> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿԵՂԾՎԱԾԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ

ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿԵՂԾՎԱԾԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ

ԱՄՆ պետդեպարտամենտը առաջին անգամ չէ իր տարեկան զեկույցում քննադատում Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, բայց հերթական այդպիսի քննադատությունը, որ հրապարակվեց նախորդ շաբաթ, նշանակալի է մի քանի իմաստով։ Նախ` զեկույցը տվեց այն հարցի պատասխանը, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նոր վարչակազմի վերաբերմունքը Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին։ Հիլարի Քլինթոնի կողմից հրապարակված զեկույցը հաստատեց կանխատեսումներն այն մասին, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի սկզբունքային է լինելու մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերում։ Բայց եթե նախկինում այս ձեւակերպումը Հայաստանի իշխանությունների համար որեւէ կոնկրետ բան չէր նշանակում, այս անգամ պատկերը կարող է լինել շատ ավելի կոնկրետ եւ դրամատիկ։ Մասնավորապես` տրամաբանությունը հուշում է, որ այդօրինակ զեկույցից հետո ԱՄՆ պետդեպարտամենտը չի շարունակի Հայաստանի ֆինանսավորումը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, այլապես կստացվի, որ ուղղակի աջակցություն է ցույց տալիս «զգալիորեն կեղծված» ընտրություններով իշխանության եկած վարչախմբին, որը ժողովրդին զրկել է իշխանությունը փոխելու սահմանադրական իրավունքի իրացումից, որը անպատիժ կերպով ապօրինություններ է իրականացնում ոստիկանության եւ ուժային այլ կառույցների միջոցով։ «Հազարամյակի մարտահրավերների» վերջնական սառեցման հեռանկարը էլ ավելի դրամատիկ է դառնում տնտեսական ահագնացող ճգնաժամի պայմաններում, եւ փաստորեն Հայաստանը միլենիումի փողերը վերստանալու հույս կարող է ունենալ միայն այն պարագայում, եթե իշխանությունները ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ «դրամատիկ քայլեր» ձեռնարկեն, մի պայման, որ ԱՄՆ վարչակազմը Հայաստանի իշխանությունների առաջ դնում է արդեն մեկ տարի։ Բայց իսկապես տարօրինակ բառապաշար ունեն էդ ամերիկացիները։ Ի՞նչ է նշանակում «դրամատիկ քայլեր». Հայաստանի իշխանությունները սա հասկացել են որպես «դրամատիկական քայլեր» ու արդեն մի տարի կապիկություններ են անում, տարբեր դրամատիկական ներկայացումներ բեմադրում դատարաններում, հեռուստաէկրաններին, պաշտոնական հանդիպումների ընթացքում։ Եւ այսուհանդերձ, ԱՄՆ կողմից ֆինանսական լուրջ աջակցություն ստանալու միակ եղանակը ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված «դրամատիկ» քայլերը չեն։ Դեռ էն գլխից Արեւմուտքը հասկացրել է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման պարագայում պատրաստ է հակամարտության հետեւանքները վերացնելու համար 4 միլիարդ դոլար հատկացնել հակամարտության կողմերին, որից մեկուկես, երկու միլիարդը, ենթադրաբար, բաժին կհասնի Հայաստանին եւ Ղարաբաղին։ Իհարկե, ԼՂ հարցի կարգավորումը դժվար թե Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին Նոբելյան մրցանակ բերի, ինչպես ժամանակին խոստացել էին Հեյդար Ալիեւին եւ Ռոբերտ Քոչարյանին, բայց խնդրի կարգավորման ճանապարհով Սերժ Սարգսյանը կարող է էական սրբագրումներ մտցնել ԱՄՆ պետդեպարտամենտի հաջորդ տարվա զեկույցում, որտեղ կգրվի, թե զգալիորեն կեղծված ընտրություններով իշխանության եկած Սերժ Սարգսյանը խաղաղություն բերեց տարածաշրջանին։ Եւ որպես հետեւանք` ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցը կանի եզրակացություն, որ միայն ու միայն զգալիորեն կեղծված ընտրություններով է հնարավոր առաջընթացի հասնել եւ իրական ժողովրդավարության։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ն աշխարհի առաջադեմ ժողովուրդներին կոչ անի հրաժարվել ազատ եւ արդար ընտրությունների արատավոր պրակտիկայից եւ միանգամից անցնել զգալիորեն կեղծված ընտրությունների առաջավոր փորձի ընդօրինակմանը։

Հ.Գ. Եթե հաշվի ենք առնում, որ Սերժ Սարգսյանը, պաշտոնական տվյալներով, նախագահական ընտրություններում ստացել է մոտ 52.8 տոկոս ձայն, «զգալիորեն կեղծված» արտահայտությունը տվյալ դեպքում նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի նախագահ։ Որովհետեւ չի կարող զգալի համարվել մեկ-երկու տոկոսի կեղծիքը, եւ այն պետք է լինի դրանից ավելի շատ։ Եթե կեղծիքների չափը այնպիսին լիներ, որ դրանք ազդած չլինեին ընտրությունների վերջնական արդյունքի վրա, դրանք չէին կարող զգալի համարվել։ Եթե մարդը հաղթել է, դե յուրե տարբերություն չկա` 52.8 տոկոսո՞վ է հաղթել, թե՞ 50.1։ Այսինքն` բոլոր դեպքերում, ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի, Սերժ Սարգսյանը չի ստացել 50 տոկոս պլյուս մեկ ձայն, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահ ընտրվելու համար, եւ ուրեմն` չի կարող համարվել Հայաստանի նախագահ։ Մենք սա, իհարկե, գիտեինք։ Բայց առաջին անգամ է, որ այս աղաղակող իրականությունը տեղ է գտնում միջազգային փաստաթղթում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 4, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.