> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 6.-10.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 6.-10.

6. Մասնագիտությունը` պատերազմ

7. Պրոսպեկտով` Օպերա

8. Մի շիշ «Ստոլիչնայա»

9. Մահապատիժ Վիեննայում

10. Մղձավանջ եւ անուրջներ Լոզանում

* * *

6. Մասնագիտությունը` պատերազմ

Այն վարպետությունը, որով Մարկոն կտրում էր իր համար օտար եւ ոչ բարեկամական երկրների սահմանները, ոչ մի կասկած չէր թողնում. դա կապված է նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ: Այս վարկածը ավելի էր հիմնավորվում զարտուղի ճանապարհների եւ հիմնական մայրուղիների նրա գերազանց իմացությամբ: Նա ոչ միայն գիտեր այդ ճանապարհները, այլեւ գիտեր, թե ինչ է կատարվում դրանցում, թե որտեղ է վտանգ սպասում մեզ, գիտեր, թե երբ կվերանա այդ վտանգը: Մեր մեքենայի ընթացքը, որ հիմնականում վարում էր Մարկոյի վարորդ-թիկնապահը, երբեմն անտանելի կերպով դանդաղում էր, երբեմն մենք ուղղակի կանգնում էինք` սպասելով ինչ-որ բանի կամ ինչ-որ զանգի: Մարկոն թե՛ Հունաստանում, թե՛ Մակեդոնիայում օգնականներ ուներ, չնայած ես նրանցից ոչ ոքի չտեսա: Մոթելներում, սակայն, նրան ճանաչում էին, եւ նրա հայտնվելը ընկալվում էր որպես մի սովորական իրադարձություն: Մարկոն, իհարկե, կասկածելի տիպ է, բայց տարօրինակ էր, որ մեր համատեղ ճամփորդության ընթացքում իմ մտքով ոչ մի անգամ չանցավ, որ նա կարող է ինձ վատություն անել: Սա, ինչ խոսք, պայմանավորված էր նաեւ Իմաստուն Ծերուկի գործոնով, բայց Մարկոն հենց առաջին հայացքից ինձ վստահություն ներշնչեց. եթե դու թշնամի չես, կարող ես հանգիստ լինել:

Եվ այնուամենայնիվ, ինչո՞վ է զբաղվում այս մարդը: Տարբեր վարկածներ քննելով` կանգ առա զենքի առեւտրի վրա, ինչը ճիշտ դուրս եկավ: Մեր հետագա զրույցների ընթացքում Մարկոն դրանից մեծ գաղտնիք չսարքեց էլ: Նա չէր ուզում, որ ես մտածեմ, թե ինքը թմրանյութերի կամ մարդկանց առեւտրով է զբաղված: Ինչ վերաբերում է զենքի առեւտրին, դա բացատրում էր այսպես. «Պատերազմը իմ մասնագիտությունն է, եւ ես ձանձրանում եմ առանց վտանգի»:

Մարկոն ամուսնացած էր, 13 տարեկան դուստր ուներ, բայց մենք նրանց տանը չեղանք. այն գտնվում էր Սերբիայի հյուսիսում, իսկ մեր նպատակակետը մայրաքաղաք Բելգրադն էր, որտեղից պետք է ճանապարհեինք Իմաստուն Ծերուկին եւ որոշում կայացնեինք իր հետագա երթուղու մասին:

Այն միջավայրը, որի ներկայացուցիչն էր Մարկոն, ֆորմալ առումով Սերբիայում վաղուց էր զրկվել իշխանությունից, բայց չնայած սրան` իմ ուղեկիցը իրեն շատ վստահ էր զգում հայրենիքում: Սրա պերճախոս ապացույցը դարձավ այն, որ նա ինձ համար սերբական անձնագիր ձեռք բերեց` նոր անուն ազգանունով: Այս ընթացքում ինձնից պահանջվեց միայն լուսանկարվել, եւ շատ չանցած` ես արդեն Սերբիայի քաղաքացի էի` Բոյան անունով եւ եվրոպական գրեթե բոլոր երկրներ մուտքի հնարավորություն տվող վիզաներով: Մարկոն կատակեց, թե կարող եմ անգամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել եւ ձայն տալ իր ղեկավար-ընկերներին: Նա հույսեր էր կապում ընտրությունների հետ եւ փափագում էր, որ իսկական ազգային ուժերը նորից իրենց ձեռքը վերցնեն Սերբիայի ղեկը եւ իշխանությունից հեռացնեն Ամերիկայի «խամաճիկներին»:

Ես ուզում էի, որ Մարկոյի ցանկությունները իրականություն դառնան, եւ սա ինձ զարմացնում էր: Չէ՞ որ եթե Սերբիայում ապրեի, ես ու Մարկոն, մեծ հավանականությամբ, հակառակ քաղաքական ճամբարներում կլինեինք: Նա, իհարկե, կուսակցական բոս չէր, ոչ էլ օլիգարխ, բայց այդպիսի միջավայրի մարդ էր, երկրորդ պլանի, բայց ոչ երկրորդական դերակատար: Չնայած սրան, մեր հարաբերությունները շատ կարճ ժամանակում դարձան ընկերական, եւ ես, այդ հարաբերությունները չարաշահելով, մի անգամ նեղացրի Մարկոյին:

Մենք ճաշում էինք Դանուբի ափին գտնվող մեր հյուրանոցի ռեստորանում.

- Մարկո,- սկսեցի ես,- ուզում եմ քեզ մի բան հարցնել: Ուղղակի հետո ինձ չեմ ների, եթե չհարցնեմ:

- Հարցրու` տեսնենք:

- Տես` դու սիրում ես քո հայրենիքը, ասում ես, որ սիրում ես սերբերին, հանուն նրանց սպանել ես բազմաթիվ ալբանացիների եւ էլի ուրիշ ազգերի ներկայացուցիչների: Սա հասկանալի է. բայց ասա ինձ` եղե՞լ է այնպես, որ դու ինչ-որ նկատառումներով սպանես, դե, մի պատի տակ թրխկացնես կամ առեւանգես կամ խոշտանգես սերբերի…

Հարցը տալիս զգում էի, թե ինչպես է Մարկոյի դեմքի գույնն ու արտահայտությունը փոխվում: Նա վեր կացավ` ձեռքից գցելով պատառաքաղը եւ դանակը.

- Տղա, դու սադի՞ստ ես, թե՞ դատախազ,- ասաց նա ու դուրս եկավ ռեստորանից:

Ես անվրդով ավարտեցի ճաշս: Մարկոն ֆոյեում թերթ էր կարդում, ավելի ճիշտ` ձեւ էր անում, թե թերթ էր կարդում: Իմ հարցը տակնուվրա էր արել նրա հոգին, եւ այդ վիճակում հնարավոր չէր կարդալ:

- Ներիր ինձ, Մարկո,- նրան մոտենալով` ասացի ես,- ուղղակի ուզում եմ հասկանալ, ուզում եմ ինքս ինձ հասկանալ:

7. Պրոսպեկտով` Օպերա

Մարկոն ինձ մի ծառայություն էլ պետք է մատուցեր. պետք է այնպես աներ, որ Վիեննա թռչող օդանավի ճանապարհին Բելգրադի օդանավակայանի աշխատակիցները, մաքսավորները ինձ ոչ մի հարց չտային: Համաձայնեք, տարօրինակ կլիներ, եթե պարզվեր, որ Սերբիայի քաղաքացի Բոյանը չի տիրապետում մայրենի լեզվին: Բայց սա խնդիր չէր Մարկոյի համար. նա օդանավակայանի աշխատակիցներից ինձ համար ուղեկցորդ գտավ, եւ ես, իհարկե, բոլոր ստուգումները պատշաճ անցնելով, հասա «Ավստրիական ավիաուղիների» օդանավին:

Հրաժեշտից առաջ մենք ճաշել էինք, եւ երբ նա իմացավ, որ ուզում եմ Հայաստան վերադառնալ, բայց երկրի հակառակ կողմից, շշմեց.

- Չէ, քո ծալը հաստատ պակաս է,- ասաց նա:

Նման արտահայտություն Մարկոն մի անգամ էլ էր արել: Ես հետաքրքրվեցի, թե արդյոք Իմաստուն Ծերուկը խառն է զենքի առեւտրի գործերին.

