> ԵԼՈՒՅԹՆԵՐ > ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

(Դիտեք ելույթի տեսագրությունը)

Սիրելի հայրենակիցներ.

Նիկոլ Փաշինյան. ելույթ «Այլընտրանքի» առաջին հանրահավաքում. 20.02.2007Համազգային շարժման 19-րդ տարեդարձի օրը հրավիրված այս հանրահավքում ես պատեհ եմ համարում իմ ելույթը սկսել Ղարաբաղ կոմիտեի անդամների թվարկումով` ըստ անունների այբբենական ցանկի։ Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Բաբկեն Արարքցյան, Դավիթ Վարդանյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Համբարձում Գալստյան, Ռաֆայել Ղազարյան, Սամվել Գեւորգյան, Սամսոն Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան։

Ես գիտեմ, որ վերջին 19 տարիները այս գործիչներին ավելի շատ հեռացրել են, քան թե միավորել։ Գիտեմ նաեւ, որ այս գործիչներից շատերը համոզված են, որ այլեւս ոչ մի ընդհանուր ճանապարհ չունեն։ Եւ ուրեմն, ինչո՞ւ եմ հիմա այս անունները բարձրաձայնում, եւ դնում կողք կողքի։ Ես դա անում եմ, որովհետեւ, խոսում եմ այն մարդկանց կամ սերնդի անունից, ով ուզում է տեր լինել այն ամենին, ինչ 1988 թվականին միավորում էր այս գործիչներին։ Ավելին, խոսում եմ այն մարդկանց եւ սերնդի անունից, ով ուզում է տեր լինել նաեւ այն ամենին, ինչ այս 19 տարիների ընթացքում բաժանել է նրանց։ Ես խոսում եմ այն մարդկանց եւ սերնդի անունից, ով ուզում է դառնալ այն ընդհանուրը, որ այս գործիչները կարող են ունենալ 5, 10, 15 տարի անց։ Ասել է, թե ես խոսում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Քաղաքացի, որին կոմիտեի գործունեությունը վստահություն է ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, որը հիացել է այդ մարդկանցով, քաղաքացի, որը հիասթափվել է այդ մարդկանցից, քաղաքացի, որը հավատացել է այդ մարդկանց, որը խաբված է զգացել իրեն, որը կանգնած է փակուղու առաջ, եւ ելք է փնտրում։ Ես խոսում եմ որպես քաղաքացի, որը հասկացել է, որ ելք այդպես էլ չի գտնվելու, քանի դեռ չի փրկվել գաղափարը, այն գաղափարը, որ դրված է իմ եւ ձեր հայրենիքի` Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքում, եւ որը ոմանք փորձում են աղբանոց նետել։ Ես խոսում եմ որպես մի քաղաքացի, որը հասկացել է, որ գաղափարը չի փրկվելու, քանի դեռ ամեն մեկն իրեն տեր է համարում միայն հաղթանակին ու հաջողությանը, իսկ տապալումն ու անհաջողությունը հանձնում միայն ուրիշներին։ Փրկություն չի լինի, քանի դեռ մեր վախկոտությունը մեզ նույնքան սիրելի չէ, որքան մեր հերոսությունը։ Ես խոսում եմ որպես մի քաղաքացի, որը միեւնույն ժամանակ կարող է լինել եւ հերոս եւ վախկոտ, հավասարապես իրենն է համարում հերոսությունն ու վախկոտությունը, հավասարապես սիրում է թե հերոսներին ու թե վախվորածներին, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրի մեջ այնքան հերոս կա, որքան վախկոտ, այնքան վախկոտ, որքան հերոս։

Եւ ուրեմն, ինչու ենք մենք այսօր եկել հրապարակ։ Մենք եկել ենք ասելու, որ տեր ենք մեր երկրին։ Վերջ անտերությանը. մենք տեր ենք մեր երկրին, մեր երկրի թշվառությանն ու վեհությանը, մեր երկրի հերոսությանն ու անմտությանը, մեր երկրի հաղթանակներին ու պարտություններին, նվաստացումներին եւ արժանապատվությանը, տեր ենք, տեր ենք մեր երկրի երազանքին, մեր երկրի ապագային։ Բոլոր նրանք, ովքեր այստեղ եկել են որպես դիտորդ, եկել են որպես հանդիսատես, կողքից գնահատական տվող, թող խոսեն իրենք իրենց հետ, թող նայեն իրենք իրենց աչքերի մեջ։ Որովհետեւ մենք բոլորս այսօր այստեղ պետք է գտնվենք ի նշան տեր լինելու, ասելու` վերջ անտերությանը։ Ոմանք ասում են, որ այդ անտերությունը սկսվեց 1991-ից, ոմանք ասում են` 96-ից, ոմանք 98-ից, ոմանց կարծիքով 99-ից։ Ինձ չի հետաքրքրում, թե դա երբվանից սկսվեց, ես ասում եմ, որ այսօր սկսվում է մի պրոցես, որ վերջ է դնելու անտերությանը, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ արթնացնելու է երկրին տեր լինելու մեր զգացողությունը։

Սիրելի բարեկամներ.

