> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳԵՆԵՐԱԼ ՍԵՅՐԱՆԸ ԻՇՄԱՐՈՒՄ Է ԹԻՐԱԽԸ

ԳԵՆԵՐԱԼ ՍԵՅՐԱՆԸ ԻՇՄԱՐՈՒՄ Է ԹԻՐԱԽԸ

Այսպիսով, 2008 մարտի 1-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման ակտիվագույն մասնակիցներից մեկը ՀՀ ՊՆ գործող նախարար Սեյրան Օհանյանն է, ով մարտիմեկյան արտակարգ դրության օրերին, լինելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, ՀՀ քաղաքացիներին սպառնում էր չհավաքվել երեք հոգանոց խմբերով` այդպիսի պահվածքը որակելով որպես հակապետական եւ հակաօրինական։

Օհանյանը Հայաստանի ԶՈւ շտաբի պետ նշանակվեց ընտրություններից առաջ, եւ նրա նշանակումը հաշվարկված էր հենց ետընտրական իրադարձությունների համար։ Քոչարյան-Սարգսյան զույգին հարկավոր էր ՀՀ զինված ուժերի ղեկավարի դերում տեսնել մեկին, ով ի վիճակի կլինի կրակել ժողովրդի վրա. զույգը բոլորից լավ գիտեր, որ նախագահի` ավազակապետության թեկնածուն ընտրություններում հաղթելու ոչ մի հնարավորություն չունի, եւ ուրեմն` հարկավոր էր նախապատրաստվել խնդրի ուժային լուծման։

Այս սցենարի համար Քոչարյան-Սարգսյան զույգը ընտրեց Սեյրան Օհանյանին։ Վերջինիս, սակայն, դեռ չնշանակեցին Պաշտպանության նախարար, այլ առայժմ միայն գլխավոր շտաբի պետ։ Պետական հեղաշրջման զինվորական թեւի ղեկավարի դերի համար իշխող զույգը, բացի Օհանյանից, ուներ միայն մեկ այլընտրանքային թեկնածու` տխրահռչակ Սամվել Բաբայանը, որին էլ խոստացվել էր ՊՆախարարի պաշտոնը` հեղաշրջումը բարեհաջող գլուխ բերելուց հետո։ Բաբայանին տված այսօրինակ խոստումը, սակայն, Քոչարյան-Սարգսյան զույգին ավելի շատ հարկավոր էր Սեյրան Օհանյանին առավել կառավարելի պահելու համար, որովհետեւ Օհանյանի եւ Բաբայանի միջեւ անձնական թշնամանք կա, եւ ուրեմն` Օհանյանը պետք է ամեն ինչ աներ` իր նվիրվածությունը ցուցադրելու, ապացուցելու համար, որ Բաբայանին իր ղեկավար նշանակելու կարիքը չկա, որ հենց ինքն է ՊՆախարարի լավագույն թեկնածուն, որ ինքը Բաբայանից լավ կանի ողջ կեղտոտ աշխատանքը` Երեւանի փողոցներում։ Բաբայանի խաղաքարտի խաղարկումը տվեց իր արդյունքը, եւ Օհանյանը անմնացորդ նվիրվեց հակապետական հանցանքի իրականացմանը։

Բաբայանը ի սկզբանե Քոչարյան-Սարգսյան զույգի համար ուներ պահեստայինի նշանակություն։ Նրա ծառայությունից օգտվելու էին միայն ծայրահեղ դեպքում` երբ ուրիշ տարբերակ այլեւս չլինի։ Ավազակապետության բոսսերը հասկանում էին, որ Բաբայանը հեղաշրջման իրագործումից հետո վտանգավոր էր դառնալու հենց իրենց համար, որովհետեւ, ի տարբերություն Օհանյանի, ունի քաղաքական ամբիցիաներ։ Բայց բանը չհասավ նրան ՊՆախարար նշանակելուն, եւ արդյունքում Սյամոյին ուղարկեցին` գտնվելու «ավազակապետության կադրերի տրամադրության տակ»։ Սա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ Սեյրան Օհանյանը գործով ապացուցեց, որ ի վիճակի է կրակել սեփական ժողովրդի վրա։

