կլիներ ԱՄՆ կամ Շոտլանդիա մեկնելը, եւ նրանք ընտրել էին հարեւան Շվեյցարիան:

Եվ ահա, Ֆրեդի հետ մեր հանդիպման օրը, ավելի ճիշտ` հանդիպումից մի ժամ առաջ, Կետրինը ծննդաբերելիս մահացել էր հիվանդանոցում. երեխան էլ խեղդվել էր պորտալարի` վզին փաթաթվելուց.

- Ես սպանեցի նրան: Իմ կիրքը նրան հղիացրեց, իմ կիրքը սպանեց նրան, - լացակումած ասում էր Ֆրեդը:

- Եթե նա չցանկանար քեզնից երեխա ունենալ, չէր ունենա, - փորձում էի հանգստացնել նրան:

- Եթե ես չհամաձայնեի, նա չէր պահպանի երեխային:

- Չես կարող պնդել: Կանայք, սիրող կանայք հեշտ կանխատեսելի չեն: Եւ հետո, ինչպե՞ս դու կարող էիր սպանել ձեր սիրո պտուղը: Դա ընդամենը կնշանակեր, որ դու նրան չես սիրում: Եւ եթե այդպես լիներ, Կետրինի մահը քեզ համար ցավալի կլիներ, եւ ընդամենը: Իսկ հիմա դու կյանքի անիմաստության մասին ես խոսում:

- Ես կսպանեի երեխային եւ կփրկեի Կետին: ես սպանեցի Կետին, Աստված սպանեց մեր առաջնեկին:

- Դու մեղադրում ես Աստծո՞ւն, - այլայլված հարցրի ես:

- Ընդամենը մի քանի ժամ առաջ ես ծնկաչոք աղոթում էին նրան, խնդրում էի փրկել Կետին, խնդրում էի ինձ ապրելու իրավունք շնորհել: Հիմա, երբ ամեն ինչ վերջացած է, ես չեմ ուզում խոսել նրա հետ, ես անգամ չգիտեմ` գոյություն ունի՞ նա, թե՞ ոչ:

- Գիտե՞ս, Ֆրեդ, ինձ երբեմն թվում է, թե մենք շարունակում ենք չարչարել նրան, ծաղրուծանակի ենթարկել: Ինձ թվում է, թե մենք ամեն օր խաչի ենք գամում նրան, փշե պսակ դնում նրա գլխին եւ զվարճանում նրա արնածոր մարմնով…

Ֆրեդը կտրուկ ինձ նայեց, նրա աչքերում հետաքրքրություն կար: Ես շարունակեցի.

- Երբ մենք դժվարությունների մեջ ենք, հիշում ենք նրան, ծնկի իջնում նրա առաջ: Շատ նեղն ընկնելիս նույնիսկ տեսնում ենք նրան, այնպես, ինչպես ես եմ քեզ տեսնում: Բայց երբ գործարքը մերժվում է, առեւտուրը չի կայանում, անգամ երբ կայանում է, եւ ամեն ինչ լավ է, մենք սկսում ենք վայելել աշխարհը, եւ Նա մեզ ցնորք է թվում, անիրական, մտացածին: Եւ մենք ուրախությամբ մոռանում ենք նրան, որովհետեւ նա մեզ խանգարում է ապրել, երբեմն նույնիսկ խանգարում է մեռնել: Քեզ, օրինակ, Նա խանգարում է մեռնել, եւ դու ուզում ես Նրա գոյությունը հերքել, որպեսզի շարունակես ապրել քո կյանքով. մի կամրջից ցած նետվել կամ էլ բարերում լակելով թրեւ գալ…

Ֆրեդը կարկամած ինձ էր նայում: Նրա աչքերում կյանք էր հայտնվել: Մեղադրանքը կարծես կենդանացրեց նրան, մինչդեռ կարեկցանքը սպանում էր.

- Գիտե՞ս ինչ, ախպերս. մի այրիր քո կամուրջները, ինքդ քեզ շանս տուր հասկանալ մահվան իմաստը,- շարունակեցի ես:

- Իմա՞ստը, դու ուզում ես ասել, որ իմ սիրած կնոջ եւ իմ առաջնեկի մահը իմա՞ստ ունի: Դու, ի՞նչ է, ապո՞ւշ ես,- սպառնալից հարցրեց Ֆրեդը:

Բարմենը ակնհայտորեն լարվեց, մենք արդեն մի քանի բաժակ խմել էինք: Բայց ես սթափ էի, նույնքան սթափ էր Ֆրեդը: Ես լուռ նայում էի իմ բաժակին եւ ոչ մի շարժումով չարձագանքեցի Ֆրեդի սպառնալից տոնին.

- Քեզ թվաց, թե վիրավորո՞ւմ եմ քո զգացմունքները: Ես քեզ կպատմեմ իմ պատմությունը: Մինչ այդ ասեմ, որ ոչ թե վստահ եմ, այլ կասկածում եմ, կասկածում եմ, որ ամեն մահ ունի իր բացառիկ իմաստը, մատնահետքի նման բացառիկ եւ չկրկնվող իմաստը:

Ֆրեդը շարունակ ինձ էր նայում, բայց նրա հայացքում այլեւս սպառնալիք չկար: Նա ուզում էր լսել.

- Փոքր հասակում ես երազում էի աշխարհագրության դասատու դառնալ: Չես պատկերացնի, Ֆրեդ, թե ինչպես էի ես երազում: Ես ապրում էի այդ մտքով, հաշվում էի օրերը, թե երբ պիտի ավարտեմ դպրոցը, որ իրագործեմ իմ երազանքը: Որոշումը կայացված էր, եւ ոչ մի ուժ չէր կարող ինձ ստիպել փոխել այն: Անգամ մայրս, որ կարծում էր, թե ես լրագրող պետք է դառնամ: Ես ծիծաղում էի նրա վրա, նրա ձեռքից բռնած` քաշում էի հեռուստացույցի առաջ եւ, սովետական եթերի «աստղերից» մեկին ցույց տալով, ասում. «Մայրիկ, դու ուզում ես, որ ես այսպիսի տխմարի մե՞կը դառնամ»: Մայրս անդրդվելի էր, տարիքիս հետ նա այս թեման ավելի էր լրջացնում: Իսկ ես այդ խոսակցության մեջ մտնում էի միայն նրա հոգու հետ խաղալու համար: Հասկանո՞ւմ ես, որոշումը կայացված էր, որոշումը անբեկանելի էր. ես կդառնամ աշխարհագրության դասատու…

Ես այստեղ դադար առա` գրապպայի հերթական բաժակը խմելու համար.

- Հետո, Ֆրեդ, տեղի ունեցավ անկանխատեսելին, տեղի ունեցավ ողբերգականը, տեղի ունեցավ այն, ինչ անիմաստ է դարձնում ամեն ինչ. մայրս մահացավ, Ֆրեդ, գլխուղեղի քաղցկեղից: Վերջին անգամ ես նրան տեսա մահվանից երկու օր առաջ. նա ինձ միայն երկու բառ ասաց, որ ես չեմ կարող քեզ համար թարգմանել: Դա չի թարգմանվում, դա միայն իմ հայրենիքում են մարդիկ իրար ասում: Վերջին վեց ամիսներին մայրս ու ես իմ մասնագիտության հարցը չէինք քննարկել, բնականաբար` վերջին հանդիպմանն էլ այդ մասին խոսք չեղավ: Ավելորդ է ասել, թե նրա մահը ինչպիսի հարված էր ինձ համար, երկար ժամանակ ես ուշքի չէի գալիս եւ հարուցում էի հարազատներիս մտահոգությունը: Իսկ հիմա կռահիր, Ֆրեդ, թե ի՞նչ մասնագիտության տեր եմ ես:

Ֆրեդը ջերմությամբ ինձ էր նայում.

