> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպում մարզերից մեկումՎերջին մեկ տարվա ընթացքում քիչ չեն եղել մարդիկ, ովքեր փորձել են հասկանալ, թե մարտավարական ի՞նչ սխալներ է գործել ընդդիմությունը։ Ու չնայած մարտավարական սխալների փնտրտուքով շատերն են զբաղվել, այդպես էլ որեւէ հստակ ձեւակերպված սխալ մատնացույց չի արվել։ Ու որքան էլ տարօրինակ հնչի, այս իրավիճակը խիստ բնական է։ Ոչ այն պատճառով, որ ընդդիմությունը եւ նրա ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը անսխալական են։ Նման բան պնդել չի կարելի։ Բայց եւ փաստ է, որ մարտավարական սխալների փնտրտուքը ոչ մի արդյունք չի տվել ու չի տալու, որովհետեւ ի սկզբանե այդօրինակ փնտրտուքով զբաղվածները սխալ բան են փնտրում սխալ տեղում։ Ընթացիկ քաղաքական շրջափուլը կարելի է բաժանել երկու մասի. առաջին մասը մինչեւ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն ընկած ժամանակահատվածն է։ Ընդդիմությունը խնդիր ուներ հաղթել այդ ընտրություններում, այսինքն` հասնել նրան, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը նախագահական ընտրություններում ձայն տար ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Այս խնդիրը լուծվեց փայլուն կերպով, եւ առաջին նախագահը հաղթեց նախագահական ընտրություններում։ Այդ արդյունքը, սակայն, քոչարյանական իշխանությունը նենգափոխեց։ Այս պայմաններում անիմաստ է պնդել, որ նախագահ Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավում ինչ-որ բան կարելի էր մի փոքր այլ կերպ անել, բայց մեծ հաշվով սա որեւէ բան չի նշանակում, որովհետեւ կապ չունի, թե Տեր-Պետրոսյանի 58 տոկոսանո՞ց հաղթանակը կնենգափոխեին, թե՞ 63։ Այսինքն` այս իմաստով նախընտրական քարոզարշավի մարտավարական սխալների փնտրտուքը ինքնին անհեթեթ զբաղմունք է` վերը նշված պարզ եւ հասկանալի պատճառով։ Հիմա անցնենք նախագահական ընտրություններին հաջորդած շրջանին։ Այդ փուլում Տեր-Պետրոսյանը ոչ միայն հստակ ցուցադրեց, որ վայելում է հանրության վճռորոշ մեծամասնության աջակցությունը, այլեւ ապացուցեց, որ Սերժ Սարգսյանը զուրկ է այդօրինակ աջակցությունից։ Սա ապացուցեց Սերժ Սարգսյանի` ըստ պաշտոնական թվաբանության` նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի փետրվարի 26-ին հրավիրած հանրահավաքը, որի մասնակիցները հստակ ցուցադրեցին իրենց աջակցությունը ՀՀ առաջին նախագահին։ Սա նույնպես դարձավ Տեր-Պետրոսյանի մարտավարական տրիումֆը։ Եւ ընդհանրապես, Ազատության հրապարակի տասն օրվա շուրջօրյա հանրահավաքները Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանի ժողովրդի աննախադեպ հաղթանակն էին։ Ոմանք, մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները նկատի ունենալով, հարց են տալիս. արդյո՞ք առաջին նախագահը չէր հաշվել, որ կարող է նման ուժային լուծում տեղի ունենալ եւ եթե այո` ի՞նչ էր հակադրում սրան եւ ինչ էր անում իրադարձությունների նման ընթացքը կանխելու համար։ Հենց իրադարձությունների նման ընթացքը կանխելու համար է, որ առաջին նախագահը հստակ եւ աներկբա խնդիր էր դրել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացները պետք է հստակորեն տեղավորվեն օրենքի շրջանակներում։ Սա արվում էր ոչ ամենեւին «վճռականության» պակասի պատճառով։ Առաջին նախագահը հասկանում էր, որ իշխանությանը չպետք է ուժ կիրառելու լեգիտիմ հնարավորություն տա եւ առիթ։ Այս խնդիրը փայլուն ձեւով լուծվեց։ Եւ եթե իշխանությունը ուժ կիրառելու` ՀՀ օրենքով նախատեսված հիմնավորումներ ստանար, հիմա մենք կունենայինք միանգամայն լեգիտիմ ավազակապետություն։ Բայց ավազակապետությունը, չստանալով ուժ կիրառելու լեգիտիմ առիթ եւ հնարավորություն, գնաց ապօրինի ուժային գործողությունների` պրոցեսի մեջ ներգրավելով ՀՀ ոստիկանության զորքերը, բանակը, հատուկ ծառայությունները, սափրագլուխների զինված խմբավորումները, հեռուստատեսային լրագրող-սափրագլուխ կնիկների բանակը։