Մարտի 1-ին Օհանյանի դերակատարումը շատ ավելի եղկելի էր, նրա հրամանատարության տակ գտնվող ջոկատները կատարում էին պատժիչ ուժերի գործողություն։ Նրանց դերը ոստիկանությանը նահանջի հնարավորությունից զրկելն էր։ Եւ մարտի 1-ին, ի դեպ, գործել է այսպիսի պատժիչ մի քանի օղակ. յուրաքանչյուր օղակ իրենից առաջ գտնվողին նահանջելու հնարավորությունից զրկելու դերակատարում է ունեցել, եւ այս է պատճառը, որ բազմաթիվ ժամկետային զինծառայողներ մարտի 1-ին վիրավորվել են թիկունքից։ Իսկ Օհանյանը եղել է այս պատժիչ շղթայի վերջին օղակը` «կառածելների կառածելը»։

Ո՞վ է նա

Երբ վերջերս Հայ ազգային կոնգրեսը փաստացի ապացուցեց, որ Սեյրան Օհանյանը պետական հեղաշրջման թիվ մեկ անմիջական իրագործողն է, տարբեր տեղերից ձայներ լսվեցին, որոնց իմաստը հետեւյալն էր` իրենից չէինք սպասում։ Այսինքն, ոմանք տպավորություն են ստացել, թե Օհանյանը ապօրինություններ գործելու հակում չունի, եւ նրա կողմից ապօրինությունների իրագործումը անսպասելի է։ Նման տպավորության պատճառը ընդամենը այն է, որ Օհանյանը Ղարաբաղում է գործել իր ապօրինությունները` հայաստանյան հանրության աչքից հեռու։ Եւ Հայաստանում նրա մասին տեղեկություններ ստացել են ընդամենը պաշտոնական լրատվության շրջանակներում։ Իսկ Ղարաբաղում հաստատված սարսափի մթնոլորտի պայմաններում Օհանյանի գործունեության մասին շատ քիչ տեղեկատվություն է հասել Հայաստան։ Բայց այդպիսի տեղեկությունները ի սպառ չեն բացակայում։ Մասնավորապես, ՀՀ-ում իշխանական կոալիցիայի մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեն 2004 թվականի հունիսի 24-ին մի հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես են Ղարաբաղի մի խումբ զինվորականներ` Ստեփանակերտում, ԼՂՀ այն ժամանակվա ՊՆախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, վերջինիս կաբինետում դաժան ծեծի ենթարկել ԼՂՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, դաշնակցական Պավել Մանուկյանին, ով Ղարաբաղի պատերազմի հայտնի ազատամարտիկներից մեկն է, որի մարտական վաստակը ընդունված է բոլորի կողմից։ Դեպքը տեղի է ունեցել Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այն բանի արդյունքում, երբ պատգամավորի դաշնակցական թեկնածու Մանուկյանը նախընտրական շրջանում ինչ-որ ելույթ է ունեցել եւ քննադատության ենթարկել Ղարաբաղի մի շարք գեներալների։ Ստորեւ բերվող հաղորդագրության մեջ մի կարեւոր մեջբերում է արված Սեյրան Օհանյանից. «Կարծում եք` եթե հաղթեիք (ընտրություններում-խմբ.), հենց էնպես իշխանություն էի՞նք ձեզ տալու»։ Սա, կրկնում եմ, ասել է Սեյրան Օհանյանը` Ղարաբաղում ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ՀՅ դաշնակցության անդամ պատգամավորի թեկնածուին ծեծի ենթարկելիս, եւ այդ մասին տեղեկանում ենք դաշնակցության տարածած հաղորդագրությունից։ Բայց չտրվեմ մեկնաբանությունների եւ ընթերցողին առանց որեւէ փոփոխության ներկայացնեմ այն հաղորդագրությունը, որ տարածել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն։

ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

24/06/05 Ժ. 18։00

Հունիսի 24-ին, ժամը 16։15-ին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից Երեւանի հիվանդանոց տեղափոխելուց առաջ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի գրասենյակի մոտ ԼՂՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Պավել Մանուկյանը, որը դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ պաշտպանության նախարարի ( Սեյրան Օհանյանի-խմբ.) աշխատասենյակում` նախարարի եւ նրա տեղակալի կողմից, ներկաներին պատմել է միջադեպի մանրամասնությունները։ Ստորեւ հրապարակում ենք Մանուկյանի պատմածի շարադրանքը.