Սա է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ամենամեծ առաքելությունը։ Երկրի տիրոջ զգացումը վերակենդանացնել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ։ Եթե որեւէ մեկը այդ զգացողությունը պետք է վերգնտի մեզ հետ համաձայն լինելով, դա է մեր ուզածը, եթե որեւէ մեկը այդ զգացողությունը կվերգտնի մեզ հետ չհամաձայնելով, դա էլ է մեր ուզածը։ Եթե որեւէ մեկին երկրի տեր պետք է դարձնի մեր նկատմամբ տածած սերը, դա էլ է մեր ուզածը, եթե որեւէ մեկին պետք է երկրի տեր դարձնի մեր նկատմամբ տածած ատելությունը, դա էլ է մեր ուզածը։ Մեր ուզածը քաղաքացի ունեցող հայրենիքն է, հայրենիք, որ ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն, եւ քաղաքացի, ով ի վիճակի է պաշտպանել իր հայրենիքը, ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ասպատակություններից։

Մեր հայրենիքը այսօր ներքին եւ արտաքին ասպատակությունների թիրախ է։ Սափրագլուխների խամմերավոր բանդաները, պագոնավոր հանցագործները, ծախու դատավորներն ու չինովնիկները ամեն օր ասպատակում են մեր քաղաքաներն ու գյուղերը։ Նրանց հեռուստաընկերությունները մեզ դոդացնելն ու սերժանտացնելը դարձրել են իրենց հիմնական գործը։ Նրանք ամեն օր մտնում են մեր տները, եւ փորձում մեր երեխաներից հպատակներ կերտել իրենց համար, եւ այսպիսով մեր հայրենիքը զրկել քաղաքացի ունենալու հեռանկարից։ Մենք այսօր եկել ենք ասելու` վերջ։ Մենք այսօր եկել ենք Ազատության հրապարակ` տեր կանգնելու մեր երեխաների ազատությանը, վերանվաճելու մեր ազատությունը, ազատագրելու մեր հայրենիքը սափրագլուխների նվաճումից, պաշտպանելու ներքին ասպատակությունից։

Ինչ խոսք, մենք ահագին ուշացել ենք։ Մինչ սափրագլուխների իշխանությունը երկիրը բաժան-բաժան էր անում, տարածաշրջանում հայտնվել են խողովակաշարեր ու զանազան նախագծեր, որոնք հաստատուն քայլերով օղակում են Հայաստանը։ Ու մինչ նրանք, քրեական օլիգարխիայի խմբավորումները վիճարկում են երկիրը անարգելու իրավունքը, Հայաստանի պարանոցի շուրջ ձեւավորված այդ օղակը գնալով սեղմվում է եւ սեղմվում։ Եւ Հայաստանում չկա իշխանություն, որ ի վիճակի լինի երկիրը պաշտպանել այսօրինակ ռազմավարական ասպատակությունից։ Բայց եւ խոստովանենք, որ երկրի շահերին ծառայող իշխանություն չի կարող լինել այնտեղ, որտեղ չկա քաղաքացի, կամ այնտեղ, որտեղ քաղաքացին խռոված է իր երկրից, ասել է թե ինքն իրենից։ Եւ այսօր մենք, բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ դեռ պահպանել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու սաղմը, հաշտության կարիք ունենք։ Մենք պետք է հաշտվենք ինքներս մեզ հետ, հաղթահարենք ինքներս մեզ, հաղթահարենք մեր վախերն ու խեղճությունը։ Մենք պետք է հասկանանք, որ ոչ ոք մեզ չի մատուցելու մեր երազած երկիրը, մենք պետք է հասկանանք, որ պարտավոր ենք մեր երեխաներին ժառանգել մեր երազած երկիրը` նրանց հավերժական անեծքին չարժանանալու համար։

Ինչ խոսք, այսօր մեզնից շատերը չգործելու հիմնավորում ունի. մեկը չի ուզում կորցնել իր աշխատանքը, մյուսը բիզնեսը, երրորդը վտանգել կարիերան։ Բայց էլի եմ ասում, մեր երազած հայրենիքը մեզ ոչ ոք չի մատուցելու սկուտեղի վրա, եւ մենք չենք ունենա մեզ ու մեր երեխաներին պաշտպանելու ի վիճակի հայրենիք, եթե հանուն մեր հայրենիքի, հանուն մեր երկրի քաղաքացու պաշտպանության պատրաստ չենք զոհասեղանին դնել մեր ունեցած ամենանվիրականը։ Մենք չենք ունենա մեր երազած հայրենիքը, քանի դեռ չենք շահել այն, իսկ շահում չի լինում առանց ներդրման։ Եւ ուրեմն, ինչ ենք մենք պատրաստ դնել որպես ներդրում, եւ գիտակցու՞մ ենք արդյոք, որ մեծ շահում կարող ենք ունենալ միայն մեծ ներդրման դեպքում։ Եւ այսօրը իր իսկական իմաստը կստանա, եթե մենք հասկանանք, որ գտնվում ենք հենց խաղադաշտում, եւ այստեղ կանգնած ենք որպես կենդանի ներդրում, եւ այս ներդրումն է, որ շահում է բերելու մեր զավակներին, եւ այդ շահումը կոչվելու է Հայաստանի Հանրապետություն, ազատ քաղաքացիների ազատ հանրապետություն։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ.