- Չլինի՞ ուզում ես հոդված գրել:

- Կռահեցիր,- ասացի ես:

- Քո ծալը հաստատ պակաս է,- հառաչեց Մարկոն:

Դե, Մարկո, դե, ախպերս, ես քեզ շնորհակալության խոսքեր չեմ ասում, որովհետեւ դա չափից դուրս տափակ կհնչեր այս իրավիճակում: Ուղղակի ասում եմ` հաջողություն, ուղղակի ասում եմ` ի՛մ ախպեր: Մինչ այդ Մարկոն ինձ 10 հազար եվրո էր տվել, որ ես ընդունել էի առանց սեթեւեթանքի: Ասել էր նաեւ, որ Վիեննայում ինձ կդիմավորի Յոզեֆ անունով մի տղա: Ես ասում էի, որ դրա կարիքը չկա, որ ես կարող եմ առանց կողմնակի օգնության շարունակել ճանապարհորդությունս, չէ՞ որ փող ունեմ, Սերբիայի քաղաքացիություն, մաքուր կենսագրություն. «Շատ մի ոգեւորվիր, քո անձնագրի անուն ազգանունով մարդ իսկապես գոյություն ունի, եւ նրան շատ են ուզում տեսնել Հաագայի դատարանում»,- ծամածռվելով` ասաց Մարկոն: Մենք ծիծաղեցինք:

Ահա եւ օդանավը պոկվեց Սերբիայի հողից: Դիմացս բացված մոնիտորը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք հեռանում Բելգրադից եւ մոտենում Վիեննային:

Այո, սա տարօրինակ եւ զարմանալի ճանապարհորդություն է եւ շատ ավելի հեշտ է դասավորվում, քան այն, ինչ մենք սովոր ենք ճանապարհորդություն համարել: Չէ՞ որ այդ սովորական ճանապարհորդությունները հազար ու մի բարդության հետ են կապված, հազար ու մի քաշքշուկի: Հարկավոր է դասավորել գործերը, դրամ հավաքել, դեսպանատների սառը պաշտոնյաներին ապացուցել, որ հաստատ վերադառնալու ես, հավաքել, դասավորել ճամպրուկները` որեւէ բան մոռանալու երկյուղը սրտիդ մեջ: Իսկ այս դեպքում անգամ հարազատներիդ հրաժեշտ չես տալիս, ուղղակի մեկնում ես` խանութ գնալու նման: Բայց մի՞թե սա կարելի է ճանապարհորդություն համարել: Գուցե սա իսկապե՞ս փախուստ է: Բայց ի՞նչ փախուստ, մի՞թե կարելի է Հայաստանից փախչել` Հայաստան գնալով: Չէ՞ որ ես գնում եմ Հայաստան` երկրի հակառակ կողմից: Բայց մի՞թե կարելի է ճանապարհորդություն համարել Երեւանի մի կետից մյուս կետը հասնելը: Չէ՞ որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ: Ճիշտ է, կա ավելի կարճ ճանապարհ, բայց ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ո՞վ կարող է պնդել:

8. Մի շիշ «Ստոլիչնայա»

Յոզեֆը բանկիր էր եւ թերեւս վարում է նաեւ Մարկոյի բանկային գործերը. այստեղից էլ նրանց ծանոթությունը: Քիչ մնաց Վիեննայի օդանավակայանում մենք իրար չգտնենք: Դիմավորողների բռնած ցուցանակների վրա իմ անունը չգտա: Ու երբ արդեն մտածում էի, որ Յոզեֆը ուղղակի չի եկել, հիշեցի հանկարծ, որ ես, ախր, նոր անուն ունեմ: Բոյան անունով եւ անձնագրիս մեջ գրված ազգանունով ցուցանակը ձեռքին կանգնած էր մի երիտասարդ. Յոզեֆն էր: Ես ներողություն խնդրեցի նրանից` ասելով, որ ուշադիր չեմ եղել ցուցանակները կարդալիս եւ սարսափով հիշեցի այն ճանապարհը, որ անցել էի օդանավից սպասասրահ գալիս: Փառք Աստծո, որ անցակետում ոչ ոք անունս չի հարցրել, թե չէ` իսկական անունս կտայի:

Յոզեֆին խնդրեցի ինձ տանել Վիեննայի կենտրոնական մասերում գտնվող մի հյուրանոց: Ճանապարհին մտքումս անընդհատ կրկնում էի նոր անուն ազգանունս, որպեսզի տպավորվի: Տեղավորվեցի մի շատ լավ հյուրանոցում, հետո ֆոյեում Յոզեֆի հետ էսպրեսո խմեցինք, մի քիչ խոսեցինք դեսից-դենից, հետո նա, թողնելով իր հեռախոսների համարները, գնաց իր գործերով: Ասաց, որ հաջորդ օրը կեսօրին կգա: Բարձրացա սենյակ: Դեռ առավոտյան 11.30 էր: Որոշեցի մի քիչ քնել: Արթնացա ժամը 15-ի կողմերը, միացրի «Եվրանյուզը». Հայաստանի մասին ոչինչ չկար: Իջա ինտերնետ ակումբ, կրկնակի էսպրեսո պատվիրեցի եւ սկսեցի կարդալ հայաստանյան թերթերը, որ արտակարգ դրության ավարտից հետո սկսել էին լույս տեսնել: Հոդվածս, որ ուղարկել էի ընդհատակյա ինտերնետային թերթին, տպագրվել էր նաեւ «ՀԺ»-ում, ուրեմն կարելի էր նորերը գրել:

Գրպանիցս հանեցի «ֆլեշս», որի մեջ ինձ պետքական այլ բաների շարքում նաեւ «KDWin» ծրագիր կար եւ հայերեն տառատեսակ: Մի հոդված գրեցի, ուղարկեցի ընդհատակյա թերթին ու զգացի, որ կարոտել եմ Հայաստանը: Թե ինչ էր պետք անել, պարզից էլ պարզ էր. մոտակայքում մի սուպերմարկետ գտա: Ցուցափեղկերում փնտրում եմ, փնտրում ու չեմ գտնում ռուսական օղի: Ստիպված եմ հարցնել. սուպերմարկետի աշխատակցուհին ինձ ուղեկցում է մի բարձր ցուցափեղկի մոտ, որի ամենավերեւի փեղկի վրա ցույց է տալիս տարբեր շշերի արանքում կուչ եկած մի շիշ «Ստոլիչնայա» օղի: Ձեռքի շարժումով պատվիրում եմ իջեցնել: Սուպերմարկետի բանվորը մի երկար աստիճան է բերում եւ իջեցնում կես լիտրանոց շիշը:

Արարողության մասնակիցները ինձ նայում են շնորհավորող հայացքներով. պատճառը խիստ օրիգինալ գնումն է: Այստեղի սուպերմարկետներից գրեթե ոչ ոք ռուսական օղի չի գնում: Վիեննա այցելած ռուսներն էլ իրենց անհրաժեշտ օղին խմում են բարերում կամ ռեստորաններում կամ էլ ուղղակի բերում են իրենց հետ:

Օղի հայտնաբերելուց հետո գնեցի նաեւ չորս հատ կարտոֆիլ, մի գլուխ սոխ, մի հատ ինչ-որ ապխտած ձուկ, երկու հատ վարունգ, երկու հատ լոլիկ, երկու շիշ գարեջուր, հաց: Այստեղ նորմալ պանիր փնտրելը անիմաստ է անգամ, փոխարենը գնեցի խոստումնալից տեսքով պղպեղ, որը պետք է որ իմ ուզածի չափ կծու լիներ: Վերադարձա սենյակ, մինի-բարից մի երկու բան հանեցի, դրա փոխարեն դրեցի իմ բերած օղին ու գարեջուրը: Զանգեցի ռեստորան, խնդրեցի մատուցարանի վրա սպասք բերել. մի քանի ափսե, դանակ, պատառաքաղ, բաժակ: Լվացի վարունգը, լոլիկը, կարտոֆիլը, պղպեղը:

Մատուցարանը բերեց 20-22 տարեկան մի պատանի` Գյունտերը: Աչքերի արտահայտությունից զգացի, որ ֆաշիստ է: Ես նրան տվեցի լվացած կարտոֆիլը, խնդրեցի 15 րոպե ջրով եռացնել միկրոալիքային վառարանի մեջ կամ ուղղակի սալիկի վրա ու բերել: Հատուկ զգուշացրի` չկլպել: Մինչ նա կվերադառնար, ամեն ինչ կտրտեցի, սոխը բաժանեցի չորս մասի, մինի-բարից հանեցի օղին, որ արդեն ահագին սառել էր, գարեջուրը խանութում էլ արդեն սառն էր: Վիսկիի բաժակը կիսով չափ օղի լցրի, բաժակը բարձրացրի` մեր հող ու ջրի կենացը, ասացի, խմեցի, մի կտոր ձուկ վերցրի, հետո` սոխ, հետո` հաց, կերա, գարեջրի շիշը քաշեցի գլխիս: Քեֆս լավ է: Դուռը ծեծում են: Գյունտերն է: Կարտոֆիլն է բերել: Էս ո՞վ է գալիս. արի, ընկեր ջան, արի, ախպեր ջան, մենք պետք է իրար հետ խմենք մի բաժակ:

- We must drink together: You and me. That is Russian vodka,- ասում եմ ես ու վերցնում շիշը:

- Ոչ, ոչ, ես ծառայության մեջ եմ, ինձ չի կարելի:

- Դու կհրաժարվես ռուսական օղո՞ւց. մի՞թե Ավստրիան մոռացել է դարավոր թշնամիներին, մի՞թե Ավստրիան ներել է նրանց, մի՞թե Ավստրիան այլեւս չկա: Դուք օղի չխմեցիք եւ դրա համար չկարողացաք հաղթել ռուսներին: Մի՞թե կարելի է ռոմով ու շնապսով հաղթել նրանց, ովքեր սպիրտ են խմում:

Որքան էլ զարմանալի է, իմ ճառը ազդեց պատանու վրա: Ես դարձյալ կիսով չափ լցրի վիսկիի մյուս բաժակը, իմը նույնպես, իր բաժակը տվեցի իրեն, զգուշացրի, որ մինչեւ վերջ խմի, բաժակս խփեցի բաժակին ու ասացի. «Բարձր ռասայի կենացը»: Գյունտերը մինչեւ վերջ խմում է, ես նույնպես: Նրան սոխ ուտեցնելու իմ բոլոր փորձերը ապարդյուն են անցնում: Նա ուզում է գնալ. ես նրան 10 եվրո եմ տալիս եւ պատվիրում 15 րոպեից գալ` մատուցարանը տանելու:

15 րոպեից Գյունտերը գալիս է, մենք մի-մի բաժակ էլ ենք քցում: Նա հավաքում է մատուցարանը, ես նրան եւս 10 եվրո եմ տալիս եւ հայերեն ասում. «Կամաց կքշես»: Գյունտերը գնում է, ես փռվում եմ մահճակալին:

Լուսաբացին արթնացա գլխիս տրոփյունից, որը ուր որ է կբացվի իմ ձեռքով քառատված գլուխ սոխի նման: Մի կերպ թեքվեցի, վերցրի հեռախոսի ընկալուչը, սեղմեցի 0 կոճակը.

- Գլխացավի դեղ խնդրում եմ: Կրկնակի դոզա: Դուք ինքներդ բացեք դուռը, ես չեմ կարող վեր կենալ:

Մի քանի րոպեից ինչ-որ մեկը ափի մեջ փռած անձեռոցիկի վրա ինձ է մատուցում երկու դեղահաբ` մյուս ձեռքին մի բաժակ ջուր բռնած: Ես կուլ տվեցի հաբերը եւ նորից վայր ընկա մահճակալի վրա: Ինչ-որ ժամանակ անց նորից արթնացա. գլխացավը նահանջել էր, բայց չէր հանձնվել, այն կարծես երկխոսություն էր սկսել տրոփյունից թմրած գլխիս հետ` նրա մեջ մնալու համակեցության հնարավորություններ գտնելու ձգտումով:

Ցավը հիմա տանելի էր, բայց նրան տանելի էր դարձնում միայն իմ նախընթաց տառապանքի հուշը: Շուտով այն կմարեր, եւ ցավը կդառնար նույնքան անտանելի:

Վեր կացա, տրամվայի սպասողի դիրքով կանգնեցի տաք ցնցուղի տակ: Եվ ցավը քանդվեց, հոսեց, կոյուղին լցվեց` քթիցս ծորացող արյան հետ: Հագնվեցի, իջա ֆոյե…

- Էսպրեսո, խնդրում եմ: Կրկնակի, խնդրում եմ: Ռոմով, խնդրում եմ:

Մի՞թե ես պետք է նկարագրեմ այս հյուրանոցի ֆոյեն: Բազմաթիվ հեղինակներ հենց այդպես էլ կվարվեին. կնկարագրեին ոսկեգույն բազրիքներն ու բռնակները, վերելակի մեծ հայելիները եւ ոսկեգույն պատերը, կողք կողքի շարված հուշանվերային խանութները` հիմար գներով: Բայց արդյո՞ք այդ նկարագրությունը մեր պատմությանը որեւէ նոր իմաստ է տալիս: Մի՞թե մեր պատմությանը անհրաժեշտ է Վիեննայի` զզվելիության չափ «կազմակերպված» այդ քաղաքի նկարագրությունը, որտեղ անգամ թուփը աճում է հաստատված նախագծի եւ ժամանակացույցի համաձայն: Չեմ պատրաստվում ընթերցողին ձանձրացնել այսպիսի նկարագրություններով, մանավանդ որ ամեն թփի ճշգրիտ նկարագրությունը ինձ հետապնդողներին դուրս կբերի ճշգրիտ հետքի վրա. այսպիսին են Վիեննայի թփերը:

9. Մահապատիժ Վիեննայում

Երբ արդեն երկրորդ կրկնակի էսպրեսոն էի խմում, եկավ Յոզեֆը: Նա այլայլված տեսք ուներ.

- Ես պրոբլեմներ ունեմ, ինձ հետապնդում են, իմ դեմ քրեական գործ է հարուցված,- շտապելով ասաց նա:
Ապա պատմեց, որ երբ առավոտյան աչքերը բացել է, տեսել է իր ննջասենյակի բազկաթոռին նստած, անվրդով թերթ կարդացող (դա «Վիներ Ցայտունգ» էր եղել) մի մարդու, որի սեւ վերարկուն եւ ցիլինդրը նետված են եղել իր մահճակալի վրա: Երբ այցելուն զգացել է, որ Յոզեֆը արթնացել է, ծալել է թերթը եւ նրան դիմել մի շատ տարօրինակ հարցով.

- Ի՞նչ եք կարծում, ճիշտ կանե՞ն, եթե Ուկրաինային եւ Վրաստանին ՆԱՏՕ ընդունեն:
Յոզեֆը, բնականաբար, պարզաբանում է պահանջել լկտի կերպով իր բնակարան ներխուժելու կապակցությամբ եւ սպառնացել է բողոքել: Այցելուն, սակայն, չի շփոթվել եւ բացատրել է, որ ինքը այդտեղ գտնվելու իշխանություն եւ լիազորություն ունի.

- Եթե չունենայի, այստեղ չէի գտնվի,- ասել է նա:

Անծանոթը նաեւ Յոզեֆին տեղեկացրել է, որ ինքը ձերբակալված է, եւ որ հավելյալ պարզաբանումներ նա կստանա Հիմնարկում, ուր եւ իրենք անհապաղ պիտի մեկնեն: Խորհրդավոր այցելուն զգուշացրել էր նաեւ, որ դիմադրությունն ավելորդ է, քանի որ ինքը մենակ չէ: Եւ իրոք, ննջասենյակից դուրս գալով` Յոզեֆը նախասրահում տեսել էր թղթախաղով զբաղված երեք հոգու, որոնք հագնված էին եղել առաջին անծանոթի նման:

Անծանոթը հրաժարվել էր Յոզեֆին ննջարանում մենակ թողնել` հագնվելու համար: Ավելին, նրան ուղեկցել էր անգամ զուգարան: Ու մինչ Յոզեֆը նստած էր եղել զուգարանակոնքին, անծանոթը հենց նրա մոտ պատին հենված շարունակել էր «Վիներ Ցայտունգի» ընթերցումը: Միայն մեկ անգամ թերթից կտրվելով` Յոզեֆին ասել էր.

- Երեւում է` երեկ «McDonalds»-ում եք սնվել:

Ի վերջո սպիտակ լիմուզինով Յոզեֆին տարել էին Վիեննայից դուրս գտնվող մի բարձրահարկ շենք, որի մուտքի ցուցանակի վրա գրված էր եղել ընդամենը մեկ բառ` Հիմնարկ:

Յոզեֆին հրահանգել են սպասել մի երկար ու նեղ միջանցքում, որտեղ ոչ ոք չի եղել, բացի հատակը շարունակ մաքրող մի ալեխառն ծերունուց: Հետո նրան տարել են մի դահլիճ, որը լեփ-լեցուն է եղել, իսկ բեմի վրա նստած են եղել 9 հոգի` դատավորի պատմուճաններով: Յոզեֆին նստեցրել են մեղադրյալի աթոռին, իսկ բեմի կենտրոնում նստած մարդը ոտքի է կանգնել եւ հայտարարել.