- Այո, ախպերս, ես լրագրող եմ: Բայց զարմանալին այն է, որ ես սիրում եմ իմ այդ տխմար մասնագիտությունը, ես ինձ չեմ պատկերացնում առանց նրա: Ավելին, Ֆրեդ, եթե ես լրագրող չդառնայի, չէի հանդիպի նրան, ում սիրում եմ: Ես չէի էլ կարող երազել անգամ, որ ինձ կվիճակվի այդպես սիրել: Եւ իմ կյանքը բոլորովին այլ կերպ կդասավորվեր, եթե ես լրագրող չդառնայի: Գիտե՞ս, ես բազմիցս քննել եմ այն մյուս սցենարը, գծագրել եմ այն, վերլուծել եւ հասկացել, որ դա սխալ ճանապարհ կլիներ, ոչինչ չխոստացող ճանապարհ: Իսկ հիմա դու պատրա՞ստ ես լսել այն, ինչ ես քեզ կասեմ:

- Պատրաստ եմ երեւի,- ահաբեկված ասաց Ֆրեդը:

- Ես քեզ սովորական բան չեմ ասելու, Ֆրեդ: Ես քեզ սարսափելի բան եմ ասելու եւ եթե 20 տարի առաջ մտածեի, որ կարող եմ նման բան ասել մի անծանոթ ամերիկացու, երեւի թե կախվեի:

- Դե, ի՞նչ ես ասելու, դու տարօրինակ ես խոսում:

- Երբեմն ինձ թվում է, Ֆրեդ, որ ես ուրախ եմ, որ մայրս մահացել է:

Ֆրեդը սարսափած հայացքով ինձ էր նայում, բայց նա այլեւս այն կոտրված եւ հուսահատ մարդը չէր: Նրա աչքերում հուսահատության հետք անգամ չէր մնացել: Նրա ներսում ինչ-որ բան էր սկսել շարժվել, ինչ-որ խմորում էր ծայր առել:

Իմ այդ միտքը ինձ էլ է սարսափեցնում, բայց կյանքը եւ մահը շատ սերտորեն են իրար հետ կապված: Մայրս ինձ լույս աշխարհ բերեց ոչ թե իմ ծննդյան, այլ իր մահվան օրը: Նա մահացավ, որ ես ապրեմ, ու ես ապրում եմ հանուն նրա հիշատակի…

Ֆրեդը ակնհայտորեն հուզված էր, նա ուզում էր հասկանալ իր հետ տեղի ունեցածի իմաստը: Բայց գուցե դրա համար երկար ժամանակ է պետք, գուցե, իրոք, ոչ մի իմաստ էլ չկա, գուցե, իրոք, ամեն ինչ անիմաստ է: Ես Ֆրեդին առաջարկեցի խմել Կետրինի, իմ մայրիկի, բոլոր հանգուցելոց, իր զավակի հոգու հանգստության կենացը:

- Ի՞նչ էիք դնելու ձեր առաջնեկի անունը,- հարցրի ես:

- Մտածում էինք աղջիկ կլինի, Կետրին կանվանենք, բայց տղա էր. մենք պատրաստ չէինք այդ տարբերակին…

- Հանգուցյալների կենացը, Կետիդ, որդուդ կենացը,- ասացի ես` ոտքի կանգնելով: Ֆրեդը նույնպես ոտքի կանգնեց: Ես իմ բաժակը բռնած ձեռքով հպվեցի նրա` բաժակով ձեռքին, այնպես, ինչպես Հայաստանում` օղորմաթաս խմելուց առաջ:

- Ֆրեդ, թույլ տուր ես էլ մասնակցեմ Կետրինի թաղմանը:

- Դրա համար դու պետք է Շոտլանդիա հասնես, եւ հետո, ես չգիտեմ, թե դա երբ տեղի կունենա: Ես ոչ մի փաստաթղթով կապված չեմ նրա հետ, երեւի նրա ընտանիքի անդամներից մեկը պիտի գա` դիակը ստանալու համար: Նրանք չգիտեն էլ, թե ինչ է կատարվել:

- Ոչինչ, Ֆրեդ, ես կգամ Շոտլանդիա, միայն քեզ կզանգեմ` թաղման օրը իմանալու:

- Շնորհակալ եմ, գոնե իմ կողմից էլ թաղմանը մարդ կմասնակցի:

- Դու, ի՞նչ է, հարազատներիդ չե՞ս ասելու:

- Ինչպե՞ս ասեմ, երբ նրանք ոչինչ չգիտեն մեր մասին:

Մեր թիկունքում կիթառի ծնգծնգոցներ լսվեցին.

- Մոռացեք ընթրիքի մասին, եթե կարիք լինի, ես սենդվիչներ կուտեմ,- դիմեցի ես բարմենին:

***

Բար-սրճարանը մեզ համար աննկատ` լցվել էր մարդկանցով: Մեր ետեւում գտնվող բեմի վրա տեղավորվում էին երեք թե չորս կիթառահարներ, նրանցից քիչ ետ մի երիտասարդ էր` ինչ-որ հարվածային գործիք ոտքերի արանքում պահած: Բեմի հենց կողքի սեղանի մոտ նստած էր բեմական կարմիր զգեստով, կարմիր մեխակ-վարսակալով, կարմիր կոշիկներով մի իսպանուհի: Նրա հետ սեղանի շուրջ նստած էր մի երկար դեմքով, երկար, բայց ծոծրակին կպած մազերով, անճոռնի հայկական քթով, կախ ուսերով եւ տխուր աչքերով մի երիտասարդ, որը եւ ֆլամենկո էր երգելու այդ երեկո: Նա ջուր էր խմում` սպասելով, որ կիթառահարները տեղավորվեն, լարեն իրենց գործիքները: Ես նկատեցի, որ բեմի վրա ոչ մի բարձրախոս, էլեկտրոնային ոչ մի ատրիբուտ չկա: Երգիչ երիտասարդի դեմքը նման էր բեմական դիմակի. այդ դեմքը ստեղծվել էր ցանկացած հույզ, հույզերի ցանկացած համադրում արտահայտելու համար:

Նա Արտիստ էր, նրանք բոլորը արտիստներ էին: Ես համոզված էի, որ նրանց գրպաններում միայն օրվա ապրուստի համար անհրաժեշտ դրամ կա: Նրանք չունեն բանկային հաշիվներ, նրանք փող չունեն ետ գցած: Նրանք ապրում են հանուն ֆլամենկոյի, նրանք երգում են օրվա ապրուստը վաստակելու հույսով: Նրանք չեն ձգտում ավելիի: Այդ ավելին պետք չէ նրանց, այդ ավելին կպղծի նրանց զգացմունքները, այդ ավելին կբթացնի նրանց տառապանքները: Համերգի վերջում ես ցանկացա նրանց ավել դրամ տալ` բացի համերգի տոմսի արժեքից, բայց վախեցա նրանց վիրավորել. չհամարձակվեցի այդ անել…