2007-02-20. հանրահավաք. «Այլընտրանք» նախաձեռնությունԱյն ինչ այսօր կատարվում է Հայաստանում մեր բոլորիս փախուստի արգասիքն է։ Մեզնից յուրաքանչյուրը իր փախուստը արդարացնելու, տասնյակ հարյուրավոր փաստարկներ ունի, եւ մեզնից յուրաքանչյուրը կարող է մատնանշել տասնյակ հարյուրավոր մեղավորների։ Բայց սրանից խնդրի էությունը չի փոխվում, եւ այսօր մեր խնդիրը ոչ թե մեր փախուստը արդարացնող փաստարկիներ գտնելն է, այլ այդ խայտառակ փախուստը դադարեցնելը։ Մեր թշնամին` ապօրինություն եւ բեսպրեդել կոչվող այդ գազանը այլեւս չպետք է տեսնի մեր թիկունքը։ Նա պետք է տեսնի միայն մեր հայացքը, մեր աչքերը, եւ իր վախճանը մեր աչքերի մեջ։ Մենք չպետք է բարձրաձայնենք մեր վճռականության մասին, չպետք է ասենք, որ վճռական ենք, ու հաստատակամ. մեր վճռականությունը պետք է երեւա մեր հայացքում, մեր վճռականությունը պետք է տեսանելի լինի, եւ ոչ լսելի։ Մենք չպետք է ասենք, որ անելու ենք այս, այս ու այս։ Մենք պետք է անենք այն, ինչ պետք է անենք։ Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին, մենք պետք է փրկենք մեր հայրենիքը, բայց նախեւառաջ ինքներս մեզ պիտի փրկենք վախի, հարմարվողականության, գոռոզության եւ մեծամտության ճիրաններից։

Հիմա այն մասին, թե ինչ անել եւ ինչ ենք անելու։ Մեզնից յուրաքանչյուրը ընդամենը մեկ անելիք ունի. այս օրակարգը, այս գաղափարները, այս ահազանգը տարածել ինչքան հնարավոր է շատ մարդկանց շրջանում, ինչքան հնարավոր է շատ մարդ ներգրավվել մեր հայրենիքի ազատության վերանվաճման գործում։ Այո, այսօր մենք հանրահավաքից հետո ցրվելու ենք տարբեր ուղղություններով։ Բայց հանրահավաքը պետք է շարունակվի, պետք է շարունակվի մեր թաղամասերում, մեր տներում, մեր աշխատավայրերում, հասարակական տրանսպորտում, ամենուր` որտեղ մենք կգտնվենք։ Եւ այստեղ ներկա յուրաքանչյուրը պետք է իր միջավայրում հրավիրի իր հանրահավաքը, եւ իր միջավայրում դառնա գաղափարի տարածման մարտիկ։ Եւ այդ մարդիկ հաջորդ անգամ, մարտի երկուսին Մատենադարան պետք է գան իրենց հանրահավաքների հետ։ Սա է այլընտրանքը, եւ այդ նախաձեռնության անդամ է նա, ով իրեն համարում է այդպիսին։ Մենք` հարթակում կանգնածներս նույնը պիտի անենք։ Մենք բոլորս միեւնույն բանը պետք է անենք. տարածել գաղափարները։ «Այլընտրանքի» շրջանակներում այսօր ձեւավորվել են մի քանի նախաձեռնող խմբեր։ Դուք ինքներդ գնացեք, եւ ձեւավորեք ձեր նախաձեռնող խմբերը եւ քննարկեք, թե ինչպես կարող եք ուժեղացնել այս գաղափարը եւ մեզ հրավիրեք, կամ դուք եկեք մեզ մոտ` այդ գաղափարները կիսելու։ Եկեք, սակայն, համաձայնության կանխավարկածով, որովհետեւ ոչինչ չի ստացվի, եթե մենք չունենանք համաձայնության գալու ցանկություն, ներքին մղում, կոմպրոմիսի նախատրամադրվածություն։

Եւ այս ընթացքում, ամենակարեւորը, մոռացեք երկու էմոցիայի մասին։ Երբեք մի հուսահատվեք եւ երբեք մի ոգեւորվեք, այլ ունեցեք կամք գնալու, շարժվելու, առաջ ընթանալու։ Ունեցեք առաջ գնալու կամք, ունեցեք առաջ գնալու սեր, ունեցեք հավատ եւ ձեզ ոչինչ չի կանգնեցնի։

Մեզ ոչինչ չի կանգնեցնի։

Մեր վճռականությունը կկանխորոշի մեր քաղաքական պայքարի ելքը։ Մեր հաղթանակը կանխորոշված է։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Ազատությունը։

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.