- Քաղաքացի՛ Յոզեֆ, ձեր դեմ քրեական գործ է հարուցված քանի որ դուք հանցագործ եք: Դուք ձերբակալված եք: Որեւէ բան ունե՞ք ասելու Հիմնարկին:

Յոզեֆը մի կերպ հաղթահարել էր շփոթվածությունը, ոտքի կանգնել եւ ասել.

- Ես ոչ մի հանցանք չեմ գործել…

Այս հայտարարությունից հետո մի անասելի քրքիջ էր պայթել դահլիճում: Առաջին շարքերում նստածները, ծիծաղից փորները բռնած, սկսել էին գետնին թավալվել: Նույնը տեղի էր ունեցել նաեւ բեմի վրա ձախից առաջինը նստած մարդու հետ, որը, ի տարբերություն մյուսների, 10 րոպեից էլ չէր հանգստացել, եւ երբ նրան պատգարակի վրա դուրս էին տարել, նա շարունակել էր ցնցվել, ապա կծկվել եւ ամուր բռնել փորը: Ի վերջո ներկաները ընդունել էին նախկին լուրջ տեսքը, եւ Յոզեֆը շարունակել էր.

- Ես ուզում եմ իմանալ, թե ինձ ինչում են մեղադրում:

Բեմի կենտրոնում նստածը մի պահ խոժոռվել էր, բայց պատասխանել էր հանգիստ.

- Ձեր մեղադրանքը դեռ ձեւակերպված չէ, այն գտնվում է ձեւակերպման փուլում, եւ մենք չենք կարող ձեզ նախաքննության գաղտնիքներ հայտնել: Ձեր հանցանքը նախաքննության գաղտնիք է հանդիսանում:

- Ես գոնե կարո՞ղ եմ իմանալ, թե ինչ օրենք եմ խախտել,- համառել էր Յոզեֆը:

- Դա ձեր սրբազան իրավունքն է, եւ ես պաշտոնապես ձեզ հայտնում եմ, որ դուք խախտել եք Ավստրիայի Հանրապետության թիվ 865 գաղտնի օրենքի 306, 212, 224 հոդվածները, բայց ես ձեզ չեմ կարող ասել, թե դրանք ինչի մասին են, որովհետեւ, ինչպես նշեցի, դրանք գաղտնի օրենքի գաղտնի հոդվածներ են,- ասել էր կենտրոնում նստածը:
Յոզեֆը հուսահատ փռվել էր մեղադրյալի աթոռին:

- Դատավարությունը, միայն դատավարությունը կորոշի, թե դուք ինչպիսի որոշման եք արժանի,- ասել էր կենտրոնում նստածը, ինչին հետեւել էին դահլիճում ներկաների բուռն, հոտնկայս ծափահարությունները, որոնք ուղեկցվել էին «բրավո» եւ այս կարգի այլ գոչյուններով:

Ի վերջո բեմում նստածները ետեւի դռնով դուրս էին եկել դահլիճից, հանդիսականներն էլ հեռացել էին կողքի դռնից: Յոզեֆը դահլիճում մնացել էր մեն-մենակ: Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո նա դուրս էր եկել միջանցք, որտեղ էլի ոչ ոք չէր եղել, բացի հատակը շարունակ մաքրող ալեխառն ծերունուց: Վերջինս, հասնելով Յոզեֆին, ասել էր. «Քեզ պատրաստվում են գնդակահարել, այնպես որ` ավարտիր կիսատ գործերդ»:

Ծերունին ոչ մի հարցի չէր պատասխանել, Յոզեֆն էլ մի կերպ գտել էր ելքը ու դուրս եկել շենքից եւ նկատել էր, որ մուտքի մոտ այլեւս չկա «Հիմնարկ» գրությամբ ցուցանակը:

Այս պատմությունը ինձ շատ զարմացրեց, չնայած ահագին ծանոթ թվաց: Մի փոքր մտածելուց հետո ես Յոզեֆին ասացի, որ նա պետք է փաստաբան վարձի:

- Ես արդեն դա արել եմ. քեռուս հին ծանոթը փաստաբան է, նա խոստացավ իմ մեղադրանքի մասին մի բան պարզելու փորձ անել, չնայած ասաց, որ այնքան էլ հեշտ չէ բան իմանալ Հիմնարկից:

- Իսկ ի՞նչ է այդ Հիմնարկը, ի՞նչ է իրենից ներկայացնում,- հարցրի ես:

- Չգիտեմ, փաստաբանս էլ ոչինչ չասաց:

- Իսկ միգուցե ոստիկանություն դիմես, իրավապաշտպաններին, մամուլին, ի վերջո:

- Փաստաբանս խորհուրդ չտվեց: Ասում է, որ դա գործին չի օգնի, միայն կզայրացնի Հիմնարկին: Փաստաբանս ասում է, որ լավագույն ելքը մեղքը ընդունելն է ու ներում հայցելը:

- Բայց դու իսկապե՞ս ինչ-որ հանցանք գործել ես:

- Ո՛չ, բայց գուցե իրո՞ք չարժե զայրացնել հիմնարկին:

- Դա շատ պատասխանատու հարց է, ես չեմ կարող քեզ նման խորհուրդ տալ: Իսկ գուցե դա կապված է Մարկոյի հետ:

- Ես չգիտեմ` ինձ ինչի մեջ են մեղադրում, ես գիտեմ, որ հանցանք չեմ գործել, - հուսահատ ասաց Յոզեֆը եւ ինձ մեկնեց մի ծրար,- խնդրում եմ քեզ, եթե ինձ որեւէ բան պատահի, եթե ես կենդանի չլինեմ, այս ծրարը հասցրու Լոզան` Համաեվրոպական Հիմնարկ, հասցեն գրված է ծրարի վրա:

Ես վերցրի ծրարը. դրա վրա խոշոր տառերով գրված էր` Բողոք:

- Եթե քեզ պետք է, ես ծրարը իհարկե, Լոզան կհասցնեմ: Բայց ի՞նչ իմաստ ունի բողոքելը, եթե, ինչպես դու ես ասում, դա պետք է անել միայն այն դեպքում, երբ դու կենդանի չլինես, - զարմացա ես:

- Ընթացակարգն է այդպիսին,- հառաչեց Յոզեֆը, - իմ փաստաբանը հիվանդ է, անկողնուն գամված եւ չի կարող ինքը անհրաժեշտության դեպքում Բողոքը Լոզան հասցնել: Իսկ Հիմնարկի հետ ունեցած գործերով պատրաստի բողոք ունենալը եւ վստահ լինելը, որ մահապատժի իրագործման դեպքում այն արագ Լոզան կհասնի, ըստ իմ փաստաբանի, ամենակարեւորն է: Ես մտածեցի, որ դու, միեւնույն է, պետք է դեպի Արեւմուտք շարժվես, եւ քեզ դժվար չի լինի բողոքը տանել:

- Ինչ խոսք, ինձ համար դժվար չէ: Բայց ինչո՞ւ ես դու անընդհատ մահապատժի մասին խոսում, մի՞թե մի ցնդած հավաքարարի ասածը հիմք է քեզ համար,- սրտնեղեցի ես:

Յոզեֆը սարսափած նայեց ուղիղ աչքերիս մեջ:

- Փաստաբանս էլ հաստատեց, որ Հիմնարկի գործերը երկու ելք կարող են ունենալ. ներում կամ մահապատիժ: Որոշումները ուժի մեջ են մտնում եւ իրագործվում են անհապաղ:

Ես չգիտեի ինչ ասել: Յոզեֆի պատմածը ինձ ցնորք էր թվում, հրեշավոր թյուրիմացություն: Նա նույնպես հույս ուներ, որ այդ ամենը թյուրիմացություն է, եւ այս է պատճառը, որ մերժեց միասին Ավստրիայից հեռանալու առաջարկս.