Երբ Արտիստը սկսեց ֆլամենկո երգել, ես ու Ֆրեդը իրար նայեցինք: Մինչ այդ մեզ անծանոթ երաժշտությունը զարմանալի կերպով ամփոփում էր մեր խոսակցությունը: Այն կարծես կանգ էր առնում մեր արտասանած ամեն նախադասության վրա, փորձում էր վերլուծել, հասկանալ մեր մտքերը, նոր իմաստ հաղորդել դրանց, դուրս կորզել այդ մտքերի տակ թաքնված սերն ու տառապանքը, հուսահատությունն ու հավատը, արժանապատվությունն ու անարգանքը, հոգեւորն ու սեռականը, շնությունն ու ապաշխարանքը:

Ինչ է ֆլամենկո՞ն. իսկ դուք ինչպե՞ս կողբայիք ձեր միակ, ձեր միակ սիրած էակի մերժումը, որին սիրում եք տիեզերական սիրով, ամբողջ մարմնով, ամբողջ հոգով, ողջ գիտակցությամբ, սրտի սպանող թրթիռով: Իսկ դուք ինչպե՞ս կցնծայիք, եթե նա ձեզ ոչ թե մերժեր, այլ պատասխաներ նույնպիսի սիրով, կրքոտ եւ շնչահեղձ սիրով: Իսկ դուք ինչպե՞ս կողբայիք ձեզ համար ամենաթանկ մարդու կորուստը, մահը: Իսկ դուք ինչպե՞ս կցնծայիք, եթե հարություն առներ նա: Դուք ի՞նչ կզգայիք, եթե ձեզ դավաճաներ ձեր ամուսինը, ձեր կինը, եղբայրը, ծնողը, զավակը, ընկերը, եւ ի՞նչ կզգայիք, եթե պարզվեր, որ ոչ մի դավաճանություն իրականում չի եղել: Իսկ դուք ինչպիսի՞ ցավ կզգայիք, եթե ձեր սիրտը խոցեին դանակով, եւ ինչպիսի՞ թեթեւություն կզգայիք` իմանալով, որ դա ընդամենը երազ է: Ինչպե՞ս կզգայիք դուք ձեզ բանտում, եթե ձեզ խոշտանգեին, կտտանքների ենթարկեին, ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե հայտնվեիք կատարյալ ազատության մեջ եւ շրջապատված լինեիք հարգանքով ու քաղաքավարությամբ: Ինչպե՞ս կբղավեիք դուք հուսահատության մեջ եւ ինչպե՞ս կբղավեիք հաղթանակից հետո. ի՞նչ կլիներ այս ողջ ընթացքում ձեր սրտի մեջ. ահա դա է ֆլամենկոն:

***

Դու ուզում ես իմանալ, թե որքան եմ քեզ սիրո՞ւմ: Կա՞ արդյոք Երեւանի կրպակներում ֆլամենկոյի սկավառակ: Եթե դա իսկական ֆլամենկո է, գնիր այն, լսիր մենության մեջ եւ կհասկանաս, թե որքան եմ քեզ սիրում:

13. Ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում

Նկարագրելով ֆլամենկոն` ես այդպես էլ ոչինչ չասացի կարմիր զգեստով, կարմիր մեխակ-վարսակալով, կարմիր կոշիկներով իսպանուհու դերի մասին: Չէի մոռացել, քավ լիցի. եթե այդ կարմրազգեստ Արտիստուհին եւ նրա երկնագույն, շերտավոր շրջազգեստներով, սեւ կոշիկներով, երկնագույն մեխակ-վարսակալներով հերարձակ երկու ընկերուհիները (Արտիստուհու մազերը խստորեն հավաքված էին) չլինեին, բեմադրությունը, անշուշտ, կտուժեր: Նրանք իրենց պարերով, փեշերը պտտելով, կոշիկները գետնին զարկելով մի առանձնակի ուժ եւ հմայք էին տալիս ֆլամենկոյին, բայց նրանք ֆլամենկոյի էությունը չէին: Նույնը կարելի է ասել նաեւ կիթառահարների եւ հարվածային գործիքի վարպետի մասին, որոնք երբեմն մի կողմ էին դնում իրենց գործիքները եւ անցնում ռիթմիկ ծափերի: Այո, նրանք ներդաշնակվում էին ֆլամենկոյի հետ, նրա անբաժանելի մասն էին, նրա թեւերը, բայց ոչ էությունը:

Ֆլամենկոյի էությունը Արտիստն էր, նրա տառապանքը, նրա ցնծությունը, նրա հուսահատությունը, աշխարհի ամենաբարձր կամրջից ցած նետվելու նրա մղումը եւ նրա սփոփանքը` անկման ընթացքում:

Ես մի պահ փորձեցի չնկատելու տալ պարուհիներին, չլսել կիթառների եւ տատամի ձայնը, մոռացության տալ ռիթմիկ ծափերը եւ լսել ֆլամենկոն բացարձակ մերկ վիճակում: Այս դեպքում արդեն ֆլամենկոյի ելեւէջները ինձ այնքան էլ անծանոթ չթվացին: Բայց որտե՞ղ եմ լսել համանման ինչ-որ բան: Ավելի ճիշտ` ոչ թե համանման բան, այլ այս նույն ելեւէջները հիշեցնող. որտե՞ղ եմ լսել:

Հիշեցի, ու դա ինձ ցնցեց. այսպես Տավուշի ետամնաց գյուղերում տարիքով կանայք են ողբում իրենց ջահել բալեքի դիակների վրա, իրենց սիրասուն ամուսինների դիակների վրա: Ինչ խոսք, գեղագիտական համեմատության եզր անգամ գոյություն չունի: Բայց այդ` երբեմն գռեհիկ ողբի եւ ֆլամենկոյի ելեւէջների մեջ ինչ-որ գռեհիկ կապ կա, հաստատ կա: Բայց ի՞նչ կապ կարող է լինել Տավուշի գյուղերի եւ Իսպանիայի միջեւ, ի՞նչը կարող էր կապել նրանց: Եվ ես հիշեցի Իրանը:

Սպահան քաղաքը, որտեղ մի մոլլա աղեկտուր կանչում էր մինարեթի գագաթից:

Աստված իմ, որքա~ն ընդհանուր բան կար մոլլայի կանչի եւ Արտիստի ֆլամենկոյի ելեւէջների միջեւ: Իսպանիա եւ մահմեդականություն, ահա որտեղ է հանելուկի լուծումը: Չէ՞ որ իսլամի զավակները` արաբները, Աֆրիկայի հյուսիսով հասել են Իսպանիա եւ ասպատակել այն: Չէ՞ որ այդ նույն արաբները ասպատակել են նաեւ Հայաստանը: Ահա թե ինչ կապ կա Տավուշի գյուղերի եւ Իսպանիայի միջեւ:

Ու եթե Հայաստանում մոլլաների կանչից մնացել է կանանց` լսողության համար ոչ այնքան հաճելի, երբեմն նույնիսկ գռեհիկ ողբը, Իսպանիայում ստեղծվել է մշակույթ, ընդ որում` ոչ թե արաբական, այլ իսպանական մշակույթ: Եւ այս իմաստով շատ ծիծաղելի են դառնում նրանք, ովքեր Հայաստանում փրփրած բերաններով «պայքարում» են «մշակութային օտար ազդեցությունների դեմ»: Ինչքան շատ ենք մենք դրա դեմ պայքարում, այնքան ավելի շատ ենք կորցնում մեր մշակույթը, մեր ինքնությունը:

Պատճառը շատ պարզ է. մշակութային ինտերվենցիայի դեմ պայքարում են ոչ թե հանգ բռնող տխմարների, կոմպոզիտոր կոչվող գրագողերի, պալատական գրողների ու նկարիչների ասուլիսներով, այլ համաշխարհային պրոցեսների իմացությամբ սեփական մշակույթ ստեղծելով: Իսկ մշակույթ կարող են ստեղծել ազատ մարդիկ եւ ոչ թե պալատական կապիկները եւ իշխանական քեֆերը սպասարկող պուտանկաները: Հենց սրանց են հիմա Հայաստանում կոչում մտավորական, արտիստ, մշակութային գործիչ…

Բայց այս ի՞նչ շեղվեցի մեր թեմայից, մեր ժանրից, մեր շուրջերկրյա ճանապարհորդությունից, Լոզանից, բար-սրճարանից, գրապպայից, ֆլամենկոյից, ֆլամենկոյի էությունից ու ծագումից: Իհարկե, ոմանք գուցե թե կառարկեն` ասելով, որ ոչ թե իսպանացիներն են արաբներից ազդվել, այլ արաբները իսպանացիներից: Սա տվյալ դեպքում էական չէ: Չնայած, արաբական վարկածը շատ ավելի ծանրակշիռ է. իսպանական մշակույթը շատ է տարբերվում ընդհանուր եվրոպական մշակույթից, իսկ Իսպանիայի պատմությունը «միջին եվրոպականից» տարբերվում է երկարատեւ արաբական օկուպացիայով, տիրապետությամբ:

Բայց մեր խնդիրը հարցի ոչ թե գիտական, այլ հումանիտար կողմն է, հումանիտար եզրակացությունը: Իսկ այդ եզրակացությունը մեկն է. երկրագնդի վրա ապրող մարդիկ, ազգերը, ժողովուրդները երբեմն շատ ավելի մոտ են իրար, շատ ավելի կապված են իրար հետ, քան անգամ իրենք են պատկերացնում: Չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն համաշխարհային մշակույթի մաս չէ, չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն չի պահպանում եւ պաշտպանում իր ինքնությունը: Բայց պաշտպանվել չի նշանակում նկուղում փակվել, ուրիշից գողանալ եւ այն համարել իրենը:

Պաշտպանվել նշանակում է ստեղծել, պաշտպանվել նշանակում է արարել, պաշտպանվել նշանակում է զարմանալ եւ զարմացնել, պաշտպանվել նշանակում է պայքարի մեջ մտնել եւ հղկվել, մշակվել, ամրանալ պայքարում:
Ֆլամենկոն, անշուշտ, իսպանացի իշխանները չեն ստեղծել, այլ իսպանացի ժողովուրդը, թափառական երաժիշտներն ու արտիստները, ազատ էսթետները: Եւ ֆլամենկոն արաբական նվաճումը չի խորհրդանշում, այլ Իսպանիայի ազատագրումը, հակառակ դեպքում այս Արտիստը ոչ թե Արտիստ կլիներ, այլ առավոտ-իրիկուն կկանչեր Մադրիդի բարձր մինարեթներից:

***

Հաջորդ օրը բար-սրճարանում արդեն ֆլամենկոյի երեք ներկայացում կար: Դրանք բոլորը անցնում էին լեփ-լեցուն սրահներում: Ֆրեդը ու ես ներկա էինք բոլոր ներկայացումներին: Մենք երբեմն արտասվում էինք, երբեմն` ցնծում, երբեմն` դառնացած խմում:

Ֆրեդը ասաց, որ Կետրինին Շոտլանդիա տեղափոխելը դեռ երկար կտեւի, գուցե անգամ անհրաժեշտ լինի Կետրինի մի ազդեցիկ բարեկամի միջամտություն` գործը արագացնելու համար: Բայց ես չէի ուզում երկար մնալ Լոզանում. ինձ թվում էր, թե որեւէ տեղ երկար մնալով` ես դադարեցնում եմ Հայաստան գնալը, հարմարվում եմ արտերկրյա նստակեցությանը:
Ի՞նչ եմ ես կորցրել Լոզանում, ի՞նչ եմ կորցրել Վիեննայում, Բելգրադում, Սալոնիկում. ոչինչ, ոչինչ չեմ կորցրել: Ես այդ քաղաքներում գտնվել եմ միայն ու միայն Հայաստան գնալու բերումով, երկրի հակառակ կողմից Հայաստան գնալու բերումով: Եւ այդ քաղաքները, երկրները, այնտեղ ապրող մարդիկ ինձ դուր չեն գալիս…

Ինչո՞ւ նրանք ինձ դուր չեն գալիս` այդ մարդիկ, այդ քաղաքները, այդ երկրները: Իրականում ինքս ինձ դուր չեմ գալիս` այդ քաղաքներում, այդ երկրներում, այդ բարեկիրթ եւ ժպտադեմ մարդկանց միջավայրում: Ես վախենում եմ այդ երկրները, քաղաքները, այդ մարդիկ դուր գան ինձ: Ես վախենում եմ, որ դրանք ինձ դուր գան այնպես, ինչպես դուր են եկել, ինչպես դուր են գալիս մեր տասնյակ, հարյուրհազարավոր, միլիոնավոր հայրենակիցների: Ես վախենում եմ ինձ դուր գա այս երկրներում ապրելը, ես վախենում եմ իմ մեջ արթնանա փախստականի, պանդուխտի, գաղթականի, սփյուռքահայի գենը: Ես ինձ արգելում եմ հիանալ այդ բարեկարգ, բարեկեցիկ երկրներով…

Ես սիրում եմ իմ Հայրենիքը: Ոչ միայն այն Հայրենիքը, որի մասին երազում եմ, այլեւ այն Հայրենիքը, որ կա, գոյություն ունի այս պահին: Ես սիրում եմ այդ Հայրենիքը, այնտեղ ապրող մարդկանց` նրանց բոլոր թերություններով եւ առավելություններով հանդերձ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը այնպես, ինչպես կա:

Մի տարի առաջ զանգ հնչեց իմ աշխատասենյակում. լսափողը վերցրի. զանգը ԱՄՆ-ից էր, խոսողը` 80-ականների վերջին Հայաստանից մեկնած եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող մի մարդ: Այս մանրամասները ես ճշտեցի հընթացս:

Այդ մարդը, ուրեմն, մեր թերթում մի հրապարակում էր կարդացել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի մասին, որը պատմում էր նրա կյանքի եւ գործունեության ոչ այնքան դրական կողմերի մասին: Այդ մարդը ոգեւորվել էր, եւ նա զանգել էր ԱՄՆ-ից` ինձ, մեզ բացատրելու, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ նախագահը: Նա, չնայած, ԱՄՆ-ից էր զանգում, մի երկար դիսերտացիա կարդաց, ապա սկսեց ծաղրել եւ ձեռ առնել Տիգրան Թորոսյանին: Այդ մարդը` ԱՄՆ քաղաքացին, կարծես ճիշտ համարով էր զանգել, որովհետեւ ինձնից շատ ո՞վ է արգահատանքով վերաբերվում Տիգրան Թորոսյանին:

Բայց դուք չեք հավատա, ինձ հետ մի անհասկանալի բան կատարվեց, ինձ կարծես խայթեցին, վիրավորեցին, նվաստացրին.

