> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARSEN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARSEN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Arsen-ից

Barev hargeli Nikol, indz hetaqrqir kliner imanal dzer karciqy hay-turqakan haraberutyunneri uxxutyamb ishxanutyunneri dzernarkac qayleri masin, ev cankali kliner nerkayacneiq dzer motecumnery Levon Ter-Petrosyani patkeracumneri nmanutyunnery ev tarberutyunnery Hayastan -Turqia haraberutyunneri kargavorman uxxutyamb i hamematutyun ishxanutyunneri motecman, Shnorhakalutyun.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արսեն, ցանկացած քաղաքականություն պետք է գնահատել ըստ նրա արդյունքների: Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի ակնկալած արդյունքը շատ կոնկրետ է` սահմանի բացում: Նման բան տեղի չի ունեցել, եւ կարելի է ասել, որ սխալ կլիներ այսքան կարճ ժամանակահատվածում կոնկրետ արդյունքներ ակնկալել: Այս պնդումը ճիշտ կլիներ, եթե նույն վիճակում լիներ եւ Թուրքիան, այսինքն` նրա համար նույնպես այս փուլի արդյունքները զրոյական լինեին: Բայց այս գործընթացից Թուրքիան հսկայական քաղաքական եւ դիվանագիտական օգուտներ է քաղել, որոնք կոնկրետ են: Նախ` Թուրքիան խցկվեց ԼՂ հարցի կարգավորման գործընթաց, որը Հայաստանի համար ուղղակի խայտառակ արդյունք է: Բայց ուշադրություն դարձրեք` դա տեղի ունեցավ Հայաստանի գործող ղեկավարության ջանքերով: Երկրորդ` Թուրքիան շատ կարեւոր խաղաքարտ ձեռքբերեց ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցնելու համար. նա ԱՄՆ գործող վարչակազմին ցուցադրում է, թե ցեղասպանության ճանաչումը վնաս կհասցնի հայ-թուրքական աննախադեպ երկխոսությանը: Եւ սա, ի դեպ, այն բանի հետեւանքն է, որ երկար տարիներ ցեղասպանության միջազգային ճանաչումը դրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում: Մինչդեռ, եթե դա այդպես չլիներ` ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչել-չճանաչելու հարցը չէր կապվի հայ-թուրքական հարաբերությունների հետ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը այս հարցում հետեւյալն է. ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է հետապնդեն Սփյուռքի կառույցները, Հայաստանի հասարակական-քաղաքական կազմակերպությունները, բայց դա չպետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հարց: Հանրապետականները եւ ընդհանրապես իշխող կոալիցիան այս դիրքորոշումը ժամանակին որակել էր որպես «ապազգային», իսկ Սերժ Սարգսյանը չի կարողանում պատասխանել մի պարզ հարցի` արդյո՞ք Ցեղասպանության միջազգային ճանաչումը այսօր գտնվում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում: Ավելին, Սերժ Սարգսյանը ըստ էության ընդունելի համարեց հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու` թուրքական կողմի առաջարկը, որը պետք է պատասխան տա այն հարցին` եղե՞լ է հայոց ցեղասպանություն, թե՞ չի եղել: Շարունակենք, սակայն, այն արդյունքների թվարկումը, որ Թուրքիան ունեցավ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունից». Թուրքիայի առաջարկած Կովկասյան անվտանգության պլատֆորմը դարձավ լայն քննարկումների առարկա, այսպիսով լեգիտիմացնելով տարածաշրջանյին գերտերության նրա նկրտումները: Այս ցանկը կարելի է էլի շարունակել, բայց ես չեմ կարող ասել, թե տվյալ պահին ֆուտբոլային դիվանագիտությունից ինչ է շահել Հայաստանը: Իմ կարծիքով` առայժմ ոչինչ: Շահել է անձամբ Սերժ Սարգսյանը, որի անունը այդ առիթով շոշափվել է միջազգային լրահոսում: Եւ ընդամենը: Ինչ վերաբերում է այս հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումներին, առաջին նախագահը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով, կամ Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչումով: Այն, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, դրանում ոչ մի կասկած չկա: Բայց ո՞ւմ է պետք հարաբերությունների այնպիսի կարգավորումը, որը չի տեղավորվում Հայաստանի պետական շահերի համատեքստում: Կարծում եմ, որ այսօր պրոցեսները ընթանում են հենց այպիսի տրամաբանությամբ: Այսօր, ըստ էության, չկա հարաբերությունների կարգավորում: Հերթական անգամ Հայաստանը որպես մանրադրամ է օգտագործվում մեծ տերությունների հարաբերություններում: Խոսքը ԱՄՆ-Թուրքիա, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների մասին է: Եւ երբեմն տպավորություն է ստացվում, որ Հայաստանի թուրքական քաղաքականությունը մշակվում է Մոսկվայում: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ սերժանտական թիմը Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում էր թուրքամետ, իսկ իշխանությունը բռնազավթելուց հետո այնպես նետվեց Թուրքիայի գիրկը, որը նույնիսկ անպարկեշտության տարրեր է պարունակում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.