- Ես պետք է մնամ եւ պարզեմ, թե ինչ է կատարվում, դու միայն, խնդրում եմ, չմոռանաս իմ Բողոքի մասին:

- Բայց ես ինչպե՞ս կիմանամ, եթե քեզ, Աստված չանի, որեւէ բան պատահի:

- Եթե ես վաղը չգամ կամ չզանգեմ կամ հաղորդագրություն չթողնեմ, մեկնիր Լոզան,- ասաց Յոզեֆը եւ ոտքի կանգնեց,- ես պետք է գնամ:

- Յոզեֆ, ես համոզված եմ, որ թյուրիմացությունը կհարթվի,- փորձեցի նրան սրտապնդել:

- Հուսանք, հուսանք,- դառնացած ասաց նա ու հեռացավ:

Բարձրացա սենյակ, Յոզեֆի բողոքը դրեցի պահախցի մեջ: Անսպասելի մի միտք անցավ գլխովս. «Ուզում եմ Դանուբը տեսնել»:

- Ուզում եմ Դանուբը տեսնել,- իմ միտքը կրկնեցի ես:

Իսկապես ուզում էի տեսնել Դանուբը, եւ դա Յոզեֆի հետ ունեցած խոսակցության ծանր տպավորության հաղթահարման միակ հնարը թվաց ինձ:

- Ինչպե՞ս կարող եմ Դանուբի ափին հայտնվել,- հարցրի հյուրանոցի աշխատակցին:

- Դուք պետք է հյուրանոցի դիմացի փողոցով գնաք դեպի ձախ:

- Իսկ հեռո՞ւ է, կարո՞ղ եմ քայլելով գնալ:

- Այո՛, բայց պետք է մոտ 20 րոպե քայլեք:

Դա իսկական փրկություն կլինի. 20 րոպե քայլքի արդյունքը կլինի այն, որ ակնհայտ կդառնա Յոզեֆի պատմածների ցնորք լինելը: Նման բան չի կարող լինել, այն էլ` Եվրոպայի կենտրոնում:

20 րոպե քայլեցի, Դանուբը չկա: Եւս 10 րոպե` էլի չկա:

- Ներեցեք, հեռո՞ւ է այստեղից Դանուբը, կարո՞ղ եմ ոտքով հասնել,- հարցնում եմ մի պատահական անցորդի:

- Այնքան էլ հեռու չէ, եթե ուզում եք ոտքով գնալ, պետք է մոտ 20 րոպե քայլեք: Այս փողոցով ուղիղ շարունակեք ճանապարհը:

Լավ, քայլելը չի խանգարի: Քայլում եմ եւս 20+10 րոպե, իսկ Դանուբը չկա: Էլի դիմում եմ մի պատահական անցորդի: Ընթերցողը սա գեղարվեստական տրյուկ կհամարի, բայց սա ճշմարտություն է, եւ այդ հերթական պատահական անցորդը տվեց բառացիորեն նույն պատասխանը իմ` բառացիորեն նույն հարցին: Քայլեցի եւս 20+10 րոպե եւ արդեն ժամուկես չեմ կարողանում անցնել այդ 20 րոպեանոց անիծյալ ճանապարհը:

Հերթական պատահական անցորդը ավելի բարի գտնվեց. նա հորդորեց տաքսի նստել: Այդպես էլ արեցի, որովհետեւ այլեւս ի վիճակի չէի քայլել: Բայց այդ անիծյալ տաքսին ընդամենը րոպեուկես հետո կանգ առավ Դանուբի ափին.

- Ահա Դանուբը,- հպարտությամբ ասաց վարորդը:

Իսկ Դանուբը իսկապես գեղանի էր: Ճիշտ է, Բելգրադում այն շատ ավելի մեծ էր եւ շատ ավելի հզոր, բայց այստեղ էր նա ձեռք բերում իր հանդարտությունը, հանգստությունը, խաղաղությունը: Խռովքի եւ հանդարտության ինչպիսի զուգադրում…
Մոտ կես ժամ կանգնեցի Դանուբի ափին, հիացա նրանով, մի անցորդի խնդրեցի ինձ լուսանկարել Դանուբի հետ, հիշեցի Մարկոյին, որը գուցե հիմա նույնպես կանգնած էր Դանուբի ափին: Արդեն սկսում էր մթնել, եւ որոշեցի վերադառնալ հյուրանոց, բնականաբար` տաքսիով: Ոտքերս նվվում էին, փռվել էի սենյակիս բազկաթոռին ու հեռուստացույցիս ալիքներն էի փոխում: Յոզեֆն է, այո՛, Յոզեֆն է. նրա լուսանկարը ցույց են տալիս հեռուստացույցով, ապա ինչ-որ կադրեր` կրակոցներից ծակծկված ավտոմեքենա` Յոզեֆի ավտոմեքենան է, եւ նրա մեջ անշարժ ընկած մի մարմին` Յոզեֆն է: Հաղորդումը գերմաներեն է եւ ոչինչ չեմ հասկանում, չնայած` առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է` մահապատիժն ի կատար է ածվել:

Ես շոկի մեջ եմ. մի՞թե այս ամենը իրականություն է, մի՞թե այս ամենը իսկապես տեղի է ունեցել: Բողոքը:

Ես խոստացել եմ այն Լոզան հասցնել: Զանգում եմ հյուրանոցի ընդունարան.

- Խնդրում եմ ճշտել` ինչպե՞ս կարող եմ շուտափույթ մեկնել Լոզան:

Մոտ տասը րոպեից հնչում է հեռախոսի զանգը.

- Լոզան կարող եք մեկնել երկու ժամից գնացքով…

- Խնդրում եմ, մի տեղանոց կուպե պատվիրեք, պատրաստեք իմ հաշիվը, տաքսի կանչեք. ես մեկնում եմ:

Երբ իջա ֆոյե, հենց նոր բերել էին երեկոյան անգլերեն թերթերը: Այնտեղ փոքր լուր կար Յոզեֆի նկարով: Գրված էր, որ նրան գնդակահարել են ոստիկանները` իրենց հրահանգներին չենթարկվելու եւ զինված դիմադրության փորձի համար:

Հաջորդ օրը երեկոյան մոտ Լոզանում էի: Գնացքից իջնելով` միանգամից տաքսի նստեցի եւ ցույց տվեցի ծրարի վրայի հասցեն: Դա հենց փողոցի վրա բացվող մի դուռ էր, սեղմեցի զանգի կոճակը: Դուռը բացեց տարիքավոր մի մարդ: Ասացի, որ բողոք եմ բերել. մարդը ինձ ներս հրավիրեց, ուղեկցեց մինչեւ նախասրահ, որտեղ սարսափազդու պատկերներով նկարներ էին կախված` մեծ նկարներ: Ես նստեցի բազմաթիվ բազկաթոռներից մեկի վրա: Հինգ րոպեից ներս մտավ մոտ հիսուն տարեկան, բայց շատ գրավիչ տեսք ունեցող մի կին: Նա հագնված էր ճաշակով, բայց պաշտոնական, չնայած հոգ էր տարել, որ վերնաշապիկի վերին կոճակները չկոճկված լինեն, այնպես, որ կրծքի կեսը երեւա. դա ամենեւին էլ հիսուն տարեկանի կուրծք չէր, եւ կոնտրաստը ավելի նկատելի էր դառնում մուգ շագանակագույն նրա կոստյումի ֆոնին:
Ես նրան հանձնեցի ծրարը` առանց որեւէ բան ասելու: Նա բացեց ծրարը, հանեց այնտեղ գտնվող թուղթը, մի հայացք գցեց նրա վրա, ապա դիմեց ինձ.

- Շատ օպերատիվ եք աշխատում. եթե չեմ սխալվում, նրան միայն երեկ են գնդակահարել: Դուք լավ փաստաբան եք երեւում:

- Ես նրա փաստաբանը չեմ, ընդամենը սուրհանդակ:

- Միեւնույն է, գովելի է: Որեւէ բան կխմե՞ք:

- Ո՛չ, շնորհակալություն, ինձ դրսում մեքենա է սպասում: Բայց եթե թույլ կտաք, ես ուզում եմ մի հարց տալ:

- Խնդրեմ:

- Յոզեֆը ինչ-որ գաղտնի օրենքի գաղտնի հոդվածներ խախտելու համար է մահապատժի ենթարկվել:

- Այո՛, միանգամայն ճիշտ եք:

- Բայց նա ինչպե՞ս կարող էր իմանալ մի օրենքի մասին, եթե այն գաղտնի է:

Կինը մի տեսակ ձգվեց.

- Օրենքի չիմացությունը, երիտասարդ, որեւէ մեկին չի ազատում նրա առաջ ունեցած պատասխանատվությունից,- ասաց նա:

Նրա հայացքում անհողդողդություն հայտնվեց, ես նույնպես նման արտահայտություն տվեցի իմ դեմքին: Առանց հրաժեշտ տալու` շրջվեցի, դուրս եկա այդ անիծյալ Հիմնարկից, նստեցի ինձ սպասող տաքսին.