Հիտլերյան ոճի այս հարձակումը, սակայն, չտվեց իշխանության համար ցանկալի արդյունք. ընդդիմությունը շարունակում էր ոտքի վրա լինել։ Չնայած` դրա դեմ գործում էր պետական ողջ զինուժը եւ կրիմինալ օլիգարխիայի ողջ զինուժը։ Բայցեւայնպես` ընդդիմությունը կարողացավ Ռոբերտ Քոչարյանին ստիպել, որ նա ստորագրի ինքնախոստովանական ցուցմունքը` պետական իշխանությունը յուրացնելու, ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին։ Դա արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն էր։ Այս հրամանագրի ստորագրումից հետո ընդդիմությունը ուներ միայն մեկ խնդիր` պայքարը շարունակելու քաղաքական, բարոյական, իրավական եւ մարդկային նախադրյալներ ստեղծել, որովհետեւ կանոնավոր բանակի դեմ պատերազմելու որոշումը կնշանակեր գնալ գիտակցված ջախջախման եւ դիմադրության ի սպառ ոչնչացման։ Եւ այն, որ արտակարգ դրություն հայտարարելուց մեկ տարի անց Համաժողովրդական շարժումը գոյություն ունի, գոյություն ունի որպես միակ ընդդիմություն, որպես իշխանության ռեալ այլընտրանք, որպես Հայ ազգային կոնգրես` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հզոր հաջողությունն է։ Եւ ռազմավարական խնդիրը, մեծ հաշվով, այսօր էլ նույնն է. ապահովել պայքարի շարունակականությունը, շարունակականությունը` մինչեւ հաղթանակ։ Սերժանտական իշխանությունը կիսասատկած վիճակում է, մարտի 1-ը մնացել է նրա կոկորդին ու ավելի ու ավելի է խրվելու նրա կոկորդի մեջ։ Եւ այս հարցում մենք պետք է օգնենք իշխանությանը։ Ընդդիմությունը ունի մինիմում եւ մաքսիմում ծրագիր։ Մինիմում ծրագիրը Հայ ազգային կոնգրեսի` որպես միակ ընդդիմության դիրքերի պահպանությունն ու հզորացումն է, իսկ մաքսիմումը` իշխանության հասնելը։ Հայ ազգային կոնգրեսում կան մինիմումի եւ մաքսիմումի ջատագովներ։ Վերջին մեկուկես տարվա սթափ վերլուծությունը ակնհայտ է դարձնում, սակայն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պահպանելու է մինիմումը եւ հասնելու է մաքսիմումի։ ՀՀ քաղաքացիների, բոլորիս աներկբա եւ միանշանակ աջակցությամբ։

Հ.Գ. Օրերս իմ էջ-կայքի այցելուներից մեկը` Վահագն անունով, մոտավորապես այսպիսի հարց էր տվել. «Հարգելի Նիկոլ. նույնիսկ ես էի հասկանում, որ սերժառոբական զույգը հենց այնպես իշխանություն չի հանձնի, նույնիսկ ես էի հասկանում, որ ծախու ոստիկանները հլու կկատարեն նրանց ցանկացած հրաման, մի՞թե ընդդիմությունը դա չէր հասկանում…»։ Այս հարցին պատասխանել եմ հետեւյալ կերպ. «Սիրելի Վահագն. թույլ տվեք ձեր հարցին պատասխանել մի պատմական օրինակով։ Երբ Հիտլերը իշխանության եկավ Գերմանիայում, ողջ Եվրոպան հասկանում եւ տեսնում էր, թե ինչ է կատարվում։ Եվրոպան հասկանում էր եւ տեսնում, որ Հիտլերը խնդիր է դրել Եվրոպան եւ աշխարհը հպատակեցնել իրեն։ Հիտլերը արդեն սկսել էր կոնկրետ ագրեսիվ քայլեր իրականացնել, բայց ոչ մի պետություն այդպես էլ նրան պատերազմ չհայտարարեց, որովհետեւ ցանկացած ողջախոհ մարդ միշտ էլ փորձում է իրենից կախվածը անել` բախումից ու պատերազմից խուսափելու, հարցի կարգավորման խաղաղ եւ հանգիստ ճանապարհ գտնելու համար։ Բայց չնայած առաջադեմ աշխարհի այս մղումներին, Հիտլերը ինքը պատերազմ սկսեց։ Առաջադեմ աշխարհը դրանից առաջ էլ հասկանում էր, որ մի օր դա տեղի է ունենալու, բայց եւ թույլ տվեց, որ դա տեղի ունենա։ Որովհետեւ Հիտլերյան մղձավանջից ազատվելու միակ ձեւը, թերեւս, դա էր։ Հիմա այս զուգահեռը կարող է չափազանցված եւ անպատեհ թվալ, բայց ես կարծում եմ, որ մեր պայքարը ի սկզբանե ճիշտ ուղղություն ունի, եւ ավազակապետությունից ազատվելու համար մենք պետք է բռնեինք հենց այս ճանապարհը, պիտի անցնենք այս ճանապարհը, ինչպես ջախջախված առաջադեմ աշխարհը կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ կանգնած մնալ ոտքի վրա` վերջնականորեն ջախջախելով հիտլերյան ռեժիմը։ Ես ինքս կարող եմ ընդդիմության նախամարտիմեկյան գործունեության տասնյակ թերություններ թվարկել։ Բայց եւ գիտեմ, որ այդ թերությունների բացակայության պայմաններում անգամ հնարավոր չէր լինի խուսափել մարտի 1-ից, այս ընթացքից, եւ ամեն ինչ ընթացավ հնարավոր ամենամեղմ սցենարով։ Ես իսկապես համոզված եմ, որ մեր հաղթանակը անխուսափելի է, սրա համար մենք պետք է ուղղակի կանգնած մնանք եւ շարունակենք պայքարը, այնպես, ինչպես շարունակվեց պայքարը ընդդեմ հիտլերյան ռեժիմի` երբ թվում էր, թե նրա հաղթանակին այլեւս ոչինչ չի խանգարում։ Թունելի վերջում լույսը տեսնելու համար նախ պետք է մտնել այդ թունելը, ապա եւ առաջ գնալ։ Ապա թե ոչ` ինչպե՞ս է հնարավոր թունելի վերջում լույս տեսնել։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ մեր պայքարը հենց սկզբից ընթացել է ոչ միայն ճշգրիտ, այլեւ հնարավոր միակ սցենարով, հնարավոր ամենամեղմ սցենարով։ Այլ խնդիր է, որ այդ սցենարը պետք է մինչեւ վերջ իրագործելու կամք ունենանք։ Եւ ընդամենը։ Իսկ այդ սցենարի իրագործման միակ, կրկնում եմ` միակ հնարավոր հենարանը Հայ ազգային կոնգրեսն է` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 26, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Փետրվար 27th, 2009 at 09:34 | #1

    Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք այցելեք

    http://www.yerevan2008.org

    եւ ստորագրեք հետեւյալ հայտարարության տակ.

    2008 թ. մարտյան ողբերգությունը և ես

    Ես՝ որպես հայ, Հայաստանի քաղաքացի կամ ոչ, ինձ պատասխանատու եմ համարում 2008 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքների հետ չհամաձայնվող ցուցարարներին կոպտորեն ցրելու հետևանքով մարտի 1-ից 2-ի ընթացքում եղած տաս մարդկային զոհերի համար: Որպես Հայաստանն իմ հայրենիքը համարող անձ՝ ես ինձ պատասխանատու եմ համարում անկախ Հայասատում ավելի մարդասեր իշխանություն ձևավորելու հարցում իմ բաժին թերացման համար: Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում այդ զոհերի հարազատներին և վրդովմունք ու ամոթի խորը զգացում ապրում, որ նույնիսկ այդ հանցավոր դեպքերից մեկ տարի անց որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության տաս մարդկային զոհերի համար, որոնցից ինն անզեն ցուցարարներ էին, և առնվազն երեքը զոհվել են ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման կանոնների կոպիտ խախտման հետևանքով:

  2. Varuj
    Մարտ 1st, 2009 at 22:01 | #2

    HARGELOV MARTI 1 ZOHERI HISHATAKE; KUZENAYI HAYTNEL KARZIQ VOR AYDPISI INTERVALNEROV HANRAHAVAQNER ANELOV JOROVRDAVARUTYUN CHES HASTATI”HYUSISAYIN KOREAUM”. NIKOL JAN PETQ CHE AYDPEA KUROREN ENDUNEL HAK-I ARAJNORDI TEZISNERE.

  3. Սուրեն
    Մարտ 3rd, 2009 at 14:46 | #3

    Վարուժ ջան, ընդհանրապես այս կյանքում ոչինչ պետք չէ կուրորեն անել:
    Ո՞վ ասեց, որ Նիկոլը, կամ մյուսները կուրորեն են ընդունում ՀԱԿ առաջնորդի տեզիսները:
    Եթե որոշվել է, որ առանց բռնության և օրենքի սահմաններում ենք գործում, ուրեմն պետք է հանրահավաքներն էլ արվեն այնպես, որ ասելիք լինի, նոր իրավիճակ լինի, պահը
    հասունանա:
    Իսկ եթե դու նկատի ունես գրոհ կամ ապստամբություն, ապա “Հյուսիսային Կորեայում” ուղղակի կրակում և սպանում են հարյուրավոր գրոհողների, պահում են իշխանությունը, հետո էլ աշխարհին ասում են` իրանք հարձակվեցին, մենք էլ ստիպված կրակեցինք: Աշխարհն էլ երկար-բարակ գլուխ չի դնում “կիսավայրենի ցեղերի” հետ: Հենց այդ շանսը ՀԱԿ առաջնորդը չի տալիս սրանց:
    Մի քիչ սպասենք, և այս իշխանական բուրգը, իրոք, ինքն իրան կքանդվի:
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈԻ-ԵՆՔ:

  1. No trackbacks yet.