Հունիսի 19-ին, Ժամը 12.30-ի սահմաններում Պավել Մանուկյանը գնացել է տուն։ Կարճ ժամանակ անց՝ լսվել է հեռախոսազանգ. ոմն անծանոթ հարցրել է Պավելին։ Չանցած 15 րոպե` մի հաղթանդամ երիտասարդ դուռը ծեծել է եւ ասել, որ գեներալ Կարապետյանը սպասում է։ «Սեւ գույնի «08» էր, «Ազատության» (կալցեւոյ) հրապարակից մի քիչ ներքեւ այդ մեքենան սպասեց մոտ 15 րոպե։ Եկավ գեներալ Սամվել Կարապետյանը՝ Վարդան Բալայանի հետ միասին»։
«Ասում ես՝ մեր գեներալներից կավի հոտ է գալիս, էդ ի՞նչ ես ուզում դրանով ասել»,- հարցնում են նրանք։ Հետեւում է Պավլիկի պատասխանը՝ «ինչ որ ասում եմ, էդ էլ կա»։ Նրանք պահանջում են կոնկրետ անուն նշել, Պավլիկը շեշտում է գեներալ Բալայանի անունը։ Նրանց հարցին, թե` Էլ որ գեներալին է նկատի ունեցել, Պավելը նշում է Մովսես Հակոբյանի անունը։ Այն պատճառով, որ «մեր թափած արյունը հաշվի չի առնում, խոսում է փոխզիջումների մասին»։

Հոխորտանքներից հետո մի ուրիշ հեռախոսազանգ է գալիս, որից հետո գնում են ՊԲ շտաբ, նախարարի ընդունարան։ Մոտենում է Մովսես Հակոբյանը։ Վերջինիս հետ խոսելիս Պավլիկն ասում է, որ այսօրվա իշխանություններն արդեն մերը չեն։ «Ս. Կարապետյանը մի անգամ խփում է ծնոտիս եւ փորիս։ Այստեղից վեր եմ քցելու,- սպառնում է Ս. Կարապետյանը եւ շարունակում,- Գրիշային ասա, որ ալրաղացն ու հացի գործարանը տա, ֆորմաս էլ եմ իրեն տալու, բանակն էլ եմ տալու»։

Պավլիկի խոսքերով՝ այս խոսակցությունից կարելի էր ենթադրել, որ մեր գեներալը լավ առեւտրական է։
Այնուհետեւ բոլորը միասին մտնում են պաշտպանության նախարարի ( Սեյրան Օհանյանի-խմբ.) աշխատասենյակ։ Նախարարը բարեւում է բոլորին ու անմիջապես հարձակվում Պավլիկի վրա։ «Ես քու դաշնակ ծնողը… Վիտո ե՞ք պաշտպանում։ Նորից հայհոյանքներ… Կարծում եք, եթե հաղթեիք, հենց էնպես իշխանություն էի՞նք ձեզ տալու»։
Հիմնական հայհոյանքներն ուղղված էին Վիտալի Բալասանյանի, ՀՅԴ-ի եւ իմ հասցեին»։

Խոսակցությունն ընդհատվեց։ Երկուսով՝ Սեյրան Օհանյանը եւ Սամվել Կարապետյանը, սկսեցին խփել։ Խփում էին ոտքով ու ձեռքով։ Մյուսները, Պավլիկի համոզմամբ, չէին խփում։ Տեսարանը դիտում էին Արթուր Հարությունյանը, Վարդան Բալայանը, Վլադիկ Խաչատրյանը, Մովսես Հակոբյանը։

Պավլիկի մոտ սրտխառնոց է սկսվում։ Նախարարը կարգադրում է նրան դուրս տանել ու նորից բերել։ «Վրայիցդ քաքի հոտ է գալիս, դու էլ մեզ ես ծաղրում»,- ասում է նախարարը (Սեյրան Օհանյանը-խմբ.)։

Տեսնելով, որ Պավլիկի վիճակը կրիտիկականի է հասնում, նախարարը կարգադրում է տանել նրան հոսպիտալ, որպեսզի ուշքի գալուց հետո նորից բերեն ու ծեծը շարունակեն։

«Քու դալուն հուվա՞»,- հեգնանքով Պավլիկին է դիմում Սամվել Կարապետյանը եւ խոստանում նրան անպայման վերակենդանացման բաժին ուղարկել։

Պավլիկը մի անգամ ջուր է խնդրում։ Նրա համար Վարդան Բալայանը բերում է մի բաժակ ջուր՝ մեջը թքած։
…«Այս ամենը ես ներողը չեմ։ Սա այն պահն է, երբ ներելու ոչինչ չկա…»,- առողջական վիճակի վատթարացումը այլեւս չթողեց Պավելին շարունակել խոսքը։