- Լսիր, դու, Ամերիկայի քաղաքացի, մյուս անգամ չհամարձակվես այդպիսի տոնով խոսել ՀՀ քաղաքացու հետ: Դու ո՞վ ես, որ զանգես ու բացատրես, թե ինչպիսին պետք է լինի այն երկրի ԱԺ նախագահը, որից դու հրաժարվել ես: Տիգրան Թորոսյանը մե՛ր Տիգրան Թորոսյանն է, ու մենք ինքներս կորոշենք, թե ինչպես վերաբերվել նրան, եւ քեզ նմանների օգնության կարիքը չունենք: Մյուս անգամ չհամարձակվես մեզ հետ քննարկել մեր Տիգրան Թորոսյանին, - վրա պրծա ես:

Մոլեգնել էի, շրխկոցով տեղը դրեցի լսափողը, բայց ցնցվում էի ամբողջ մարմնով: Ես վիրավորվել էի, Աստված իմ, ես վիրավորվել էի…

Ես զզվում եմ այդ բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհից, որովհետեւ այն պոռնկուհու նման գայթակղում է մեզ եւ մեզ խլում մեր թշվառ, մեր անտեր հայրենիքից, մեզ դարձնում վեհապարծ:

Ես չեմ տրվի այդ գայթակղությանը, ես կտրվեմ հայրենիքի զնդաններին, բայց երբեք լոզանյան հանգստության սեփականությունը չեմ դառնա…

- Ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում, ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ…

Ես կտրվեմ իմ երազած, մեր երազած Հայաստանի կերտմանը: Հանուն այդ Հայաստանի, կպայքարեմ մինչեւ վերջ:

Եվ ուրեմն`

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:

2. 10-րդ գլխում «մոյկայում» բառը թյուրիմացաբար տպագրվել է «մեյկայում»,
3. 12-րդ գլխում տպագրվել է «(Ֆրեդը) նստեց ինձնից հեռու»: Պետք է լինի «նստեց ինձնից ոչ հեռու»:

14. Եվ այդ մեկ մարդը դու ես

Երեկոյան ես հրաժեշտ տվեցի այդ տարօրինակ անունով բար-սրճարանի տարօրինակ անունով բարմենին: Ուզում էի Ֆրեդին էլ հրաժեշտ տալ, բայց նա ասաց, որ ուզում է կայարան գալ` ինձ ճանապարհելու: Ֆրեդի հետ պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ առավոտյան իմ հյուրանոցում, ապա ճաշել Ժնեւի լճի ափամերձ որեւէ ռեստորանում, որից հետո կմեկնենք կայարան: Իմ գնացքը մեկնելու էր երեկոյան ժամը հինգին:

Նախաճաշից հետո հյուրանոցի ֆոյեում նստած թերթ էի նայում, երբ Ֆրեդը եկավ: Մենք մի-մի կապուչինո խմեցինք, քննարկեցինք վերջին միջազգային լուրերը: ես արդեն փակել էի հյուրանոցային հաշիվները, ձեռքիս մի թեթեւ ճամպրուկ ունեի, բայց այն էլ հյուրանոցում ի պահ թողեցի` կայարան գնալուց առաջ վերցնելու համար:

Մենք մի քիչ քայլեցինք փողոցներում, հետո լճի ափին: Ֆրեդը իր ու Կետի պատմություններից էր պատմում, թե ինչպես իրենց երկրորդ կամ երրորդ հանդիպման, ըստ էության` պատահական հանդիպման ժամանակ Կետը փարվել էր իրեն ու ասել. «Ախ, սիրելիս»: Այս դեպքից հետո Ֆրեդը Կետին գժի տեղ է դրել, բայց դա երկար չի տեւել: Ֆրեդը պատմեց, որ երեկոները գնում է դիահերձարան եւ Կետին բարի գիշեր ասելուց հետո միայն գնում քնելու:

- Տառապի՛ր, Ֆրե՛դ, տառապի՛ր, դա վեհացնում է մարդուն, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ անիմաստության զգացումը համակի քեզ,- ասում էի ես նրան ու իմ սեփական պատմությունները պատմում:

Մենք ճաշեցինք ափամերձ մի ռեստորանում, Ժնեւի լճում աճող մի իշխանանման ձուկ կերանք` տեղական սոուսով եւ ֆրանսիական սպիտակ գինիով: Վերադարձանք հյուրանոց, ես վերցրի ճամպրուկս, ու գնացինք երկաթուղային կայարան:
Մենք գրկախառնվեցինք, հրաժեշտ տվեցինք իրար, պայմանավորվեցինք, որ հանդիպելու ենք Շոտլանդիայում` Կետի թաղմանը: Ֆրեդը ասաց, որ թաղումը երեւի մի տասը օրից կլինի: Կետի հայրը երկու օրից պետք է լիներ Լոզանում` անհրաժեշտ փաստաթղթերով: Ֆրեդը ասում էր, թե չգիտի` ինչպես է Կետրինի հոր, ապա նաեւ մոր աչքերին նայելու:

Մի պահ ինձ թվաց, թե ես պետք է մնամ Ֆրեդի հետ, բայց մենք եկանք այն եզրակացության, որ իրեն էլ, ինձ էլ մենակ մնալ է անհրաժեշտ:

***

Ըստ էության, ես գնում էի Շոտլանդիա` Կետրինի թաղմանը: Բայց ինձ անհրաժեշտ էր 7-10 օր սպանել ճանապարհներին: Մի երթուղի էի գծել ինձ համար, ըստ որի` պետք է հասնեի Գերմանիայի հյուսիսում գտնվող Էմդեն նավահանգիստ, այնտեղից էլ` նավով Էդինբուրգ, Շոտլանդիա: Լոզանից ես գնացքի տոմս գնեցի մինչեւ Դյուսելդորֆ` այն հաշվարկով, որ գուցե մի երկու օր մնամ այնտեղ, հետո էլ մի երկու քաղաք մտնելով հասնեմ Էմդեն` այս ընթացքում մշտական կապի մեջ լինելով Ֆրեդի հետ:

Այսպիսի ճամփորդության համար գնացքը խիստ հարմար տրանսպորտային միջոց է: Նախ երկաթուղու ուղեւորները լուրջ ստուգումների չեն ենթարկվում: Հետո` գնացքում կարելի է ապրել ինչպես հյուրանոցում. իմ կուպեում լոգարան կար, հեռուստացույց. գնացքից կարելի է զանգել: Կարճ ասած, եթե չես շտապում, գնացքը իդեալական տրանսպորտ է:
Եվ բացի այդ, գնացքը իմ երազած Հայաստանի սիմվոլներից մեկն է, այն խորհրդանշում է տեղաշարժի ազատությունը: Ես երազում եմ այն օրերի մասին, երբ հնարավոր կլինի Երեւանում գնացք նստել եւ իջնել, ասենք, Լոզանում, Բեռլինում, Մոսկվայում, Պեկինում… Նման երկաթգծեր կան, մնում է դրանք աշխատեն: Եւ այս պարագայում Հայաստանում օդային տրանսպորտի գները այդքան թանկ չեն լինի եւ կունենան շատ ավելի էժան եւ հարմարավետ այլընտրանք:

Գնացքի պատուհանից նայելը եւ մտորումների գիրկն ընկնելը չափազանց հաճելի զբաղմունք դուրս եկավ: Իմ կուպեի պատուհանից, սակայն, ես չէի ուզում տեսնել Շվեյցարիան կամ Գերմանիան ու չէի տեսնում: Գնացքի պատուհանից նայելով` ես փնտրում էի ապագայի Հայաստանը, ես ուրվագծում էի ապագայի Հայաստանը, ես տեսնում էի ապագայի Հայաստանը. կղմինդրե տանիքներ, բարեկարգ տներ, ծաղկի մեջ կորած բակեր, ժպտադեմ գյուղեր, հպարտությամբ ճառագող մարդիկ, մահվան վրա մատ թափ տվող տատիկներ եւ պապիկներ, ազատ երիտասարդություն, ինքն իր եւ ոչ թե հարեւանի համար ապրող ընտանիքներ, ընտանեկան ռեստորաններ, հարգված իշխանություններ, վստահություն ապագայի նկատմամբ, անտառների մեջ չտեղավորվող կենդանիներ, լիաթոք, լիաթոք շնչառություն, Հայրենիքի լիաթոք զգացողություն, օրենքի անասելիություն, ազատություն, ազատություն, որ զգում ես կրծքիդ տակ:

Ծանրաբեռնված ճանապարհներ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ: Ճանապարհամերձ մոթելներ, ռեստորաններ` լցված օտարերկրացիներով` վրացիներով, պարսիկներով, թուրքերով, ադրբեջանցիներով, ռուսներով, եվրոպացիներով, ամերիկացիներով, լատինոներով, սեւերով, մոնղոլոիդներով. նրանք գործով են եկել կամ ուղղակի ճամփորդում են ընտանիքների, մանր երեխաների հետ: Կամ էլ ուղղակի ծեր ամուսիններ, որոնք որոշել են աշխարհը տեսնել կյանքի մայրամուտին:

Հարյուրհազարավոր տպաքանակներով գրքեր` գեղարվեստական, գիտահանրամատչելի, փաստավավերագրական, թարգմանական եւ հայաստանցի հեղինակների, դասական եւ ժամանակակից: Քննարկումներ` գրականության, պատմության, արվեստի, ապագայի մասին:

Քրիստոնյա երկիր, քրիստոնյա մարդիկ, սեր մերձավորի նկատմամբ: Անհանդուրժողականություն ստի, կեղծիքի, լկտիության, ապօրինությունների նկատմամբ: Պաշտպանված իրավունքներ, պաշտպանված ինքնասիրություն, պաշտպանված արժանապատվություն…

Այս ամենը ես տեսնում էի գնացքի պատուհանից, այդ ամենի գոյության մասին էր վկայում ամեն տուն, ամեն հայացք, ամեն ծառ, ամեն մայրուղի, ամեն կամուրջ, ամեն կայարան:

Նայում էի գնացքի պատուհանից, ես տեսնում էի այդ ամենի հայաստանյան տարբերակը, այն ինձ համար իրական էր, շոշափելի, մոտակա… Բայց մոտակա չի նշանակում սկուտեղի վրա մատուցված: Ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցի այն երկիրը, որում մենք երազում ենք ապրել: Մենք պետք է կերտենք մեր ազատ Հայրենիքը, մենք պետք է կերտենք մեր Հայրենիքի ապագան:

Բայց սպասեք, ովքե՞ր են այդ «Մենք»-ը, ովքե՞ր են մտնում նրա կազմի մեջ: Գուցե «Իմպիչմենտ» դաշինքում ներգրավված ուժե՞րը, գուցե ՀՀՇ՞-ն, գուցե ՀԺԿ՞-ն, գուցե «Հանրապետությո՞ւնը», գուցե «Նոր ժամանակնե՞րը», գուցե «Հայ ազգային կոնգրեսում» ներգրավված ուժե՞րը:

Ինչպիսի~ անհեթեթություն, մտքերի ինչպիսի~ զազրելի ընթացք, ինչպիսի գայթակղությո~ւն, որին անհուսալիորեն տրվել են այսօր Հայաստանում իշխողները: Նրանք` կոալիցիայի մեջ մտած ուժերը եւ նրանց ուղղակի եւ անուղղակի սատարողները, ուրիշ բան չեն անում. նրանք կառուցում են իրենց երազած երկիրը. «Մենք կառուցում ենք մեր երազած երկիրը», - ասում են նրանք: Ո՞րն է, ուրեմն, խնդիրը. խնդիրն այն է, որ նրանց ասած «Մենք»-ի մեջ մտնում են մի քանի կուսակցությունների վերնախավի ներկայացուցիչներ, օլիգարխներ, պալատական մտավորականներ: Նրանց «Մենք»-ի մեջ 10 հազար, լավ, 20 հազար, լավ, 100 հազար մարդ է մտնում, այն դեպքում, երբ երկիրն ունի 3 միլիոն քաղաքացի` Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս: Նրանց կառուցած երկիրը համապատասխանում է այդ 100 հազարի ցանկություններին, դա 100 հազարի երազած երկիրն է:

Ես գիտեմ, որ խիստ չափազանցնում եմ այդ թիվը, շատ եմ չափազանցնում: Որովհետեւ երազել եւ 5 հազար դրամով քվեարկել` տարբեր բաներ են: Այո, կան մարդիկ, ովքեր դրամ վերցնելով` քվեարկել են Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օգտին: Այո, նրանք ձայն են տվել Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, բայց արդյո՞ք նրանք ձայն են տվել իրենց երազած Հայաստանին:

Այո, կան ոստիկաններ, որոնք կատարում են իշխանության ապօրինի հրահանգը, բայց արդյո՞ք նրանք այդպիսով կատարում են իրենց երազած Հայաստանի հրահանգը, արդյո՞ք նրանք ուզում են, որ իրենց զավակները ապրեն մի երկրում, որտեղ իրենց նման ոստիկաններ կան:

Նույնը ասենք քննիչին, դատախազին, դատավորին, հարկային տեսուչին: Նրանց կարող է սփոփել այն միտքը, թե իրենք իրենց տիտղոսները, պաշտոնները փոխանցելու են ժառանգաբար: Բայց սա արդեն 14-րդ դարի ֆեոդալիզմ է եւ անկախ սրանից 30 հազար մարդու երազած Հայաստան:

Իսկ ովքե՞ր պետք է մտնեն «Մենք»-ի կազմի մեջ. հայաստանցի յուրաքանչյուր քաղաքացի: Նրանք չեն տեղավորվի ոչ մի դահլիճում, ոչ մի սրահում` ֆուրշետի: Նրանք կտեղավորվեն միայն Ազատության հրապարակում` Հայաստանի սրտում: Մեր երազած երկիրը 3 միլիոն մարդու երազած երկիրն է, եւ այդ երեք միլիոնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր երազանքի մասին բարձրաձայնելու, իր երազանքը ուրիշների երազանքին խառնելու, ընդհանուր երազանքի ձեւավորմանը մասնակցելու ազատություն եւ հնարավորություն:

Այդ երեք միլիոն մարդը պիտի որոշի, ինքը պիտի որոշի, թե ում է վստահում իր երազանքի իրագործման ղեկավարումը, այդ երեք միլիոն մարդը պետք է կարողանա փոխել ղեկավարին:

Իսկ ովքե՞ր են ՀՀ քաղաքացիները, ովքե՞ր են այդ երեք միլիոն թիմի անդամները: Դու ես, ես եմ, նա է: Իսկ ինչո՞ւ պետք է դու քեզ պատասխանատու զգաս ապագայի առաջ:

Որովհետեւ հետո, շատ հետո, հեռավոր մի օր քո որդին, քո դուստրը, անարդարությունից, բռնությունից, ամենաթողությունից կոտրված, հուսահատ ի վերջո հարցնելու է քեզ.

- Հայրի՛կ (մայրի՛կ), իսկ դու քո կյանքում ի՞նչ ես արել, որ ես ավելի լավ երկրում ապրեմ, որ իմ իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանված լինեն, որ ես` ես լինելու հնարավորություն ունենամ:

Միայն մի պատասխան կա, որ քեզ կփրկի քո զավակների արհամարհանքից.

-Ես, զավա՛կս, հանուն քո ապագայի արել եմ ինձնից կախված ամեն ինչ:

Բայց եթե դու իրոք արել ես քեզնից կախված ամեն ինչ, քո զավակները նման հարց չեն տա քեզ, որովհետեւ նրանք կապրեն իմ ու քո` երեք միլիոն մարդու երազած Հայաստանում:

15. Կորսվող ինքնություն

- Հայրի՛կ, իսկ դու ի՞նչ ես արել, որ ես ապրեմ ավելի լավ երկրում:

- Մենք արդեն ապրում ենք ավելի լավ երկրում, մենք արդեն Գերմանիայի քաղաքացի ենք…

***

Հռենոսի հովիտը ոչնչով չի հիշեցնում Հայաստանը, սա արդեն Գերմանիա է, մաքուր Գերմանիա: Հայաստանյան մտորումներս այս հարթավայրում իրական հենք ստացան մեկ էլ այն ժամանակ, երբ գնացքի պատուհանից երեւաց Բադեն-Բադենը: Բայց սա արդեն ոչ թե ապագայի, այլ ներկայի, ավելի ճիշտ` անցյալի Հայաստանի մասին է:

Ծանր է, ծանր է զգալը, որ Հայաստանում չես: Ոչ թե գիտակցելը, այլ զգալը. զգալը այն տարածության, որ այս պահին դարձել է անհաղթահարելի: Ծանր է զգալը, որ հորիզոնում չկա քեզ սպասող ոչ մի ուրվագիծ, քեզ կանչող ոչ մի ձայն: Նման պայմաններում քեզ համակում են վախերը. իսկ եթե քեզ արդեն մոռացել են, իսկ եթե դու օտար ես արդեն բոլոր նրանց համար, ում համարել ես հարազատ…

Թակ, թակ, թակ: Լսվում են մոտեցող ոտնաձայներ.

- Ո՞վ է…

- Ես եմ…

- Դու ո՞վ ես…

- Դե, ես եմ, ես…

- Բայց ո՞վ` դու…

Ամեն ինչ սկսվում է այս հարցից: Ամեն ինչ սկսվեց այս հարցին պատասխանելու անհրաժեշտությունից` ո՞վ եմ ես: Թվում է` ամեն ինչ պարզ է. բարձրաձայնում ես անունդ, եւ հարցը լուծվում է: Բայց ո՞ր անունը պետք է բարձրաձայնեմ. այն, որ ունեի՞, թե՞ այն, որ ունեմ: Եւ ի՞նչ է իմ անունը հիմա, եւ ի՞նչ էր իմ անունը երեկ, ի՞նչ է լինելու վաղը իմ անունը: Ինչպիսի~ պայմանականություն, ավելի ճիշտ` խորամանկություն: Ի՞նչ է անունը, եթե ոչ ամենակարեւոր հարցի պատասխանից խուսափելու միջոց, հարցի էությունը սպանող դավադրություն:

- Ի՞նչ է ձեր անունը: What is you name?

- Բոյան. Մարկո. Յոզեֆ. Նիկոլ…

- Վերջինը շատ զվարճալի է:

Ո՞վ եմ ես: Այս հարցը իմ մանկության մղձավանջն է: Նա միշտ հայտնվում էր դավադրաբար, այն պահերին, երբ ինձ երջանիկ էի զգում, երբ քնած էի լինում իմ ծնողների, եղբայրների, տատիկի տաքուկ գրկում, երբ վայելում էի տան կրտսերի իմ արտոնությունը:

- Ո՞վ եմ ես… ես… ես…, - հարցը դղրդում էր իմ մեջ:

Չէի հասկանում` ե՞ս եմ ինձ հարցնում, թե՞ մեկ ուրիշն էր պատասխան պահանջում ինձնից: Բայց նա իր ձեռքն էր վերցնում սիրտս, նա պահանջում էր պատասխանել: Վեր էի թռչում, լացս սառում էր սարսափից: Հիշում էի իմ անունը, ազգանունը, ծնողներիս, հորաքույրներիս, մորաքույրներիս, եղբայրներիս, պապերիս, տատերիս, հիշում էի անգամ մեր «օղորմածիկ բաբոյին»:

Բայց նա ավելի էր սեղմում սիրտս, հարցը ավելի սարսափազդու էր հնչում: Վեր էի կենում անկողնուց, վազում, վազում դեպի դուռը… Հարցը անհետանում էր նույնքան անակնկալ, որքան հայտնվել էր, եւ ես նորից քնում էի նույնքան անհոգ, որքան նրա հայտնվելուց առաջ:

Ծանր է զգալը, որ Հայաստանում չես, սփոփանք էլ կա. գնում ես Հայաստան: Կասկած էլ կա` պե՞տք ես դու Հայաստանում որեւէ մեկին: Բայց Գերմանիայում` առավել եւս, առավել եւս…

***

Ճաշի ժամը մոտենում է. պետք է լոգանք ընդունել, սափրվել եւ գնալ վագոն-ռեստորան` չմոռանալով, անշուշտ, հագնվելու մասին: Վագոն-ռեստորանը այս ժամին միշտ լիքն է մարդկանցով: Բոլոր սեղանները զբաղված են, բայց որոշների շուրջ նստելու տեղ կա: Մոտենում եմ մի երկտեղանոց սեղանի, որի մոտ մի տիպիկ գերմանացի` մոտ 50 տարեկան, խիստ դիմագծերով, ծաղկավոր թիթեռնիկ-փողկապով, մենյուն է ուսումնասիրում:

- Կարո՞ղ եմ այստեղ նստել, - անգլերեն հարցնում եմ ես:

- Bitte, bitte, - գերմաներեն պատասխանում է նա եւ սկսում ինձ ուշադիր զննել:

Քիչ հետո հարցնում է հետաքրքրված հայացքով.

- Where are you from? Are you Armenian?

Շփոթմունքս երկար չի տեւում.

