ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ PHILOSOPHER-Ի ՀԱՐՑԻՆ
Հարց Philosopher-ից (f5blog) (http://www.youtube.com/Philosopher005)
Հայտնում եմ Ձեզ իմ խորին շնորհակալությունը նախորդ հարցիս պատասխանելու համար:
Այժմ նվաստիս անհանգստացնում է քաղաքապետի ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության/ բոյկոտի խնդիրը: Որոշ պարբերականներ հրապարակեցին չճշտված լուրեր, թե ՀԱԿ-ը որոշել է քաղաքապետի թեկնածու առաջադրել Ստեփան Դեմիրճյանին: Սակայն, ըստ իս, կրելով պարտություններ (ոչ ռեալ ոլորտում` միայն ուժի գործադրմամբ հարկադիր պարտություն) Կոնգրեսը արդյո՞ք, ըստ Ձեզ, նպատակահարմար պիտի համարի մասնակցել այս ֆարսին. ֆարս, որտեղ ակնհայտ է, որ տեղի է ունենալու այն, ինչ թաղապետի ընտրություններին. մի՞թե այդքան միամիտ կարելի է լինել` հավատալու համար, որ Երեւանում արդար ընտրություններ կլինեն, ու քաղաքը կտրվի ժողովրդին` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի: Ունեմ նաեւ երկրորդ հարցը: Պարոն Փաշինյան, վերջին մի քանի ամիսների ընթացքում տոտալ հակաքարոզչություն ու անհեթեթ քննադատություն է տեղում Հայ Ազգային Կոնգրեսի ու Նախագահ Տեր-Պետրոսյանի նկատմամբ մարքսիստ Դավիթ Հակոբյանի կողմից: Կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչի՞ է ձգտում այդ պարոնը` անընդհատ դուրս գալով լրագրողների առաջ` հայտարարություններ անելով. հայտարարութուններ, որոնց իմաստը անձամբ չեմ ընկալում: Ձեզանից եմ փորձում ստանալ այս հարցի պատասխանը, քանզի այդ կուսակցապետը հանդիսանում է ՀԱԿ-ի անդամ, ու ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը տվյալ խնրդի կապակցությամբ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ. Երեւանի քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ մասնակցության հետ կապված իմ մտահոգությունները արտահայտել եմ դեռ «Մարտի 1-ի դիլեմաները» հոդվածում: Բայց եւ պետք է խոստովանեմ, որ սա այնքան էլ պարզ ու միանշանակ հարց չէ: Ի՞նչ է խոստանում մեզ Երեւանի քաղաքապետի ընտրությունը. իհարկե, միայն հիասթափություն: Բայց եւ ընտրությունները բոյկոտելու որոշումը կարող է մարգինալացնել Հայ ազգային կոնգրեսին: Եթե ՀԱԿ-ը որոշի մասնակցել Երեւանի ավագանու, այսինքն` քաղաքապետի ընտրություններին, ուրեմն մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ նա ստանա առավելագույն թվով ձայներ եւ արձանագրի այդ ձայները:
Ինչ վերաբերում է Դավիթ Հակոբյանին, անկեղծ ասած նրա ելույթներին չեմ հետեւել, ուստի կոնկրետ որեւէ բան ասել չեմ կարող: Իսկ ընդհանրապես, Հայ ազգային կոնգրեսը մի այնպիսի քաղաքական միավորում է, որտեղ կա բազմակարծություն, որտեղ միշտ արթուն է բանավեճի ոգին: Այնպես որ, յուրաքանչյուր ոք կարծիք ունենալու իրավունք ունի, եւ Հայ ազգային կոնգրեսում այդ իրավունքը, կարծում եմ, հարգում են: Այլ բան, որ մենք կարող ենք համաձայն չլինել տարբեր կարծիքների, այդ թվում եւ Դավիթ Հակոբյանի արտահայտած կարծիքների հետ:














