> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԼՈԿՇԸ ՉԸԼՆԵՐ, ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՄԵՌՆԵՐ

ԼՈԿՇԸ ՉԸԼՆԵՐ, ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՄԵՌՆԵՐ

Հովհաննես ԹումանյանՍերժանտական իշխանությունը, այնուամենայնիվ, որոշեց իրականացնել Գալուստ Սահակյանի սպառնալիքը` դեպի մուսուլմանական աշխարհ վերակողմնորոշվելու մասին։ Ճիշտ է` սերժանտները դա մի տեսակ չուզելով են անում, որովհետեւ ուրիշ ելք չունեն, չեն պատկերացնում լուծումը այն պրոբլեմի, որի առաջ կանգնել է իրենց պախանը, ում ձեռքին են գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահի «փեչատը» եւ «պադավատը»:

Այդ մարդը աշխատանքային օրն անցկացնում է նախագահի կաբինետում, բայց եւ չի կարող իրեն նախագահ զգալ` նախագահական օրակարգի բացակայության պատճառով։ Ու Սերժի ջահել շրջապատը ստիպված է ամբողջ օրը տքնել մի պարզ հարցի վրա` ինչ օրակարգ կազմի շեֆի համար, որ նրան «Հայլուրով» ցույց տալու առիթ լինի։ Արդյունքում, Սերժ Սարգսյանը, հայտնվելով Հովհաննես Թումանյանի ծննդավայրում` նրա ծննդյան 140-ամյակի միջոցառմանը, իր ելույթում ընդամենը մի տող է մեջբերում Թումանյանից եւ, ինչպես եւ պետք էր սպասել, սխալ է մեջբերում։ Բայց սա մի տեսակ աննկատ է մնում` միանգամայն անարդար կերպով։ Կարող էին, չէ՞, «Հայլուրի» սերժանտները գովել բանասիրական ավարտած իրենց շեֆին, որ ահա` հասել է տիեզերական մասշտաբների եւ խմբագրում է անգամ Թումանյանի գրածները, նրա տողերում առկա թերություններն է վերացնում` ի հավելումն պետության կառավարման ծանր բեռի։ Ուրիշ հոգսեր էլ ունի սերժանտաց սերժանտը. կես ժամանոց ճառ գրել կարիերիստ ջահելների մի կազմակերպության ստեղծման տարեդարձի մասին, հունցել էծի պանիր, ծաղկակաղամբ հնդրել` թթու դնելու համար։ Վատ գործ չէ, բայց դե` մի տեսակ նախագահական օրակարգի չի ձգում։ Սերժ Սարգսյանին ճանաչում է պետք, միջազգային ճանաչում։ Ճիշտ է, այս ընթացքում նա միջազգային շփումներ ունեցել է, բայց դե` դրանցում մի տեսակ դաստիարակչական նոտա կա։ Բոլոր եվրոչինոնվնիկները խոսում են ինչ-որ քաղբանտարկյալների, ինչ-որ ճգնաժամի եւ դրա հաղթահարման անհրաժեշտության եւ եղանակների մասին։ Բոլոր այդ խոսակցությունները տեղի են ունենում, մի տեսակ, ոտքի վրա։ Իսկ նախագահավայել պաշտոնական այցեր ունենալու իմաստով Սերժ Սարգսյանի օրակարգը ցանցառ է, չափազանց ցանցառ։ Ոչ ոք չի հրավիրում նրան պաշտոնական այցի։

Եւ ահա, այս հարցը լուծելու համար` վերակողմնորոշում է տեղի ունենում դեպի մուսուլմանական աշխարհ։ ՀՀ ԱԳ նախարար Էձիկ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղարին վայել վոյաժ է անում Մերձավոր Արեւելքով։ Հայ հանրությունը, իհարկե, այնքան էլ լավ գլխի չի ընկնում, թե ինչի համար է այս վոյաժը։ Իսկ նպատակը մեկն է. համոզել, դզել, փչել, կպցնել, որ մերձավորարեւելյան որեւէ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին հրավիրի պաշտոնական այցով իրենց երկիր մեկնել, կամ ինքը պաշտոնական այցով ժամանի Հայաստան։ Թե ինչ հաջողությունների է այս ասպարեզում հասել Էձիկ Նալբանդյանը, կերեւա առաջիկայում։ Բայց պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ Հորդանանի ԱԳ նախարարը Նալբանդյանին հորդորել է թագավոր Աբդալլա Երկրորդի անունից բարեւել Սերժ Սարգսյանին։ Հիրավի` լրջագույն դիվանագիտական արդյունք։

Սերժ Սարգսյանը, իհարկե, միամիտ չէ, որ ամբողջ հույսը դնի մուսուլմանական աշխարհի վրա։ Նա հույս ունի, որ Նալբանդյանի մերձավորարեւելյան բլիցկրիգը Եվրոպայում խանդ կառաջացնի։ Եւ ահա, ԱԽՔ-իկ Արթուրիկը իր հերթին մեկնել է Իտալիա` հանդիպելու Եվրոպայի ամենակարճահասակ մի նախարարի հետ, եւ հույս ունի Սերժ Սարգսյանի համար պաշտոնական, թեկուզ աշխատանքային այցի հրավեր կպցնել Իտալիայից, թե չէ շեֆի միջազգային շփումները, իրենց ծանրաբեռնվածությամբ, սկսել են չափազանց ետ մնալ անգամ ռուսական մի հեռավոր մարզի նահանգապետի արտաքին կապերից։ Իսկ ընդհանրապես, հայոց պաշտոնական լրատվությանը հետեւելիս` սկսում ես դեժավյուի զգացողություն ունենալ։ Հետաքրքիր է, դեռ քանի՞ անգամ կարող է երկրի առաջին դեմքը գնալ Երեւանի քաղաքապետարան ու խիստ դեմքով հայտարարել, որ երեւանցիները պետք է գոհ լինեն քաղաքապետարանից, քանի՞ անգամ կարելի է վրացական կամ ռուսական պատվիրակություն ընդունել, քանի՞ անգամ կարելի է հանդիպել Պիտեր Սեմնեբիի հետ։ Սերժ Սարգսյանի օրակարգին հետեւելիս` սկսում ես մտածել, որ աշխարհում չկա ավելի ձանձրալի գործ, քան Հայաստանի նախագահի աշխատանքը։ Սա, իհարկե, այդպես է. բայց միայն այն պարագայում, երբ նախագահի պաշտոնը ոչ թե ստացել ես ժողովրդից, այլ գողացել ես` մեծ ճանապարհի ավազակի պես։ Սերժ Սարգսյանի վիճակը նման է այն մարդու վիճակին, որը հաջողությամբ մի ճոխ «Ֆեռարի» է գողացել, այն բարեհաջող հասցրել իր ավտոտնակ, բայց չի կարող այն հանել քշելու, որովհետեւ վախենում է` հայտնվի իսկական տերը եւ ետ վերցնի իր ապրանքը, էլ չեմ ասում` դատի տա գողության համար։ Ուստի, նա առավոտյան իջնում է ավտոտնակ, նստում «Ֆեռարիի» ղեկին, միացնում մագնիտոֆոնը, գուցե գործարկում նաեւ շարժիչը, բայց չի կարողանում բացել ավտոտնակի դուռը եւ մեքենան հանել այնտեղից։ Եւ տեղում կանգնած ավտոյի ղեկը աջուձախ է պտտում ու մանկական երեւակայությամբ պատկերացնում, թե քշում է` վըըը, վըըը~, վըըըըըըը~` իիիիի~իիիհհհհհհ…

Հ.Գ. Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը, թերեւս, արտաքին հետաքրքրություն առաջացնելու նրա միակ ռեալ շանսն է։ Բայց այս պարագայում էլ նա չի կարող իրեն նախագահավայել զգալ, որովհետեւ, խասիաթի համաձայն, այստեղ էլ խաղացողից վեր է ածվել ղառի վալետի, եւ չի բացառվում` շուտով հայտնվի բիտայի կարգավիճակում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 28, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Hayastanci
    Փետրվար 28th, 2009 at 03:46 | #1

    Բայց Նիկոլի հումորը մի բան արժի!!!!!!!!!!!!!!

    Ferrari-ն սպանեց!

  2. Փետրվար 28th, 2009 at 14:45 | #2

    Im karciqov zuqarani txti kargavichakum @ s.s-n.Sexanin ches dni,beran ches srbi,inchqan el dzevavores-miayn mek npataki hamar e-kogtagorcvi u kshprtvi.

  3. Մարտ 14th, 2009 at 23:56 | #3

    bravo ,bravo Nikol jan aytenc misht kisat morti tox tanjvi shat lav er:))))))))))))))))))))))))))))))))))))

  4. Հայկ
    Հուլիս 27th, 2009 at 19:06 | #4

    Ն.Փ. :
    Սերժ Սարգսյանի վիճակը նման է այն մարդու վիճակին, որը հաջողությամբ մի ճոխ «Ֆեռարի» է գողացել, այն բարեհաջող հասցրել իր ավտոտնակ, բայց չի կարող այն հանել քշելու, որովհետեւ վախենում է` հայտնվի իսկական տերը եւ ետ վերցնի իր ապրանքը, էլ չեմ ասում` դատի տա գողության համար։ Ուստի, նա առավոտյան իջնում է ավտոտնակ, նստում «Ֆեռարիի» ղեկին, միացնում մագնիտոֆոնը, գուցե գործարկում նաեւ շարժիչը, բայց չի կարողանում բացել ավտոտնակի դուռը եւ մեքենան հանել այնտեղից։ Եւ տեղում կանգնած ավտոյի ղեկը աջուձախ է պտտում ու մանկական երեւակայությամբ պատկերացնում, թե քշում է` վըըը, վըըը~, վըըըըըըը~` իիիիի~իիիհհհհհհ…

    Նիկոլ ջան էս ինչ հումոր ունես դու այ ախպեր ջան, էս ինչ բերիր իմ գլխին։
    :DDDDDDDDDDDDDDDDDD
    Պատկերացրեք, սենյակում նստած ենք 3–ով, աշխատանքային օրվա վերջ է, ոչ ոք հավես չունի աշխատելու, մեկը հեծանիվների սիրահար լինելով կարդում է ինչ որ հեծանվա–արշավի մասին, մյուսը ինտերնետ խանութի ապրանքներն է թերթում, դե ես էլ սովորականի նման Նիկոլի գլուխգործոցներն եմ կարդում, մեկ էլ հասնում եմ ՖԵՌՌԱՌԻ–ի մասին ու … մի անզուսպ փռթկոց ու արդեն անկարող եմ ծիծաղս պահել, քիչ է մնում ուշագնաց լինեմ։
    Կոլեգաներս շշմած ինձ են նայում։ Իսկ ես ձեռքով եմ անում թե հեսա կբացատրեմ…
    :DDDDDDDDDDDDDDDDDDDDDDDDDDDDDD
    Հումորդ անսպառ Նիկոլ ջան, իմ մեծ ախպեր ջան։

  1. No trackbacks yet.