- Ոչ, ոչ, ես սերբ եմ, Սերբիայից եմ:

- Ահ, կներեք, կներեք, - քթի տակ ծիծաղում է, - իսկապես կներեք…

- Ամեն ինչ կարգին է, ի՞նչ տարբերություն` հա՞յ ես, թե՞ սերբ:

- Դուք, երեւում է, չեք ճանաչում հայերին: Լսե՞լ եք նրանց մասին:

- Կենտրոնական Ասիայում են ապրում, այնպես չէ՞:

- Հարավային Կովկասում. վայելուչ, եվրոպական արտաքինով, բայց էությամբ խղճուկ մի ժողովուրդ:

Զգում եմ, որ ոտքերս ուզում են ինձ բարձրացնել, ձեռքս բռունցքվում է ու ձգտում դեպի այդ խոզի մռութը: Բայց սպասիր, սպասիր, սպասիր: Սպասիր, քեզ ասում եմ: Ժպտա, ժպտա, ժպտա, դեմքիդ տուր հետաքրքրվածի արտահայտություն, մի կարմրիր, մի կապտիր, մի սեւացիր: Ժպտա, այդպես, ավելի հանգիստ ժպտա, դեմքդ լարված է, մեղմ ժպտա.

- Իսկապե՞ս…

- Նախորդ տարի ես եղա Հայաստանում, մի անմոռանալի ճանապարհորդություն, ուղղակի անմոռանալի…

Մատուցողը եկավ. սեղանակիցս սաղմոն ձուկ պատվիրեց եւ սպիտակ գինի, ես` սթեյք եւ կարմիր գինի: Այս ընդմիջումը օգնեց վերականգնել ինքնատիրապետումս: Բայց խոսակցությունը պետք էր շարունակել:

Զրուցակիցս, պարզվեց, գերմանացի երկրաբան է, Էրվին անունով: Նա մի ընկերության պատվերով այցելել էր Հայաստան եւ երկու ամիս անցկացրել այնտեղ: Էրվինը աչք ծակելու չափ կոկիկ էր հագնված: Կրում էր ոսկե, կլոր շրջակալով ակնոցներ: Ճաղատությունը էլ ավելի էր ընդգծում դեմքին մշտապես առկա լարվածությունը:

- Եվ ինչո՞վ է ձեզ համար հիշարժան դարձել այդ երկիրը, - իբր իմիջիայլոց հարցրի ես:

- Շատ բանով, - ասաց Էրվինը` նենգ ժպիտը դեմքին, ու շարունակեց, - նրանք հենց սկզբից հարձակվում են իրենց երկիր մտած ամեն օտարերկրացու վրա եւ սկսում են տարբեր բաներ ապացուցել: Սկսում են, իհարկե, նրանից, որ իրենք ամենահին ժողովուրդն են: Եւ գիտե՞ք նրանք ինչ հեշտությամբ են խաղում հազարամյակի հետ: Նստած ենք, ասենք, սեղանի շուրջ շատ լուրջ պարոնների հետ: Եւ ահա, նրանցից մեկը կասի, որ իրենց ժողովուրդը երեք հազար տարվա պատմություն ունի: Սեղանի շուրջ անպայման կգտնվի մեկը, որ նրան կուղղի` հինգ հազար տարվա: Կարճ բանավեճից հետո նրանք կհամաձայնեն այն տարբերակի շուրջ, որ Նոյը առաջին հայն է: Բայց սա ամենը չէ, նրանք առաջին քրիստոնյաներն են: Ու չնայած սրանով նրանք հպարտանում են, բայց եւ չեն կարողանում ներել Հիսուսին, որ նա եկավ ու իրենց միքանիհազարամյա նախաքրիստոնեական մշակույթը ոչնչացրեց. որպես ապացույց նրանք ունեն մի հռոմեական հավաբուն: Չէ, կներեք, նաեւ պարսատիկի քարերի մի կույտ, որը, նրանց կարծիքով, Սթոուն-հենջի եղբայրն է, - Էրվինը սկսեց անզուսպ ծիծաղել:

Ես չգիտեի` ինչ ասել. սագի նման` անզգա կուլ էի տալիս մսի կտորները, անջատված լակում գինին:

- Բայց նրանք նաեւ ամենատառապածն են. նրանց հետապնդել է ոչ միայն Հիսուսը (չնայած նրանք քրիստոնյա են), այլեւ Մուհամմեդը` Հիսուսի պատճառով: Եւ այս ամենը ապացույցն է ընդամենը մեկ բանի. նրանք ամենախելոքն են:

- Այո, ծանր օրեր եք անցկացրել այնտեղ,- կեղծ կարեկցանքով ասացի ես:

- Ոչ, ի՞նչ եք ասում, դա շատ զվարճալի էր: Հետո նրանք սկսում են բացատրել: Բացատրում են, թե ինչ բան է ճարտարապետությունը` իրենց ճարտարապետությունը. նրանք ոչինչ չեն լսել Քյոլնի տաճարի, Սան Ստեֆանի, Սագրադա-Ֆամիլյայի, Նոտր Դամի մասին: Հետո նրանք սկսում են բացատրել, թե ինչ է գրականությունը` իրենց գրականությունը. ոչինչ չեն լսել Գյոթեի, Բայրոնի, Դոստոեւսկու, Մարկեսի մասին: Նրանք սկսում են բացատրել ամեն ինչ, խոսում են իրենց աշխարհակալ թագավորների, պետությունների մասին. ոչինչ չեն լսել Մակեդոնացու, Նապոլեոնի, Կեսարի մասին:

Ինձ թվաց, թե ես ուր որ է կհեկեկամ: Էրվինը շարունակեց.

- Բայց ամենազվարճալին այն է, երբ նրանք սկսում են ստուգել, թե արդյոք սերտել ես իրենց բացատրածը: Ի դեպ, այն վանքում, որտեղ ապրել է իրենց սուրբը, եւ որը դիտակետ է սուրբ սար Արարատի համար, այնքան աղբ կա, որ դա կարծես ոչ թե սրբատեղի է, այլ աղբանոց…

Ես ուզում էի թեման փոխել: Բայց, չէ, ի՞նչ էր խոսելու այս խոզի մռութը, եթե ես սկզբում նրան ասեի, որ հայ եմ: Գիտեմ, թե ինչ էր խոսելու…

- Կներեք, իսկ ինչի՞ մասին էիք զրուցելու, եթե պարզվեր, որ ես հայ եմ: Դե, եթե մեր ծանոթության սկզբում պարզվեր, որ հայ եմ:

Էրվինը բռնված հանցագործի նման ինձ էր նայում:

- Ի՞նչ իմանամ, կխոսեինք մի բանի մասին,- շփոթված ասաց նա:

- Իսկ ինձ թվում է, թե դուք պիտի գովեիք նրանց պատմությունը, նրանց ճարտարապետությունը…

Նա կարմրեց.

- Դա, ախր, նրանց դուր է գալիս…

Ես սպանված էի:

- Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է, - այլայլվածությունս նկատելով` հարցրեց նա:

- Ստամոքսս կարծես խանգարվել է, - ասացի ես ու վեր կացա:- Հաշիվս կբերեք կուպե, - դիմեցի ես մատուցողին:
Կուպեում շատ նեղվածք էր: Չէի կարողանում շնչել: Մատուցողը բերեց հաշիվը, վճարեցի, բայց շունչս կտրվում է. բացեցի պատուհանը: Օդ կա, բայց կուպեում նեղվածք է: Գնացքը դանդաղեցրեց ընթացքը. երեւի կանգառ է լինելու: Արագ հավաքեցի փոքրաթիվ իրերս: Գնացքը կանգնեց ինչ-որ կայարանում: Իջա. կայարանում մեծ ցուցանակ էր կախված` քաղաք Վիսբադեն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.