- Տարե՛ք ինձ որեւէ հյուրանոց,- ասացի ես:

10. Մղձավանջ եւ անուրջներ Լոզանում

Ես իզուր հրաժարվեցի որեւէ բան խմելու` այդ խստաբարո տիկնոջ առաջարկից: Մի բաժակ վիսկի կխնդրեի. եվրոպացիք սիրում են հաստ պատերով բաժակով վիսկի խմել: Կասկած չկա, որ հենց այդպիսի բաժակով վիսկի կբերեին ինձ: Հաստատ «Ջեք Դենիելս» կլիներ, որից զզվում եմ: Բայց եթե անգամ «Գրին Լեյբլ» լիներ, մի կում կանեի, բթացնող ժպիտով կնայեի տիկնոջը ու նրա պատասխան ժպիտը կկասեցնեի` բաժակը քներակին զարկելով:

Ահա, նա ընկած է անակնկալ հարվածից: Մահվան դատավճիռը կայացված է: Այդ վճիռը ես եմ կայացրել: Տիկինը, ի՞նչ տիկին, այդ պոռնկուհին խախտել է օրենքը, մի գաղտնի օրենք, որի գոյության մասին ո՛չ ինքը գիտեր եւ ո՛չ էլ, առավել եւս, ես: Իսկ ո՞վ կարող է պնդել, որ դատավճիռն օրինական չէ: Բազմաթիվ գաղտնի օրենսգրքերից որեւէ մեկի գաղտնի էջերից որեւէ մեկի գաղտնի տեքստում կլինի մի գաղտնի նախադասություն, որ ինձ իրավունք է տալիս մահապատժի ենթարկել այս պոռնկուհուն: Նա չգիտեր այդ մասին, բայց մի՞թե օրենքի չիմացությունը որեւէ մեկին ազատում է նրա առաջ ունեցած պատասխանատվությունից: Մահապատիժ` գլուխը հատակին սվաղելու եղանակով: Ահա, վերցնում եմ սեղանի վրա դրված բրոնզե տակդիրով ալպյան գրանիտի ծանր կտորը եւ ի կատար ածում դատավճիռը: Ձեռքերս արյունի մեջ են, դեմքս կռկվում է պոռնկուհու մակարդվող արյան ճնշումից, նրա ուղեղը լավայի հանդարտությամբ հոսում է մանրահատակի վրայով: Ես բղավում եմ ամենասրտագին հայհոյանքներ.

- Հայրիկ, այդ ի՞նչ է պատահել:

Այդ ձայնը ինձ մեխում է տեղում: Չեմ կարող շրջվել, ձեռքերս ու դեմքս արյան մեջ են: Չեմ կարող շարժվել, մարմնովս փակում եմ այդ խստաբարո տիկնոջ ջնջխված գլուխը.

- Ոչինչ չի պատահել, աղջիկս: Այս տիկինը վատ է զգում ուղղակի: Միջանցքի վերջում մի մարդ կա նստած: Գնա, ասա նրան` թող բժիշկ կանչի:

Լսում եմ նրա հեռացող ոտնաձայները:

- Տիկին, վեր կացեք, տիկին: Խնդրում եմ, տիկին, արթնացեք, տիկին, խղճացեք ինձ, տիկին, մի սպանեք ինձ, տիկին…

Ես ցնցում եմ նրան, փորձում եմ արթնացնել, հավաքում եմ մանրահատակի վրա հոսող նա ուղեղը եւ փորձում ետ լցնել նրա գանգի մեջ: Ես հեկեկում եմ անզորությունից, հեկեկում եմ հուսահատ: Բղավում եմ` շփոթված: Թիկունքիցս մի տղամարդու ձայն եմ լսում.

- Այո, սպանությունը նման է արտաամուսնական սեքսի: Դրա ընթացքը անասելի հաճույք է պատճառում, իսկ երբ ամեն ինչ ավարտված է, սկսում է տանջել մեղքի ու զղջումի զգացողությունը:

Պատից կախված սարսափազդու նկարներից մեկն էր ինձ հետ խոսում.

- Բայց դու մի նահանջիր, չէ՞ որ դու արդարադատություն իրականացրիր, չէ՞ որ դու Յոզեֆի վրեժը լուծեցիր: Բացատրիր դստերդ, եւ նա ամեն ինչ կհասկանա, նա կարդարացնի…

- Ձայնդ կտրիր, - ասացի ես` առանց շրջվելու,- չեմ ուզում, որ նա այս ամենը հասկանա, չեմ ուզում, որ նա արդարացնի որեւէ սպանություն…
- Դու թույլիկ ես…

Ես շրջվեցի. նկարից ինձ էր նայում Ամենայն հայոց կաթողիկոսը` «Մերսեդեսի» բանալիները մատին պտտեցնելով…

Արթնացա քափ-քրտինքի մեջ. Լոզանում եմ` հյուրանոցի իմ համարի մահճակալին փռված:

Վեր կացա, լվացվեցի, սուրճ պատվիրեցի: Հարկավոր է զանգել Մարկոյին: Գրպաններումս փնտրում-գտնում եմ նրա համարը:

- Մարկո, բարեւ, ես եմ: Յոզեֆին սպանել են:

- Գիտեմ, արդեն լսել եմ…

- Իսկ դա քեզ հետ որեւէ կապ ունի՞, դե, քո գործերի հետ:

- Չէ, ոչ մի կապ: Ես էլ մտածում էի քեզ հետ է կապված:

- Ինձ հետ էլ կապված չէ, գիտեի, որ քեզ հետ էլ կապ չունի, ուղղակի համոզվելու համար հարցրի: Դա մի անհավատալի պատմություն է: Յոզեֆին սպանածներից մեկի տեղն էլ գիտեմ, այստեղ` Լոզանում:

- Եթե այդ պատմությունը քեզ հետ իրոք կապ չունի, մի խորացիր, գնա քո ճամփով,- խորհուրդ տվեց Մարկոն:

Հրաժեշտ տալով Մարկոյին` ես կախեցի լսափողը: Մոտեցա պատուհանին, բացեցի այն. անձրեւախառը օդը սառեցրեց ճակատս: Հարկավոր է մի բան խմել: Եթե ես սովորական ճամփորդ լինեի, ճամպրուկիս մեջ անպայման հայկական կոնյակ կլիներ, գուցե նաեւ ծիրանի չիր: Իսկ հիմա գնա ու հայկական կոնյակ գտիր էս լպստած քամբախում: Հյուրանոցի հենց պատին կից մի բար էի տեսել, որոշեցի գնալ այնտեղ (հյուրանոցային բարերը տաղտուկ են): Հյուրանոցից վազեվազ հասա այնտեղ, այնպես, որ համարյա չթրջվեցի, մոտեցա բար-կանգնակին.

- Հայկական կոնյակ ունե՞ք. պարտադիր չէ «Նաիրի», կարելի է նաեւ «Ախթամար», «Անի», «Արարատ»` հինգ կամ երեք աստղանի:

- Ցավում եմ, պարոն, չունենք, - ժպտալով ասում է բարմենը:

- Իսկ հայկական գինի՞, պարտադիր չէ «Արենի», կարելի է նաեւ «Պաչիկ» կամ «Պասեք» կամ «Զոքանչ» կամ «Բաջանաղ»,- դառը հեգնական շարունակում եմ ես:

- Ոչ, պարոն:

- Ուրեմն` հայկական օղի էլ չունեք: Այդ դեպքում գերապպա լցրեք:

Գրապպան իտալական խաղողի օղի է, մոտավորապես այն, ինչ վրացիք չաչա կամ ճաճա են կոչում, այսինքն` խաղողի ճաճի օղի, իսկ մենք` յաթրջի: Եւ ինչպե՞ս են եվրոպացիք այս յաթրջին առանց պանրի կամ առանց թթվի խմում: Թթու. ո՛վ հայ ժողովուրդ, գիտե՞ս արդյոք, որ ազգային արժեքը ոչ միայն քո դզած-փչած պատմությունն է, այլեւ քո թթուն: Հայկական մոռացված եւ մոռացվող խոհանոցի ամենամեծ տեսականին կարելի է միայն «Թթու» ենթավերնագրի տակ գտնել: Հիմքերի հիմքը, իհարկե, խառը թթուն է: Բայց ի՞նչ շենք է կանգնած այս հիմքի վրա. ծաղահաս կաղամբի ամառային թթու, կարմիր ճակնդեղի «տակի» եւ ճախի, այսինքն` թեւերի թթու, վարունգի թթու, կանաչ ու կիսակարմիր լոլիկի թթու, գազար, կանաչ լոբի, ծաղկակաղամբ, քյարավուզ, սխտոր, սոխ, ձմերուկ, սմբուկ, բիբար, ծիծակ (ոչ թե մոլոկանի, այլ հայկական տեխնոլոգիաներով), մանդակի թթու, ջոնջոլի թթու: Բայց մշակաբույսերի թթուների գլուխգործոցը պղպեղի, այսինքն` բիբարի թեւերի` բիբարի ճախի թթուն է: Մի տեսակ, որ մոռացվում է ցավալիորեն: Այս թթուն դնում են աշնանը, երբ բերքահավաքը ավարտված է: Այդ ժամանակ բիբարի թփերի վրա լինում են փոքր պտուղներ, որ չեն հասցրել մեծանալ: Կան նաեւ տերեւներ, բազմաթիվ տերեւներ: Ահա այս տերեւներից եւ թերահաս պտուղներից է դրվում բիբարի ճախի թթուն, եւ եթե թթու դնողը գիտե իր գործը` օղորմած տատիկիս նման, ուրեմն դա թթու չէ, այլ գլուխգործոց, արվեստի ստեղծագործություն:

Բայց այս կիսատ ցանկով հայաստանյան թթուների տեսականին չի սպառվում: Դեռ չենք խոսել վայրի բույսերի թթուների մասին. շուշան, բոխի, իծկոթ, սինդրիկ…

Հիմա Իջեւանի լեռնային բացատներում երեւի դուրս է եկել սինդրիկը: Հիմա Իջեւանի անտառները պճնվել են կանաչով: Ամեն տարի այս օրերին գնում եմ Իջեւան` գառի սեզոնի բացումն անելու: Դա տեղի է ունենում մոտավորապես հետեւյալ կերպ. Իջեւան եմ հասնում ուրբաթ օրվա երկրորդ կեսին: Շատ արագ զանգեր ենք փոխանակում ընկերներիս հետ. «Էկե՞լ ես», «Էկել եմ»:

Որոշ ժամանակ անց կա՛մ ես եմ զանգում Բիձիկին, կա՛մ ինքը ինձ.

- Մի հատ կյառը չուտե՞նք:

- Հա, բա ի՞նչ անենք:

Բուն արարողությունը տեղի է ունենալու հաջորդ օրը: Մինչ այդ, սակայն, հարկավոր է գառ ճարել: Իջեւանի շուկայում կենդանի գառ վաճառում են միայն տարվա մի քանի օր` Վարդավառի կապակցությամբ: Վարդավառը Իջեւանում նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը, եւ նախընթաց հինգշաբթի օրվանից քաղաքի փողոցներում սկսվում է գառների եւ ուլերի գրոհը: Բայց տարվա մնացած օրերին Իջեւանի շուկաներում հնարավոր չէ կենդանի գառ գտնել: Գառան միս, իհարկե, կա, բայց մեզ կենդանի գառ է հարկավոր, իսկ այն ձեռք բերելու համար հարկավոր է շրջել մոտակա գյուղերում եւ գտնել: Մինչ այդ «տեղաքում» ենք, այսինքն` փորձում ենք կոնկրետ հասցե գտնել, որտեղ գառ են վաճառում: Որպես կանոն, «տեղաքումը» արդյունք չի տալիս: Պետք է մեկնել: Բայց ո՞ւմ մեքենայով: Հարցը սկզբունքային է, որովհետեւ գառը ոչ միայն լողացած չէ, այլեւ ճանապարհին չի խնդրի կանգնել` բնական կարիքները հոգալու համար, եւ այդ ամենը անում է բեռնախցիկում: Բիձիկը եւ ես համամիտ ենք. մեր մեքենաները բացառվում են, մնում է Չաղի մեքենայի տարբերակը, մանավանդ որ այն կարծես «մեյկայում» էր, այսինքն` նոր է լվացել. թխի գա:

Համոզելը հեշտ չէ, բայց համոզում ենք: Չաղը Ժպիտի հետ է, Բոբոն պարապմունքի է, նրա հետ առայժմ գործ չունենք: Գնում ենք, ասենք, Ակնաղբյուր: Հասնում ենք գյուղամեջ. «Տղերք, բարեւ ձեզ. գյուղում ո՞վ ծախու կյառն ունի»: Գյուղացիների միջեւ տեղի է ունենում մի փոքր քննարկում. ի վերջո որեւէ մեկի անունը տալիս են, գյուղամիջի երեխաներից մեկին էլ նստեցնում ենք մեքենան, որ տվյալ մարդու տան տեղը ցույց տա: Որպես կանոն, երեխան էլ դարպասի մոտից ձայն է տալիս պոտենցիալ գառնատիրոջը:

- Էդ ո՞վ ա, - որպես կանոն, կանչին ի պատասխան դուրս է գալիս մի ծեր տատիկ, ով իմանալով մեր այցի նպատակը` ասում է, - մինն ունեինք, երեկ տարան. մնացածը պյուճուր են, ծախու չեն:

Որպես կանոն, առաջին փորձից հնարավոր չէ գառ գտնել: Փնտրտուքը պետք է շարունակել.

- Բա ո՞վ կյառը կունենա, տատի,- հուսահատ հարցնում ենք մենք:

- Գիդամ ոչ, հլա էնինչենց հարցրեք:

Կոնկրետ հասցե ունենալը միշտ լավ է, ուղեկից երեխան էլ տան տեղը գիտի.

- Իրեք հատ ունեմ, բայց ծախու չի. պահում եմ րեխի բանակի քեֆի համար:

- Փաստորեն, լավ էլ մեծ բանակի քեֆ ես անելու:

Եթե աստղերը բարեհաջող են դասավորված, երրորդ տեղում գառը կա: Մտնում ենք գոմ: Բիձիկը պարտադիր բարձրացնում է գառներից մեկը, կամ եթե մի հատ է, այդ միակը. քաշը ստուգված է:

Ու սկսվում է իմ ամենասիրած մասը` սակարկությունը: Անցյալ տարի գառը 20-25 հազար դրամ էր, բայց եթե թանկացումներ են սկսել, այս տարի գառն էլ թանկացած կլինի:

- Ի՞նչ ես ասում էս գառը, հորողբեր:

- 35 մանեթ,- ասում է հորողբերը` մանեթ ասելով նկատի ունենալով 1000 դրամը: Այսինքն` 35 հազար դրամ է ասում:

- Էդ ի՞նչ գին ես ասում, այ տնաշեն,- նեղսրտում ենք մենք,- 25 մանեթ ենք տալիս տանենք:

- 25 մանեթով հենա ես կուտեմ, էլի:

- Հերու 20-ով մի կյառն առանք, 14 կիլո միս տվեց. սրա վրա 10 կիլո միս չկա:

- Հերու ալիրն էլ էր էժան, ծեթն էլ էր էժան, պեսոկն էլ էր էժան. նաղդ 12 կիլո միս ունի:

- Վարյանտ չկա, նիհար զատ ա. 30 տալիս ենք տանենք:

Հորողբերը այս տեղում, որպես կանոն, գոմի լույսը անջատում է. «Ես ծախու ապրանք չունեմ», - սրտնեղած ասում է նա: Որպես կանոն, այս տեղում Չաղը, որ մեքենայի մեջ է մնացել, մեքենայի շչակն է հնչեցնում, իբր շուտ արեք:

- Դե, լավ, լավ, ոտքերը կապի, պարկի մեջ գցի,- ասում ենք մենք հորողբորը, փողը տալիս ենք, գառը վերցնում ու ետ` Իջեւան:

Գառը, որպես կանոն, մորթում է եղբայրս` Արտակը: Եթե եղանակը վատ է, արարողությունը տեղի է ունենում տանը: Բայց, որպես կանոն, եղանակը հնարավորություն տալիս է անտառ գնալ:

Անտառ ասելով, սակայն, Իջեւանում նկատի չունեն ուղղակի անտառ: Աղբյուր ասելով` նկատի չունեն սոսկ աղբյուր: Տվյալ դեպքում գործ ունենք որոշակի ինֆրաստրուկտուրայի հետ, որ նախատեսված է անտառային խնջույքի համար: Անտառներում կան բազմաթիվ զրուցարաններ` բիսեդկաներ, երկար նստարաններով, սեղաններով: Սրանց կից` խորովածանոց, գառ մորթելու տեղ, միսը կտրատելու փոքր սեղան, երբեմն նաեւ առանձին սեղան` բլոտ, նարդի, շախմատ խաղալու համար: Կիրանցի անտառում նույնիսկ այնպիսի աղբյուր (այսպես են տեղացիները կոչում այս վայրերը) կա, որտեղ երեխաների ժամանցի համար փոքր, մեխանիկական, բակային կարուսելներ կան կամ նույնիսկ` հնաոճ իրերի թանգարան: Իսկ ահա ջուրը այս տեղերում ոչ թե ուղղակի քարից է դուրս գալիս կամ գետի տակից, այլ հոսում է հուշաղբյուրից, որ կառուցված է լինում մի վաղամեռիկ հարազատի կամ ընկերոջ պատվին: Երբեմն աղբյուրները կոչվում են հենց տվյալ նահատակի ազգանունով կամ անունով` Ղազումյանների աղբյուր, Հովակիմյանների աղբյուր, Ասլանյանների աղբյուր:

Ու չնայած այս պատկառելի ենթակառուցվածքի գոյությանը, նրանք չեն գտնվում հսկողության տակ, եւ այնտեղ ժամանակ անցկացնելու համար պետք չէ ոչ ոքի վճարել: Ուղղակի պետք է ուրիշներից առաջ զբաղեցնել: Որպես կանոն, սա դժվար չէ. եթե մի աղբյուրը զբաղված է, մյուսը հաստատ ազատ կլինի: Բայց ահա Վարդավառին իսկական ճգնաժամ է սկսվում, եւ հուլիսի վերջին կիրակի օրը Իջեւանի անտառներում աղբյուր զբաղեցնելու համար` շատերը ստիպված են այնտեղ գնալ նախորդ օրը եւ գիշերը մնալ: Բայց կա մի ոսկե կանոն` եթե աղբյուրը կառուցած անձը, ընտանիքը որոշում է Վարդավառը անցկացնել իր կառուցած աղբյուրում (ինչպես հասկացաք, նույն մարդը կառուցել է ոչ միայն բուն աղբյուրը, այլեւ այդտեղ եղած մնացած բաները), նրա իրավունքները հարգվում են աներկբա. այսինքն` նրանք կարիք չունեն գիշերը մնալու: Ուղղակի պետք է առավոտ շուտ ներկայանան, որ ուրիշները չհասցնեն խնջույքը սկսել. անհարմար բան կստացվի:
Բայց հիմա Վարդավառ չէ, եւ ազատ աղբյուր կարելի է գտնել առանց դժվարության: Ու եթե այստեղ եղած նախորդ խումբը իր ետեւից հավաքել է, ինչը, ի դեպ, միշտ չէ, որ այդպես է լինում, կարելի է սկսել արարողությունը: Եթե տեղանքը մաքուր չէ, դա կարելի է անել միայն մաքրություն անելուց հետո:

Ինչեւէ, շշերը դրված են ջրի տակ, գառը կախված է սպանդարանի խողովակից, ասել է թե` արարողությունը սկսված է: Հա, չմոռանանք արարողության ամենակարեւոր ատրիբուտի` կրակի մասին: Կրակը վառելը աղբյուրը զբաղեցնողի առաջին գործն է. անհրաժեշտ է արագ կրակ վառել, որ «ծուխը ծուլ լինի», եւ ազատ աղբյուր փնտրող մյուս խմբերը, ծուխը հեռվից տեսնելով, հասկանան, որ այս աղբյուրը զբաղված է եւ իզուր չգան հասնեն այստեղ ու ետ դառնան: Ինչպես տեսնում եք, սա իրոք արարողություն է` իր բազմաթիվ կանոններով: Այդ կանոններից մեկի համաձայն, անտառային աղբյուրներում խնջույք անցկացրած խումբը իր հետ բերած աղը պետք է թողնի տեղում:

Այս կանոնը թերեւս ձեւավորվել է կենսափորձի արդյունքում. եթե մարդիկ մոռանան իրենց հետ աղ բերել, իսկ աղի մասին մոռանալը դժվար չէ, ստիպված կլինեն ետ գնալ քաղաք: Եվ թերեւս աղը տեղում թողնելը ապահովագրական նշանակություն ունի: Բայց տեղացի տատիկները այս կանոնին միստիկ նշանակություն են տվել. եթե անտառից աղը հետդ տուն տանես, դժբախտություն կպատահի… Եվ Իջեւանում դուք չեք գտնի մի մարդ, որ անտառից աղ է տարել իր տուն:
Ահա, երբ ընթերցողը ծանոթ է իջեւանյան անտառային խնջույքի պայմաններին եւ ընդհանուր կանոններին, արժե նրան պատմել նաեւ գառ մորթելու տեղական առանձնահատկությունների մասին: Բանն այն է, որ Իջեւանում մորթված գառան կոկորդից հոսող արյունը հավաքում են թասի մեջ. այսինքն` գառան կոկորդի բացվածքի տակ թաս են պահում, եւ արյունը հոսում է նրա մեջ: Գառան ու թասի արանքում, որպես կանոն, մաղ են պահում, որպեսզի արյան մեջ բուրդ, մազ չընկնի: Հավաքած արյունով պատրաստում են իջեւանյան ամենահայտնի դելիկատեսը` գառան արյունով տժվժիկը: Արյունը թասի մեջ շուտով մակարդվում է, եւ այն խաշում են ջրի մեջ. դառնում է լյարդանման զանգված: Արյունը պատրաստելու համար նախ դմակը հալեցնում են թավայի մեջ, ապա դմակի մեջ տապակում են մանր կտրատված լյարդը, թոքը: Արյունը, ինչպես հիշում եք, խաշված է, եւ երբ այն տրորում ես, հեշտությամբ փշրվում է. ահա, այս փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի եւ թոքի վրա: Ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը, եւ շատ չանցած` կերակուրը պատրաստ է: Հավատացեք, շատ համով է. առիթի դեպքում անպայման փորձեք, բայց շատ մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ արյուն եք ուտում. դա խանգարում է կերակուրը օբյեկտիվ գնահատելուն: Գառը մաշկելու, ցախ հավաքելու, արյունը պատրաստելու պրոցեսը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է մի անհասցե հարցով.

- Մի բաժակ բան չխմե՞նք…

Ամեն մեկն իր բաժակը ձեռքին մոտենում է կրակին. լցնում ենք, մի կենաց ասում-խմում, եւ էլի ամեն մեկը գնում է իր գործին, մինչեւ չհնչի նույն հարցը.

- Մի բաժակ բան չխմե՞նք…

Ու, ճիշտն ասած, երբ արյունը եփված է, խորովածը` պատրաստ, խաշլամայի հոտն էլ աշխարհ է առել, որեւէ բան ուտելու ցանկություն չկա: Այս արարողության նպատակը ո՛չ ուտելն է, ո՛չ էլ խմելը: Այս արարողության նպատակը բնական, սկզբնական, վայրենի ազատությունը զգալն է, այն վայելելը: Ու մանավանդ այն ժամանակ, երբ մեր կանայք ու երեխաները, ծնողները, հյուրերը արդեն հոգնել ու տուն են վերադարձել կամ հոգնած ծառերի տակ քնած են, արարողությունը հասնում է կուլմինացիայի:

Սեղանի շուրջ նստած են Չաղը, Բոբոն, Բիձիկը, Ժպիտը, ես: Բոլոր կենացները խմված են, շուրջը ուրիշ ոչ ոք չկա: Միայն մենք ենք եւ ուրախ ենք, որ կյանքը չի խաթարել մեր մանկական ընկերությունը: Ամեն ինչի մասին զրուցել ենք, խոսելու բան չկա:

- Մի բաժակ բան չխմե՞նք…

Բաժակները լցվում են, բայց այլեւս կենաց չի մնացել.

- Չաղ, մի կենաց ասա:

Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվելու, բայց բոլորը զսպում են ծիծաղը, բացի Ժպիտից, որը միշտ ժպտում է:

- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը…

Ծիծաղում ենք, չխկացնում եւ խմում: Մի շտապիր, սիրելի ընթերցող, այս կենացը անվայել կամ ցինիկ կամ զզվելի համարել: Այս կենացը արտահայտում է պահի երջանկությունը, պահի անհոգությունը, պահի ազատությունը…

Ա~խ, ինչքան եմ զզվում էս Լոզանից ու էս Շվեյցարիայից, էս Վիեննայից ու Ավստրիայից, էս քաղաքակիրթ կոչվող աշխարհից: Ճիշտ է, ես հիմա նստած եմ էդ քաղաքակիրթ աշխարհի քաղաքակիրթ բարերից մեկում, բայց ես գնում եմ Հայաստան: Ու ցույց մի տվեք ինձ Հայաստանի ճանապարհը: Ես գնում եմ ի՛մ իմացած ճանապարհով, ես գնում եմ երկրի հակառակ կողմից:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մայիս 5th, 2010 at 03:43 | #1

    IGEVANI ZER XNGYUK@ AYNKAN GEXECIKES NKARAGREL…..AYNKAN INZ HARAZAT…TARBERYUTYUN@ MENAK KAXAKNERI MECHE….ES AYDPES VAYELYMEM IM CNNDAVAYRYM\ VANAZORYM…..ISK KO ANCAC CHANAPARH@ AVELLIE HAMOZYM VOR MENK HAXTELYENK…..CHNAYAC IM KARCIKOV MENK HAXTELENK……..

  1. No trackbacks yet.