Ամփոփում

Ահա այսպիսին է հաղորդագրությունը, որը, կարծեմ, մեկնաբանությունների կարիք չունի։ Մենք ձեզ արդեն պատմել ենք, թե վերջերս ՊՆ Ռազմական ոստիկանությունը ինչ միջոցառում է ձեռնարկել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ։ Չենք կարող ստույգ պնդել, թե այդ օպերացիան ինչ նպատակ ունի։ Բայց որ այդ նպատակները բարի չեն, հասկանալի է ի սկզբանե։ Ի վերջո, այսօր «Հայկական ժամանակը» եւ նրա յուրաքանչյուր աշխատակից որպես փուշ կանգնած է ավազակապետության կոկորդին։ Եւ ահա, նրա դեմ արշավին միանում է Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունը։ Որքան էլ էքսցենտրիկ դեմք է ՌՈ պետ Վովա Գասպարյանը, նրան այդպիսի օպերացիա ձեռնարկելու հրաման հենց Սեյրան Օհանյանն է տվել` այն մարդը, որը ՀՀ երեք քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է համարել ֆիզիկական ոչնչացման ենթակա թիրախ։ Դե պատկերացրեք, թե ինչ է մտածում Սեյրան Օհանյանը ՀՀ մոտ երեք տասնյակ քաղաքացիների մասին, ովքեր քիչ չէ` իրար գլխի են հավաքված, դեռ մի հատ էլ հրատարակում են «Հայկական ժամանակ» թերթը։ Այսպիսի «հակապետական» կազմակերպության դեմ պայքարում, բնականաբար, պետք է կիրառվի հայկական Զինված ուժերի ողջ պոտենցիալը` պուտչիստ գեներալ Օհանյանի գլխավորությամբ։

Հ.Գ. Ավելորդ է նշել, որ այսօրինակ արշավները կոորդինացնում է անձամբ Սերժ Սարգսյանը` ուժային կառույցների ղեկավարների, երբեմն` օլիգարխների միջոցով։ Իսկ Սերժի փեսա Միշիկը զբաղվում է «ՀԺ»-ի համար տնտեսական պրոբլեմներ ստեղծելու գործով։ Իսկ թե այս գործում ինչպիսի արդյունքների է հասել Միշիկ Սերժիկի Սարգսյանը, կներկայացնենք առաջիկայում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 3, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Սուրեն
    Մարտ 3rd, 2009 at 15:14 | #1

    Իրանք իրանց քանդվելու են վերջը: Սենց երկար չեն կարա յոլա գնան:
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  2. Anonymous
    Մարտ 3rd, 2009 at 18:00 | #2

    Դաշնակներին ամեն քուչի թուլայի հայոյելու իրավունք տվեց հենց ավազակապետ Քոչարյանը՝ Պողոս Պողոսյանին սմբակներով սպանելու հրաման արձակելու պահից:
    Զարմանում եմ դաշնակների (խոսքս չի վերաբերվում շարքային մոլորյալներին) անինքնասեր ու անթասիբ պահվածքի վրա:Էդ կառույցում ընդհանրապես տղամարդ կա՞,թե՝ ոչ…

  3. Տիգրան
    Մարտ 3rd, 2009 at 18:00 | #3

    Դաշնակներին ամեն քուչի թուլայի հայոյելու իրավունք տվեց հենց ավազակապետ Քոչարյանը՝ Պողոս Պողոսյանին սմբակներով սպանելու հրաման արձակելու պահից:
    Զարմանում եմ դաշնակների անինքնասեր ու անթասիբ պահվածքի վրա:Էդ կառույցում ընդհանրապես տղամարդ կա՞,թե՝ ոչ…

  4. Մարտ 4th, 2009 at 20:58 | #4

    nikol ches vaxum vor kez paveli ornen ktzelu

  5. Նարեկ
    Մայիս 30th, 2009 at 04:05 | #5

    Անկախ ամեն ինչից ՀԺ ում ինձ դուր չի գալիս էդ կատաղի քննադատությունները…հա լավ ինչքան կարելի ա… ինչքան կարելի ա Տիգրան Սարգսյանին անվանել «Վարչապետի պաշտոնը կրող» ..դա արդեն էժան ա իմ կարծիքով… չէ, ինչ ուզում եք ասեք, շատ սուբյեկտիվ ա ՀԺն, չափազանց։ կարելի ա չէ՞ երբեմն էլ գրել, որ համատարած վատ իշխանության մեջ, օրինակ էս կամ էն դեմքը լավ էլ դրական ա։….էհ…

  1. No trackbacks yet.